вторник, 29 ноября 2011 г.

Մենք դեռ սիրու՞մ ենք գիրք


Այսօր ցերեկվանից տրամադրությունս բարձրացավ: Աշխատանքիս վայրում անընդհատ նայում էի սեղանիս դրած նոր, սիրուն կազմով, «ախորժալի» գրքին ու տրամադրությունս բարձրանում էր: Այսօր ՆՓԱԿ-ում գրքի շնորհանդեսի էի գնացել. գրական տարեգիրք, «Մուգ կապույտ, վառ կարմիր…» ժողովածուում ամփոփված են 13 երիտասարդ գրողների աշխատանքներ: 
Շատ ուրախացա, որ նոր գիրք ունեցա, այն էլ` ժամանակակից գրողների գործեր: Շատ հետաքրքիր է կարդալ քո հետ նույն ժամանակում ապրող, նույն խնդիրները տեսնող, համարյա նույն տարիքի մարդկանց գրածը, տեսնել նրանց աշխարհայացը, հասկանալ նրանց:

Բավական երկար ժամանակ է, որ որոշել եմ մշակութային միջոցառում գնալիս այլեւս չնայել, թե որքան մարդ է եկել միջոցառմանը, ով է եկել, ով չի եկել, այլ ուղղակի հանգիստ վայելել ներկայացումը, համերգը, շնորհանդեսը: Բայց դե չի լինում ախր: Գնացել եմ գրքի շնորհանդեսին, ներկայացվում են երիտասարդ գրողների գործեր, ու գրեթե չկան երիտասարդ բանասերներ, արվեստաբաններ, գրականագետներ, գրողներ: Հետաքրքիր չի՞, մեկ է, թե ինչ է տպագրվում, իրենց ծանոթ գրողի գործը չկար, չեն եկել….Չգիտեմ, իրոք չգիտեմ: Միգուցե պետք չի, որ գային, ես եմ սխալ: Չգիտեմ…

Հա, կարելի է գիրքը հետո ձեռք բերել, կարդալ, համացանցում գտնել: Բայց մի ժամանակ գրողները հավաքվել են, քննարկել, քննադատել միմյանց գրածները, այդպիսի հաճելի բաներ արել: 

Երեւի դա արդեն ակտուալ չի:

четверг, 24 ноября 2011 г.

Սիրել եմ մի ձեւով. իմ ձեւով


Կյանքումս ամենակարեւորը միշտ էլ սերն է եղել: Սիրել եմ միայն մի ձեւով. անմնացորդ, ամբողջական, կրքով, կյանքով, արյունով, մինչեւ վերջ, ամեն բջիջով, սիրել եմ մի ձեւով` իմ ձեւով: Ու այսպես սիրել եմ ամենասիրելիներին. ամենասիրելիիս, մամայիս, պապայիս, եղբորս, մի երկու ուրիշ հարազատ մարդկանց, հայրենիքս, քաղաքս, գրքերս…

Սիրել եմ խանդոտ, մինչեւ վերջ, այրվելով, մոխրանալով ու վերակենդանանլով, սիրել եմ ցավոտ, տառապագին, արտասուքի ծովով, խեղդվելով…

Գիտեմ, թե ինչ է ցավացնող, սպանող, կուլ տվող սերը…լավ գիտեմ, ցավից ճչալու չափ լավ: Այդ ցավեցնողն իմ կեսը խլեց, վերածեց արտասուքի ու խմեց, խմեց, խմեց… Ու չէի հավատում, թե որն է երջանիկ սերը, ու համոզված էի` չկա: Չէի տեսել, չէի հավատում:
Ու մի օր տեսա… ավելին, մի օր երջանիկ, այսինքն, իսկական սերն եկավ, գրկեց, պոկեց ինձ ցավի ճիրաններից ու տարավ…. 

Ու այդ ժամանակ ես հասկացա, թե որն է սերը: Այն, որ, այն, որ……այն, որ չի բացատրվում, այն որ բառերի մեջ չի տեղավորվում, այն որ սիրտդ ճաքում է ուրախությունից, այն, որ արեւին ներս ես թողնում, գալիս-լցվում է մեջդ, ապրեցնում է քեզ:
Ու ապրում եմ այդպես երջանիկ, հավատով լի, ապագային հավատալով արդեն որոշ ժամանակ: Ու չէի կարողանում գրել սրա մասին, քանի որ երջանկությունը բառերի մեջ չի տեղավորվում, քանի որ երջանկության մասին կարելի է ճչալ, թռչկոտել, գրկել, համբուրել, արարել, ապրել…..բայց ոչ գրել, բայց ոչ խոսել….ամենաերջանիկը թաքնվում է մեջդ, ու դու ուղղակի երջանիկ ես:

Իսկ այսօր ես ցավ զգացի, ցավ զգացի վախից, վախ` կորցնելու….արեւ կորցնելու, կյանքս կորցնելու….Էն, որ աչքերդ արցունքոտվում են անկախ նրանից, թե դու ուր ես, էն, որ անզուսպ հեկեկում ես, այլապես կխեղդվես, էն, որ սիրտդ դողում է, ու դու անզոր ես, էն, որ հոգեւոր ցավը հասնում է մարմնիդ ու կենսական օրգաններդ են խաթարվում, էն, որ մահն ես զգում մեջդ, էն, որ անզոր ես, ու սիրտդ ճաքում է անզորությունից….էն, որ սպանող ու կյանք տվող զգացմունք է, էն, որ հիշեցնում է,  որ քո սիրտը չի քարացել հիմարիկ, որ դու ՍԻՐՈւՄ ԵՍ, որ դու վախենում ես կորցնել, որ դու ուղղակի մարդ ես, որ ԱՊՐՈւՄ ԵՍ……

воскресенье, 20 ноября 2011 г.

Ձոն իմ մանկությանը, իմ գրքերին ու իմ երազանքներին


Երբ փոքր էի ու իմանում էի, որ մեր բակից ինչ-որ աղջիկ ամուսնացել է, մի տեսակ անբացատրելի զգացմունք էի ունենում, որ այդ աղջկա կյանքն ավարտվեց, վերջ: Չէի հասկանում, թե դա ինչ զգացողություն է, հիմա էլ չեմ կարողանում լավ բացատրել:
«Դե վերջ, ամուսնացավ, հիմա ամբողջ կյանքում ապրելու է այդ նույն տանը, ամեն օր նույն խանութն է գնալու, դե մի երեխա էլ կունենա, հաստատ վերջ…», այն ժամանակ մտածում էի ես: 
Ու իհարկե, ես այդ ձեւաչափի մեջ տեղավորվել չէի կարող: Ես երբեք մեր բակում կամ կողքի բակում չէի կարող ամուսնանալ, չէի կարող կյանքս տեղավորել մի նեղ, սեղմող ֆորմատում ու այդպես հանգիստ ու գծագրված ապրել:
 «Հենց դրա համար էլ ես լրագրող կդառնամ: Կգնամ հազար ու մի տեղ, տարբեր մարդկանց հետ կշփվեմ»:
Կարեւորը դա էր. շատ տեղեր կգնամ, միշտ նույն տեղում չեմ լինի, ազատ կլինեմ:
Փոքր ժամանակ ամեն ինչ լավ չէի հասկանում, իրերն իրենց անուններով չգիտեի, բայց ամեն ինչ շատ լավ զգում էի: Առավել քան լավ:
Մի որոշ ժամանակ անց արդեն ավելի լավ հասկացա, թե ինչու եմ ընտրել լրագրողի մասնագիտությունը. ես հավատում էի, որ ես կարող եմ ինչ-որ բան փոխել: Լրագրողի մասնագիտությունը ընտրելով` ներքին համոզում ունեի, որ փնտրող բնավորությանս հագուրդ կտամ….

Հիմա որ հետ եմ նայում, մեկ-մեկ զարմանում էլ եմ, թե այդքան ֆանտազիա ու գունավոր պատկերացումներ ինձ որտեղի՞ց էին այդ մութ ու ցուրտ տարիներին: Թերեւս գրքերից: Դպրոցական տարիներին կարդում էի շատ, ուղղակի չէի կարդում, գրքերն ուտում էի, կուլ էի տալիս: Վառ պատկերները մնում էին գլխումս, սիրում էի նրանց, ատում էի, օրինակ էի վերցնում, փորձում էի նրանց նման ինչ-որ բաներ անել: Արտասահմանյան ու հայ գրականություն, պատմական ու արկածային, սիրային ու դետեկտիվ, գիտաֆանտաստիկ ու ուղղակի մարդկային պատմություններ ամեն օր լցվում էին գլուխս: Հիշում եմ, որ դպրոցում ցանկանում էի դասերս շուտ վերջանային ու վազեի տուն, որ “Ջեյն Էյր”ը շարունակեմ կարդալ, ինձ թվում էր, թե նա տանն ինձ է սպասում, որ գնամ ու խոսենք իրար հետ:

Մի երկար ժամանակաշրջան պատանեկան տարիներիս ամենասիրելին Ջեկ Լոնդոնն էր: Նրա կերտած Մարտին Իդենն իմ իդեալն էր, ուզում էի այդ տղայի նման ինքնուրույն ամեն ինչի հասնել… Երբ պատմում էի գրքի մասին ու լսողները չէին համաձայնում Իդենի ինքնասպանության հետ, ես կրքոտ պաշտպանում էի այդ գաղափարը.”Ախր նա էլ կյանքում անելիք չուներ: Նա ամեն ինչ ստացել էր…” Իբր ես հասկանում էի, թե ինչ է նշանակում “կյանքում այլեւս ոչինչ չունենալ”, կամ էլ “ամեն ինչ ստացած լինել”… Նախանձ էի, իմ գրքերը չէի տալիս, որ ուրիշները կարդան, խանդում էի:

“Վիկինգների արշավանքը”, “Խորհրդավոր կղզին”, “Անգլուխ ձիավորը”, “Մոնթեսումայի դուստրը” գալիս իրենց ֆանտաստիկ պատկերներով լցվում էին գլխիս մեջ, ու երեւի այդ պատճառով էր, որ մանկության երազանքն էր անմարդաբնակ կղզում հայտնվել:

Այ այդ պատճառով էր, որ երբ մեր բակից մի աղջիկ ամուսնանում էր մեր բակից մի տղայի հետ, ես ներքին համոզմունքով զգում էի, որ նա չի էլ ցանկանալու լինել անմարդաբնակ կղզում… Ու միգուցե իրենց բալիկները երբեք էլ չեն տեսնելու մամային կամ պապային գիրք կարդալիս ու մտովի անմարդաբնակ կղզում քայլելիս:

Փոքր ժամանակ էլ, իսկ հիմա առավել եւս մեր տանը ամենամեծ հարստությունը համարել եմ հսկայական գրադարանը, որ պապիկս թողել է մեզ` իր չորս թոռնիկներին: Այդքան գիրք է թողել, երեւի այդ պատճառով ուրիշ հարստություններ չի թողել: Պապիկիս չեմ տեսել, բայց անսահման սիրում եմ նրան իր թողած գրքերի մեջ, ճանաչում եմ նրան գրքերում ու փոքրիկ թղթիկների վրա գրված երկտողներից, որոնք գտնում եմ նրա թողած գրքերի մեջ:

Փոքրուց ամենասիրելի զբաղմունքներից էր մեր գրադարակները վերադասավորելը: Մի անգամ դասավորում էի ըստ թեմատիկայի, մի անգամ` ըստ հեղինակների, հաջորդ անգամ` ըստ լեզուների:
Հետո սկսեցի ես գրքեր գնել ու գնում եմ մինչեւ հիմա: Հիմնականում ընկերներիս ծննդյան օրերին գրքեր եմ նվիրում:

Գիրքը դաստիարակության միջոց է, գիրքը մարդ է դաստիարակում, գիրքը երեխային, պատանուն, երիտասարդին, մեծահասակին տալիս է մի ուրիշ, հոյակապ աշխարհի հնարավորություն: Ու չնայած մայրիկս միշտ անհանգստանում էր, որ ես ինձ երբեք չեմ գտնի այս կյանքում, քանի որ շատ եմ երազային ապրում ու “գրքային” եմ, բայց, շնորհակալ եմ Աստծուն, այսօր իմ կողքին կա այն մարդը, ում հետ ամուսնանալով չեմ համարի, որ կյանքս ավարտվեց, այլ այն նոր-նոր պիտի սկսվի, ու մենք հաստատ մի օր կգնանք անմարդաբնակ կղզի….
Անկախ տեխնիկական ցանկացած գյուտի գիրք պետք է կարդալ երեւակայություն ունենալու, գեղեցիկն զգալու ու մի այլ աշխարհի գոյության հնարավորության համար… 

пятница, 18 ноября 2011 г.

Պատմաբան. «Հայ Առաքելական Եկեղեցին շատ հաճախ է կատարել պետության գործառույթները»



«Պետության եւ եկեղեցու առաջին հանդիպումը տեղի ունեցավ չորրորդ դարի սկզբին, երբ պետությանն անհրաժեշտ եղավ ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Պետք է անպայման նշել, որ այս ընդունումը հեշտ չեղավ, սա հեղափոխություն էր: Փոխվում էր ամեն ինչ. կենցաղ, ապրելակերպ, մտածելակերպ: Սակայն պետք է նաեւ հասկանանք, որ սա մի քայլ էր փրկելու այն ժամանակվա հայոց պետականությունը, որը գտնվում էր ծանրագույն իրավիճակում», «Արտագերս» դպրոցի սաների հետ «Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանությունը եւ հայկական ինքնությունը» դասընթացի շրջանակներում հերթական հանդիպման ժամանակ նշեց պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը:
Ինչպես բացատրեց պարոն Հովհաննիսյանը, քրիստոնեության ընդունումը քայլ էր դիմագրավելու պարթեւներին եւ հռոմեացիներին, տարբերվել նրանցից:

«Հաճախ Գրիգոր Լուսավորչի անվան փառքի մոտ անտեսվում ու մոռացվում է Տրդատ Երկրորդը: Սակայն եկեք ընդունենք, որ առանց պետության, տվյալ դեպքում` թագավորի հովանավորության Գրիգոր Լուսավորիչը ոչնչի էլ հասնել չէր կարող», նշեց պատմաբանը:
Խոսելով քրիստոնեության ընդունման խնդիրների մասին, Պ. Հովհաննիսյանը նշեց, որ սկզբից այս կրոնը մեծ դժվարությամբ էր ընդունվում հասարակության կողմից:
 «Քրիստոնեության ընդունումից հետո հարյուր տարի անց  Մեսրոպ Մաշտոցը քարոզում էր քրիստոնեություն: Սա նշանակում է, որ պետականորեն ընդունումից հարյուր տարի հետո էլ դեռ Հայաստանում մարդիկ կային, ովքեր քրիստոնյա չէին»:

Պետությունը եկեղեցով եւ եկեղեցին պետությունով կարգախոսը երբեմն շատ լավ է աշխատել հայ իրականության մեջ, սակայն մենք գիտենք նաեւ դեպքեր, երբ եկեղեցին ու պետությունը մտել են խիստ առճակատման մեջ:

«Բոլորիս հայտնի է Պապ թագավորի օրինակը, ով կարծում էր, որ եկեղեցին արդեն շատ է հզորացել, եւ նրան անհրաժեշտ է իշխանության տակ պահել: Այդպիսի փորձեր Պապը կատարեց»:

