Երբ
փոքր էի ու իմանում էի, որ մեր բակից ինչ-որ աղջիկ ամուսնացել է, մի տեսակ
անբացատրելի զգացմունք էի ունենում, որ այդ աղջկա կյանքն ավարտվեց, վերջ: Չէի
հասկանում, թե դա ինչ զգացողություն է, հիմա էլ չեմ կարողանում լավ բացատրել:
«Դե
վերջ, ամուսնացավ, հիմա ամբողջ կյանքում ապրելու է այդ նույն տանը, ամեն օր նույն
խանութն է գնալու, դե մի երեխա էլ կունենա, հաստատ վերջ…», այն ժամանակ մտածում էի
ես:
Ու
իհարկե, ես այդ ձեւաչափի մեջ տեղավորվել չէի կարող: Ես երբեք մեր բակում կամ կողքի
բակում չէի կարող ամուսնանալ, չէի կարող կյանքս տեղավորել մի նեղ, սեղմող
ֆորմատում ու այդպես հանգիստ ու գծագրված ապրել:
«Հենց դրա համար էլ ես լրագրող կդառնամ: Կգնամ
հազար ու մի տեղ, տարբեր մարդկանց հետ կշփվեմ»:
Կարեւորը
դա էր. շատ տեղեր կգնամ, միշտ նույն տեղում չեմ լինի, ազատ կլինեմ:
Փոքր
ժամանակ ամեն ինչ լավ չէի հասկանում, իրերն իրենց անուններով չգիտեի, բայց ամեն
ինչ շատ լավ զգում էի: Առավել քան լավ:
Մի
որոշ ժամանակ անց արդեն ավելի լավ հասկացա, թե ինչու եմ ընտրել լրագրողի
մասնագիտությունը. ես հավատում էի, որ ես կարող եմ ինչ-որ բան փոխել: Լրագրողի
մասնագիտությունը ընտրելով` ներքին համոզում ունեի, որ փնտրող բնավորությանս
հագուրդ կտամ….
Հիմա
որ հետ եմ նայում, մեկ-մեկ զարմանում էլ եմ, թե այդքան ֆանտազիա ու գունավոր պատկերացումներ
ինձ որտեղի՞ց էին այդ մութ ու ցուրտ տարիներին: Թերեւս գրքերից: Դպրոցական
տարիներին կարդում էի շատ, ուղղակի չէի կարդում, գրքերն ուտում էի, կուլ էի տալիս:
Վառ պատկերները մնում էին գլխումս, սիրում էի նրանց, ատում էի, օրինակ էի
վերցնում, փորձում էի նրանց նման ինչ-որ բաներ անել: Արտասահմանյան ու հայ
գրականություն, պատմական ու արկածային, սիրային ու դետեկտիվ, գիտաֆանտաստիկ ու
ուղղակի մարդկային պատմություններ ամեն օր լցվում էին գլուխս: Հիշում եմ, որ
դպրոցում ցանկանում էի դասերս շուտ վերջանային ու վազեի տուն, որ “Ջեյն Էյր”ը
շարունակեմ կարդալ, ինձ թվում էր, թե նա տանն ինձ է սպասում, որ գնամ ու խոսենք
իրար հետ:
Մի
երկար ժամանակաշրջան պատանեկան տարիներիս ամենասիրելին Ջեկ Լոնդոնն էր: Նրա կերտած
Մարտին Իդենն իմ իդեալն էր, ուզում էի այդ տղայի նման ինքնուրույն ամեն ինչի
հասնել… Երբ պատմում էի գրքի մասին ու լսողները չէին համաձայնում Իդենի
ինքնասպանության հետ, ես կրքոտ պաշտպանում էի այդ գաղափարը.”Ախր նա էլ կյանքում
անելիք չուներ: Նա ամեն ինչ ստացել էր…” Իբր ես հասկանում էի, թե ինչ է նշանակում
“կյանքում այլեւս ոչինչ չունենալ”, կամ էլ “ամեն ինչ ստացած լինել”… Նախանձ էի, իմ
գրքերը չէի տալիս, որ ուրիշները կարդան, խանդում էի:
“Վիկինգների
արշավանքը”, “Խորհրդավոր կղզին”, “Անգլուխ ձիավորը”, “Մոնթեսումայի դուստրը” գալիս
իրենց ֆանտաստիկ պատկերներով լցվում էին գլխիս մեջ, ու երեւի այդ պատճառով էր, որ
մանկության երազանքն էր անմարդաբնակ կղզում հայտնվել:
Այ
այդ պատճառով էր, որ երբ մեր բակից մի աղջիկ ամուսնանում էր մեր բակից մի տղայի
հետ, ես ներքին համոզմունքով զգում էի, որ նա չի էլ ցանկանալու լինել անմարդաբնակ
կղզում… Ու միգուցե իրենց բալիկները երբեք էլ չեն տեսնելու մամային կամ պապային
գիրք կարդալիս ու մտովի անմարդաբնակ կղզում քայլելիս:
Փոքր
ժամանակ էլ, իսկ հիմա առավել եւս մեր տանը ամենամեծ հարստությունը համարել եմ
հսկայական գրադարանը, որ պապիկս թողել է մեզ` իր չորս թոռնիկներին: Այդքան գիրք է
թողել, երեւի այդ պատճառով ուրիշ հարստություններ չի թողել: Պապիկիս չեմ տեսել,
բայց անսահման սիրում եմ նրան իր թողած գրքերի մեջ, ճանաչում եմ նրան գրքերում ու
փոքրիկ թղթիկների վրա գրված երկտողներից, որոնք գտնում եմ նրա թողած գրքերի մեջ:
Փոքրուց
ամենասիրելի զբաղմունքներից էր մեր գրադարակները վերադասավորելը: Մի անգամ
դասավորում էի ըստ թեմատիկայի, մի անգամ` ըստ հեղինակների, հաջորդ անգամ` ըստ
լեզուների:
Հետո
սկսեցի ես գրքեր գնել ու գնում եմ մինչեւ հիմա: Հիմնականում ընկերներիս ծննդյան
օրերին գրքեր եմ նվիրում:
Գիրքը
դաստիարակության միջոց է, գիրքը մարդ է դաստիարակում, գիրքը երեխային, պատանուն,
երիտասարդին, մեծահասակին տալիս է մի ուրիշ, հոյակապ աշխարհի հնարավորություն: Ու
չնայած մայրիկս միշտ անհանգստանում էր, որ ես ինձ երբեք չեմ գտնի այս կյանքում,
քանի որ շատ եմ երազային ապրում ու “գրքային” եմ, բայց, շնորհակալ եմ Աստծուն,
այսօր իմ կողքին կա այն մարդը, ում հետ ամուսնանալով չեմ համարի, որ կյանքս
ավարտվեց, այլ այն նոր-նոր պիտի սկսվի, ու մենք հաստատ մի օր կգնանք անմարդաբնակ
կղզի….
Անկախ
տեխնիկական ցանկացած գյուտի գիրք պետք է կարդալ երեւակայություն ունենալու,
գեղեցիկն զգալու ու մի այլ աշխարհի գոյության հնարավորության համար…
Комментариев нет:
Отправить комментарий