пятница, 21 сентября 2012 г.

Անկախության համը. մոմի հետքերն ու իմ սերնդի քաղցր մանկությունը


Հայաստանի անկախության մասին գրելն ինձ համար հեշտ չի: Գրել այդ մասին, նշանակում է գրել իմ մասին, իմ մանկության մասին, իմ ամենաիմի մասին, մի բան, որի մասին շատ-շատ եմ մտածել, հիշել, վերլուծել, բայց երբեք չեմ գրել:
21 տարի առաջ այս օրը ես երեք տարեկան էի ու կախված էի միայն մայրիկիցս: Անկախություն էր երկրում, թե կախում, ոչ հասկանում էի, ոչ էլ ինձ հետաքրքրում էր:
Գիշերը, երբ լույս չէինք ունենում, տատիկիս հետ տնով մեկ շրջում էինք մոմը ձեռքներիս: Ու հետո հաջորդ առավոտյան ես, մի փոքրիկ աղջնակ, իմ նման փոքրիկ մի դանակ ձեռքիս, քերում էի մոմի հետքերը, որ կաթել էին մեր գիշերային շրջագայության հետեւանքով: Գիշերները տատիկիս մոտ էի պառկում, քանի որ մեր բնակարանում շատ ցուրտ էր, ու նա էլ առիթն օգտագործելով, ինձ ռուսերեն բառեր էր սովորեցնում: Տատիկս թերեւս դեռ լավ չէր ընկալում, որ մենք անկախացել ենք, ու մեզ արդեն հայոց լեզու էր պետք սովորել: 
Խորհրդային իներցիայով նա ինձ ու եղբորս ռուսերեն էր սովորեցնում, իսկ մեծ տարիքում էլ անընդհատ կոչ էր անում ռուսալեզու գրականություն շատ կարդալ:

Անկախության ճանապարհն ինձ համար սկսվում է մեր տան հատակին թափված մոմից ու իմ հատուկենտ ռուսերեն բառերից, սառն անկողնուց ու տատիկիս ջերմ սիրուց…
Անկախության հռչակման հաջորդ տարիներն ավելի լավ եմ հիշում. երբ խաղում էինք բակում, մթության մեջ, ու մեկ էլ հանկարծ պատուհաններից երեւում էր լույսը….ուռաաաաա, լույսերը տվեցին, գոռում էինք մենք ու վազում ամենքս մեր տուն: Այ թե ուրախություն էր, այ թե ոգեւորություն էր: Հիմա չեմ էլ հիշում, թե մենք՝ երեխաներս, ինչ էինք անում այդպես կարեւոր լույսի հետ կապված, բայց երեւի թե միայն այն միտքը, որ լույս կար, մեզ ուրախացնում էր:
Տանն էլեկտրականություն լիներ, թե չէ, մարդկանց հոգիներում լույս կար հաստատ: Հիշում եմ, թե որքան հարեւաններ էին մեր տուն գալիս այդ օրերին: Ու գալիս էին առանց զանգելու, առանց զգուշացնելու, ուղղակի, վեր էին կենում ու գալիս… ու մերոնք էլ չէին մտածում, թե ինչ հյուրասիրեն. կարտոֆիլը դնում էին վառարանի մեջ, թթու էլ ոնց էլ չլիներ, կճարվեր, ու վերջ. հաճելի երեկոն ապահովված էր, անգամ եթե կեսից լույսն անջատեին:
Հորեղբորս գործարանն այդ տարիներին Ռուսաստանի հետ էր համագործակցում, ու ինքը մի քանի անգամ այնտեղից վարելով մեքենա է բերել: Կապ չկար, հեռախոս չկար, ու մինչեւ հորեղբայրս տուն էր հասնում, մերոնք անհանգստությունից կես մարդ էին դառնում: Իսկ մենք՝ երեխաներս, այդ օրը երջանիկ էինք. Հորեղբայրդ ամենից շատ քաղցրավենիք էր բերում մեզ համար, որը մեզ բավականացնում էր մինչեւ նրա հաջորդ գնալը: Բայց քաղրավենիքը դեռ մի կողմ…իմ մանկության ամենատաքուկ ժամերն էին, երբ հորեղբայրս մեր մեծ ընտանիքը հավաքում էր մեր փոքրիկ խոհանոցում, եւ ընթրիքի համեղ սեղանի շուրջ մինչեւ ուշ գիշեր ձգվում էին նրա պատմություններն իր ճամփորդության մասին: Մենք՝ ես, եղբայրս ու հորեղբորս աղջիկը, լսում էինք մեզ համար հեքիաթային այդ դեպքերն ու ամենքս մեր երեւակայության մեջ դրանց մի ընթացք տալիս…
Քաղցր, անուշիկ ու անցած մանկությունս…որ համընկավ Հայաստանիս անկախության, դրա համար պայքարի ու դրա ծանր հետեւանքների հետ… մանկությունս, որ հիշելիս կոկորդս խեղդվում է, աչքերս ջերմանում են արտասուքից, ու մի թախծոտ լույս է իջնում վրաս… Մեր բակի ընկերուհիներս, որոնցից 90 %-ի ընտանիքները լքեցին անկախ Հայաստանը, մարդիկ, ովքեր ապրել էին 21 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ազգային վերելքն ու զգացել անբացատրելի մի բան՝ անկախություն…
Ու թերեւս այդ մեծ հույսերն էլ պատճառ դարձան այն մեծ հիասթափության ու դատարկությանը, այն մեծ ազգային անկումին, որ ունեցանք, որ ունենք ու որի մասին չեմ ուզում խոսել այսօր ու այստեղ, անկախության ու մանկությանս իմ հարազատ փոքրիկ սենյակից… 

