пятница, 29 июня 2012 г.

Պատկերազարդ Տիկնիկայինը (լուսանկարներ)


Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի ճակատային մասը պատկերազարդում են հեքիաթների հերոսների պատկերներով: Բավականին գեղեցիկ է ստացվել, եւ հուսանք, որ այդ գունավոր տեսքը երեխաներին ավելի կձգի դեպի թատրոն, իսկ դե ծնողներն էլ երեխաներին կտանեն տիկնիկային ներկայացումների: Չէ՞ որ թատրոնը դաստիարակության ու ճաշակի ձեւավորման վրա մեծ դեր կարող է ունենալ:

Ինչպես կարելի է կարդալ թատրոնի շենքի դիմաց տեղադրված ցուցանակից, աշխատանքներն իրականացվում են «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակներում:

Ահա թե ինչպիսին է Տիկնիկայինի շենքը հիմա J

























































































































четверг, 28 июня 2012 г.

Հայկ Մելիքյան. վառ երեւակայությամբ դաշնակահարը


Այսօր, հունիսի 28-ին, ունկնդրեցի աշխարհահռչակ դաշնակահար Հայկ Մելիքյանին: Համերգը կազմակերպվել էր «1900 +» համերգաշարի շրջանակներում. ծրագրի հինգերորդ համերգն էր: 

Ներկայացվեց հայ եւ շվեյցարական 20-րդ դարի ժամանակակից երաժշտություն:

Հայկ Մելիքյանին առաջին անգամ չէի լսում, եւ հավանում եմ այս երաժիշտին: Մասնագիտական առումով երաժշտությունից շատ բան չեմ հասկանում, բայց հստակ հասկանում եմ՝ երաժշտությունը խոսում է հետս, թե ոչ: Մելիքյանի երաժշտությունը խոսում է, կենդանի է, ապրող:

Մելիքյանին թերեւս ավելի շատ գիտեն դրսում, քան մեր մոտ: Ու այսօր համացանցում փորձեցի գտնել նրա մասին հայերեն նյութ, բայց տեղեկատվության մեծամասնությունն անգլերենով է: Իր պաշտոնական կայքն էլ է անգլերենով: Միգուցե լավ չեմ փնտրել, բայց այնումենայնիվ, հայերենով նորմալ նյութ չգտա: Այդ պատճառով էլ Մելիքյանի մասին ձեռքիս տակ եղած նյութն տեղադրեմ:

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկդնրի եւ քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երեւակայությամբ եւ վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000 թ. Հռոմում՝ “Concerto di Concerti” 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային ամերիկաների բազում երկրներում:  


2000 Հռոմում կայացած “Premio Valentino Bucchi” 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբածինը: Հայկ Մելիքյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ “Yvar Mikshoff Trust for New Music” (Բուֆֆալո, ԱՄՆ, 2012), Օրլեանի միջազգային դաշնամուրային մրցույթի «Սամսոն Ֆրանուայի» եւ «Անդրե Բուկուրեշլիեւի» անվան մրցանակներ (Ֆրանսիա, 2008, 2012), Ղազարոս Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 1-ին կարգի մրցանակ (Երեւան, ՀՀ, 2008), “Ibla Grand Prize” դաշնամուրային մրցույթի հատուկ մրցանակ (Ռագուսա, Իտալիա, 1999) եւ այլն: 

Հայկ Մելիքյանը հայ եւ օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Այս գործունեությունը հանգեցրեց դաշնակահարին 2009 թ. հիմնելու «1900 +» համերգաշարը՝ նվիրված 20-րդ դարի եւ ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: 2007 թ. ի վեր Հայկ Մելիքյանի կատարումները թողարկվում են ինչպես սոլո ալբոմների ձեւաչափով, այնպես էլ՝ հավաքածուներում: Նրա դաշնամուրային փոխադրումները, համերգային պարաֆրազներն ու մշակումներն աշխարհի շատ դաշնակահարների նվագարանի անբաժան մասն են: Շնորհիվ դաշնակահարի ստեղծարար երեւակայության՝ նա միջազգային ունկնդրի կողմից ձեռք է բերել որպես իմպրովիզացիայի բացառիկ տաղանդի տեր վարպետի համբավ, ինչը դաշնակահարի մենահամերգներին հաղորդում է արտասովոր երանգ:

Եւ վերջում մի կարծիք Մելիքյանի մասին.

