суббота, 17 июня 2017 г.

Կրթության կարևորության մասին. մտածելու համար

Հունիսի 6-11-ը Աղվերանում մասնակցեցի Ուսուցիչների վիքի-դասընթացի 5-րդ փուլին: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, դասընթացի ֆորմատը մի քիչ այլ էր. բացի խմբագրելուց և խմբագրման գործիքները նորեկներին սովորեցնելուց, այս տարի ուսուցիչները նաև մի քանի հանդիպումներ ունեցան կրթության ոլորտի մասնագետների հետ ու զրուցեցին կրթության նորագույն միտումներից, հաջողության հասնելու սովորույթներից, որոնք արժե փոխանցել աշակերտներին, քննարկվեցին կրթության ոլորտի խնդիրներ: Ուսուցիչների հետ ամենաերկար ժամանակ անցկացրեց կրթության փորձագետ, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Խալաթյանը: Արթուրը մի քանի թեմաներ ներկայացրեց, զրուցեց ուսուցիչների հետ` իսկապես կարևոր ու կիրառական խորհուրդներ տալով:
21-րդ դարը գիտելիքի դար է.  գիտելիքն այն միջոցն է, որ մարդուն հնարավություն է տալիս ապրել ավելի հարմարավետ: Եվ ուսուցիչների առաջին խնդիրն է երեխային գիտելիք փոխանցել: Ահա այստեղ նշեմ այն գործնական խորհուրդները, որոնք առաջին բառերից այնքան պարզ են թվում ու հաճախ` իրականում դժվար կիրառելի:

«Երեխան ամենալավը հիշում է այն գիտելիքը, որը կիրառում է, որն իր համար իմաստալից գործ է», ասում է Արթուր Խալաթյանը (մոտավոր մեջբերում): Որպես ստացած գիտելիքի պրակտիկ կիրառում` Արթուրը նշում է, օրինակ, աշակերտի կողմից Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում խմբագրումներ կատարելու հնարավորությունը, որի արդյունքում երեխան ստանում է պրոդուկտ և իր աշխատանքը կարևորված ու գնահատված է տեսնում:


Այսօր դպրոցի դերն է ոչ միայն գիտելիք փոխանցել երեխային (դա թերևս լավագույնն այսօր ստացվում է Google որոնողական համակարգի մոտ), այլ առավել առաջնային է նրան տալ քննարկելու մշակույթ, ստեղծել համապատասխան միջավայր` թիմային հաջողված աշխատանք կատարելու համար: Գործնական քայլերից է նրան ստեղծագործական մոտեցում պահանջող հանձնարարություններ տալը, որոնց արդյունքում նա արտադրանք կստանա: Օրինակ` բարձր դասարանի աշակերտներին կարելի է հանձնարարել որևէ առարկայից տեղեկատվական մատչելի պոստեր պատրաստել ավելի ցածր դասարանների աշակերտների համար:
Կարևոր հատկություն է աշխատանքը ճիշտ պլանավորներն ու նշումներ անելը: Այս հատկությունները դպրոցում ձեռք բերելով` երեխան դրանք իր հետ կտանի կյանքի մյուս ոլորտներ ևս` էապես ժամանակ շահելով:

Կիրառելի է այն գիտելիքը, որը համակարգված է. ինչպես գլխում, այնպես էլ` գրադարակում: «Որակյալ նոթերը կօգնեն երեխային  արագ, առանց ժամանակ կորցնելու  գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, օգտագործել այն, կրկնել քննությունից առաջ», համոզված է Արթուրը:
Եթե երեխան ունի լավ նոթ, նա դա կարող է օգտագործել անգամ քննության ժամանակ: «Կյանքի ոչ մի իրական իրավիճակում չի արգելվում կողքից տեղեկություն ստանալ, ինչու՞ պետք է դպրոցում անիրական, կյանքից կտրված իրավիճակներ ստեղծել և չթույլատրել երեխային օգտագործել իր նոթերը», հարցնում է փորձագետը:
Եվ ի վերջո, նոթ գրելն ու ստացած գիտելիքը համակարգելը կազմակերպվածություն կբերի կյանքի բոլոր ոլորտներում:

Դասընթացի հյուրերից «Այբ» կրթական հիմնադրամի, «Այբ» դպրոցի համահիմնադիր, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանն իր ելույթում առաջարկեց առաջ նայել ու մտածել մի քանի կարևոր հարցերի մասին, օրինակ, ի՞նչ գիտելիք ու հմտություն տալ երեխային, որը վաղը ռոբոտը չի կարող անել: Դրանք դեռևս ստեղծագործելու, վերլուծելու, քննադատելու, կարևոր որոշումներ ընդունելու կարողություններն են:

«Այո, 21-րդ դարը գիտելիքի ժամանակաշրջանն է, սակայն միայն գիտելիքն արժեք չի, այն պետք է արդյունք դառնա», ընդգծեց Դավիթ Սահակյանը:

Առջևում ամառային արձակուրդներն են, բոլորս ազատ ժամանակ ունենք մտածելու, կարդալու, նոր մեթոդներ գտնելու` ինքներս սովորելու ու սեպտեմբերից երեխաներին նոր հայացքով սովորեցնելու մասին:
Նայենք ապագային լայն բացված հայացքով:

Թամարա Գրիգորյան


пятница, 21 октября 2016 г.

Սիրելով ու զարգացնելով հայրենի գյուղը. զրույց ապագա լրագրողի հետ

Արաքս Միրզոյանն Արցախի պետական համալսարանի ուսանողուհի է, ապագա լրագրող: «Լրագրություն եմ սովորում. ուզում եմ հայրենիքիս համար պիտանի մարդ դառնալ, դրա համար էլ ընտրեցի այն մասնագիտությունը, որը կարող եմ լիովին ծառայեցնել ազգիս շահերին», մեզ հետ զրույցում նշեց Արաքսը:

Նա դեռ երկու տարեկան չկար, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց ապրելու Արցախի Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքում: Նա այստեղ է դպրոց գնացել: Դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բոլոր առարկաների հանդեպ: «Դպրոցում գրեթե բոլոր մրցույթներին մասնակցում էի, ուզում էի ամեն ինչ հասցնել, անգամ նոտաները սովորեցի ու սկսեցի նախ շվի նվագել, հետո` կիթառ»:
Բացի դպրոցում լավ սովորելն ու դպրոցական մրցույթներին մասնակցելը, Արաքսը նաև շատ ակտիվ է մշակութային կյանքում: Արդեն մի քանի տարի` մեծ մասնակցություն ունի Նոր Բրաջուր համայքնի մշակույթի ակումբի աշխատանքներին. իրենից տարիքով ավելի փոքր երեխաների հետ պարապում է, ազգագրական պարեր սովորեցնում. միասին մի քանի հանրապետական մրցույթներում մրցանակային տեղեր են զբաղեցրել:

вторник, 29 марта 2016 г.

Ստեփանակերտի թանգարաններով

Ստեփանակերտը փոքրիկ ու սիրուն քաղաք է, կոլորիտով, բարբառով, իր համուհոտով, որն զգալու համար պետք է մի քանի օր ապրել այստեղ:  Անծանոթ քաղաքում գտնվելով՝ սիրում եմ այցելել տեղի թանգարանները: Առաջին այցելությունս դեպի Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարան էր:
Այս թանգարանը հիմնվել է 1938 թ.: Թանգարանը ներկայացնում է Արցախը` նախապատմական շրջանից մինչև մեր օրերը: Թանգարանի առաջին հարկի սենյակներում կարելի է ծանոթանալ արցախցիների կենցաղի մասին պատմող իրերի: Այստեղ ցուցադրվում են Արցախի տարբեր շրջաններում գործված գորգեր, թոնիր, իլիկ, կենցաղային այլ իրեր, որոնք պատմում են արցախցիների սովորույթների մասին: Հատկապես հետաքրքիր են արցախյան գորգերի տեսակները` վիշապագորգը, խաչագործ գորգը, ծաղկազարդ գորգը, նշագործ գորգը: Այս վերջինն, օրինակ, պատկերում է աղջկան կամ տիկնիկին` նշի մեջ, ինչը պտղաբերության խորհրդանիշն է: Այս հատվածում է ցուցադրված նաև աղջկա օժիտի պարկը, որն աղջիկն է գործել և ամուսնու տուն գնալիս իր հետ իր անկողինն է տարել: Արդեն ամուսնու տանն այս պարկը ծառայել է որպես պահարան, որի մեջ նա իր անկողինն է հավաքել: 

Առաջին հարկում են նաև Արցախի տարբեր շրջաններից հայտնաբերված նախապատմական իրեր` ամանեղեն, նախնադարյան գործիքներ, զարդա-րանքներ և այլն: Առաջին հարկում է նաև Շուշի քաղաքին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են Շուշիից գտնված հինավուրց իրեր, Շուշիում տպագրված գրքեր:
Թանգարանի երկրորդ հարկում կան Ստեփանակերտ քաղաքի պատմությանը նվիրված անկյուն: Այստեղ ցուցադրվում են քաղաքի հին տեսքը պատկերող լուսանկարներ, երևում են հին շինություններ, որոնց մի մասն այսօր էլ պահպանվում են: Քաղաքի պատմությանը վերաբերող հատվածում կարելի է տեսնել Ստեփանակերտի մետաքսի գործարանի արտադրած մետաքսի կտորների նմուշներ: Այս հարկում է նաև հայտնի արցախցիների մասին պատմող անկյունը: Առանձին տեղ է հատկացված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի ստեղծման պատմությանը, թատրոնում աշխատած հայտնի դերասաններին:
Թանգարանի մյուս սենյակը նվիրված է արցախյան հերոսներին: Մի սենյակը պատմում է Հայրենական Մեծ պատերազմում զոհված արցախցի հերոսների մասին, իսկ հաջորդ սենյակն արդեն ներկայացնում է Արցախյան պատերազմի ազատամարտիկներին, պատերազմի ընթացքում օգտագործված ինքնաշեն զենքերի օրինակներ, զինվորական համազգեստներ, պատերազմի մասին պատմող լուսանկարներ:
Թանգարանի աշխատակիցների խոսքով` թանգարանի այցելուների թիվը մեծ է. զբոսաշրջիկները հաճախ նախ գալիս են թանգարան, ծանոթանում Արցախի ու մասնավորապես Ստեփանակերտի պատմությանը, հետո արդեն որոշում, թե ուր կարող են այցելել: Թանգարանը մի կարճ պտույտի ընթացքում զբոսաշրջիկին պատկերացում է տալիս Արցախի ու արցախցու մասին:
Հաջորդ թանգարանը, որ այցելեցի Ստեփանակերտում, Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանն էր:
Թանգարանի բակում զինատեսակներ են ու հուշատախտակներ՝ նվիրված այն ազատամարտիկներին, ովքեր ստեղծել են զենքի այս նմուշները:

Փոքրիկ դռնով ներս ես մտնում, ու էջ առ էջ աչքիդ առաջ բացվում է Արցախի հերոսամարտը: Բացվում է ոչ թե «պատերազմ» ընդհանուր բառով, այլ հազարավոր դեմքերով, հազարավոր աչքերով ու հազարավար ճակատագրերով:
Կինոժապավենի նման աչքիդ առջևով անցնում են հազարավոր տղաների նկարներն ու ուղեղիդ մեջ մեխվում. այս աչքերը հավետ փակվեցին, որ մենք այսօր ազատ Արցախ ունենանք… Թանգարանի աշխատակցուհին՝ տիկին Ալթունյանը, արցախյան պատերազմում երկու որդիներին է կորցրել: Սկսում է պատմել. ավագ որդու՝ Սերգեյի, զոհվելուց յոթ ամիս անց կորցրել է կրտսեր որդուն՝ Սամվելին: «Այդ ի՜նչ յոթ ամիսներ էին…», հիշում է որդեկորույս մայրն ու արագ թեման փոխում: Ժպիտով խոսում է թոռնիկների մասին. մեծ տղան 2 երեխա ուներ, փոքրը՝ 3: Հիմա նրանք մեծացել են, ուսում առել, ամուսնացել, իրենք երեխաներ ունեն:
Տատիկի ցանկությունը մեկն է. թող այսուհետ խաղաղություն լինի Հայաստան աշխարհում, թող իր զավակների կյանքի գնով ազատված Արցախը հանգիստ շնչի ու զարգանա…
Տիկին Ալթունյանը գիտի թանգարանում պահվող ամեն մի մասունքի պատմությունը: «Այս գորգը տեսնու՞մ ես, սա մի զինվորի մայր է բերել. այս գորգն առած է եղել, որ տղան պսակվի, գցի նորապսակների ոտքերի տակ: Հարսանիքից առաջ տղան գնացել է ռազմադաշտ ու չի վերադարձել: Մայրն էլ չէր կարող սա իր տանը պահել, բերեց թանգարան: Այդ տղայի հարսնացուն այդպես էլ չամուսնացավ…»:
Այս տղան Սումգայիթից էր, այս երկու եղբայրներն արտասահմանից էին եկել… Սա Ստալինկան է, տղայիս զինակիցն էր, մեքենան որ պայթեց, ինքն էլ էր մեջը… Այս անկյունը նվիրված է պսակ ու հարսանիք չտեսած զոհված տղաներին…

Սա էլ Շուշիի ազատագրման ծրագրի փոքրիկ մակետն է: Իսկ այստեղ ազատամարտիկները ժպտում են, ժպտում են ու ասում՝ կյանքը շարունակվում է, շարունակվում ու զարգանում է մեր ազատագրված Արցախում. մեջքներդ ուղղեք ու մեզ հիշելով՝ շենացրեք մեր հողը հայրենի…

Թամարա Գրիգորյան

вторник, 15 декабря 2015 г.

Սիրել աշխարհն ու դրա ուրույն համը դառնալ…

Դառնալ նպատակ, որ քեզ համար մարդիկ հետ գան քո քաղաքը. մի՞թե սա չէ բարձ-րագույն գնահատականը բանաստեղծի, նկարչի, քանդակագործի… արվեստագետի… մտածող ու զգացող մարդու… Եվ դառնալ այդ նպատակը ոչ թե անհայտ մի վայրում, որտեղ ձգող ու կանչող ոչինչ ուրիշ չկա, այլ այնպիսի մի վայրում, ինչպիսին է Էջմիածինը:
Մայր Տաճարում ու Սբ. Գայանեում մոմ վառելուց, ներդաշնակ խաղաղություն ապրելուց զատ այսօր Էջմիածնում ցանկանում եմ նաև այցելել Մաչանենց արվեստի տունը:
30 տարի գործող «Հայ միության խաչ» կազմակերպությունը կարողացել է արվեստի մի աշխարհ ստեղծել, որտեղ ցանկանում ես անընդհատ վերադառնալ, քանզի կարծում ես, թե քեզնից մի մասնիկ թողել ես այնտեղ, կամ էլ հակառակը՝ քեզ ես գտել այնտեղ:
Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը, կազմակերպության ղեկավարը, իր նվիրյալ թիմի հետ տարիների ընթացքում ոչնչից հիմնել է պատկերասրահ, կավա-գործության, նկարչության, գորգա-գործության խմբակներ, թատերախումբ, գինետուն… Հիմնել է զգացմունքի ու սիրո մի տոն, որը ցանկանում ես հաճախ վերապրել այս սառչող ու մեքենայացվող օրերում:
Մաչանենց արվեստանոցում դու անընդհատ հանդիպում ես քեզ. լուսավոր, ապրող, համբուրվող, ծակ կոշիկներով, ուղեղդ մտքերից ճայթած, ներդաշնակություն գտած… հազար ու մի տեսակ քեզ: Ու հենց այդ պատճառով էլ քեզ ապահով ես զգում այտեղ ու ցանկանում ես արթնացնել մեջիդ ամենալավը, ամենանվիրականը. չէ՞ որ դիմացինդ այնքան սեր է տալիս աշխարհին, դու ինչպե՞ս չպատասխանես նույն կերպ:
Մաչանենց արվեստը մարդկային է ու մոտ. այն չի վախեցնում, այն կտրված չի աշխարհից ու անտեղի կոկիկ չէ. այն չի ասում՝ ես բարձր եմ ու անհասկանալի, ոչ, այն ինձ ասում է՝ ես դուրս եմ եկել նաև հենց քեզանից…
Հ.Գ. Ազատագրված Քարվաճառում, որը նոր է վերաբնակեցվում, նոր է ձևավորվում քարվաճառցին, ով էլ պիտի իր քաղաքին, իր դիմագիծն ու ոճը տա, կարիք ունի հենց նման մոտեցման: Եվ Մաչանենց տուն այցելելը մի խումբ քարվաճառցիների համար իսկապես հիանալի հնարավորություն էր՝ տեսնելու, սովորելու, կիրառելու:
Մեծագույն շնորհակալություն հայտնելով «Արարատ» հիմնադրամին, որի շնորհիվ մենք կարողացանք այցելել Մաչանենց արվեստի տուն, նաև հույս եմ հայտնում, որ մի օր մարդիկ Քարվաճառ գալու նույնպիսի հիմնավոր ու ուրույն նպատակ ու ցանկություն կունենան:

Թամարա Գրիգորյան

четверг, 19 ноября 2015 г.

Իմ տեսած Ուրիշ Ստեփանակերտը․ մի քանի տող Ֆասոնի համերգի մասին

Ասում են՝ Վանաձորը Հայաստանում ռոքի մայրաքաղաքն է։ Ու ճիշտ են ասում։ Ով ապրել է Վանաձորում, պետք է հիշի վանաձորյան ռոք երաժիշտներին ու ռոք խմբերը, ռոք համերգները։ Ես մեծացել եմ Վանաձորում։ Երբ դպրոցական էի, մեր ռոք խմբերը հաճախ էին համերգներ կազմակերպում, հիմնականում՝ Տիկնիկային թատրոնի դահլիճում։ Ու ես հիշում եմ այդ համերգների մթնոլորտը, որում մենք մեծացանք ու ձեւավորվեցինք։ Հիշում եմ, որ «Լավ էլի»֊ին, «ՓՈՒՇ»֊ին, «Որդան կարմիր»֊ին զուգահեռ ու նրանց շնորհիվ սկսեցինք Սպլին, Би 2, Զեմֆիրա, Ցոյ, SOAD լսել, սկսեցինք Կամյու ու Դոստոեւսկի կարդալ, սկսեցինք կարգին կինոներ նայել․․․

Սկսեցինք զարգանալ ու դառնալ նա, ով այսօր դարձել ենք։ Առանց ռոքի Վանաձորն ուրիշ կլիներ, մենք ուրիշ կլինեինք, ես ուրիշ կլինեի։

Վանաձորյան ռոք միջավայրը ազատության, մաքուր օդի խորհրդանիշն էր, միջավայր, որ ասում էր՝ դու կարող ես, դու պիտի առաջ գնաս, երաժշտություն, որ խոսում էր ինձ հետ ու ասում՝ դու մենակ չես։ 
Երաժշտություն, որ ապրելակերպ ու մտածողություն էր ձեւավորում, որ լցնում էր միտքդ ու սիրտդ։ Որ արժեքներ էր քարոզում, որ ասում էր՝ մի վախեցիր սիրելուց, մի վախեցիր ապրելուց։



Երեկ Ստեփանակերտում ռեպեր Ֆասոնի համերգն էր։ Երեկ ես տեսա ուրիշ Ստեփանակերտ ու ուրիշ ստեփանակերտցի, քան մինչ այդ էի տեսել։ Երեկ ես տեսա շատ սիրուն, շատ ճաշակով հագնված երիտասարդ աղջիկների, ովքեր ի սրտե ու ազատորեն ուրախանում էին համերգին, տեսա դեռահասներ, որ ռեպ են սիրում, լսում, իրենք են կարդում, էրեխեք, որ անգիր գիտեն իրենց սիրած երգերն ու չեն ամաչում դա կատարել։ Երեկ ես տեսա ապրող Ստեփանակերտ, տեսա հավեսով մարդկանց։ Ու շատ ուրախացա։ Ու շնորհակալություն ռեպերին, որ կարողացավ այդ միջավայրը ստեղծել, որ իր անկեղծ երգերով վարակեց դահլիճին, որ, համոզված եմ, էրեխեքին ասաց՝ դու մենակ չես, տես, ես խոսում եմ այն մասին, ինչը հենց քե՛զ է հուզում։
Ուրախ եմ, որ երեկ երեկոյան Ստեփանակերտն ավելի գունավոր ու կրեատիվ էր, ուրախ եմ, որ Ստեփանակերտում այդքան հավեսով երիտասարդներ կան․ նրանք ստեղծագործող ու ազատ սերունդ են դաստիարակելու։

Հ․Գ․ Ու շատ հաճելի է, որ Ֆասոնը Քարվաճառից է։ Հույս ունեմ՝ առաջիկայում հետը կզրուցեմ ու նյութ կպատրաստեմ․ արդեն հարցեր ունեմ իրեն։


Թամարա Գրիգորյան

воскресенье, 20 сентября 2015 г.

Իմ արտագաղթած դասընկերը․ անկախության մեր գինը

Իմ դասընկեր Հայկը փոքրամարմին էր ու շիկահեր, կամ էլ ընդհանրապես այդպիսին չէր, բայց ես նրան հենց այդպես եմ հիշում։ Հայկի հետ կապված շատ հիշողություններ չկան․ միակ հիշարժան բանն այն է, որ մի քանի տարի շարունակ Հայկն ամեն սեպտեմբերի մեկին գալիս֊ասում էր՝ «Ես էս տարի դասագրքեր չեմ վերցնում, մի քանի օր եմ դասի գալու, հետո մենք գնալու ենք Ռուսաստան»։ Ու մի քանի տարի շարունակ մենք տեսնում էինք, թե ինչպես է Հայկն ամբողջ տարին գալիս դպրոց․ սեպտեմբերի կեսին նրա մայրիկը, նիհար ու շիկահեր մի կին, գալիս էր ու ինքն էր դասագրքերը վերցնում։ Ու ամեն տարի մենք ծիծաղում էինք Հայկի վրա՝ հը, բա չե՞ք գնում Ռուսաստան։ Ծիծաղում էինք ու այդ ժամանակ ոչ մեկս չէր գիտակցում, որ Հայկի՝ Ռուսաստան գնալը նաեւ մեր ցավն էր, նաեւ մեր՝ Հայաստանում մնացողներիս կորուստը։ Հայկն էլ տխրում էր, նեղվում, որ էլի ստիպված է մնալ, ու երեւի թե ատում Հայաստանն էլ, Վանաձորն էլ, մեր դպրոցն էլ։ Մի տարի էլ, արդեն սովորականի նման, տարվա սկզբին Հայկը նույնն բան ասաց, ու մենք, բնականաբար, էլի ծիծաղեցինք։ Ու չնայած էլ ոչ մի կերպ չէինք հավատում, բայց այդ տարի Հայկենք՝ ինքը, մայրիկն ու եղբայրը, իրոք գնացին Ռուսաստան, իրենց հայրիկի մոտ։
Ու Հայկի ընտանիքի նման քանի՜֊քանի՜ ընտանիքներ այդ տարիներին գնացին արտերկիր՝ անկախացած Հայաստանն առանց իրենց թողնելով։
Էլ չգիտեմ, թե Հայկն ինչ եղավ, չգիտեմ՝ հիշու՞մ է մեր՝ իր վանաձորյան դասընկերների մասին։ Միգուցե Հայկի հայրիկի գործերն արտերկրում չեն հաջողվել, ու նրանք ընտանիքով հետ են եկել, ու Հայկն ու իր եղբայրն իմ եղբոր պես ծառայել են հայոց բանակում։ Հնարավոր է նաեւ, որ Հայկն արդեն կիսառուս երեխաներ ունի, չգիտեմ։
Հայկն այն տարիներին գնաց նոր, անծանոթ ու հեռու մի տեղ, իսկ մենք մնացինք մեր քաղաքում, մնացինք անտառից քարշ տված մի քանի ծառի ճյուղի, դպրոց բերած կտրատած փայտի, անընդհատ ծուխ անող ու համարյա չտաքացող վառարանի, մոմի լույսի ու տալոնով հացի հետ։ Մնացինք մարտի 8֊ին մայրիկին նվիրած մեր ձեռքով քաղած ձնծաղիկի համար, այն ուսուցիչների համար, որ տեսնելով, թե ոնց ենք մրսում, մեզ հավաքում էին վառարանի շուրջն ու էդպես էին դաս անում․․․
Մնացինք, որ այսօր ունենանք 24 տարեկան անկախ Հայաստան, հայոց միջնաբերդ Քարվաճառ, Արցախի կյանքի ճանապարհ Քաշաթաղ, մնացինք, որ ունենանք ազատագրված հողում ծնված մանուկներ, Դադիվանքում մկրտվող երեխաներ, մնացինք, որ Շուշիի Ամենափրկիչում մոմ վառող լինի, որ սարերը մեր չմնան անտեր։ Մնացինք, որ Վարդանի ու Մոնթեի, Պետոյի ու Թաթուլի, Գագոյի ու Կարոտի ձեռք բերած անկախությունը չմնա անտեր։ Ու անտեր չի՛։
Ի՞նչ իմանաս՝ միգուցե Հայկի ու բազմաթիվ հայկերի երեխաներ մի օր կգան՝ տեր կանգնելու իրենց անկախությանը․․․