Առավոտյան արթնացա շատ լավ տրամադրությամբ, սովորականի նման պատրաստվեցի ու էլի շատ լավ տրամադրությամբ դուրս եկա տնից, որ գործի գնամ: Մի քիչ էլ շուտ էի դուրս եկել սովորականից ու մտածեցի, որ մի քիչ էլ շուտ կհասնեմ գործի: Քանի որ երեկ Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու այսօր Օպերայի տարածքում իրադարձություններ պիտի լինեին, մասնավորապես Ռոդենի հեղինակած քանդակի բացումը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, ես նստեցի այնպիսի երթուղային, որը չէր անցնում Բաղրամյան փողոցով: Այսպես, երթուղայինում էլ նստելու տեղ կար, ես էլ նստեցի ու սովորականի նման սկսեցի գիրքս կարդալ: Այս սովորությունը վերջերս եմ ձեռք բերել ու շատ գոհ եմ, քանի որ կրճատում է ճանապարհն ու ժամանակի կորուստ չի լինում:
Մի խոսքով, այսպես ուրախ-երջանիկ գիրքս եմ կարդում, մեկ էլ զգացի, որ Հաղթանակ զբոսայգի չհասած երթուղայինը կանգնել է ու դրությունն այնքան անհույս է, որ վարորդն անջատել է երթուղային տաքսիի մարտկոցը: Ժամն արդեն 09:45 էր, իսկ իմ աշխատանքն սկսվում է 10:00: Գիրք կարդալս, անկեղծ ասած, արդեն այնքան էլ չէր գալիս: Տեսնելով, որ տրանսպորտն ուղղակի չի կարող շարժվել, ստիպված իջա երթուղայինից ու սկսեցի ոտքով քայլել: Ու տեսա, որ ես մենակ չեմ. շատ մարդիկ ստիպված էին ոտքով հասնել աշխատավայր, իսկ ուսանողներն էլ դասից ազատվել էին: Այ քեզ արտակարգ իրավիճակ…
Ոտքով հասա Կասկադ: Ու ամենավատն այն էր, որ ճանապարհն այդտեղ լրիվ փակ էր: Այսինքն, եթե անգամ երթուղայինները հասնեին այդտեղ, միեւնույնն է, չէին կարողանալու առաջ գնալ, իսկ նրանց դա չէր զգուշացվել: Հետո էլ բա թե Կասկադը փակ է: Չէ, այս մեկը չեղավ: Մի խոսքով, մարդիկ համառեցին, Կասկադը բացեցին, այդպես մի կերպ հասանք Օպերա: Ու ամենածիծաղելին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշները ձեռքին մարդիկ էին, որ գնում էին Ֆրանսիայի նախագահին ողջունելու, բայց թե կարծես թե ուշացան:
Օպերայում արդեն տոնական տրամադրություն էր, ինչն այդքան ճանապարհ անցնելուց ու աշխատանքից այդքան ուշանալուց հետո այնքան էլ արագ ինձ չփոխանցվեց: Այստեղ էլ փողոցների մեծ մասը փակ էր: Մի խոսքով, ժամը 11-ն անց մի կերպ հասա գործի:
Բայց էսպես իրոք չի կարելի, չի կարելի այսպես արհամարհել ու թքած ունենալ քաղաքացիների վրա…Կարելի էր, չէ՞, նախօրոք այլ երթուղի մտածել, ասել, որ այս ու այս երթուղային տաքսիները չեն աշխատելու, վարորդներին էլ զգուշացվեր, թե ինչպես ընթանային: Սա վերաբերմունքի հարց է թերեւս, ոչ այնքան տեխնիկական:
Комментариев нет:
Отправить комментарий