«Ես մեծապես երախտապարտ եմ Հայկ Մելիքյանին, որ նա ռիսկի դիմեց կատարելու այդ պիեսը: Նրան պետք է լսել առանց նախապաշարմունքների, պարզապես թողնել, որ այս յուրօրինակ եւ այդքան անձնական լեզուն բացի դռներն առ գրություն, որն ապրել եւ տառապել է իր ստեղծողը»:

Գյորդի Կուրտագ  

среда, 20 июня 2012 г.

Հայրենիքիս զինվորը


Երիտասարդների զորակոչը դեպի ՀՀ Զինված Ուժեր շարունակվում է: Ծանոթ տղաներից ոմանք զորակոչի տարիքի են ու բանակ են գնում:

Կոնկրետ վիճակագրություն չունեմ, բայց շրջապատումս շատ մարդիկ չեն ցանկանում, որ իրենց երեխան բանակ գնա: Զորակոչի տարիքի շատ տղաներ իրենք էլ չեն ցանկանում գնալ բանակ՝ ծառայելու: Ամեն պատճառ կհորինեն, ծնողներին կստիպեն գումար ծախսել, որ իրենք խուսափեն ծառայությունից:

Բանակի հանդեպ այս մոտեցումը զուրկ չի որոշ օբյեկտիվ հիմքերից: Հասարակությունը լսում է բանակում տեղի ունեցած միջադեպերի ու զոհերի մասին: Զորակոչիկի մորը մի քիչ դժվար է համոզել օբյեկտիվ նայել դեպքերին, հասկանալ, որ 18-20 տարեկան տղաները քաղաքացիական կյանքում էլ են տաքարյուն ու կռիվներ են անում: Համաձայն եմ, իրականում շատ դժվար է օբյեկտիվ լինել մի հարցում, որը երեխայիդ կյանքին է վերաբերվում: Սակայն մարդիկ հաճախ չեն մտածում, թե ինչի կարող է բերել հայ տղաների՝ ռազմական պատրաստվածության պակասը:
Այս տարի իմ ամենամոտիկ հարազատ մարդն էլ պետք է զորակոչվեր բանակ: Ու ինքն շատ էր ցանկանում. ու ցանկանում էր իրոք, գիտակցելով այդ գործի ողջ կարեւորությունը; Շրջապատի մարդիկ նրա անկեղծ ցանկությունը հիմնականում չէին հասկանում
Մարդն ինքնակամ ուզում է գնալ բանակ. հա, այսօրվա իրականության մեջ մի քիչ դժվար է հասկանալ: Այնպես ստացվեց, որ նրան չզորակոչեցին
Ու նրա հիասթափությունն այնքան անկեղծ ու ակնհայտ էր, որ կրկին կարող էր տարօրինակ թվալ


Իսկ ես այնքան հպարտություն ու ուրախություն ապրեցի այսօր այն պատճառով, որ իմ կողքին, իմ իրականության մեջ կա այդպիսի մարդ: Մարդ, որ առողջ է դատում, մարդ, որ անձնականից ու անձնայինից վեր է մտածում, մարդ, որ անկեղծ է հայրենիքի հանդեպ իր զգացած պարտավորության մեջ ու մարդ, որ եթե մի օր պետք լինի, ինքն էլի զենքը ձեռքին կանգնելու  է՝ իր հայրենիքը պայքարելու, հայրենիք, որը մաքուր է ամեն տեսակ քաղաքական խաղերից, շահերից ու շահարկումներից:

Հ.Գ. Այս գրառումն օբյեկտիվ է, չնայած խոսել եմ շատ մտերիմ մի մարդու մասին :)

вторник, 19 июня 2012 г.

