«Պետության
եւ եկեղեցու առաջին հանդիպումը տեղի ունեցավ չորրորդ դարի սկզբին, երբ պետությանն
անհրաժեշտ եղավ ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Պետք
է անպայման նշել, որ այս ընդունումը հեշտ չեղավ, սա հեղափոխություն էր: Փոխվում էր
ամեն ինչ. կենցաղ, ապրելակերպ, մտածելակերպ: Սակայն պետք է նաեւ հասկանանք, որ սա
մի քայլ էր փրկելու այն ժամանակվա հայոց պետականությունը, որը գտնվում էր
ծանրագույն իրավիճակում», «Արտագերս» դպրոցի սաների հետ «Հայ Առաքելական Եկեղեցու
դավանաբանությունը եւ հայկական ինքնությունը» դասընթացի շրջանակներում հերթական
հանդիպման ժամանակ նշեց պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը:
Ինչպես
բացատրեց պարոն Հովհաննիսյանը, քրիստոնեության ընդունումը քայլ էր դիմագրավելու պարթեւներին
եւ հռոմեացիներին, տարբերվել նրանցից:
«Հաճախ
Գրիգոր Լուսավորչի անվան փառքի մոտ անտեսվում ու մոռացվում է Տրդատ Երկրորդը:
Սակայն եկեք ընդունենք, որ առանց պետության, տվյալ դեպքում` թագավորի
հովանավորության Գրիգոր Լուսավորիչը ոչնչի էլ հասնել չէր կարող», նշեց պատմաբանը:
Խոսելով
քրիստոնեության ընդունման խնդիրների մասին, Պ. Հովհաննիսյանը նշեց, որ սկզբից այս
կրոնը մեծ դժվարությամբ էր ընդունվում հասարակության կողմից:
«Քրիստոնեության
ընդունումից հետո հարյուր տարի անց Մեսրոպ Մաշտոցը քարոզում էր քրիստոնեություն:
Սա նշանակում է, որ պետականորեն ընդունումից հարյուր տարի հետո էլ դեռ Հայաստանում
մարդիկ կային, ովքեր քրիստոնյա չէին»:
Պետությունը
եկեղեցով եւ եկեղեցին պետությունով կարգախոսը երբեմն շատ լավ է աշխատել հայ
իրականության մեջ, սակայն մենք գիտենք նաեւ դեպքեր, երբ եկեղեցին ու պետությունը
մտել են խիստ առճակատման մեջ:
«Բոլորիս
հայտնի է Պապ թագավորի օրինակը, ով կարծում էր, որ եկեղեցին արդեն շատ է հզորացել,
եւ նրան անհրաժեշտ է իշխանության տակ պահել: Այդպիսի փորձեր Պապը կատարեց»:
Հայ
առաքելական եկեղեցին ակտիվորեն գործել է այն ժամանակ, երբ մենք պետություն չենք
ունեցել: Այս ժամանակ եկեղեցին ստիպված է եղել բացի հոգեւոր սնունդ տալը նաեւ
զբաղվել մի շարք կազմակերպչական հարցերով, որոնք այսօր պետությունն է
կազմակերպում:
«Չնայած
քրիստոնեության հնազանդության կոչին, շատ հաճախ հայ կաթողիկոսներն իրենք են
օժանդակել ու առաջնորդել ապստամբությունները հատկապես այն ժամանակ, երբ պետություն
չենք ունեցել», նշեց պատմաբանը:
Պարոն
Հովհաննիսյանը հատկապես կարեւորեց եկեղեցու ազգապահպան դերը այն ժամանակ, երբ մենք
պետություն չենք ունեցել:
«Երբ
մենք գտնվում էինք պարսիկների, արաբների, ռուսների տիրապետության տակ, այս
տիրապետողները երբեք մեր համար դպրոց չէին կառուցելու կամ չէին պահպանելու
ազգային մշակույթը: Ընդհակառակը, հայ դպրոցը միշտ էլ ատելի է եղել տիրապետողներին:
Եւ ահա հայ ազգի համար այս ամենածանր շրջաններում եկեղեցին է կազմակերպել հայկական
հոգեւոր կյանքը», կարեւորեց մեր զրուցակիցը:
Հատկապես
կարեւորելով եկեղեցու այս վերջին գործառույթը, փորձառու պատմաբանը նշեց, որ չնայած
եկեղեցու դերը սկզբից եղել է ազգի հոգեւոր ապավենը լինելը, շատ հաճախ այն ստիպված
է եղել կատարել մի շարք այլ գործառույթներ եւս:
Այսօր
եւս եկեղեցին կատարում է ազգային ավադույթների պահպանման գործառույթ:
Եւ պետք է միշտ հիշել, որ Հայ Առաքելական Եկեղեցին ազգային եկեղեցի է, այն միայն
կրոն չի, այլեւ ապրելակերպ:
Եւ
վերջում, ինչպես մի շատ լավ մասնագետ նշեց մի անգամ, քրիստոնեությունը հայի մաշկի
գույնն է: Այս ձեւակերպումն, իմ կարծիքով, շատ դիպուկ էր:
Комментариев нет:
Отправить комментарий