воскресенье, 29 июля 2012 г.

Հայագետ. աշխարհի բոլոր սփյուռքներն ինչ-որ նմանություններ ունեն, իսկ հայկականն առանձնանում է յուրահատկություններով


Երիտասարդ հայագետ Էլլի Պոնոմարյովան հայերով ու Հայաստանով առաջին անգամ սկսել է հետաքրքրվել Պետերբուրգի Պետական Համալսարան ընդունվելուց հետո: 
«Իմ գիտելիքները Հայաստանի մասին Պետերբուրգի Համալսարանի Արեւելագիտության բաժին ընդունվելուց առաջ բավականին քիչ էին: Ճիշտն ասած, բաժնի ընտրությունը պատահական էր: Համալսարան ընդունվելուց հետո ես առաջին կուրսից ընտրել եմ հայերենը», պատմում է Էլլին:

Երիտասարդ հետազոտողը հետաքրքիր է համարում այն փաստը, որ Կովկասի վերջին շրջանի պատմությունն այդքան էլ ուսումնասիրված չէ Ռուսաստանում:
«Պատմությունը, ազգագրագիտությունը մինչեւ 19-րդ դարն ուսումնասիրված է, բայց արդի վիճակն ուսումնասիրված չէ»: Իսկ հայագետի կարիք Ռուսաստանում, մեր զրուցակցի կարծիքով, հաստատ կա:

«Ռուսաստանում կարծիք կա, որ հայերը շատ մոտ են մեզ, եւ մեր մշակույթները նման են: Մարդիկ այդպես են մտածում, քանի որ հայերն էլ քրիստոնյա են, քանի որ Ռուսաստանը եւ Հայաստանը ժամանակին միասին են մտել Խորհրդային Միություն: Սակայն այդպես կարծելով շատերն ուղղակի չեն էլ իմանում, թե որքանով է հին հայկական մշակույթը եւ որքանով է այն տարբեր:

Կարծում եմ, որ այս ամենն իմանալը նախ հետաքրքիր է: Եւ երկրորդ, մեզ մոտ մեծ հայ համայնք կա, եւ պետք է որ Ռուսաստանում պետական մակարդակով փորձեն հասկանալ այն բոլոր ազգերին, ովքեր գալիս են Ռուսաստանում ապրելու: Դա կօգնի նրանց ճիշտ ճանաչել ու առասպելներ չհորինել:  Սա թույլ կտա ռուս հասարակությանը լինել ավելի հանդուրժող, եւ տարբեր ազգերն այստեղ ստիպված չեն լինի ձուլվել, այլ հնարավորություն կունենան պահպանել իրենց մշակույթը, լեզուն, կրոնը»:

Էլլին Հայաստանում բավականին շատ է եղել, այստեղ շատ ընկերներ ունի:


«Առաջին անգամ Հայաստան եկա միայնակ, բայց շատ չէի  վախենում մենակ մնալուց, քանի որ արդեն հասկացել էի, որ ազգը հյուրասեր է, միեւնույնն է, մենակ չեն թողնի: Առաջին օրվանից ինձ այստեղ շատ են օգնել»:

Բնութագրելով հայերին՝ զրուցակիցս նշեց. «Երբ որ ծանոթանում ես հայերի հետ, հասկանում ես, որ այստեղ ազդեցություններ կան եւ´ արեւելքից, եւ´ արեւմուտքից: Կան նաեւ սովորություններ, որոնք հենց միայն հայերինն են: Բաներ կան, որ անսովոր էին: Օրինակ, որ մարդիկ էմոցիոնալ են, աղմկոտ են: Առաջին հայացքից դա շփոթեցնում է, թվում է. թե մարդիկ ոչ թե ուղղակի զրուցում են, այլ կռվում են»:

Այս տարվա այցելությունից առաջ վերջին անգամ Հայաստանում եղել է չորս տարի առաջ: Փոփոխություններ նկատում է. 

«Իմ կարծիքով, փոխվել է նախ քաղաքի տեսքը: Ինձ համար ցավալի է այն, ինչ կատարվում է կենտրոնում. Թամանյանի Երեւանը քանդվում է: Եւ եթե դա ինձ համար ցավալի է, պատկերացնում եմ, թե դա որքան ցավալի է այն մարդկանց համար, ովքեր մեծացել են այս քաղաքում:

Եւ երկրորդ փոփոխությունը, որ նկատում եմ, շատացել են օտարերկրացիները: Ու կարծում եմ, որ դա լավ է: Երեւանը միշտ բնակեցված է եղել հայերով, բայց մեծ քաղաքների համար դա նորմալ չէ: Լավ է, երբ դրսից մարդիկ են գալիս: Երբ մարդը շփվում է ուրիշի հետ, ով խոսում է օտար լեզվով, ով սկզբից տարօրինակ է թվում, գիտակցության հորիզոնը զարգանում է:

Ու նաեւ նկատում եմ, որ հասարակության սովորույթներն էլ են փոխվում: Երիտասարդներն իրենց ավելի ազատ են զգում: Մի քանի տարի առաջ մթնոլորտն ավելի պահպանողական էր: Հիմա մի ինչ-որ բան փոխվել է»:

Էլլին ցանկանում է հայագիտության գծով գիտական աշխատություն գրել. պլանավորում է դիմել ասպիրանտուրա:  

«Ես ուզում եմ ուսումնասիրություն անել Հայաստան վերադարձող սփյուռքահայերի մասին: Նկատում եմ, որ Հայաստան վերադարձող սփյուռքահայերը որոշակի խնդիրներ են ունենում:
Մարդիկ, ովքեր այստեղ են ապրում, եւ նրանց պայմաններոը ծանր են, օգնություն են սպասում Սփյուռքից: Կարծեմ նրանք ստանում են, բայց երեւի թե դա բավական չէ, եւ չի կարող բոլոր խնդիրները լուծել: Եկողներն էլ արդեն ապրել են ուրիշ հասարակություններում եւ ուրիշ կանոնների են սովոր:  Հատկապես Արեւմտյան երկրներից եկողները ցանկանում են, որ այստեղ էլ ամեն ինչ լինի ըստ օրենքի, նրանց մտածելակերպը տարբեր է: Նրանք նաեւ մտածում են, որ իրենք տուն են գալիս: Առկա է նաեւ լեզվի խնդիրը»:

Հայագետը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ չնայած տնտեսական դժվար իրավիճակին, վերադառնալ ցանկացողներ կան:

«Ճիշտ է, ներգաղթի ու արտագաղթի չափերը համեմատել հնարավոր չի, բայց եթե ցանկանում ենք, որ այդ չափերը հավասարվեն, պետք է որ հասարակությունը հասկանա, թե ինչ խնդիրներ են ունենում եկողները, եւ պետք է, որ եկողներն ու այստեղ ապրողներն իրար լսեն ու հասկանան. այդ դեպքում խնդիրները լուծել հնարավոր են»:

Հետազոտողը կարծում է, որ այս ուսումնասիրությունները կարող են հիմք դառնալ նաեւ Սփյուռքի նախարարության միջոցառումների համար:

«Մշակութային միջոցառումներ կազմակերպելն, իհարկե, լավ է, բայց եթե նախարարությունը կա, այն պետք է զբաղվի իրական, թեժ հարցերով», կարծում է Էլլին ու պլանավորում է հաջորդ այցին հարցազրույց ունենալ նաեւ Սփյուռքի Նախարարությունում:
Երիտասարդ ուսումնասիրողը կարծում է, որ աշխարհի բոլոր սփյուռքներն ինչ-որ նմանություններ ունեն, իսկ հայկականն ավելի շատ առանձնանում է տարբերություններով ու յուրահատկություններով:
Թամարա Գրիգորյան

 Նյութը որոշ խմբագրումներով լույս է տեսել ՛՛Առավոտ՛՛ օրաթերթի 27.07.12 համարում: 

четверг, 19 июля 2012 г.

Երեւան-Վանաձոր երթուղի. ինչու՞ չեն բավականացնում երթուղայինները


Ազատ օրերից ու տոներից առաջ Երեւանից Վանաձոր հասնել փորձող մարդիկ կանգնում են մեծ խնդրի առաջ: Երթուղայինները չեն բավականացնում ուղեւորներին: Խնդիրն առկա է տարիներ շարունակ, եւ հիմնականում բողոքում են Երեւան-Վանաձոր երթուղու մշտական ուղեւորները:

Մարդիկ միայն բողոքում են, սակայն համախմբված չեն բողոքում. Երթուղային տաքսի չեղած նրանք գերադասում էին ավելի թանկ գնով տաքսի գտնել, պայմանավորվել վարորդի կամ դիսպետչերի հետ, ով իրենց համար տեղ է պահում: Մարդիկ հարմարվում են, մի հոգի բողոքող ուղեւորին «կռվարար» են կարգում, իսկ այսպես կոչված, «գծի տերերը» օգտագործում են իրավիճակը: 

Այս վերջիններն, իհարկե, շատ լավ գիտեն, որ հատկապես տոներից առաջ ավելի շատ երթուղայիններ են պետք գիծ մտցնել, որպեսզի բավականացնեն ուղեւորներին: Ավելի շատ երթուղայիններ, սակայն, երբեք չեն լինում, եւ երբ 40-60 րոպե սպասած ուղեւորները տեսնում են մոտեցող այդքան ցանկալի երթուղայինը, մոռանալով սեռ, տարիք, հարգանք, միմյանց տրորելով ուղղակի ներխուժում են երթուղային՝ վիրավորելով ու հարվածելով միմյանց:
Մարդկանց այս վարքն ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. չէ՞ որ ենթադրաբար հաջորդ երթուղայինը գալու է  մոտավորապես նույնքան ժամանակային ընդմիջումից հետո:

Երբ երթուղայինների պակասի պատճառի մասին հարցն ուղղեցինք Երեւան-Վանաձոր երթուղու դիսպետչերին, վերջինս ասաց. «Քուրիկ ջան, մենք էլ փորձում ենք նենց անենք, որ ավելի շատ ավտո ըլնի»:

Այս ամենին ի հավելում՝ նաեւ թանկացել է նշված երթուղու ուղեվարձ: Եթե նախկինում մարդիկ վճարում էին 1200 դրամ, այժմ ստիպված են վճարել 1400 դրամ:

ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեր հետ զրույցում նշեց, որ այո, հնարավոր են նման թերացումներ, բայց պաշտոնյայի կարծիքով դա առանձնապես մեծ խնդիր չէ: Ըստ Դ. Մելիքյանի՝ երթուղիների համար հայտարարվում են մրցույթներ, եւ դրանից առաջ կազմվում է չվացուցակը: Գիծը սպասարկող կազմակերպությունն այլեւս իրավունք չունի փոխել չվացուցակը եւ ավելի շատ երթուղայիններ մտցնել գիծ:

«Միգուցե ուղեւորների հոսքը ճիշտ չի հաշվարկվել, այդ պատճառով էլ որոշ խնդիրներ են առաջանում: Եկող նոյեմբերին նոր մրցույթ է հայտարարվելու գծի համար, եւ նոր ուսումնասիրություններ կարվեն»:

Պաշտոնյան նաեւ խորհուրդ տվեց այս խնդրի կապակցությամբ պաշտոնական նամակ գրել Կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալին:

«Դուք որպես քաղաքացի կարող եք ահազանգել: Ուսումնասիրություններ կարվեն, եւ եթե Ձեր ասածը համապատասխանի իրականությանը, քայլեր կձեռնակվեն»:

Այժմ երթուղին սպասարկում են «Գասուռ» եւ «Ոսկեթեւ» ՍՊ ընկերությունները:
Իսկ երթուղիների սպասարկման որակը վերահսկվում է կամ պետք է վերհսկվի ՀՀ Տրանսպորտային վարչության կողմից:

Թամարա Գրիգորյան 


Նյութը որոշ խմբագրումներով տպագրվել է «Առավոտ» օրաթերթի 19.07.12 համարում:

воскресенье, 15 июля 2012 г.

«Հոբելյանական հաճախորդ». պարզունակ ֆիլմ կնոջ ու տղամարդու մասին


Եւ սա ամենեւին էլ իմ բնութագրումը չէ: Սա ֆիլմի ռեժիսոր, Երեւանի Կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի բնութագրումն է, որը նա արեց հուլիսի 12-ին Մոսկվա կ/թ-ում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրումից առաջ:

Ֆիլմը Կնոջ ու Տղամարդու հարաբերությունների մասին է. բազմաշերտ հարաբերությունների խիտ ներկապնակն ընդգրկված է ֆիլմի երկու հերոսների կարճատեւ պատմության մեջ, որը մի կյանք արժեցավ:


Մի սովորական հանդիպում սրճարանում, զբոսանք անձրեւի տակ ու զգացմունքների զեղում: Գրեթե անծանոթ Կինն ու Տղամարդն առավոտյան արթնանում են միեւնույն անկողնում: Ու թեեւ Տղամարդը ոչինչ չի խոստացել, սակայն երբ նա պատրսատվում է գնալ, Կինը վիրավորվում է: Վիրավորված ինքասիրությունը մղում է վրեժի, ու նա հայտարարում է, թե ինքը սովորական մի մարմնավաճառ է: Այ այդպես, դե էլ մի կարծիր, թե դու իմ ասպետն էիր, թե դու միակն ես ու գերել ես ինձ: Դու սովորական մեկն ես, մեկն ես շատ-շատերից: Այս խայծը, սակայն, Տղամարդը կուլ տալ չէր կարող: Նա չի ցանկանում հավատալ, նա վիրավորված է: Ու չի կարողանում հանգիստ խղճով թողնել ու գնալ:

78 րոպեանոց այս ֆիլմում, որի գործողությունները զարգանում են 24 ժամվա ու մի բնակարանի մեջ, Կինն ու Տղամարդը մի ամբողջ կյանք են ապրում՝ դառնալով իրար համար ամեն ինչ:

Սյուժեի զարգացման պատկերումը հետաքրքիր է. հանդիսատեսն արդեն տեսնելով պատմության վերջը՝ հարաբերությունների զարգացմանը ծանոթանում է մաս առ մաս, հիշողությունների միջոցով:

Երկու կերպարն էլ վառ են. Կինը մեկ վիրավորված է, մեկ՝ սիրող, մեկ վռնդում է, մեկ՝ հոգ է տանում: Ինքնամոռաց նետվելով Տղամարդու գիրկն ու ցանկանալով մինչեւ վերջ վայելել նրան, փոքրիկ աղջնակի պես նեղանում ու տխրում է, երբ հերթական անգամ զանգում է Տղամարդու հեռախոսը, ասել է թե՝ նրա կինը: Նշենք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի դերակատարումը համոզիչ է ու հուզիչ:

Իսկ Տղամարդն (դերակատար Դավիթ Քացառավա) անկեղծ է Կնոջ հետ, նա ոչ մի հարցում չի խաբել:

Ֆիլմը գեղեցիկ է: Կան բաց տեսարաններ, բայց ամեն ինչ ճաշակով է արված, եւ վուլգար տեսարաններ հանդիսատեսը չի տեսնում:

Սյուժեի զարգացումը վերջում քիչ պրիմիտիվ է դառնում. պարզվում է, որ տղամարդը ամուսնալուծված է, եւ իր նախկին կինն էլ Կնոջ ընկերուհին է: Իսկ ամենավերջում պարզվում է, որ Տղամարդը հիվանդ է, ու նա պետք է շտապ վիրահատվեր….կվիրահատվի՞, կապրի՞ Տղամարդը, կլինի՞ Կնոջ կողքին,կկարողանա՞ն նրանք երջանիկ լինել, ֆիլմի սցենարիստ ու ռեժիսոր Արա Երնջակյանը մեզ չի ասում. կարեւորն այն է, որ պատահականությամբ հանդիպած Կինն ու Տղամարդը հասկացան, որ  երջանիկ կարելի է լինել նաեւ երկու օրում, որ դա քիչ չէ, այլ մի ամբողջ կյանք…

Վարդավառ. հայոց սիրելի տոնը վաղ ժամանակներից


Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար կամ գլխավոր տոներից մեկը՝ Վարդավառը, նշվում է հուլիսի 15-ին: Հայ Առաքելական Եկեղեցին տոնն անվանում է նաեւ Քրիստոսի Պայծառակերպության տոն:
Վարդավառը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Ամռան տապին միմյանց ջրելն ու հովանալն իսկապես հաճելի է, մանավանդ որ այդ օրը, կարծես արտոնված է, եւ ոչ ոք չի նեղանում ջրվելուց: Այս օրը միմյանց վրա ջուր են լցնում բոլորը՝ անկախ տարիքից, հասարակական դիրքից: Հայաստանի տարբեր մասերում էլ տոնը նշվում է տարբեր մասշտաբներով: 

Ինքս մի քանի տարի ականատես եմ եղել, թե ինչպես են այն նշում Լոռվա սարերում: Ամռանը կենդանիներին սարերում պահող «սարվորների» համար Վարդավառն իսկական մեծ տոն է. նրանց մոտ հյուրեր են գալիս գյուղից ու քաղաքից, նրանք մեծ պատրաստություն են տեսնում, խոզ կամ ոչխար են մորթում: Բնության գրկում Վարդավառն իսկապես գեղեցկագույն կերպով է անցնում. մարդ ու բնություն ներդաշնակում են:

Ըստ հայկական ավանդույթների, տոնը հայոց մեջ ունի շատ խորը արմատներ: Այս տոնի մեծագույն խորհորդը սերն է. ըստ հայոց դիցարանի, այս տոնը նվիրված է Աստղիկ Աստվածուհու եւ Վահագն Աստծո մեծագույն սիրուն: Աստղիկն, ըստ որոշ ուսումնասիրողների, ունեցել է նաեւ «Վարդամատն» անունը: Եւ տոնի անվանումն էլ գալիս է հենց այս անունից: Աստղիկը վարդեր էր նվիրում ու վարդաջուր էր ցողում հայոց երկրում՝ այսպիսով սեր սփռելով: Իսկ հզոր Վահագն էլ մշտապես պայքարում էր Չարի դեմ ու պահպանում իրենց սերը: Նրանք գիտեին, որ առանց սիրո բնությունը կկորցնի իր հմայքն ու կպատվի փշերով:

Ըստ մեկ այլ ավանդության, Աստղիկը մի օր լսում է իր սիրելի Վահագնի վիրավորվելու լուրը եւ շտապում է նրա մոտ: Արագ քայլելիս նա անզգուշաբար տրորում է վարդը, ու նրա ոտքերից սկսում է արյուն հոսել: Վարդերը կարմրում են արյան գույնից, ու այստեղից առաջանում է սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը:
Քրիստոնեություն ընդունելուց հետո էլ հայ ժողովուրդը չմոռացավ այնքան սիրելի ու հիրավի գեղեցիկ տոնը, ինչպես չմոռացավ հեթանոսական մի շարք տոներ ու սովորույթներ եւս:

Քրիստոնեական եկեղեցին դուրս չմղեց այս տոնը, այլ տվեց իր բացատրությունը: Ըստ եկեղեցական մեկնաբանության՝ վարդը Քրիստոսն է: Ըստ Աստվածաշնչի, տոնը կապված է Քրիստոսի պայծառակերպության հետ:  Դեպքը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, ուր Քրիստոսն ուղեւորվել էր՝ իր աղոթքն անելու: Նրա աղոթակից ընկերները՝ Սիմոն Պետրոսն ու Զեբեդյան եղբայրները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, չեն դիմանում, եւ քանի դեռ Հիսուսն աղոթում էր, նրանք քնում են: Եւ ահա այդ ժամանակ Քրիստոսը մի լուսավոր ու վեհ կերպարանք է ստանում: Նա լուսավորվում է ինչպես արեգակ, եւ նրանից սկսում են ճառագայթներ շողալ: Այս ժամանակ հայտնվում են երկու մարդ՝ Մովսեսն ու Եղիան: Հիսուսը նրանց հետ խոսում է Իր ապագայի մասին: Ըստ ավանդությանը, լույսն ու աստվածայինը սթափեցնում է առաքյալներին, եւ հանկարծ երկնքից մի ձայն է լսվում.  «Դա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»:
Ինչպես բացատրում է եկեղեցին, Տերն իր մեջ աստվածային պայծառակերպություն ուներ մինչեւ պայծառակերպվելը եւ, եւ ահա Պայծառակերպության օրը նա վարդի պես բացվում է, ու պարզվում է նրա Աստվածությունը: Այսպես Եկեղեցին տոնի ժողովրդական անվանումը՝ Վարդավառ, կապում է Քրիստոսի հետ:
Եկեղեցին որոշ աստվածաշնչյան արձագանքներ է տեսնում նաեւ Վարդավառի որոշ սովորույթների մեջ: Այսպես, իրար վրա ջուր ցանելը, վարդերով զարդարվելը, աղավնի թռցնելը կապվում են Ջրհեղեղի, Նոյյան աղավնու հետ եւ այլն:
Այսօր Հայ  Առաքելական Եկեղեցին տոնում է Վարդավառը  Զատկից 98 օր հետո: Տոնը շարժական է, ունի 35 օրերի շարժականություն. այն կարող է տոնվել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը:
Ազգագրագետները տոնի հետ կապված մի շարք այլ ավանդույթներ էլ են վկայում, ինչպես, օրինակ, աղջկա տան կտուրին աղավնի թռցնելը, զոհաբերություններ անելը եւ այլն: Շատ ավանդույթներ այսօր իսպառ մոռացվել են, ինչպես մոռացվել այլ բուն հայկական տոների հետ կապված ավանդույթներ եւս: Այսօր Վարդավառը միմյանց ջրելու ու զվարճանալու օր է:  

четверг, 12 июля 2012 г.