Մոխրագույն


Առավոտյան արթնանում է, աշխատանքի կամ դասի է գնում:

Նստում է լիքը լցված երթուղային, մի կերպ տեղ է հասնում, անում է իր դասը կամ գործը, անում է մի կերպ, մի օր լավ, մի օր՝ վատ: Ու չի պայքարում, որ երթուղայինը էլ լիքը չլինի, ու վաղը էլի մի կերպ տեղ է հասնում, գործի կամ դասի:

Քաղաքում, երկրում, աշխարհում շատ վատ բաներ են լինում, իսկ ինքը ոչ մեկի դեմ ձեռք չի բարձրացնում, ինքը գնում է իր դասին կամ գործին գլուխը կախ: Անում է իր գործը, մի օր լավ, մի օր՝ վատ:

Երեկոյան տուն է գալիս, սնվում է, հեռուստացույց է դիտում:

Բավարարում է իր փոքր կրքերն ու վախենում է մեծերից:

Ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ, ամեն ինչ գրեթե անգույն. մոխրագույն ու դարչնագույն: Միայն թե երբեմն կրծքի տակ, սրտի մոտերքում մի բան է խլրտում, ոչ այն է՝ ցավում է, ոչ այն է՝ հաճելի է: Միայն թե երբեմն կրծքի տակ մի բան է խաղում ու իրեն անհանգստացնում: Չի հասկանում, թե ինչ է, ուշադրություն չի դարձնում…շարունակում է ապրել, մի օր լավ, մի օր՝ վատ, ինքն իր փոքրիկ գործերով, ինքն իր նեղ կյանքում… 


воскресенье, 17 июня 2012 г.

Կարդում ենք բոլորս


Գիրք կարդալը լավ բան է, իմ կարծիքով: Չէ, իմ կարծիքով գիրք կարդալը շատ-շատ-շաաատ լավ բան է: Հենց տառերը սովորեցիր, պիտի կարդաս, կարդաս, կարդաս. մանկական, արկածային, դետեկտիվ, պատմական, փաստագրական, գեղարվեստական, իրական, մասնագիտական

Սիրում եմ գրքի մշակույթը: Աչքս բացած օրվանից մեր տանը միշտ շատ գրքեր եմ տեսել, պապիկիցս մնացած ամենակարեւոր հարստությունը: Երբ սկսեցի ինքս շատ կարդալ, տատիկիս խիղճը հանգստացավ. «Ես էլ ասում էի՝ էսքան գիրքն իզուր ա առել պապիկդ…»:

Ինքս շատ եմ գրքեր գնում, որ գիրք են նվիրում, աշխարհն իմն է: Պայուսակիս մեջ միշտ գիրք կա: Չէ՞ որ կարելի է կարդալ երթուղայինում, մեկին սպասելիս, պարզապես այգում նստել խոտերին ու կարդալ:
Այսօր իմացա, որ «Ֆլեշմոբ դիվիզիա»-ն որոշել է շատ մարդկանց հրավիրել բացօթյա ընթերցանության: Մարդ կա, այդպիսի սովորություն չունի, բայց կարող է դա իրեն դուր գալ ու սովորություն սարքի J Անկախ ամեն ինչից, շատ գեղեցիկ միջոցառում է լինելու: Սիրում եմ դուրսը գիրք կարդացող մարդկանց տեսնել: Եւ այսպես, հունիսի 21-24  տեղի կունենա «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը,  որն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա»-ն` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012»-ի շրջանակում:









Ահա եւ ամբողջական ծրագիրը.

Հունիսի 21 | Բացօթյա ընթերցանության
 փառատոնի մեկնարկ
Վայր՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզ (Կասկադ)

14:00-18:00
- «Նվիրիր գիրք» ակցիայի իրականացում

18:00-20:00
- ԲԱՑՕԹՅԱ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

20:00-22:00
- Հեղինակային կատարողների համերգ
 

Հունիսի 22 | Մանուկները և ընթերցանությունը
Ժամը՝ 17:30-20:00
Վայր՝ Երևանի սիրահարների այգի

Մանկական գրքերի ցուցահանդես, ընթերցանություն, ներկայացումներ, հեքիաթասացություն
 

Հունիսի 23 | Գրական հարթակ. Հանդիպում-քննարկում գրողների հետ
Ժամը՝ 18:30-20:00
Վայր՝ Երևանի սիրահարների այգի

Հունիսի 24 | Ընթերցանության ֆլեշմոբեր Երևանի հանրային վայրերում
Ժամը՝ 16:00-20:00

Կարդանք, կարդանք ու էլի կարդանք: Լավ գիրքը մի աշխարհ է: