пятница, 27 января 2012 г.

Հայոց իմ բանակը



Ես ծնվել եմ 1988 թվականին: Մանկությանս վաղ հիշողություններում մի վախ է արմատացած: Վախենում էի, որ պապայիս կտանեին կռիվ: Երեխա էի, ոչինչ չէի հասկանում, միայն գիտեի` կռիվ, իսկ դրանից կարող էի հասկանալ` արյուն, կրակոց, մահ….Պապայիս աշխարհում ամենաշատն եմ սիրում (այս առաջին հորիզոնակում մի քանի հոգի են J ), իսկ չորս-հինգ տարեկան բորբոքված երեւակայությամբ երեխայի համար հոր մահը պատկերացնելը թերեւս վատթարագույնն է: Այն ժամանակ ես չգիտեի, որ ուրիշների հայրիկները գնում են կռվի դաշտ, որ նրանք արյունոտվում են ու մեռնում, որ այդ մարդիկ են պաշտպանում մեր հողը, որ թշնամին մեր տան դուռը չհասնի: Այդ ժամանակ ես չգիտեի, որ Արցախն են պաշտպանում այդ արյունոտ դաշտում, այդ ժամանակ ես չգիտեի, որ Վանաձորից բացի ուրիշ քաղաք էլ կա աշխարհում….Այդ ժամանակ ես միայն գիտեի, որ չեմ ուզում, որ իմ պապային տանեն կռիվ: Հաճախ գնում, առանց պատճառի փարվում էի նրան, պատկերացնում էի, որ պապաս էլ իմ կողքին չի, ու լալիս էի… Երբ փողոցով իրար հետ քայլում էինք, ամուր բռնում էի պապայիս ձեռքը. հաստատ որոշել էի նրա հետ գնալ կռիվ: Հա, մտածում էի, կասեմ` ես էլ եմ գալիս, ու կգնամ…. Պապայիս բանակ չտարան, կռիվն ավարտվեց: Կռիվը հարաբերականորեն ավարտվեց այն հայրիկների արյան գնով, ովքեր այսօր հանգչում են Եռաբլուրում, իսկ ես տարվա մեջ մի քանի անգամ այցելում եմ նրանց:
Իմ պապան չգնաց կռիվ, եւ այն ժամանակ ես շնորհակալ էի Աստծուն… Իսկ հիմա ես այնպես կցանկանայի, որ նա գնացած լիներ կռիվ…Այդ հաղթանակն ավելի իմը կլիներ, արցախյան հողն էլ ավելի իմը:

Վաղը Անկախ Հայաստանի Բանակի 20-ամյակն է: 20-ամյա այս բանակին շնորհակալ եմ Արցախյան հաղթանակի, այսօրվա իմ հանգիստ կյանքի ու անվտանգության համար: Այս բանակում իմ մասնիկն ունեմ. եղբայրս ծառայել է Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակում, ծառայել է արժանապատվորեն, ծառայել է այնպես, որ ես հպարտ եմ նրա ծառայությամբ:

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին, անամպ երկինք նրանց…

Շնորհավորում եմ բոլորիս տոնը, շնորհավորում եմ բոլորիս բանակի տոնը:   

Տեր Եսայի Քահանա Արթենյան. «Սբ. Վալենտինի օրը նշելով` մենք հաճախ չենք էլ հասկանում, թե ինչ տոն ենք նշում»

Սբ. Սարգսին եւ Սբ. Վալենտինին նվիրված տոների մասին զրուցել եմ Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանի հետ: Զրույցին կարող եք ծանոթանալ այստեղ.
http://www.aravot.am/2012/01/27/31744/








Քահանա. «Սբ. Վալենտինի օրը նշելով` մենք հաճախ չենք էլ հասկանում, թե ինչ տոն ենք նշում»

Մոտավորապես երկու շաբաթից Երեւանի փողոցներում կհայտնվեն կարմիր սրտիկների տեսքով հուշանվերներ, բացիկներ, որոնք սիրահար զույգերը նվիրում են միմյանց ամեն տարի փետրվարի 14-ին ու այդպիսով ըստ իրենց նշում Սբ. Վալենտինի տոնը:
«Խնդիրն այն է, որ Վալենտինի ով լինելը հստակ հայտնի չի: Ըստ տարբեր ավանդույթների կան երկու Վալենտիններ, որոնցից մեկին կաթոլիկ եկեղեցին ընդունում է, իսկ մյուսին` ոչ:  Այն Վալենտինի տոնը, որ մենք ենք նշում, չկա կաթոլիկ եկեղեցում: (Նկատի ունի այն ավանդությունը, ըստ որի Սբ. Վալենտինի սիրելիները փոքրիկ սրտաձեւ բացիկներ են ուղարկել նրան, երբ վերջինս բանտարկված է եղել- Թ.Գ.): Կաթոլիկ եկեղեցին ընդունում է այն Վալենտինին, ով գաղտնի ամուսնացրել է զինվորականներին եւ դրա համար մահվան է դատապարտել: (Ըստ այս մի ավանդության Կլավդիուս Երկրորդ թագավորը արգելել էր զինվորականներին ամուսնանալ, քանի որ դա կարող էր խանգարել նրանց ծառայությանը, իսկ Սբ. Վալենտինը շարունակում էր նրանց գաղտնի ամուսանցնել- Թ.Գ.): Շատ հաճախ մեր ժողովուրդը խճճվում է այս ավանդույթների մեջ եւ ինքն էլ չի հասկանում, թե ում տոնն է նշում: Եվ հետո, եթե Սուրբ Վալենտինի տոնն ենք նշում, ապա այդ տոնը պետք է նշվի ոչ միայն նվերներով, այլեւ աղոթքով: Սուրբ Վալենտինի համար մենք աղոթք չգիտենք», մեր հետ զրույցում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը:

«Փառք Աստծո, հիմա Սուրբ Վալենտինի օրն այնպիսի մեծ չափով չի նշվում, ինպես մի քանի տարի առաջ: Հիմա մարդիկ ավելի շատ փորձում են հետեւել հայ եկեղեցու տոնին: Այստեղ, մեծ դեր ունեցան Մայր Աթոռը, Արարատյան Հայրապետական Թեմը ու նաեւ հասարակական աջակցություն եղավ` ընդառաջ եկեղեցու մոտեցման», նշեց քահանան ու բացատրեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու տոնի` Սուրբ Սարգսի օրվա հետ կապված ամեն ինչ պարզ է ու հասկանալի. մենք գիտեն ուր գնալ եւ ում աղոթել:

«Սուրբ Սարգսի տոնը լավ առիթ է հիշելու Սուրբ Սարգսին եւ նրա նահատակ որդուն: Նրանք եղան նահատակ հանուն քրիստոնեության, եւ ոչ թե միայն հանուն գաղափարի, այլեւ հանուն կյանքի ու փրկություն: Առհասարակ, բոլոր սրբերի նահատակությունը ոչ թե միայն հանուն գաղափարի է, այլեւ նահատակություն է հանուն կյանքի: Այս դեպքում նահատակը ոչ թե կորցնում է իր կյանքը, այլ գտնում է հավիտենություն: Այս իմաստով մեր բոլոր սրբերի օրինակը, փառքը լավագույն միջոց է անդրադառնալու ինքներս մեզ ու մեկ անգամ էլ դիտելու մեր ուղին: Իհարկե, մեր նպատակը Սուրբ Սարգիս դառնալը չէ, բայց մեր նպատակը Սուրբ Սարգսի օրինակը մեր կյանքում ունենալն է: Մենք մեծ սիրով ու մեծ երկյուղածությամբ ենք մոտենում այս տոնին: Եվ չնայած որ Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէր, նա ընդունվել է մեր ժողովրդի կողմից, ընկալվել եւ ինչ-որ տեղ նաեւ հայացվել է: Սուրբ Սարգիսն ուղղակի եւ անուղղակի կապ ունի հայերի հետ իր կյանքով, եւ նրա տոնի հետ կապված ավանդույթներ է հյուսել նաեւ հայ ժողովուրդը», նշեց Տեր Եսային:



