вторник, 11 октября 2011 г.

Ու ես չհասցրի գնալ նրա մոտ, թանգարան


Մի քանի շաբաթ առաջ էր: Բարձրացա երթուղային, անտրամադիր էի: Կողքիս մի պապիկ նստեց: Ավելի ճիշտ, երկար ճերմակ մազերն ու մորուքը նրան պապիկի տեսք էին տալիս, հետո տեսա, որ ավելի երիտասարդ է ու “պապիկ” դիմելաձեւն իրեն չի սազում: Նստեց ու սկսեց խոսել: Մյուս կողքին էլ մի ուրիշ երիտասարդ աղջիկ էր նստած, ու նա դիմեց երկուսիս էլ. “Շատ բախտավոր մարդ եմ, է, երկու երիտասարդ, գեղեցիկ աղջիկների կողքին նստեցի”: Երկուսս էլ ջերմ ժպտացինք: Այն մյուս աղջիկը տրամադրված չէր խոսելու, իսկ այս մարդն ուզում էր խոսել: Իմ տրամադրություննէլ բացվեց, սկսեցի պատասխանել նրա հարցերին. “Որտե՞ղ ես սովորում”, ասում եմ` “Աշխատում եմ հիմա, բայց ավարտել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը”: Պարզվեց, որ նա ճանաչում է մեր դեկան Նաղաշ Մարտիրոսյանին, ճանաչել է նաեւ մեր նախկին դեկան Գառնիկ Անանյանին:   

“Իսկ դու չե՞ս ուզում մեր թանգարանի մասին նյութ գրես”: “Ուզում եմ”, ասացի. ես թանգարաններ շատ եմ սիրում: Պարզվեց, որ զրուցակիցս արվեստաբան, Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն-թանգարանների   վարիչ Սարո Սարուխանյանն էր: Ասացի, որ թատրոն եմ ամենից շատ սիրում արվեստի տեսակներից, իսկ կերպարվեստից բան չեմ հասկանում, միայն հասկանում եմ` դուր է գալիս ինձ, թե ոչ: “Դե, դա էլ է մեծ բան, բարեհոգաբար ժպտաց զրուցակիցս,-իսկ ես արվեստի պատմություն եմ դասավանդել Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում”: Խոստացավ ինձ ծանոթացնել դերասանների հետ. բոլորին էլ ճանաչում եմ, ասաց:

Պարզվեց, որ գրեթե հարեւաններ ենք: Տվեց թանգարանի հեռախոսահամարը. անպայման կգաս, սպասելու եմ: Անպայման կգամ, խոստացա ես: Առաջիկա շաբաթ օրը (միակ օրն է, որ գործս մի քիչ շուտ եմ ավարտում), զանգեցի թանգարան, բայց պարոն Սարուխանյանն այնտեղ չէր: Աշխատակցուհին չգիտեր էլ, թե երբ կգա: “Խնդրում եմ, փոխանցեք, որ Թամարան է զանգել, ինքը գիտի”: Համոզված էի, որ կհիշի ինձ:

Անցան մի-երկու շաբաթ օրեր էլ, ես գործս շուտ վերջացրի, բայց ուրիշ գործեր կային, ու ես էլ չզանգեցի պարոն Սարուխանյանին: Բայց պիտի զանգեի, չէի մոռացել, այդպիսի բաները ես չեմ մոռանում, երբեք….

Ու հանկարծ երեկ կարդում եմ. “ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցել է հայտնի արվեստաբան, Նկարիչների Միության գիտական քարտուղար Սարո Սարուխանյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, սաներին նրա մահվան կապակցությամբ……”

Վաաաաաաաայ, բայց ինչու՞….այնքան կենսուրախ ու խելացի մարդ էր…բայց հետո իմացա, որ ծանր հիվանդությամբ է տառապել…ու ես չհասցրի գնալ նրա մոտ, որ ինձ թանգարանը ցույց տար…..այ քեզ դաս…..եթե ծանոթացած չլինեի նրա հետ, դա ինձ համար ուղղակի լուր կլիներ, հա, իհարկե, ցավալի, բայց դե ուղղակի լուր…դպրոցական վաղ տարիքում սովորած ճշմարտությունը ճիշտ է միշտ փաստորեն` վաղը ուշ կլինի….

Комментариев нет:

Отправить комментарий