вторник, 18 сентября 2012 г.

Նրանք չեն ծերանա


Այս ամառ սիրելիիս հետ հյուրընկալվեցինք Քարվաճառում: Այնտեղ անցկացրած ժամանակ մեկ օրը նվիրեցինք դեպի Գանձասար ուղեւորությանը: Չքնաղագույն Գանձասար հասնելը Քարվաճառից մի քիչ բարդ է, եթե սեփական մեքենա չունես:
Պետք է առավոտյան վաղ արթնանաս, Ստեփանակերտ տանող ավտոբուսով հասնես Գանձասարի խաչմերուկ, իսկ այնտեղից արդեն մոտավորապես 15-20 կմ ճանապարհ կանցնես այնպես, ինչպես բախտդ կբերի: Մեր բախտը լավ էլ բերեց. մի քանի կմ էինք հասցրել քայլել, երբ ստեփանակերտցի մի բարի ընտանիք մեզ վերցրեց՝ իրենց մեքենայով Գանձասար հասցնելու:
Հրաշալի Գանձասարի բառերով աննկարագրելի գեղեցիկ տեսարանը վայելելուց հետո մի խումբ սփյուռքահայերի հետ իջանք Վանք գյուղ: Այստեղ մի քիչ շրջելուց հետո ճանապարհ ընկանք դեպի նույն խաչմերուկը, որպեսզի Ստեփանակերտի ավտոբուսով վերադառնանք Քարվաճառ: Որոշեցինք ճանապարհին մեքենա կանգնեցնենք եւ քայլելով հասնենք խաչմերուկ, քանի որ շատ ժամանակ ունեինք:
Մի քանի կմ էինք քայլել, երբ մի մեքենա կանգնեց մեր մոտ: Դե, քանի որ կանգնել էր, մոտեցանք: Միջին տարիքի ամուսիններ էին՝ Հայկն ու Վարդուհին: Տիկինն ուսուցչուհի էր, երկուսն էլ՝ շփվող ու հաճելի անձնավորություններ:
Շուտով զրույցի ընթացքում պարզվեց, որ նրանք էլ են Քարվաճառ գնում, եւ մեզ հասցրին ոչ թե մինչեւ խաչմերուկ, այլ մինչեւ Քարվաճառ:
Յուրահատուկ ու օրինակելի զույգ էին: Արձակուրդն անցկացնում էին Հայաստանում ճամփորդելով:
«Եկանք Ջերմուկ, հետո որոշեցինք Գորիս գնալ, այնտեղից՝ Շուշի, հետո էլ՝ Գանձասար, հա, ընթացքում էլ Ստեփանակերտ էլ մտանք: Հիմա էլ որոշեցինք Քարվաճառ գնանք», պատմեց տիկին Վարդուհին:
Երեխաներն ամուսնացել են, հիմա էլ վայելում են իրենց տարիների վաստակը: Իրենց մեքենայով ճամփորդում են. եղել են Հայաստանի գրեթե ամեն մի անկյունում: Իրենց հետ ամեն մի անհրաժեշտ իր ունեին. վրան, սպասք, փոքրիկ գազօջախ, փոքրիկ սեղան-աթոռ:
Քարվաճառը միակ տեղն էր, որտեղ ամուսինը եղել էր առանց կնոջ. շատ էր հավանել, հիմա էլ տիկնոջն էր տանում ցույց տալու: Այնտեղ ծանոթ ունեին, բայց չէին զանգելու, պիտի գնային գետի ափին, տաք ջրի մոտ վրան խփեին: Ու այդպես գիշերել են ողջ Հայաստանում: Իրենք երկուսն էլ 60-ն անց էին, բայց կյանքը, հայրենիքի, բնության ու մարդկանց հանդեպ սերը եռում էր մեջները: Ասում են՝ մենք չենք ծերանում, դեռ այնքան տեղեր ունենք գնալու: «Ամբողջ տարվա համար բավական է այս մի ամսվա հավաքած էներգիան:

Էրեխեք ջան, կարեւորը՝ իրար շատ սիրեք ու երջանիկ եղեք: Կարեւորը՝ մի խելքի եք», բարեմաղթեցին մեզ հրաժեշտից առաջ՝ մի քանի ժամվա մեջ ցույց տալով ստացված կյանքի ու ամուսնության լավագույն օրինակ:
Այսպիսի ընտանիքներ մեր հասարակությանը շատ են անհրաժեշտ:    

пятница, 14 сентября 2012 г.

Մարիամ Շահինյան. «Յուրաքանչյուր փառատոն պետք է գաղափար ունենա»


Այս տարի սեպտեմբերի 24-հոկտեմբերի 31-ը Երեւանում տեղի կունենա Վերադարձի Դասական Երաժշտության Վեցերորդ Փառատոնը: Այն կազմակերպվում է «Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամըª Հայաստանի Հանրապետության Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո:  Փառատոնը հիմնվել է 2007-ին Մարիամ Շահինյանի և Գարիկ Նազարյանի կողմից:
Վերադարձի փառատոն խորագրով ծրագրի իրականացման հիմնական նպատակը ընգծված է հենց վերնագրի մեջ:
Այն  կոչ էª ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին՝ վերադառնալ եւ ելույթ ունենալ հայրենիքում:

«Այս տարի սեպտեմբերին կմեկնարկի Վերադարձի վեցերորդ փառատոնը եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը: Այն բաղկացած է 8 համերգներից, որոնք բնույթով շատ տարբեր են. տարբեր են եւ՛ մասնակիցները, եւ՛ ստեղծագործությունները»: Այս մասին մեր հետ զրույցում պատմեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:
Ըստ մեր զրուցակցի, ցանկացած փառատոն պետք է ունենա գաղափարախոսություն, եւ այս փառատոնը եւս բացառություն չէ:
«Փառատոնի ընթացքում կներկայացնենք նոր երաժիշտների: Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ փառատոնի հանդիսավոր բացմանը կներկայանա Իսրայելից ժամանած Իսրայել Կամերատա նվագախումբը, որի հետ որպես մենակատար հանդես կգա մեր հայրենակից թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լեւոն Մուրադյանը: Փառատոնի առանձնահատկությունը կլինի նրանում, որ մենք կունենանք ոչ միայն հայտնի անուններ, այլեւ կունենանք պրեմիերաներ ու տարբեր երաժշտական գործիքների հետաքրքիր համադրություններ»: Կոնկրետ օրինակ բերելով՝ տիկին Շահինյանը նշեց հոկտեմբերի 11-ին տեղի ունենալիք համերգի մասին. «Այդ օրը մենք համերգ ունենք կամերային երաժշտության տանը:Հանդես կգա մեր հայրենակից Հայրապետ Առաքելյանը Գերմանիայի Քյոլն քաղաքից: Նրա հետ հանդես կգան դաշնակահար Ռուդոլֆ Վանկսը եւ  ջութակահար Ֆյոդր Ռուդինը»:  Նշենք, որ վերջինս այս տարի Արամ Խաչատրյանի անվան մրցույթում շահել է Գրան Պրի: Վերադարձի փառատոնին երաժիշտը համատեղ համերգ կունենա նաեւ Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Հոկտեմբերի 3-ի համերգը հատկանշական է նրանով, որ դաշնակահարուհիներ Արմինե եւ Անահիտ Սողոմոնյան քույրերը, ովքեր ապրում են տարբեր երկրներում, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Ֆրանսիայում, առաջին անգամ միասին հանդես կգան Երեւանում:
Իսկ կամերային երաժշտության սիրահարները կարող են ներկա գտնվել հոկտեմբերի 16-ի համերգին: Կամերային երաժշտության երեկոյին միասին հանդես կգան հայ ջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից եւ Մարիաննա Շիրինյանը Դանիայից: Ի դեպ, սա եւս նրանց առաջին համատեղ համերգը կլինի Հայաստանում:
«Փառատոնի շրջանակներում մենք ունենում ենք նաեւ հոբելյանական համերգներ, եւ այս տարին եւս բացառություն չի: Հոկտեմբերի 24-ին կունենանք հոբելյանական համերգ՝ նվիրված դաշնակահար Վաչե Ումր-Շատի ծննդյան 90-ամյակին: Համերգը կոչվում է Նվիրում, որը կներկայացնի Վաչե Ումր-Շատի ուսանողուհի, աշխարհահռչակ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը», տեղեկացրեց Մարիամ Շահինյանը:
Ըստ մեր զրուցակցի փառատոնը նպատակ ունի նաեւ մեր մշակույթը ներկայացնել այլ ազգերին: «Եւ մենք դա ի կատար ենք ածում», նշեց նա:
Խոսելով Հայաստանում դասական երաժշտության հանդեպ վերաբերմունքի եւ հանդիսատեսի հետաքրքրվածության մասին՝ տիկին Շահինյանը նշեց.
«Կարծում եմ, որ դասական երաժշտության բավականին շատ փառատոններ կան Հայաստանում, եւ ես ողջունում եմ դա: Մեր փառատոնն, օրինակ, ունի կայուն հանդիսատես, եւ ամեն տարի համալրվում է ոչ  միայն նոր երաժիշտներով, այլեւ երաժշտասերներով: Կարծում եմ, որ հենց դասական երաժշտությունը պետք է շատ պրոպագանդվի, եւ եթե ներկայացվի ճիշտ ծրագիր պրոֆեսիոնալների կողմից, ապա դա ավելի մեծ ընդունելություն եւ մեծ ունկնդիր կունենա:
Այսօր հայ հանդիսատեսը հետաքրքրված է դասական երաժշտությամբ: Երբ 2007-ին ես եւ երաժիշտ Գարիկ Նազարյանը հիմնադրում էինք այս փառատոնը, մտավախություն կար, որ պահանջարկ չի լինի: 2005-ին մենք հիմնադրել էինք «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, եւ մեզ ասում էին՝ փորձեք մեկ ուրիշ ժանրում: Բայց ոչ, ես շատ վստահ կարող եմ ասել, որ եթե լինում են ճիշտ ծրագրեր ու ներկայացնում են լավագույն երաժիշտները, ապա բավականին մեծ արձագանք է գտնում հանդիսատեսի շրջանում»:
Տարիներ առաջ, երբ  փառատոնը նոր էր հիմնվել, կազմակերպիչներն իրենք էին դիմում էինք երաժիշտներին: Իսկ այսօր արդեն կան կայքեր, փառատոնն արդեն հայտնի եւ երաժիշտներն իրենք են դիմում մասնակցության համար:
«Շատ վստահ կարող եմ ասել, որ մենք ունենք մեկ-երկու տարի առաջ ծրագրած համերգներ, որոնք ֆինանսական հնարավորության դեպքում կիրագործենք: Նշեմ, որ մեր բոլոր փառատոնների միակ եւ շարունակական հովանավորը Վիվասել ՄՏՍ-ն է, ում մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում, քանի որ առանց այդ օգնության փառատոնն ուղղակի չէր լինի», հավելեց տիկին Շահինյանը:
Վերադարձի փառատոնի հիմնադիրը կարծում է, որ փառատոնները կարեւոր են, սակայն պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք. փառատոնը երբեք պետք չէ դիտել որպես մեկ համերգի կազմակերպում: Փառատոնը պետք է մեծ գաղափար ունենա:
«Եւ երբ գաղափարը, երաժիշտները, կազմակերպիչները համախմբվում են, ստեղծվում է իրոք մի տոն հանդիսատեսի համար, ով ամեն տարի սպասում է դրան: Ես վերջերս մի փառատոնի բացման էի, որտեղ մարդիկ մոտենում էին ինձ եւ հարցնում է, թե մեր փառատոնի բացումը երբ է լինելու: Սա արդեն գնահատական է հանդիսականի կողմից, երբ ոչ թե դու ես իրեն կանչում, այլ ինքն է սպասում փառատոնին:
Փառատոնը դառնում է փառատոն, երբ կան խնդիրներ եւ կան դրանց լուծումները: Եթե խնդիր չկա, չի լինի եւ լուծում, հետեւաբար դա կդառնա սովորական մի համերգ»:
Հաճախ հայ երաժիշտները դժգոհում են, որ իրենց համերգները կիսադատարկ դահլիճներում են անցնում. պատասխանելով դիտարկմանը՝ Մարիամ Շահինյանը նշեց, որ Վերադարձի փառատոնի ընթացքում իրենք անպայման փորձում են ներկայացնել մեր տեղացի երաժիշտներին:
«Մենք ունենք իրոք տաղանդավոր երաժիշտներ, ում համար մենք պետք է կարողանանք բեմ ապահովել: Հիմնադրելով այս փառատոնը՝ մենք նպատակ ունեինք տեղ տալ մեր հայրենակիցներին, եւ ոչ միայն նրանց, ովքեր դրսում են, այլեւ նրանց, ովքեր ապրում եւ ստեղծագործում են Հայաստանում: Դրա վառ օրինակը համերգների ընթացքում տեղացի եւ դրսից եկած երաժիշտների համատեղ կատարումներն են», ամփոփեց մեր զրուցակիցը:

Թամարա Գրիգորյան 

среда, 5 сентября 2012 г.

Արցախի Վանք գյուղու՞մ եք. գազանանոց ՄԻ՛ գնացեք



Այս տարի արցախյան ամառային ճամփորդության ընթացքում այցելեցինք չքնաղագույն Գանձասար: Եկեղեցով ու շրջակա աննման բնությամբ բավականին զմայլվելուց հետո մենք եւս, ինչպես թերեւս բոլոր զբոսաշրջիկները, իջանք Վանք գյուղ: Գանձասարի շնորհիվ այս գյուղը շատ աշխույժ է եւ անընդհատ հյուրեր է ընդունում: Վանք գյուղում ծնված մեծահարուստ Լեւոն Հայրապետյանը, ով այժմ գյուղում չի բնակվում, այնտեղ հյուրանոցներ է կառուցել, բարեկարգել դպրոցը, մանկապարտեզը…
Գանձասարում ու Վանք գյուղում անցած տարի ամռանն էլ էի եղել ու տարածքին քիչ թե շատ ծանոթ  լինելով՝ ես էի առաջնորդում սիրելիիս գյուղում: Մանկապարտեզ-գյուղապետարանը (չեմ սրամտում, գյուղի գյուղապետարանն ու մանկապարտեզը միեւնույն շենքում են), դպրոցը, ազատամարտիկներին նվիրված պուրակը դիտելուց հետո որոշեցինք այցելել նաեւ կենդանաբականակ այգի: Նախորդ այցելությանս ժամանակ այնտեղ չէի եղել (թե չէ այս անգամ հաստատ էլ չէինք գնա), ու կենդանաբանական այգու գոյության մասին պատմող մեծ ցուցանակը տեղադրված էր գյուղի կենտրոնում:
Մի խոսքով 350 դրամ արժողությամբ տոմս գնեցինք ու ներս մտանք: Տարածքն առհասարակ մի տեսակ թափթփված էր, ու պիտի բավականին առաջ շարժվեինք, որպեսզի տեսնեինք «կենդանականական այգի» անվանումն արդարացնող որեւէ երեւույթ: Առաջինը, որ հանդիպեցին, հավի տիպի, բայց քիչ ավելի փոքր թռչուններ էին: Այնուհետեւ մի վանդակի մեջ ոզնի էր ու թռչնի ինչ-որ մի տեսակ, կարծեմ բու:
Ամենասարսափելին սակայն, դեռ առջեւում էր: Խիստ անմխիթար էր արջի ու երկու առյուծների դրությունը: Իրենց չափերին անհամեմատ փոքր վանդակում նրանք ուղղակի տանջահար էին: Իսկ գարշահոտը….դա բառերով կամ լուսանկարով, իհարկե, փոխանցել չի կարելի, միայն ասեմ, որ ես մի կերպ խեղդվելով հասցրի դուրս վազել տարածքից: 

