четверг, 24 ноября 2011 г.

Սիրել եմ մի ձեւով. իմ ձեւով


Կյանքումս ամենակարեւորը միշտ էլ սերն է եղել: Սիրել եմ միայն մի ձեւով. անմնացորդ, ամբողջական, կրքով, կյանքով, արյունով, մինչեւ վերջ, ամեն բջիջով, սիրել եմ մի ձեւով` իմ ձեւով: Ու այսպես սիրել եմ ամենասիրելիներին. ամենասիրելիիս, մամայիս, պապայիս, եղբորս, մի երկու ուրիշ հարազատ մարդկանց, հայրենիքս, քաղաքս, գրքերս…

Սիրել եմ խանդոտ, մինչեւ վերջ, այրվելով, մոխրանալով ու վերակենդանանլով, սիրել եմ ցավոտ, տառապագին, արտասուքի ծովով, խեղդվելով…

Գիտեմ, թե ինչ է ցավացնող, սպանող, կուլ տվող սերը…լավ գիտեմ, ցավից ճչալու չափ լավ: Այդ ցավեցնողն իմ կեսը խլեց, վերածեց արտասուքի ու խմեց, խմեց, խմեց… Ու չէի հավատում, թե որն է երջանիկ սերը, ու համոզված էի` չկա: Չէի տեսել, չէի հավատում:
Ու մի օր տեսա… ավելին, մի օր երջանիկ, այսինքն, իսկական սերն եկավ, գրկեց, պոկեց ինձ ցավի ճիրաններից ու տարավ…. 

Ու այդ ժամանակ ես հասկացա, թե որն է սերը: Այն, որ, այն, որ……այն, որ չի բացատրվում, այն որ բառերի մեջ չի տեղավորվում, այն որ սիրտդ ճաքում է ուրախությունից, այն, որ արեւին ներս ես թողնում, գալիս-լցվում է մեջդ, ապրեցնում է քեզ:
Ու ապրում եմ այդպես երջանիկ, հավատով լի, ապագային հավատալով արդեն որոշ ժամանակ: Ու չէի կարողանում գրել սրա մասին, քանի որ երջանկությունը բառերի մեջ չի տեղավորվում, քանի որ երջանկության մասին կարելի է ճչալ, թռչկոտել, գրկել, համբուրել, արարել, ապրել…..բայց ոչ գրել, բայց ոչ խոսել….ամենաերջանիկը թաքնվում է մեջդ, ու դու ուղղակի երջանիկ ես:

Իսկ այսօր ես ցավ զգացի, ցավ զգացի վախից, վախ` կորցնելու….արեւ կորցնելու, կյանքս կորցնելու….Էն, որ աչքերդ արցունքոտվում են անկախ նրանից, թե դու ուր ես, էն, որ անզուսպ հեկեկում ես, այլապես կխեղդվես, էն, որ սիրտդ դողում է, ու դու անզոր ես, էն, որ հոգեւոր ցավը հասնում է մարմնիդ ու կենսական օրգաններդ են խաթարվում, էն, որ մահն ես զգում մեջդ, էն, որ անզոր ես, ու սիրտդ ճաքում է անզորությունից….էն, որ սպանող ու կյանք տվող զգացմունք է, էն, որ հիշեցնում է,  որ քո սիրտը չի քարացել հիմարիկ, որ դու ՍԻՐՈւՄ ԵՍ, որ դու վախենում ես կորցնել, որ դու ուղղակի մարդ ես, որ ԱՊՐՈւՄ ԵՍ……

2 комментария: