четверг, 27 октября 2011 г.

Հա, հենց դրանով ենք մենք հայ


Այսօր Թուրքիան դիմել է Հայաստանին եւ օգնություն է խնդրել Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու համար: Հայաստանը պատրաստակամ է, եւ 40 տոննա բեռ վաղը ինքնաթիռով կուղեւորվի Արեւմտյան Հայաստան (այժմ Թուրքիայի տարածք): Թուրքերի ու քրդերի համար ուղարկվում են վրաններ, ծածկոցներ, քնապարկեր, անկողնային պարագաներ….
100 տարուց էլ քիչ ժամանակ առաջ նույն Արեւմտյան Հայաստանում հայերն ինչպե~~~~~ս կարիք ունեին վրանների, ծածկոցների, անկողնու….Հայերը թուրքերից չէին խնդրում, ծածկոց, կացարան, այլ խնդրում էին իրենցը չավերել, իրենց տնավեր չանել…



Ասեք, որ ես նացիոնալիստ եմ, շովինիստ եմ, ծայրահեղական եմ ու էլի ինչ հազար ու մի գրող ու ցավ եմ, որ 21-րդ դարում էլ էսպիսի բաներ չի կարելի խոսել…հա, իհարկե, իսկ 20-րդ դարում այդպիսի բաներ կարող էին անել, իսկ հիմա պիտի էլ չխոսենք: Հիմա մեր շատ հայրենակիցներ մեզ են ամոթանք տալիս, եթե հիշում ենք Ցեղասպանությունը թուրքերի մասին խոսելիս, իսկ թուրքերն ամենեւին միտք չունեն ամաչելու…
Ցեղասպանության մասին իմացել եմ փոքր տարիքից: 11-12 տարեկանից կարդում էի “Խոսեք Հայաստանի լեռներ”, “Մուսա լեռան 40 օրը”, “Անդրանիկ”, “Ինձ բահ տվեք”…. գրքերը, կարդում էի ու սարսռում, տետրի մեջ արտագրում էի թուրքերի դաժանությունները., որ արել են հայերի հանդեպ, որ չմոռանամ, որ միշտ հիշեմ, որ եթե թուրք տեսնեմ, իմանամ, որ նա գազան է: Հավասարություն, հանդուրժողականություն քարոզող իմ տարեկից երիտասարդներն ինձ կդապարտեն ու բնավ հանդուրժող չեն լինի իմ հանդեպ այս տողերի համար, գիտեմ:


Ու այս ամենից հետո միշտ էլ համոզված եմ եղել, որ մենք պետք է մարդ լինենք այդ թուրքերի հանդեպ, որ պիտի ՀԱՅ լինենք այդ թուրքերի հետ ու ես ուրախ եմ ու հպարտ, որ Հայաստանից օգնություն է գնալու Թուրքիային, այն Թուրքիային, որ հարյուր տարի առաջ հային կոտորում էր հենց այդ նույն հողում, կոտորում էր այնպես, որ հայն էլ չլինի…Բայց հայն այսօր կա, Հայաստանն այսօր կա, ու պետք եղած դեպքում նաեւ օգնություն է ուղարկում: Մենք հայ ենք հենց դրանով, ու ես հպարտ եմ հենց դրանով:

Комментариев нет:

Отправить комментарий