Կինոտոնը շարունակվում է. չորս կարճ ֆիլմ, որ դիտեցի «Ոսկե ծիրան»-ում


«Ոսկե ծիրան» միջազգային իններորդ փառատոնը բուռն ընթացքի մեջ է: Երեւանի կենտրոնն ապրում է արվեստով: Հատկապես երեկոյան ժամերին ու հատկապես Մոսկվա կ/թ- ու Տիկնիկային թատրոնի շրջակայքում օդում փառատոն է զգացվում. մարդիկ ֆիլմից ֆիլմի են շտապում, ֆիլմեր են քննարկում: Մարդկանց դեմքերը հանգիստ են, ուրախ, նրանք լարված չեն: Մի խոսքով, ծանոթ-անծանոթ միավորվել են արվեստով: 

Ինքս «Ոսկե ծիրան»-ին չեմ կարողանում հետեւել այնպես, ինչպես կցանկանայի: Ֆիլմեր դիտելու հնարավորություն ունեմ երեկոյան ժամը յոթից հետո, այնպես որ դեռ ընդամենը մի քանի ֆիլմ եմ դիտել:
Հուլիսի 11-ին պատահականության սկզբունքով ընտրեցի Տիկնիկային թատրոնի ժամը 20:00 կարճամետրած ֆիլմերի ցուցադրությունը: Իրար հետեւից ցուցադրվեցին չորս ֆիլմեր. «Ջեմը», «Ծածուկ ժպիտ», «Տատիկը պետք է չորանա», «Վերջում էլ երեխաներին կերանք»: Չորս արագ, լիքը, կտրուկ ու նովելային ավարտով ֆիլմեր:

«Ջեմը» Անդրեայի մասին էր: Անդրեան մի կին է, ով ապրում է իր երեխայի հետ, ամբողջ օրն աշխատում է, եւ նրա կյանքի առավոտները, ցերեկներն ու երեկոներն անցնում են ցավացնելու աստիճան իրար նման: Ֆիլմը շտրիխային էր, հատու: Գործողություններն արագ են ու մեծամասամբ՝ ներքին: Ֆիլմի մեխն Անդրեայի հոգեկան ապրումներն են. նրա կյանքում, տանը, կենցաղում, անկողնում բացակայում է տղամարդը: Ու Անդրեան ամեն առավոտ չի կարողանում բացել այդ գրողի տարած ջեմը, որպեսզի վերջապես քաղցրացնի չորացած հացը, որով նա նախաճաշում է ամեն առավոտ: Եւ չկա տղամարդը, ով ուժեղ ձեռքերով կբացեր ջեմը:

Այս ֆիլմում խտացած են կնոջ ցանկությունները, երազները, կարիքները, պահանջները: Օրիգինալ ավարտին այնուամենայնիվ ջեմը բացվում է, եւ վերջապես Ադրիան գոհ ժպիտով վայելում է դիտողի կողմից այնքան սպասված հացն ու ջեմը:  

Մյուս երեք ֆիլմերը եւս ազդեցիկ էին ու ոչ ձգձգված: 

«Ծածուկ ժպիտը» մի սեւամորթ որբուկի մասին էր, ով փախչելով խորթ մորից՝ հայտվել էր փողոցում: Շուտով նա հանդիպում է իր նման այլ անտուն երեխաների, ովքեր թմրանյութ են օգտագործում, ծեծում են իրար, գողություն են անում, եւ նրանցից ոչ մեկը տուն ու ընտանիք չունի: Եւ որքա~ն թախիծ ու սիրո պակաս կա նրանց հայացքներում ու թաքնված ժպիտներում:

Երրորդ ֆիլմը՝ «Տատիկը պետք է չորանա», մի ընտանիքի պատմություն է: Տատիկը մահացել է, սակայն ընտանիքի անդամներից ոչ մեկին չի հուզում տատիկի մահը. նրանց հետաքրքրում է տատիկի թողած հարստությունը: Սակայն նրանք ոչ մի կերպ չեն կարողանում գտնել բանալին. ամբողջ տունն իրար են խառնել, կռվում են իրար հետ, լարված են, նյարդային, ու նրանցից ոչ մեկին չի հուզում տատիկի մահը: Միայն տան փոքրիկ երեխան է բարձրանում տատիկի մոտ եւ փորձում է համոզել, որ տատիկը ժպտա: Իր փորձերի արդյունքում ի վերջո նա բացում է տատիկի բերանը, որպեսզի վերջինս ժպտա..եւ հանկարծ, տատիկի բերանից դուրս է գալիս բանալին, որի համար ընտանիքի անդամներն իրար արդեն ուտում են: Եւ փոքրիկն ուղղակի բանալին պատուհանից դուրս է շպրտում:

Մարդկային հարաբերություններ, նյութապաշտություն, ցածր կրքեր ու կրկիր օրիգինալ լուծում:

Իսկ վերջին, չորրորդ ֆիլմը՝ «Վերջում էլ երեխաներին կերանք» դեգրադացվող, գովազդի հետեւից ընկնող ու ի վերջո կործանվող հասարակության մասին է: Մարդիկ մի որ որոշում են փոխել իրենց ստամոքսները՝ փոխարենը տեղադրելով խոզի մարսողական համակարգ: Դա մոդայիկ էր, այդպես էր վարվել նաեւ մի հայտնի երգիչ…ու հանկարծ մի օր պարզվում է, որ այս մարդիկ ուտում են ամեն ինչ, անգամ աղբ ու կենդանիներին: Այս մարդիկ իսկական չարիք են դառնում իրենց հարազատների, հասարակության համար: Նրանք սկսում են ցույցեր անել, պաշտպանել իրենց իրավունքները՝ հայտարարելով, որ իրենք մարդ են եւ ոչ թե խոզ: Ի վերոջ, իրավիճակն այնքան է սրվում, որ ոստիկանությունն ստիպված մեկուսացնում է նրանց հասարակությունից:

Ֆիլմի հերոսը մի մարդ է, ով հիվանդ էր ստամոքսի քաղցկեղով, եւ նրա վիրահատությունը ճարահատյալ էր: Ու առաջինը հենց իրեն են փոխպատվաստում խոզի մարսողական համակարգ: Ու ինչպես ինքն է անընդհատ կրկնում՝ ես չգիտեմ, թե սա ինչպես է վերջանալու, բայց սա սկսվեց ինձնից:

Ֆիլմի առաջ քաշած խնդիրն արդիական է այսօր աշխարհի շատ հասարակությունների համար. մարդիկ հաճախ գովազդի ազդեցության տակ զոհ են դառնում՝ իրենք էլ դա չգիտակցելով: Եւ պարտադիր չի խոզի մարսողական համակարգ ներդնել սեփական մարմնի մեջ՝ վերջնականապես սպառողական համակարգ դառնալու համար: Սպառողական հասարակությունն այսօր ավելի ու ավելի է դեգրադացվում՝ պտտվելով մի ամենակուլ հորձանքի մեջ:

«Ոսկե ծիրանը» շարունակվում է, եւ ֆիլմեր կցուցադրվեն եւս մի քանի օր: Ծրագիրը հասանելի է այստեղ

понедельник, 2 июля 2012 г.

Պիտի փոխվենք


Վերջերս ահավոր ողբերգություն տեղի ունեցավ: Սպանվեց Հայոց Բանակի մայոր Վահե Ավետյանը: Իր բալիկերի հայր, իր կնոջ ամուսին, իր ծնողների զավակ, իր ընտանիքի համար՝ մի ամբողջ աշխարհ: Սիրող մարդը հասկանում է, թե ինչ կարող է նշանակել սիրելի մարդու կորուստը: Ու ի՞նչն է առավել ցավալի. այ այսպիսի կորուստը: Երբ ամուսինդ կարող էր երեկոյան բարձր տրամադրությամբ ու մի քիչ էլ ոչ սթափ տուն գար ընկերների հետ հանդիպումից, բայց իմանում ես, որ նրան սարսափելի ծեծել են, ու նա հիվանդանոցում է: Ու մի քանի օր անց, այդպես էլ գիտակցության չգալով, մահանում է:  

Արդեն անգամ անիմաստ է ասել, որ Վահեի տեղը կարող էր լինել ցանկացած մեկը, բժիշկ կամ ոչ բժիշկ, զինվորական կամ ոչ զինվորական:

Վահեի ընտանիքի համար աշխարհը փուլ եկավ, գլխիվայր շրջվեց: Հասարակությունն անմասն չմնաց….բողոք, ցասում, կատաղություն, երթեր…

Հունիսի 30-ին պետք է հանդիպեի կուրսեցիներիս հետ. նախօրոք էինք պայմանավորվել: Բայց առավոտից զգացի, որ չէ, չեմ կարող, կոկորդս սեղմում է: Այդ օրը պետք է եկեղեցի գնայի. այդպես էլ արեցի: Մոմավառությանը չգնացի. հենց սկզբից ամեն ինչ իրար խառնեցին. Մեկը հարսնաքարի մոտ մոմավառության իվենթ էր ուղարկում, մյուսը՝ Մաշտոցի պուրակի: Հետո մի խումբը մյուսին պրովոկատոր անվանել….մի խոսքով, էդպես էլ չհասկացա, թե ով էր պրովոկատորը, ով ինչ պրովոկացիա արեց (խառը բաները մի քիչ լավ չեմ հասկանում իմ պարզ մտքով), ու ես գնացի իմ մոմը վառեցի Վահեի հոգու հանգստության համար միայնակ ու առանց պրովոկացիաների:

Ու արդեն մի քանի օր է՝ մտածում եմ. իսկ ի՞նչ անել, որ այս իրավիճակը փոխվի, ի՞նչ անել, որ մյուս բժիշկը, զինվորականը, ուսանողը, ինժեները, ուսուցիչը այս դժբախտությանը չարժանանան: Ասում են՝ մեղավորներն օրենքով կպատժվեն: Չեմ բացառում, միգուցե եւ պատժվեն: Բայց խնդիրը խորն է, արմատական: Հեղափոխությու՞ն: Մտածել եմ: Բայց ումո՞վ փոխարինենք: Անհատ մարդկանց գիտեմ, որ կցանկանայի՝ երկրիս ղեկավարը լինեին, բայց քաղաքական թիմ չգիտեմ: Իսկ միգուցե խնդիրն առավե՞լ խորքային է:

Այսօր թիկնապահը, մեծ մեքենայի հաստավիզ վարորդը, փող ունեցող երեւույթն իրենց ամենազոր են զգում իմ հասարակությունում: Իրենք անպատժելի են, իրենց ամեն ինչ կարելի է. սկսած իրենց տատիկի տարիքի կնոջը վիրավորելուց մինչեւ երիտասարդ մարդու սպանելը: Այ այս իդեալոգիայի դեմ է պետք պայքարել, բայց ոչ զենքով. ես նոր զոհեր չեմ ուզում: Եթե հասարակության անդամների մեծամասնությունն ուղղակի արհամարհի հաստավիզ բթամիտներին, քանի որ նրանք բթամիտ են, եթե չվախենա նրանցից, այլ ուղղակի արհամարհի, դրանք իրենց այդքան լավ չեն զգա ու կհասկանան, որ աշխարհն իրենց քառակուսի մեքենայով ու վզի շղթայով չի սկսվում ու ավարտվում. աշխարհում այնպիսի բաներ կան, որոնք իրենց հասու չեն: Այդ դեպքում միգուցե անգամ ընկճվեն ու իրենց այդքան ամենակարող չպահեն:

Ու եթե նմանատիպ մարդը խախտի հասարակական կարգն ու օրենքները, հասարակության գիտակից հատվածը ոչ թե փորձի անհավասար կռվում բռունցքներով սրան հաղթել, այլ քաղաքակիրթ ձեւով ոստիկանին հրավիրի, վերջինս էլ առանց հաստավիզի հանդեպ ակնածանքի պատժի նրան, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի…Ուղղակի մենք էլ զոհ տալու տեղ չունենք, ու թող ոչ բալիկ առանց ծնող չմնա, թող ոչ մի կին առանց ամուսին չմնա, թող ոչ մի մայր իր երեխայի մահը չտեսնի…այսպիսի անարդար, կատաղեցնող ու հուսահատեցնող մահ…