«Արտագերս»
երեկոյան դպրոցի մասնակիցների հետ Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա
Տեր Եսայի Արթենյանի հանդիպումներից երկուսը նվիրվեցին Հայ Առաքելական Եկեղեցու
տոներին, խորհուրդներին, սովորույթներին:
Թեման
այնքան լայն է ու ինֆորմատիվ, որ մեկ գրառման մեջ այն ամփոփելն այն անհնար է,
ուստի այս գրառումն ընթերցելուց հետո էլ իմացեք, որ դեռ շատ բան չգիտեք Հայ
Առաքելական Եկեղեցու տոների, ծեսերի, սովորույթների մասին: Իսկ այդ բացը
լավագույնս կարելի է լրացնել եկեղեցի այցելելով ու այդ խորհուրդներին ու տոներին
անմիջապես հաղորդակցվելով:
Ինչպես
նշեց Տեր Եսայի Արթենյանը, եկեղեցու բոլոր տոներն ուրախության օրեր են, սակայն
այստեղ խոսքը հոգեւոր ուրախության մասին է: Իրականում առանց ճոխ սեղանի ու շատ
հյուրերի էլ է հնարավոր իսկական տոն կազմակերպել եւ հոգով ուրախանալ, մաքրվել:
Սկսենք
տոների տեսակներից:
Տերունական:
Սրանք այն տոներն են, որոնք անմիջապես կապված են Հիսուս Քրիստոսի հետ. տոների
անվանումն առաջացել է «տեր» բառից: Այս տիպի տոներից են Քրիստոսի Ծննդյան տոնը, Անվանակոչության, Թլպատման, Խաչվերաց (խաչին վերադարձ): Հատկանշական է, որ Մարիամ
Աստվածածնին վերաբերող բոլոր տոները եւս (Հղացման, Տաճարի ընծայման, Ծննդյան, Տփո)
տերունական են:
Սրբոց: Եկեղեցին տարվա գրեթե կեսը նշում է որպես որեւէ սրբի օր: Սրբերի օրեր չեն
նշվում միայն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, քանի որ սրանք պահքի օրեր են: Ի դեպ,
այդ օրերին չի կատարվում նաեւ օրհնություն (մատաղի, պսակի եւ այլն):
Սրբոց
օրերին եկեղեցականներն իրենց աղոթքներում հիշում են այն սրբերին, որոնց օրն է այդ
օրը: Հատվածներն ընթերցվում են «Հայմս ավուր» ժողովածուից, որն ամփոփում է բոլոր
սրբերի կյանքը:
Պահոց օրեր: Շատ հաճախ մեր գիտակցության մեջ պահքն ընկալվում է որպես զրկանք, սակայն դա
այդպես չի: Պահքը եւս տոն է, հոգեպես
մաքրվելու եւ հոգեւոր ուրախության առիթ: Պահքի օրերին, ինչպես արդեն նշվեց, չի
կարելի մատաղ, պսակ անել: Անդրադառնալով Զատկին նախորդող Մեծ Պահքին, Տեր Եսայի
քահանան նշեց, որ շատ հաճախ մենք կարծում ենք, թե սա միակ պահքն է տարվա մեջ:
Իրականում տարվա գրեթե 160 օրեր պահքի օրեր են: «Պահքը պետք է ինքնանպատակ չլինի,
մարդը պետք է պատրաստ լինի պահքին նախ եւ առաջ հոգեպես: Պահքը միայն սննդակարգով
չի որոշվում», ընդգծեց Տեր Հայրը:
Եկեղեցական
տոները լինում են շարժական եւ անշարժ: Քրիստոսի ծննդյան հետ կապված շատ տոներ
անշարժ են. քանի որ հայտնի Քրիստոսի ծննդյան հստակ օրը, հայտնի են նաեւ դրա հետ
կապված մի շարք իրադարձությունների օրեր: Իսկ որոշ տոներ կապված են Սբ. Զատիկի
հետ. որոշվում է Սբ. Զատկի օրը եւ հետո դրա հետ կապված օրերը եւս:
Սբ.
Ծնունդը, ինչպես նաեւ Պայծառակերպության, Խաչվերաց եւ մի քանի այլ տոներ կոչվում
են տաղավար տոներ:
Ըստ
Ավետարանի, Պայծառակերպության օրը Քրիստոսն այլակերպվել է իր աշակերտների աչքի
առաջ Թափոր լեռան վրա: Այդ ժամանակ
աշակերտները խնդրում են Քրիստոսին մնալ այդտեղ ու հանգիստ ապրել. նրանք գիտեին, որ
իջնելով ներքեւ, Քրիստոսը չարչարանքների է ենթարկվելու, իսկ այդտեղ կարելի է
հանգիստ ապրել: Սակայն Քրիստոսը բացատրեց նրանց, որ լույսն ու հավատը պիտի տարածել
այնտեղ, որտեղ շատ է չարիքը եւ ոչ թե մնալ մի տաքուկ անկյունում ու անվտանգ ապրել:
Նյութը
չծանրացնելու համար առանձին-առանձին չեմ ներկայացնում բոլոր տոների խորհուրդները,
քանի որ դրանք բոլորն էլ բավականին երկար պատմություն ունեն: Ի դեպ, այս բոլոր
տոենրի մասին կարելի է կարդալ հոգեւոր գրքերում, ինչպես նաեւ տեղեկանալ դրանց
խորհրդին` հաճախակի այցելելով եկեղեցի ու զրուցելով հոգեւոր սպասավորների հետ:
Կարեւոր
է իմանալ նաեւ եկեղեցու յոթ խորհուրդները. կարգ հիվանդաց, ձեռնադրություն, օծում,
պսակ, մկրտություն, հաղորդություն, դրոշմ, ապաշխարանք: Այս յոթ խորհուրդներից հատկապես խոսելով պսակի մասին, Տեր Եսային նշեց,
որ զույգերը պետք է իսկապես լավ հասկանան պսակի խորհուրդը: «Հաճախ աղջիկները չեն
ցանկանում ասել` հնազանդ եմ, սակայն երբ հասկանում են իմաստը, ասում են:»
Քրիստոնեությունը պատվիրում է կնոջը հարգել իր ամուսնուն, իսկ տղամարդը պարտավոր է
սիրել իր կնոջը իր անձից էլ ավելի:
Տեր
Եսային ներկաներին պատմեց նաեւ պատարագի մասին, ներկայացրեց պատարագի չորս մասերը:
Սակայն մինչեւ պատարագին ներկա չգտնվենք, այդպես էլ չենք հասկանա պատարագի
խորհուրդը:
Комментариев нет:
Отправить комментарий