воскресенье, 15 июля 2012 г.

«Հոբելյանական հաճախորդ». պարզունակ ֆիլմ կնոջ ու տղամարդու մասին


Եւ սա ամենեւին էլ իմ բնութագրումը չէ: Սա ֆիլմի ռեժիսոր, Երեւանի Կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի բնութագրումն է, որը նա արեց հուլիսի 12-ին Մոսկվա կ/թ-ում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրումից առաջ:

Ֆիլմը Կնոջ ու Տղամարդու հարաբերությունների մասին է. բազմաշերտ հարաբերությունների խիտ ներկապնակն ընդգրկված է ֆիլմի երկու հերոսների կարճատեւ պատմության մեջ, որը մի կյանք արժեցավ:


Մի սովորական հանդիպում սրճարանում, զբոսանք անձրեւի տակ ու զգացմունքների զեղում: Գրեթե անծանոթ Կինն ու Տղամարդն առավոտյան արթնանում են միեւնույն անկողնում: Ու թեեւ Տղամարդը ոչինչ չի խոստացել, սակայն երբ նա պատրսատվում է գնալ, Կինը վիրավորվում է: Վիրավորված ինքասիրությունը մղում է վրեժի, ու նա հայտարարում է, թե ինքը սովորական մի մարմնավաճառ է: Այ այդպես, դե էլ մի կարծիր, թե դու իմ ասպետն էիր, թե դու միակն ես ու գերել ես ինձ: Դու սովորական մեկն ես, մեկն ես շատ-շատերից: Այս խայծը, սակայն, Տղամարդը կուլ տալ չէր կարող: Նա չի ցանկանում հավատալ, նա վիրավորված է: Ու չի կարողանում հանգիստ խղճով թողնել ու գնալ:

78 րոպեանոց այս ֆիլմում, որի գործողությունները զարգանում են 24 ժամվա ու մի բնակարանի մեջ, Կինն ու Տղամարդը մի ամբողջ կյանք են ապրում՝ դառնալով իրար համար ամեն ինչ:

Սյուժեի զարգացման պատկերումը հետաքրքիր է. հանդիսատեսն արդեն տեսնելով պատմության վերջը՝ հարաբերությունների զարգացմանը ծանոթանում է մաս առ մաս, հիշողությունների միջոցով:

Երկու կերպարն էլ վառ են. Կինը մեկ վիրավորված է, մեկ՝ սիրող, մեկ վռնդում է, մեկ՝ հոգ է տանում: Ինքնամոռաց նետվելով Տղամարդու գիրկն ու ցանկանալով մինչեւ վերջ վայելել նրան, փոքրիկ աղջնակի պես նեղանում ու տխրում է, երբ հերթական անգամ զանգում է Տղամարդու հեռախոսը, ասել է թե՝ նրա կինը: Նշենք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի դերակատարումը համոզիչ է ու հուզիչ:

Իսկ Տղամարդն (դերակատար Դավիթ Քացառավա) անկեղծ է Կնոջ հետ, նա ոչ մի հարցում չի խաբել:

Ֆիլմը գեղեցիկ է: Կան բաց տեսարաններ, բայց ամեն ինչ ճաշակով է արված, եւ վուլգար տեսարաններ հանդիսատեսը չի տեսնում:

Սյուժեի զարգացումը վերջում քիչ պրիմիտիվ է դառնում. պարզվում է, որ տղամարդը ամուսնալուծված է, եւ իր նախկին կինն էլ Կնոջ ընկերուհին է: Իսկ ամենավերջում պարզվում է, որ Տղամարդը հիվանդ է, ու նա պետք է շտապ վիրահատվեր….կվիրահատվի՞, կապրի՞ Տղամարդը, կլինի՞ Կնոջ կողքին,կկարողանա՞ն նրանք երջանիկ լինել, ֆիլմի սցենարիստ ու ռեժիսոր Արա Երնջակյանը մեզ չի ասում. կարեւորն այն է, որ պատահականությամբ հանդիպած Կինն ու Տղամարդը հասկացան, որ  երջանիկ կարելի է լինել նաեւ երկու օրում, որ դա քիչ չէ, այլ մի ամբողջ կյանք…

Комментариев нет:

Отправить комментарий