Բացի խեղճ առյուծներից ու արջից, այստեղ պահվում էին նաեւ գայլ, լուսան: «Սիրամարգ» նշումով վանդակում այլ թռչուններ էին: Սաստիկ գարշահոտի պատճառով մնացած կենդանիներին լավ ուսումնասիրել չկարողացա, բայց նրանք բոլորն էլ անմաքուր էին ու խիստ փոքր վանդակներում:
Զայրացա ու զարմացած, թե ինչպես կարելի է խեղճ կենդանիներին այդպես պահել ու դեռ մի հատ էլ անունը գազանանոց դնել ու մարդկանց վրա տոմս վաճառել, մոտեցա մի կնոջ, ով տարածքում ծաղիկներ էր մշակում: Հարցնում եմ՝ այս գազանանոցը տնօրեն ունի՞, ասում է այո՝ Գուրգեն Վլադիմիրովիչը, ու ցույց է տալիս մի հեռացող մեքենա, որի մեջ էր նաեւ Գուրգեն Վլադիմիրովիչը: Կարելի է ենթադրել, որ վերջինս Լեւոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի որդին է. վերջինս Վանքում վերահսկում է Լ. Հայրապետյանի հիմնած հյուրանոցներին:
Ասում եմ՝ բա ինչու՞ է այսպես գարշահոտ, ասում է՝ երեւի խոզերից է: «Իսկ շատ այցելուներ ունե՞ք», հարցնում եմ: «Հա, շատ,-պատասխանում է, ամեն օր էլ տուրիստներ են գալիս…»:
Այս խեղճ կենդանիներին իսկապես կենդանապաշտպանների օգնությունն է պետք: Եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է կենդանիներին օգնել եւ հնարավորություն ունի, կարող է լրջորեն զբաղվել այս հարցով: 

понедельник, 3 сентября 2012 г.

Բոտերո. «մարմնեղ կերպարների» արվեստագետը


Վերջերս Երեւանի Կասկադ համալիրում տեղադրվեց կոլումբիացի նկարիչ եւ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կինը» արձանը: Այն մեծ իրարանցում առաջացրեց երեւանաբնակ հասարակության մեջ, Բոտերոյի հերսոսուհուն ընդունեցին, մերժեցին, ամուսնացրին, հետ ուղարկեցին եւ այլն:
Համացանցում նայեցի, Բոտերոյի մասին հայերենով գրեթե տեղեկատվություն չգտա: Անգլերենից թարգմանաբար ներկայացնեմ կոլումբացի արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունը:
Եւ այսպես, ըստ Վիկիպեդիայի, Ֆերնանդո Բոտերո Ագուլոն ծնվել է 1932 թ. ապրիլի 19-ին: Նա կոլումբիացի ֆիգուրատիվ արվեստագետ է: Նրա աշխատանքները յուրահատուկ ոճ ունեն, որն իր անունով էլ կոչվում է, ''Boterismo'', «բոտերոյական»: Նրա աշխատանքներն ինքնություն ունեն, որը շփոթել հնարավոր չէ: Բոտերոն պատկերում է կանանց, տղամարդկանց, առօրյա կյանքը, պատմական դեմքեր ու դեպքեր, կենդանիներ եւ բնական աշխարհը: Նա ստեղծում է ծավալային կերպարներ եւ դրանք համեմում է ոչնչացնող քննադատությամբ , հեգնանքով, հումորով եւ անկեղծությամբ:
Բոտերոն ինքն իրեն անվանում է «ամենակոլումբիացին բոլոր կոլումբիացիներից»՝ չնայած Կուլբիայում տարվա մեջ մեկ ամիս է անցկացնում: Եւ սա շնորհիվ աշխարհում ընդունված արվեստի միջազգային միտումներից մեկուսացված լինելուն: 
Ազգային ճանաչում է ձեռք բերել 1958 թ,, երբ Կոլումբիացի արվեստագետների ցուցահանդեսում շահեց առաջին տեղը:  Մեծապես աշխատելով Փարիզում՝ վերջին երեք տասնամյակներում համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ իր նկարների ու քանդակների ցուցահանդեսները ներկայացնելով ամբողջ աշխարհում: Նրա աշխատանքները հիմնականում պահվում են մեծ թանգարաններում, հավաքածուները պահվում են կորպորացիաներում ու մասնավոր հավաքողների մոտ:
Կյանքը:
Ֆերնանդո Բոտերոն ծնվել է Կոլումբիայի Մեդելլին քաղաքում, Դավիդ Բոտերոյի եւ Ֆլորա Անգուլոյի ընտանիքում: Ընտանիքի երեք երեխաներից երկրորդն է: Հայրը, Դավիդը, վաճառական էր: Նա մահացել է, երբ Ֆերնանդոն ընդամենը չորս տարեկան էր: Մայրն աշխատում էր որպես դերձակ: Հորեղբայրը նրա կյանքում որոշիչ դեր ունեցավ: Չնայած Բոտերոն մեծանում էր թանգարաններում ներկայացված արվեստից մեկուսացած, սակայն բարոկկո ոճը նրա վրա մեծ ազդեցություն էր թողնում: Բարոկկոյին Ֆերնանդոն ծանոթ էր քաղաքում առկա եկեղեցիներից:
1944 թ. Բոտերոն, ավարտելով ճիզվիտական դպրոցը, գնաց մատադորների դպրոց: Վերջինում ուսուցումը տեւելու էր երկու տարի, ու ապագա արվեստագետին այնտեղ տարավ հորեղբայրը: 1948-ին, երբ Բոտերոն 16 տարեկան էր, տպագրեց իր առաջին իլուստրացիաները կիրակնօրյա El Colombiano օրաթերթում: Ստացած հոնորարը նա վճարեց Liceo de Marinilla de Antioquia ավագ դպրոց հաճախելու համար: Բոտերոյի աշխատանքն  առաջին անգամ ցուցահանդեսի մասնակցեց 1948-ին, որտեղ այն ցուցադրվեց շրջանի այլ արվեստագետների աշխատանքի հետ:
1949-1950 Բոտերոն աշխատել է որպես դիզայներ: Իսկ 1951-ին նա տեղափոխվեց Բոգոտա:  Նրա առաջին անհատական ցուցահանդեսը Բոգոտայի Galería Leo Matiz-ում էր: Դա տեղի ունեցավ Բոգոտա այցելելուց մի քանի ամիս անց: 1952-ին մի խումբ արվեստագետների հետ այցելեց Բարսելոնա եւ մնաց այնտեղ մինչեւ Մադրիդ մեկնելը: Մադրիդում Բոտերոն սովորել է Սան Ֆերնանդոյի ակադեմիայում: 1952-ին վերադարձավ Բոգոտա, որտեղ անհատական ցուցահանդես ունեցավ Leo Matiz պատկերասրահում:
1953-ին Բոտերոն տեղափոխվեց Փարիզ, որտեղ իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում Լուվրում, ուսումնասիրում էր այնտեղ ցուցադրված գործերը: 1953-54 թթ. ապրել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում եւ այնտեղ ուսումնասիրել է Վերածննդի վարպետների աշխատանքները: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Բոտերոն հիմնականում ապրել է Փարիզում, բայց տարվա մի ամիսն անպայման անց է կացնում իր հարազատ քաղաք Մեդելլինում: Նա ավելի քան 50 ցուցադրություններ է ունեցել աշխարհի խոշորագույն քաղաքներում եւ նրա աշխատանքները վաճառվում է մի քանի միլլիոն դոլարներով:
Առաջին անգամ Բոտերոն ամուսնացել է Գլորիա Զեայի հետ, ով հետագայում դարձել է Կոլումբիայի մշակույթի նախարար: Նրանք երեք երեխա են ունեցել: 1960-ին նրանք բաժանվել են եւ երկուսն էլ կրկին ամուսանցել են: