«Ոսկե ծիրան» միջազգային իններորդ փառատոնը բուռն
ընթացքի մեջ է: Երեւանի կենտրոնն ապրում է արվեստով: Հատկապես երեկոյան ժամերին ու
հատկապես Մոսկվա կ/թ- ու Տիկնիկային թատրոնի շրջակայքում օդում փառատոն է
զգացվում. մարդիկ ֆիլմից ֆիլմի են շտապում, ֆիլմեր են քննարկում: Մարդկանց դեմքերը
հանգիստ են, ուրախ, նրանք լարված չեն: Մի խոսքով, ծանոթ-անծանոթ միավորվել են
արվեստով:
Ինքս «Ոսկե ծիրան»-ին չեմ կարողանում հետեւել այնպես,
ինչպես կցանկանայի: Ֆիլմեր դիտելու հնարավորություն ունեմ երեկոյան ժամը յոթից
հետո, այնպես որ դեռ ընդամենը մի քանի ֆիլմ եմ դիտել:
Հուլիսի 11-ին պատահականության սկզբունքով ընտրեցի
Տիկնիկային թատրոնի ժամը 20:00 կարճամետրած ֆիլմերի ցուցադրությունը: Իրար հետեւից
ցուցադրվեցին չորս ֆիլմեր. «Ջեմը», «Ծածուկ ժպիտ», «Տատիկը պետք է չորանա»,
«Վերջում էլ երեխաներին կերանք»: Չորս արագ, լիքը, կտրուկ ու նովելային ավարտով
ֆիլմեր:
«Ջեմը» Անդրեայի մասին էր: Անդրեան մի կին է, ով ապրում
է իր երեխայի հետ, ամբողջ օրն աշխատում է, եւ նրա կյանքի առավոտները, ցերեկներն ու
երեկոներն անցնում են ցավացնելու աստիճան իրար նման: Ֆիլմը շտրիխային էր, հատու:
Գործողություններն արագ են ու մեծամասամբ՝ ներքին: Ֆիլմի մեխն Անդրեայի հոգեկան
ապրումներն են. նրա կյանքում, տանը, կենցաղում, անկողնում բացակայում է տղամարդը:
Ու Անդրեան ամեն առավոտ չի կարողանում բացել այդ գրողի տարած ջեմը, որպեսզի
վերջապես քաղցրացնի չորացած հացը, որով նա նախաճաշում է ամեն առավոտ: Եւ չկա
տղամարդը, ով ուժեղ ձեռքերով կբացեր ջեմը:
Այս ֆիլմում խտացած են կնոջ ցանկությունները, երազները,
կարիքները, պահանջները: Օրիգինալ ավարտին այնուամենայնիվ ջեմը բացվում է, եւ
վերջապես Ադրիան գոհ ժպիտով վայելում է դիտողի կողմից այնքան սպասված հացն ու
ջեմը:
Մյուս երեք ֆիլմերը եւս ազդեցիկ էին ու ոչ ձգձգված:
«Ծածուկ
ժպիտը» մի սեւամորթ որբուկի մասին էր, ով փախչելով խորթ մորից՝ հայտվել էր
փողոցում: Շուտով նա հանդիպում է իր նման այլ անտուն երեխաների, ովքեր թմրանյութ
են օգտագործում, ծեծում են իրար, գողություն են անում, եւ նրանցից ոչ մեկը տուն ու
ընտանիք չունի: Եւ որքա~ն թախիծ ու սիրո պակաս կա նրանց հայացքներում ու թաքնված
ժպիտներում:
Երրորդ ֆիլմը՝ «Տատիկը պետք է չորանա», մի ընտանիքի
պատմություն է: Տատիկը մահացել է, սակայն ընտանիքի անդամներից ոչ մեկին չի հուզում
տատիկի մահը. նրանց հետաքրքրում է տատիկի թողած հարստությունը: Սակայն նրանք ոչ մի
կերպ չեն կարողանում գտնել բանալին. ամբողջ տունն իրար են խառնել, կռվում են իրար
հետ, լարված են, նյարդային, ու նրանցից ոչ մեկին չի հուզում տատիկի մահը: Միայն տան
փոքրիկ երեխան է բարձրանում տատիկի մոտ եւ փորձում է համոզել, որ տատիկը ժպտա: Իր
փորձերի արդյունքում ի վերջո նա բացում է տատիկի բերանը, որպեսզի վերջինս ժպտա..եւ
հանկարծ, տատիկի բերանից դուրս է գալիս բանալին, որի համար ընտանիքի անդամներն
իրար արդեն ուտում են: Եւ փոքրիկն ուղղակի բանալին պատուհանից դուրս է շպրտում:
Մարդկային հարաբերություններ, նյութապաշտություն, ցածր կրքեր
ու կրկիր օրիգինալ լուծում:
Իսկ վերջին, չորրորդ ֆիլմը՝ «Վերջում էլ երեխաներին
կերանք» դեգրադացվող, գովազդի հետեւից ընկնող ու ի վերջո կործանվող հասարակության
մասին է: Մարդիկ մի որ որոշում են փոխել իրենց ստամոքսները՝ փոխարենը տեղադրելով
խոզի մարսողական համակարգ: Դա մոդայիկ էր, այդպես էր վարվել նաեւ մի հայտնի երգիչ…ու
հանկարծ մի օր պարզվում է, որ այս մարդիկ ուտում են ամեն ինչ, անգամ աղբ ու
կենդանիներին: Այս մարդիկ իսկական չարիք են դառնում իրենց հարազատների,
հասարակության համար: Նրանք սկսում են ցույցեր անել, պաշտպանել իրենց իրավունքները՝
հայտարարելով, որ իրենք մարդ են եւ ոչ թե խոզ: Ի վերոջ, իրավիճակն այնքան է
սրվում, որ ոստիկանությունն ստիպված մեկուսացնում է նրանց հասարակությունից:
Ֆիլմի հերոսը մի մարդ է, ով հիվանդ էր ստամոքսի
քաղցկեղով, եւ նրա վիրահատությունը ճարահատյալ էր: Ու առաջինը հենց իրեն են
փոխպատվաստում խոզի մարսողական համակարգ: Ու ինչպես ինքն է անընդհատ կրկնում՝ ես
չգիտեմ, թե սա ինչպես է վերջանալու, բայց սա սկսվեց ինձնից:
Ֆիլմի առաջ քաշած խնդիրն արդիական է այսօր աշխարհի շատ
հասարակությունների համար. մարդիկ հաճախ գովազդի ազդեցության տակ զոհ են դառնում՝
իրենք էլ դա չգիտակցելով: Եւ պարտադիր չի խոզի մարսողական համակարգ ներդնել
սեփական մարմնի մեջ՝ վերջնականապես սպառողական համակարգ դառնալու համար:
Սպառողական հասարակությունն այսօր ավելի ու ավելի է դեգրադացվում՝ պտտվելով մի
ամենակուլ հորձանքի մեջ:
«Ոսկե ծիրանը» շարունակվում է, եւ ֆիլմեր կցուցադրվեն
եւս մի քանի օր: Ծրագիրը հասանելի է այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий