воскресенье, 15 июля 2012 г.

Վարդավառ. հայոց սիրելի տոնը վաղ ժամանակներից


Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար կամ գլխավոր տոներից մեկը՝ Վարդավառը, նշվում է հուլիսի 15-ին: Հայ Առաքելական Եկեղեցին տոնն անվանում է նաեւ Քրիստոսի Պայծառակերպության տոն:
Վարդավառը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Ամռան տապին միմյանց ջրելն ու հովանալն իսկապես հաճելի է, մանավանդ որ այդ օրը, կարծես արտոնված է, եւ ոչ ոք չի նեղանում ջրվելուց: Այս օրը միմյանց վրա ջուր են լցնում բոլորը՝ անկախ տարիքից, հասարակական դիրքից: Հայաստանի տարբեր մասերում էլ տոնը նշվում է տարբեր մասշտաբներով: 

Ինքս մի քանի տարի ականատես եմ եղել, թե ինչպես են այն նշում Լոռվա սարերում: Ամռանը կենդանիներին սարերում պահող «սարվորների» համար Վարդավառն իսկական մեծ տոն է. նրանց մոտ հյուրեր են գալիս գյուղից ու քաղաքից, նրանք մեծ պատրաստություն են տեսնում, խոզ կամ ոչխար են մորթում: Բնության գրկում Վարդավառն իսկապես գեղեցկագույն կերպով է անցնում. մարդ ու բնություն ներդաշնակում են:

Ըստ հայկական ավանդույթների, տոնը հայոց մեջ ունի շատ խորը արմատներ: Այս տոնի մեծագույն խորհորդը սերն է. ըստ հայոց դիցարանի, այս տոնը նվիրված է Աստղիկ Աստվածուհու եւ Վահագն Աստծո մեծագույն սիրուն: Աստղիկն, ըստ որոշ ուսումնասիրողների, ունեցել է նաեւ «Վարդամատն» անունը: Եւ տոնի անվանումն էլ գալիս է հենց այս անունից: Աստղիկը վարդեր էր նվիրում ու վարդաջուր էր ցողում հայոց երկրում՝ այսպիսով սեր սփռելով: Իսկ հզոր Վահագն էլ մշտապես պայքարում էր Չարի դեմ ու պահպանում իրենց սերը: Նրանք գիտեին, որ առանց սիրո բնությունը կկորցնի իր հմայքն ու կպատվի փշերով:

Ըստ մեկ այլ ավանդության, Աստղիկը մի օր լսում է իր սիրելի Վահագնի վիրավորվելու լուրը եւ շտապում է նրա մոտ: Արագ քայլելիս նա անզգուշաբար տրորում է վարդը, ու նրա ոտքերից սկսում է արյուն հոսել: Վարդերը կարմրում են արյան գույնից, ու այստեղից առաջանում է սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը:
Քրիստոնեություն ընդունելուց հետո էլ հայ ժողովուրդը չմոռացավ այնքան սիրելի ու հիրավի գեղեցիկ տոնը, ինչպես չմոռացավ հեթանոսական մի շարք տոներ ու սովորույթներ եւս:

Քրիստոնեական եկեղեցին դուրս չմղեց այս տոնը, այլ տվեց իր բացատրությունը: Ըստ եկեղեցական մեկնաբանության՝ վարդը Քրիստոսն է: Ըստ Աստվածաշնչի, տոնը կապված է Քրիստոսի պայծառակերպության հետ:  Դեպքը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, ուր Քրիստոսն ուղեւորվել էր՝ իր աղոթքն անելու: Նրա աղոթակից ընկերները՝ Սիմոն Պետրոսն ու Զեբեդյան եղբայրները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, չեն դիմանում, եւ քանի դեռ Հիսուսն աղոթում էր, նրանք քնում են: Եւ ահա այդ ժամանակ Քրիստոսը մի լուսավոր ու վեհ կերպարանք է ստանում: Նա լուսավորվում է ինչպես արեգակ, եւ նրանից սկսում են ճառագայթներ շողալ: Այս ժամանակ հայտնվում են երկու մարդ՝ Մովսեսն ու Եղիան: Հիսուսը նրանց հետ խոսում է Իր ապագայի մասին: Ըստ ավանդությանը, լույսն ու աստվածայինը սթափեցնում է առաքյալներին, եւ հանկարծ երկնքից մի ձայն է լսվում.  «Դա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»:
Ինչպես բացատրում է եկեղեցին, Տերն իր մեջ աստվածային պայծառակերպություն ուներ մինչեւ պայծառակերպվելը եւ, եւ ահա Պայծառակերպության օրը նա վարդի պես բացվում է, ու պարզվում է նրա Աստվածությունը: Այսպես Եկեղեցին տոնի ժողովրդական անվանումը՝ Վարդավառ, կապում է Քրիստոսի հետ:
Եկեղեցին որոշ աստվածաշնչյան արձագանքներ է տեսնում նաեւ Վարդավառի որոշ սովորույթների մեջ: Այսպես, իրար վրա ջուր ցանելը, վարդերով զարդարվելը, աղավնի թռցնելը կապվում են Ջրհեղեղի, Նոյյան աղավնու հետ եւ այլն:
Այսօր Հայ  Առաքելական Եկեղեցին տոնում է Վարդավառը  Զատկից 98 օր հետո: Տոնը շարժական է, ունի 35 օրերի շարժականություն. այն կարող է տոնվել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը:
Ազգագրագետները տոնի հետ կապված մի շարք այլ ավանդույթներ էլ են վկայում, ինչպես, օրինակ, աղջկա տան կտուրին աղավնի թռցնելը, զոհաբերություններ անելը եւ այլն: Շատ ավանդույթներ այսօր իսպառ մոռացվել են, ինչպես մոռացվել այլ բուն հայկական տոների հետ կապված ավանդույթներ եւս: Այսօր Վարդավառը միմյանց ջրելու ու զվարճանալու օր է:  

Комментариев нет:

Отправить комментарий