Սուրբ Սարգիսը միշտ մեր ժողովրդի կողմից ընկալվել է որպես երիտասարդների երազանքները, նպատակներն իրականացնող սուրբ եւ ժողովուրդը նրան ասել է մուրազատու Սուրբ Սարգիս: Ինչպես ընդգծեց Տեր Հայրը, Սուրբ Սարգիսը ոչ թե սիրահարների հովանավոր սուրբն է, այլ երիտասարդների, եւ առհասարակ բոլոր մարդկանց բարի, մաքուր իղձերը կատարող սուրբն է: «Եվ քանի որ հենց երիտասարդներն ունեն ամենաշատ իղձերը, հենց նրանց հովանավորն է համարվում Սուրբ Սարգիսը: Սիրահար ասելիս մենք հիմնականում երիտասարդներին նկատի ունենք, այդ պատճառով էլ Սուրբ Սարգսի տոնը ժողովրդի կողմից ընկալվում է որպես սիրահարների տոն:

Վեհափառ Հայրապետը Սուրբ Սարգսի տոնը հայտարարեց որպես երիտասարդների օրհնության օր, եւ այս օրը ես մեկ անգամ առիթ է մեզ համար համախմբել երիտասարդներին Սուրբ Սարգսի բարեխոսության ներքո, եւ ոչ միայն միասին մեր աղոթքները Սրբին մատուցելու, այլ նաեւ ցանկությունները եւ երազները սրբացնելու, մաքրագործելու, Աստծուն մոտեցնելու»:

Սբ. Սարգսի տոնին աղաբլիթ ուտելը հին ու գեղեցիկ ավանդույթ է, որ գալիս է հին ժամանակներից: «Գեղեցիկ է, քանի դեռ դրա մեջ չի դրվել գուշակություն: Եկեղեցին պահպանում է ազգային գեղեցիկ ավանդույթները, քանի դեռ դրանք չեն խեղաթյուրվում եւ չեն վնասում մարդու հոգեւոր կյանքին ու փրկությանը: Բայց շատ հաճախ անտեղյակությունից, չիմացույթյունից մարդիկ նոր սովորույթներ են ավելացրել ավանդույթին, որը կապ չունի ոչ միայն բուն ավանդույթի, այլեւ առհասարակ քրիստոնեության հետ: Եթե աղաբլիթ ուտելիս մենք անպայման գուշակություն ենք նկատի ունենում, դա արդեն լավ չի», կարեւորեց Տեր Եսային:

Նշենք, որ Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, եւ այդ օրը բոլոր եկեղեցիներում պարտադիր երիտասարդների օրհնություն է լինելու:

Թամարա Գրիգորյան 

вторник, 17 января 2012 г.

Մովսես Գորգիսյանին նվիրված ցուցահանդեսին համարյա թե ներկայացնելու նկար չկա


«Հանրապետական ուսանողական ցուցահանդես` նվիրված ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակին
Երբ` Հունվարի 13-ից
Որտեղ` Հայաստանի նկարիչների միություն
Մուտքն ազատ է 
Ցուցահանդեսի կազմակերպիչՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյան բարեգործական հիմնադրամ» (apress.am)

Ցուցահանդեսի հայտարարությունը շատ գրավիչ հնչեց. ուսանողները մասնակցում են ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին նվիրված ցուցահանդեսին:
Գնացի: Նախ սկսեմ նրանից, որ մուտքն ազատ չէր, ինչպես նշված էր հայտարարության մեջ: Բայց սա մի կողմ: 

Ցուցահանդեսում ներկայացված կտավների գոնե կեսը հաստատ որեւէ կապ չունեին ոչ միայն Գորգիսյանի, այլեւ առհասարակ Արցախյան գոյամարտի հետ: Ներկայացված էին Հերոսի մի քանի դիմանկար, մի քանի կտավ էլ` անկախության թեմայով: Իսկ մյուսները թեմայից դուրս էին: Նկատեցի, պետք է ճշտեի, թե ինչու է այդպես: Ցուցասրահի աշխատակցուհուն դիմեցի: 

«Այս թեմայով համարյա նկարներ չկային, կարելի է ասել` ինչ ներկայացրել են, դա էլ ցուցադրվել է: Այսքանից էլ եթե ընտրեին, էլ բան չէր մնա…»: Ինչպես նա նշեց, վաղը, հունվարի 18-ին, փակման ժամանակ կհայտարարվեն ցուցահանդեսի հաղթողների անունները, եւ նրանց մրցանակներ կտրվեն: Աշխատակցուհին հաստատ չգիտեր, թե ով է մրցանակ տալու. թերեւս ցուցահանդեսի կազմակերպիչները: 

Ինչպես պարզ է դառնում հայտարարությունից, ներկայացված են ուսանողական աշխատանքներ: «Շատերն անգամ չգիտեն, թե ով է Մովսես Գորգիսյանը: Սա առաջին տարին էր, այսպես ստացվեց: Կարծում եմ, որ հաջորդ տարի ավելի շատ կհետաքրքրվեն, ավելի շատ կմասնակցեն, այս տարվա մրցանակներն էլ կոգեւորեն մասնակիցներին», նշեց զրուցակիցս:

Միգուցե մյուս տարի մասնակիցներն ավելի շատ կարդան Մովսեսի մասին, կարդան Արցախյան գոյամարտի մասին, ավելի շատ այցելուներ լինեն, ցուցադրվող կտավներն էլ համապատասխանեն ցուցահանդեսի վերնագրին: Ու գիտե՞ք վատը որն է: Որ Արցախյան պատերազմի ու Արցախյան հերոսների մասին մենք լավ չգիտենք, կտավներ, ֆիլմեր, ներկայացումներ նրանց մասին համարյա չկան, ու առհասարակ մեր վերաբերմունքը նրանց հանդեպ այն չի, ինչպես որ պիտի լիներ հաղթած հերոսների, հաղթած զինվորների հանդեպ…

Տարվա մեջ քանի՞ անգամ ենք Եռաբլուր գնում: Իսկ մեր երեխաներին սովորեցնու՞մ ենք, թե ովքեր են Արցախյան հերոսները: Ես չեմ մեղադրում, ես ուղղակի հարցնում եմ:

суббота, 14 января 2012 г.

Թե ինչու՞ եմ ես ցանկանում ապրել Քարվաճառում


Փոքր տարիքից երեւակայությունս ինձ ուր ասես` տարել է: Երազել եմ ապրել եվրոպական որեւէ սիրուն քաղաքում, երազել եմ ապրել գնչուների հետ, ռուսական տափաստանում, կանաչ Ավստրալիայում… Երբ ինձ համար արդեն հստակ դարձան «հայրենիք» եզրույթն ու դրա սահմանները, դրա իմաստն ու դերը, պարզ հասկացա, որ Հայրենիքումս եմ ապրելու միշտ, արմատս արմատախիլ չեմ անելու:

Միշտ մտածել եմ, որ Երեւանում իմ նման մարդիկ շատ կան: Հա, գիտեմ, որ ես «միակն եմ, անկրկնելի եմ», բայց դա միայն որոշակի հարազատ ու մտերիմ մարդկանց համար: Իսկ առհասարակ իմ տեսակի մարդ Երեւանում շատ կա: Այստեղ կան մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի վաղվա օրվա մասին, փորձում են այն ավելի լավը դարձնել. ուրիշ հարց է, թե դա նրանց որքանով է հաջողվում կամ կհաջողվի ապագայում:

Հայաստանի մարզերում այդպիսի մարդիկ ավելի քիչ են: Մեղադրելով չեմ ասում, այլ ըմբռնելով: Տատիկիս տանը` Դսեղում, լինում եմ տարին գոնե մեկ-երկու անգամ, Հայաստանի ուրիշ շրջաններ եւս այցելում եմ եւ հնարավորություն եմ ունեցել համոզվել, որ հատկապես գյուղերում մարդկանց հոգսն այնքան շատ է, որ մի շարք հարցերի մասին մտածելու ժամանակ պարզապես չկա: Ես հերոս չեմ, ոչ էլ փրկարար, բայց միշտ էլ կարծել եմ, որ Հայաստանի մարզերում իմ նման մարդկանց կարիք հաստատ կա:


Մի օր, մոտավորապես երկու-երեք տարի առաջ բախտ ունեցա լսել Ալեքս Քանանյանի դասախոսությունը Արցախի ազատագրված տարածքի, դրանց ռազմավարական նշանակության ու այնտեղ ապրելու կերպի մասին: Ալեքսը խոսում էր հատկապես Քարվաճառից, քանի որ ինքն էլ այնտեղ է բնակվում: Մինչ այդ դասախոսությունը ազատագրված տարածքը գնահատում էի որպես ռազմավարական նշանակության խիստ կարեւոր օբյեկտ, այդ դասախոսությունից հետո հասկացա, որ դա Հայրենիքիս մի մասն է, որտեղ ապրում են իմ հայրենակիցները, ապրում են ու իրենց` հենց միայն այնտեղ ապրելով հսկայական գործ են անում Հայրենիքի համար: Ալեքսի բերած նկարները հոյակապ էին, այդպիսի շքեղ ու կուսական բնություն ամեն տեղ չես հանդիպի: Նկարներում քարվաճառցիներն էին, ում ես երկու տարի հետո պետք է անձամբ տեսնեի…

Այդ դասախոսությունից հետո Քարվաճառը մեխվեց ուղեղումս: Այնտեղ ապրելը դարձավ երազանք, բայց այն ժամանակ` դեռեւս ոչ նպատակ: Միտքը չափազանց գրավիչ էր ու հոգեհարազատ ինձ համար, սակայն իրականություն դառնալուց հեռու էր:
Որոշ ժամանակ անց ես հանդիպեցի այն մարդուն, ով պետք է ամբողջացներ ինձ ու իմ երազանքները ու օգներ, որ երազանքներս նպատակներ դառնային ու սկսեին իրականանալ: Մի օր պարզվեց, որ սիրելիս էլ ինձնից ու իմ երազանքներից անկախ երազում է ապրել Քարվաճառում… Ու սա դարձավ երկուսիս նպատակը: Երկուսս էլ մեծ մարդիկ ենք, երկուսս էլ հասկանում ենք այն բոլոր դժվարությունները, որ կրելու ենք Քարվաճառում ապրելիս, բայց նաեւ երկուսս էլ հասկանում ենք, թե որքան ենք մենք պետք այդ հողին ու ցանկանում ենք զգալ ազատագրված հողում ապրելու, ամեն օր այնտեղ արարելու բերկրանքը:



Ամռանն այցելեցինք Քարվաճառ. մեկ անգամ էլ հաստատվեց մեր ցանկությունը: Երկուսս էլ մեզ շատ լավ էինք զգում դրախտային այդ վայրում: Ասում են` եթե մի բան իսկապես շատ ես ուզում եւ աշխատում ես այդ ուղղությամբ, այն անպայման կատարվում է: Ես ի սրտե ցանկանում եմ, որ երեխաներս լինեն քարվաճառցի, որ հպարտ լինեն, որ ապրում են Հայոց Ազատագրված Հողում ու տերն են այդ հողում թափված արյան պատվի…

Միգուցե չարժե սրա մասին նախօրոք խոսել, միգուցե պետք է գնալ ու նոր խոսել, միգուցե… Սակայն այս գրառման միջոցով պարզապես ցանկանում եմ ասել հայ երիտասարդներին, որ մենք ունենք Հայրենիքի մի չբացահայտված կտոր, որը բացահայտելիս անհնար է դրան չսիրահարվել: Այստեղ կարելի է սկսել նոր կյանք, նոր միջավայրում, նոր մոտեցումներով, նոր հավատով, նոր գաղափարով: Այստեղ կարելի է սկսել նոր հայրենիքի կառուցումը, որը կշարունակեն մաքուր բնության մեջ, չաղտոտված օդում մեծացած, «քյաբաբ-շաուրմա» չտեսած մեր երեխաները…


Ու չասեք, թե անհնար է: Ֆիզիկապես եւ հոգեպես առողջ երիտասարդների խումբը կարող է ծաղկեցնել Քարվաճառն էլ, ազատագրված տարածքի մյուս հատվածներն էլ:
Տա Աստված, որ խոսքերս խոսք չմնան, ու մի որոշ ժամանակ անց ես ու սիրելիս իսկապես հնարավորություն ունենանք ապրել ու արարել դրախտային այդ վայրում:





Հ.Գ. Նյութում նշեցի Քարվաճառում բնակվող Ալեքս Քանանյանի անունը: Նրա  կատարած աշխատանքը ազատագրված տարածքի վերաբնակեցման գործում հաստատ շատ մեծ է եւ մի առանձին մեծ նյութի թեմա է:

понедельник, 9 января 2012 г.

Արթուր Էդար.մարդը, ով դեռ զարմանում է

Երբ տուն է գալիս, ցուրտ է ու մութ: Ինքը տանը շատ մոմեր ունի, սակայն ոչ ոք չկա, որ իր գալուց առաջ վառի դրանք: Երբ հյուրեր է ունենում, ինքը վառում է բոլոր մոմերն ու հյուրերին դիմավորում է լուսավառ աշխարհում, իր կախարդական աշխարհում: Իսկ երբ ինքն է տուն գալիս, իրեն խավարն է դիմավորում. ինքն է այդպես ընտրել. հակառակ դեպքում իրեն միշտ էլեկտրական սառը լույսն էր դիմավորելու, ու ինքը չէր զգալու մոմերի մտերմիկ թրթիռն ու ջերմությունը:


Շատ սերեր է ունեցել, երջանկություններ, որոնք անհոգ աղջիկների նման լքել են իրեն: Սակայն նրան չի լքել գլխավորը` սերը: Այսօր այդ սերն ստանում են իր ծաղիկները, որոնց նա շոյում է, ջրում, հողը փխրեցնում, այդ սերն ստանում են իր մոմերը, որոնց նա պատրաստում է սիրախառն հումքից, հետո վառում է ու այդ կրակով էլի սեր է փոխանցում: Ծաղիկը ծաղկում է, ու նա բացականչում է` «հրաաաաաշք է, հրաաաաշք»… Բազմաթիվ գարուններ է տեսել, բազմաթիվ աշուններ է թախծել, բայց շարունակում է հիանալ ու զարմանալ: Զայրանում է, ուրախանում է, տխրում է ի սրտե, արյունով, կյանքով… Երիտասարդ մարդն իրեն երբեմն ծեր է զգում նրա կենսախինդ թրթիռների կողքին:

Երկրի վրա մի փոքրիկ, մի քանի քառակուսի մետրանոց դրախտ է ստեղծել ու ապրում է հանգիստ ու ներդաշնակ: Իր տանը բազմաթիվ հրաշքներ  է պահում ու ամեն անգամ հրաշք տեսնելուց չի զլանում մի անգամ էլ բացականչել. «վաաախ, հրաաաշք է, հրաաաշք»… 

Քաղաքի աղմուկից, կեղծիքից, ստից, փուչ բաներից, անուններից ու փառքից նա պաշտպանված է. նա ունի իր հավատի ու բարոյականության ամրոցը, որը հաստատ անառիկ է ցանկացած ունայն հարձակման համար: Ամրացած է հոգով ու ապրում է մաքուր` չդավաճանելով իր բարոյականությանը: 

Եզակի մարդ է, հրաշք է, հրաաաաաշք... Արթուր Էդարը...

вторник, 3 января 2012 г.

Գյուղի ճանապարհին


Ավտոկայանում կանգնած է ավանդական կարմիր ավտոբուսը, վրան գրված` «Դսեղ»: Արդեն մոտավորապես 10-13 տարի է, որ ես հիշում եմ Դսեղ գնալս, եւ մեզ տեղափոխել է միշտ այդ նույն ավտոբուսը:

Ավտոբուսում գրեթե բոլորն իրար ճանաչում են, ոմանք երկար ժամանակ իրար չեն տեսել, ու ծոր են գալիս խոսակցությունները լոռեցուն հատուկ դանդաղկոտությամբ:
«Դե ես Մասկվայի հենց ամենացենտրում իրեք սենյականոց տուն առա էս տարի, բայց դե ընտեղ չեմ կարըմ մնամ, ուշքս էրեխեքս են, ամեն տարի գալիս եմ», ինքնագոհ պատմում է ոսկի ատամներով գյուղացիներից մեկն ու ալարկոտ հորանջում: Մեր այս ռուսաստանաբնակ հայրենակիցը Մոսկվայում տուն է գնել, սակայն չի հասցրել սովորել, որ հորանջելիս պետք է բերանը ձեռքով փակել…

Ավտոբուսի մեկնման ժամը լրանում է, եւ վարորդը վերջապես իր տեղն է հասնում. ուղեւորվում ենք:
Գարնանը, ամռանն ու աշնանը գեղեցիկ բնությունը կրճատում է դանդաղ ձգվող ճանապարհը, իսկ այս ձմռանն անգամ ձյուն չկա, եւ մերկ ծառերն անհրապույր են: Շուտով նկատում եմ, որ կողքիս բոլորը քնել են: Նրանց դեմքին դրոշմված է բթության հասնող անտարբեր հոգնությունը: Քնած են բոլորը. մեծ, փոքր, տատիկ, պապիկ: Մի տեսակ հարգում եմ այս մարդկանց հոգնությունը. նրանցից  շատերը այսօր առավոտյան են եկել քաղաք, արել են իրենց գործերն ու երեկոյան հոգնած գնում են գյուղ, գնում են իրենց հոգսերին, իրենց ոչ տոնական տանջանքին…

Հանկարծ մեջս ցանկություն առաջացավ վարդաջրով օծել այս ավտոբուսն ու այս մարդկանց, հատկապես նրանց բերանները, որ բերանը բաց հորանջելիս անգամ կողքինի համար կյանքն այդքան մռայլ գույներով չբացվի…

Ցանկացա վարդաջրով օծել այս մարդկանց ու նրանց հոգսերը, նրանց խորշոմած դեմքերն ու անփայլ-անտարբեր աչքերը:
Մինչ ես «օծում» էի տանջանքից կքած այս մարդկանց, հասանք գյուղ:

«Խառատանց Ռոբոյանց տան մոտ պահի», ձայնեց գյուղացիներիս մեկը: Վարորդը բոլորի տներն էլ անգիր գիտի: Այդպես դատարկվելով հասանք «գյուղամեջ», որտեղ ես պիտի իջնեի. տատիկիս տունը գյուղամեջի մոտ է…