понедельник, 2 июля 2012 г.

Պիտի փոխվենք


Վերջերս ահավոր ողբերգություն տեղի ունեցավ: Սպանվեց Հայոց Բանակի մայոր Վահե Ավետյանը: Իր բալիկերի հայր, իր կնոջ ամուսին, իր ծնողների զավակ, իր ընտանիքի համար՝ մի ամբողջ աշխարհ: Սիրող մարդը հասկանում է, թե ինչ կարող է նշանակել սիրելի մարդու կորուստը: Ու ի՞նչն է առավել ցավալի. այ այսպիսի կորուստը: Երբ ամուսինդ կարող էր երեկոյան բարձր տրամադրությամբ ու մի քիչ էլ ոչ սթափ տուն գար ընկերների հետ հանդիպումից, բայց իմանում ես, որ նրան սարսափելի ծեծել են, ու նա հիվանդանոցում է: Ու մի քանի օր անց, այդպես էլ գիտակցության չգալով, մահանում է:  

Արդեն անգամ անիմաստ է ասել, որ Վահեի տեղը կարող էր լինել ցանկացած մեկը, բժիշկ կամ ոչ բժիշկ, զինվորական կամ ոչ զինվորական:

Վահեի ընտանիքի համար աշխարհը փուլ եկավ, գլխիվայր շրջվեց: Հասարակությունն անմասն չմնաց….բողոք, ցասում, կատաղություն, երթեր…

Հունիսի 30-ին պետք է հանդիպեի կուրսեցիներիս հետ. նախօրոք էինք պայմանավորվել: Բայց առավոտից զգացի, որ չէ, չեմ կարող, կոկորդս սեղմում է: Այդ օրը պետք է եկեղեցի գնայի. այդպես էլ արեցի: Մոմավառությանը չգնացի. հենց սկզբից ամեն ինչ իրար խառնեցին. Մեկը հարսնաքարի մոտ մոմավառության իվենթ էր ուղարկում, մյուսը՝ Մաշտոցի պուրակի: Հետո մի խումբը մյուսին պրովոկատոր անվանել….մի խոսքով, էդպես էլ չհասկացա, թե ով էր պրովոկատորը, ով ինչ պրովոկացիա արեց (խառը բաները մի քիչ լավ չեմ հասկանում իմ պարզ մտքով), ու ես գնացի իմ մոմը վառեցի Վահեի հոգու հանգստության համար միայնակ ու առանց պրովոկացիաների:

Ու արդեն մի քանի օր է՝ մտածում եմ. իսկ ի՞նչ անել, որ այս իրավիճակը փոխվի, ի՞նչ անել, որ մյուս բժիշկը, զինվորականը, ուսանողը, ինժեները, ուսուցիչը այս դժբախտությանը չարժանանան: Ասում են՝ մեղավորներն օրենքով կպատժվեն: Չեմ բացառում, միգուցե եւ պատժվեն: Բայց խնդիրը խորն է, արմատական: Հեղափոխությու՞ն: Մտածել եմ: Բայց ումո՞վ փոխարինենք: Անհատ մարդկանց գիտեմ, որ կցանկանայի՝ երկրիս ղեկավարը լինեին, բայց քաղաքական թիմ չգիտեմ: Իսկ միգուցե խնդիրն առավե՞լ խորքային է:

Այսօր թիկնապահը, մեծ մեքենայի հաստավիզ վարորդը, փող ունեցող երեւույթն իրենց ամենազոր են զգում իմ հասարակությունում: Իրենք անպատժելի են, իրենց ամեն ինչ կարելի է. սկսած իրենց տատիկի տարիքի կնոջը վիրավորելուց մինչեւ երիտասարդ մարդու սպանելը: Այ այս իդեալոգիայի դեմ է պետք պայքարել, բայց ոչ զենքով. ես նոր զոհեր չեմ ուզում: Եթե հասարակության անդամների մեծամասնությունն ուղղակի արհամարհի հաստավիզ բթամիտներին, քանի որ նրանք բթամիտ են, եթե չվախենա նրանցից, այլ ուղղակի արհամարհի, դրանք իրենց այդքան լավ չեն զգա ու կհասկանան, որ աշխարհն իրենց քառակուսի մեքենայով ու վզի շղթայով չի սկսվում ու ավարտվում. աշխարհում այնպիսի բաներ կան, որոնք իրենց հասու չեն: Այդ դեպքում միգուցե անգամ ընկճվեն ու իրենց այդքան ամենակարող չպահեն:

Ու եթե նմանատիպ մարդը խախտի հասարակական կարգն ու օրենքները, հասարակության գիտակից հատվածը ոչ թե փորձի անհավասար կռվում բռունցքներով սրան հաղթել, այլ քաղաքակիրթ ձեւով ոստիկանին հրավիրի, վերջինս էլ առանց հաստավիզի հանդեպ ակնածանքի պատժի նրան, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի…Ուղղակի մենք էլ զոհ տալու տեղ չունենք, ու թող ոչ բալիկ առանց ծնող չմնա, թող ոչ մի կին առանց ամուսին չմնա, թող ոչ մի մայր իր երեխայի մահը չտեսնի…այսպիսի անարդար, կատաղեցնող ու հուսահատեցնող մահ… 

1 комментарий: