суббота, 1 октября 2011 г.

Նրանց պայքարն ու իմ պայքարը… իմ ցավը


Այսօր եղա Ազատության հրապարակում: <<Ազատ, անկախ Հայաստան, նոր Հայաստան>>…խոստանում էր կարծեմ Լ. Տեր-Պետրոսյանի ձայնը:

Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ հավատում, ու նրա խոսքերն ինձ համար միեւնույնն են. մասնագիտության բերումով էլ ուսումնասիրել եմ հոգեբանական ներազդման մեթոդները, այնպես որ ինձ ոչինչ չէր սպառնում: Լավ, ես մի կողմ, ես չեմ հիմա հարցը: Հարցը նաեւ այն մարդիկ չեն, ում համար այս հանրահավաքները փող է, գործ է, գործիք է… 

Հարցն այն հասարակ մարդիկ են, ովքեր հավատում են, թե այս հանրահավաքներն ինչ-որ բան փոխելու են…իսկ այդպիսիք, համոզված եմ, կան: Մարդիկ, ովքեր աշխատում են ու ստանում են շատ ցածր աշխատավարձ, մարդիկ, ովքեր թաղապետարանից մի թղթի կտոր ստանալու համար ստիպված են մի քանի հարյուր դրամ վճարել, մարդիկ, ովքեր կարող են վրաերթի ենթարկվել արտասահմանյան մեծ ավտոմեքենայի բութ վարորդի կողմից, մարդիկ, ում երեխաները գնացել են արտասահման աշխատելու (իրենք էլ են մեղավոր, որ գնացել են, բայց փաստն այն է, որ գնացել են), մարդիկ, ում ամբողջ օրը անորակ ու անմարդկային սերիալներ ու հաղորդումներ են մատուցում հեռուստատեսությամբ, մարդիկ, ովքեր փող չունեն, որ թատրոն ու դասական համերգի գնան, ինչին որ արժանի են ու ինչը որ իրենք կարող են գնահատել...

Այս ամենն իմ հայրենիքի մասին է, իմ միակ ու կյանքի չափ սիրելի Հայրենիքի…ու իմ ցավն այն է, որ այս ամենից հոգնած մարդը, որ եկել է հանրահավաքին ու լսում է <<նոր, ազատ Հայաստան>> բառերը, խաբված է…ու երեւի թե կարեւոր էլ չի, որ դա Լեւոնի հանրահավաքն է, խնդիրն ավելի խորքային է…

Նայում եմ այս ոստիկաններին, որ մի տեսակ խղճալի տեսք ունեն անձրեւանոցներով ու իրենց դերով (միգուցե ինձ այդպես թվաց միայն): Նայում եմ ցավը դեմքին սեպված այս տատիկին, որ չգիտեմ ինչ գոռաց ցուցարարների երեսին ու հեռացավ…ու այդ տատիկի դեմքի դարավոր ցավը կպավ սրտիս, ու զգացի հայրենիքիս դարավոր ցավը, որը մի տեսակ բացատրել էլ չեմ կարողանում: Ու կոկորդս լցվեց դարավոր այս ցավով ու լաց եղա այս ցուցարարների ու ոստիկանների համար, այս անձրեւի համար, որ գալիս ու թրջում է նրանց…ու լաց եղա իմ անզոր ճիգերի համար…ու դրեցի ականջակալներս, ու ռադիոյով էլ Ռ. Հախվերդյանն էր երգում պատահաբար, թե օրինաչափորեն, չգիտեմ… <<անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական>>…ու քայլեցի, ու հեռացա անտեր, թե տիրական այդ Հրապարակից:    

Комментариев нет:

Отправить комментарий