Հայ առաքելական եկեղեցին ակտիվորեն գործել է այն ժամանակ, երբ մենք պետություն չենք ունեցել: Այս ժամանակ եկեղեցին ստիպված է եղել բացի հոգեւոր սնունդ տալը նաեւ զբաղվել մի շարք կազմակերպչական հարցերով, որոնք այսօր պետությունն է կազմակերպում:

«Չնայած քրիստոնեության հնազանդության կոչին, շատ հաճախ հայ կաթողիկոսներն իրենք են օժանդակել ու առաջնորդել ապստամբությունները հատկապես այն ժամանակ, երբ պետություն չենք ունեցել», նշեց պատմաբանը:
Պարոն Հովհաննիսյանը հատկապես կարեւորեց եկեղեցու ազգապահպան դերը այն ժամանակ, երբ մենք պետություն չենք ունեցել:

«Երբ մենք գտնվում էինք պարսիկների, արաբների, ռուսների տիրապետության տակ, այս տիրապետողները երբեք մեր համար դպրոց չէին կառուցելու կամ չէին պահպանելու ազգային մշակույթը: Ընդհակառակը, հայ դպրոցը միշտ էլ ատելի է եղել տիրապետողներին: Եւ ահա հայ ազգի համար այս ամենածանր շրջաններում եկեղեցին է կազմակերպել հայկական հոգեւոր կյանքը», կարեւորեց մեր զրուցակիցը:
Հատկապես կարեւորելով եկեղեցու այս վերջին գործառույթը, փորձառու պատմաբանը նշեց, որ չնայած եկեղեցու դերը սկզբից եղել է ազգի հոգեւոր ապավենը լինելը, շատ հաճախ այն ստիպված է եղել կատարել մի շարք այլ գործառույթներ եւս:

Այսօր եւս եկեղեցին կատարում է ազգային ավադույթների պահպանման գործառույթ: Եւ պետք է միշտ հիշել, որ Հայ Առաքելական Եկեղեցին ազգային եկեղեցի է, այն միայն կրոն չի, այլեւ ապրելակերպ:
Եւ վերջում, ինչպես մի շատ լավ մասնագետ նշեց մի անգամ, քրիստոնեությունը հայի մաշկի գույնն է: Այս ձեւակերպումն, իմ կարծիքով, շատ դիպուկ էր:

пятница, 11 ноября 2011 г.

Եկեղեցական տոներ, խորհուրդներ. պետք է իմանալ



«Արտագերս» երեկոյան դպրոցի մասնակիցների հետ Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանի հանդիպումներից երկուսը նվիրվեցին Հայ Առաքելական Եկեղեցու տոներին, խորհուրդներին, սովորույթներին:

Թեման այնքան լայն է ու ինֆորմատիվ, որ մեկ գրառման մեջ այն ամփոփելն այն անհնար է, ուստի այս գրառումն ընթերցելուց հետո էլ իմացեք, որ դեռ շատ բան չգիտեք Հայ Առաքելական Եկեղեցու տոների, ծեսերի, սովորույթների մասին: Իսկ այդ բացը լավագույնս կարելի է լրացնել եկեղեցի այցելելով ու այդ խորհուրդներին ու տոներին անմիջապես հաղորդակցվելով:

Ինչպես նշեց Տեր Եսայի Արթենյանը, եկեղեցու բոլոր տոներն ուրախության օրեր են, սակայն այստեղ խոսքը հոգեւոր ուրախության մասին է: Իրականում առանց ճոխ սեղանի ու շատ հյուրերի էլ է հնարավոր իսկական տոն կազմակերպել եւ հոգով ուրախանալ, մաքրվել:
Սկսենք տոների տեսակներից:

Տերունական: Սրանք այն տոներն են, որոնք անմիջապես կապված են Հիսուս Քրիստոսի հետ. տոների անվանումն առաջացել է «տեր» բառից: Այս տիպի տոներից են Քրիստոսի Ծննդյան տոնը, Անվանակոչության, Թլպատման, Խաչվերաց (խաչին վերադարձ): Հատկանշական է, որ Մարիամ Աստվածածնին վերաբերող բոլոր տոները եւս (Հղացման, Տաճարի ընծայման, Ծննդյան, Տփո) տերունական են:
Սրբոց:  Եկեղեցին տարվա գրեթե կեսը նշում է որպես որեւէ սրբի օր: Սրբերի օրեր չեն նշվում միայն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, քանի որ սրանք պահքի օրեր են: Ի դեպ, այդ օրերին չի կատարվում նաեւ օրհնություն (մատաղի, պսակի եւ այլն):
Սրբոց օրերին եկեղեցականներն իրենց աղոթքներում հիշում են այն սրբերին, որոնց օրն է այդ օրը: Հատվածներն ընթերցվում են «Հայմս ավուր» ժողովածուից, որն ամփոփում է բոլոր սրբերի կյանքը:
Պահոց օրեր:  Շատ հաճախ մեր գիտակցության մեջ պահքն ընկալվում է որպես զրկանք, սակայն դա այդպես չի: Պահքը եւս տոն  է, հոգեպես մաքրվելու եւ հոգեւոր ուրախության առիթ: Պահքի օրերին, ինչպես արդեն նշվեց, չի կարելի մատաղ, պսակ անել: Անդրադառնալով Զատկին նախորդող Մեծ Պահքին, Տեր Եսայի քահանան նշեց, որ շատ հաճախ մենք կարծում ենք, թե սա միակ պահքն է տարվա մեջ: Իրականում տարվա գրեթե 160 օրեր պահքի օրեր են: «Պահքը պետք է ինքնանպատակ չլինի, մարդը պետք է պատրաստ լինի պահքին նախ եւ առաջ հոգեպես: Պահքը միայն սննդակարգով չի որոշվում», ընդգծեց Տեր Հայրը:

Եկեղեցական տոները լինում են շարժական եւ անշարժ: Քրիստոսի ծննդյան հետ կապված շատ տոներ անշարժ են. քանի որ հայտնի Քրիստոսի ծննդյան հստակ օրը, հայտնի են նաեւ դրա հետ կապված մի շարք իրադարձությունների օրեր: Իսկ որոշ տոներ կապված են Սբ. Զատիկի հետ. որոշվում է Սբ. Զատկի օրը եւ հետո դրա հետ կապված օրերը եւս:
Սբ. Ծնունդը, ինչպես նաեւ Պայծառակերպության, Խաչվերաց եւ մի քանի այլ տոներ կոչվում են տաղավար տոներ:

Ըստ Ավետարանի, Պայծառակերպության օրը Քրիստոսն այլակերպվել է իր աշակերտների աչքի առաջ Թափոր լեռան վրա:  Այդ ժամանակ աշակերտները խնդրում են Քրիստոսին մնալ այդտեղ ու հանգիստ ապրել. նրանք գիտեին, որ իջնելով ներքեւ, Քրիստոսը չարչարանքների է ենթարկվելու, իսկ այդտեղ կարելի է հանգիստ ապրել: Սակայն Քրիստոսը բացատրեց նրանց, որ լույսն ու հավատը պիտի տարածել այնտեղ, որտեղ շատ է չարիքը եւ ոչ թե մնալ մի տաքուկ անկյունում ու անվտանգ ապրել:

Նյութը չծանրացնելու համար առանձին-առանձին չեմ ներկայացնում բոլոր տոների խորհուրդները, քանի որ դրանք բոլորն էլ բավականին երկար պատմություն ունեն: Ի դեպ, այս բոլոր տոենրի մասին կարելի է կարդալ հոգեւոր գրքերում, ինչպես նաեւ տեղեկանալ դրանց խորհրդին` հաճախակի այցելելով եկեղեցի ու զրուցելով հոգեւոր սպասավորների հետ:

Կարեւոր է իմանալ նաեւ եկեղեցու յոթ խորհուրդները. կարգ հիվանդաց, ձեռնադրություն, օծում, պսակ, մկրտություն, հաղորդություն, դրոշմ, ապաշխարանք: Այս յոթ խորհուրդներից  հատկապես խոսելով պսակի մասին, Տեր Եսային նշեց, որ զույգերը պետք է իսկապես լավ հասկանան պսակի խորհուրդը: «Հաճախ աղջիկները չեն ցանկանում ասել` հնազանդ եմ, սակայն երբ հասկանում են իմաստը, ասում են:» Քրիստոնեությունը պատվիրում է կնոջը հարգել իր ամուսնուն, իսկ տղամարդը պարտավոր է սիրել իր կնոջը իր անձից էլ ավելի:
Տեր Եսային ներկաներին պատմեց նաեւ պատարագի մասին, ներկայացրեց պատարագի չորս մասերը: Սակայն մինչեւ պատարագին ներկա չգտնվենք, այդպես էլ չենք հասկանա պատարագի խորհուրդը:

Այս գրառման մեջ հնարավոր չի ամփոփել այն հսկայական տեղեկատվությունը, որն ստանում ենք քահանայի հետ զրուցելուց, բայց այսքանով ավարտեմ այս անգամ: Իսկ Տեր Եսայիի զրույցները "Արտագերս"-ի սաների հետ շարունակվում են :)   

вторник, 8 ноября 2011 г.

Առաջ ես լավն էի….


Առաջ ես ուրիշ էի, կարծում եմ` առաջ ես լավն էի: Առաջ ես ուրիշ կերպ էի ապրում, առաջ ես աշխարհին ուրիշ կերպ էի նայում, առաջ իմ աշխարհն ուրիշ էր:

Առաջ ես այս ամենը գրում էի սիրուն, փոքրիկ, գունավոր նոթատետրի մեջ, հետո կարդում էի գրածներրս նորից ու նորից…
Առաջ ես հաճախ էի դիտում իմ մահճակալի վերեւում  փակցված աստղերին, որոնք լույս են տալիս գիշերը…
Առաջ ես գեղեցիկ լամպ ունեի, որի արտացոլումը սիրուն պատկերներ էր գծում սեղանիս վրա, երբ ես գիշերը կարդում էի ու գրում…հիմա գրում եմ համակարգչով, լամպի կարիք չկա…

Առաջ ես Փիսիկիս հետ քալյում էի քաղաքով, տեսնում էի քաղաքի հոգսերը, գույները, մարդկանց…
Առաջ ես հաճախ նստում էի թատրոնի մուտքի մոտ ու գիրք էի կարդում, մինրեւ ներկայացումը կսկսվեր…
Առաջ ես հաճախ էի լինում իմ սիրելի հարազատ քաղաքում, քայլում էի ուղղակի…
Առաջ շատ էի շփվում ընկերներիս հետ…
Առաջ նրանք հաճախ էին գալիս մեր տուն…
Առաջ ես խմում էի այդ ընկերներիս հետ…
Առաջ մենք իրար հետ ծառի վրա էինք բարձրանում…
Առաջ ես այսքան չէի հոգնում…
Առաջ ամեն ինչ այսքան լուրջ չէր…
Առաջ ես շատ ֆիլմեր էի դիտում…
Առաջ ես երազում էի…շաաաատ…
Առաջ ես փնտրում էի….անընդհատ….
Առաջ ես հավատում էի…միշտ…
Առաջ ես երեւակայում էի…բավականին…


Ինչ վատն եմ ես հիմա…կազմակերպված ու պլանավորված…

четверг, 3 ноября 2011 г.

Տեր Եսայի Քահանա. «Եկեղեցականը կարող է թերություններ ունենալ, Հայ Առաքելական Եկեղեցին` երբեք»


Հայ Առաքելական Եկեղեցին միշտ կարեւոր դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Երբ պետություն չենք ունեցել, եկեղեցին իր շուրջն  է համախմբել ազգը, կատարել է նաեւ մի շարք տնտեսական գործառույթներ:
Բայց արի ու տես, որ մենք ազգովի մի տեսակ անշնորհակալ ենք եկեղեցու հանդեպ ու հարվածում ենք եկեղեցուն` գիտակցաբար ու անգիտակցաբար: Հարվածում ենք` եկեղեցի չգնալով, եկեղեցական ծեսերն ու կարգերը չիմանալով, հոգեւորականների հետ չշփվելով ու վերջապես որ ամենակարեւորն է` տարաբնույթ աղանդներին մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիք թողնելով:

«Արտագերս» դպրոցի սաների համար կազմակերպված հոգեւոր զրույցների շարքը նախատեսված է հենց այս բացերը լրացնելու համար: Հոգեւորականների զրուցներին մասնակցած երիտասարդները` լրագրողներ, քաղաքագետներ, պատմաբաններ, այսուհետ իրենց հրապարակումներում առավել գրագետ կլինեն եկեղեցու մասին գրելիս եւ իրենց հրապարակումներով կօժանդակեն եկեղեցու մասին` հասարակական ճիշտ ու առողջ կարծիքի ձեւավորմանը:
Ինչպես երիտասարդների հետ առաջին հանդիպման ժամանակ նշեց Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը, եկեղեցականները կարող են թերություններ ունենալ, իսկ եկեղեցին որպես հոգեւոր կառույց անթերի է: Ըստ քահանայի եկեղեցին եւս շատ լուրջ բարեփոխումների կարիք ունի եւ դա առավել եւս ակնհայտ է դառնում առողջ քննադատության արդյունքում: Բայց առողջ, կառուցողական քննադատության, ոչ թե թունոտ քննադատության դեպքում:

Խոսելով Քրիստոսի մասին` Տեր Եսային մի քանի խոսուն օրինակներով ցույց տվեց, որ Քրիստոսը պատմական անձ է եղել: Նա նշեց մի քանի վկայություններ, որ Քրիստոսի մասին արել են հեթանոս պատմիչներ:

«Դուք եթե Աստված հորինեիք, ինչպիսի՞ Աստված կհորինեիք», հարցրեց Տեր Եսային ներկաներին: Պատասխաններից պարզ դարձավ, որ հորինած Աստվածը լինում է ուժեղ, բարի, ամենակարող, հզոր: «Ոչ ոք թույլ չի տա, որ իր ստեղծած Աստծո վրա ծիծաղեն, թքեն նրա վրա, խաչեն: Կասկածից վեր է, որ Քրիստոսը պատմական անձ է եղել», նշեց Տեր Եսային:

Հոգեւոր հայրն անդրադարձավ նաեւ քրիստոնեության երեք հիմնական արժեքներին` հույս, 
հավատ, սեր:

Ինչպես քահանան բացատրեց, սերը միայն հիացմունք արտահայտել չէ, սերը ներելն է, ճանաչելն ու հարգելն է: “Եթե սիրում ես, պետք է ազատություն տաս քո սիրելիին, պետք է սիրես նրան այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե ստեղծես քո երազած կերպարն ու փորձես նրան հարմարեցնել:”

Խոսելով հույսի մասին, Տեր Եսային բացատրեց, որ հույսը մարդուն օգնում է պայքարել: Դե իսկ հավատ պետք է բոլորին, ամեն հարցում. մինչեւ չհավատաս, ոչ մի բանի էլ չես հասնի:

“Մարդկային հոգու խորությունը կամ դատարկությունը հնարավոր չէ դեն նետել, հնարավոր  է միայն լցնել այն: Մարդու հոգու խորությունը կարող է իր մեջ տիեզերք տեղավորել”:
Աստված յուրաքանչյուրիս յուրովի է սիրում ու սիրում է հենց այնպես, ուղղակի սիրում է. ըստ Տեր Եսայիի, սա քրիստոնեության ամենամեծ հրաշքներից է: Ամփոփելով իր խոսքը` Տեր Եսային եզրակացրեց, որ քրիստոնեությունը ոչ թե գաղափարախոսություն է, այլ ապրելակերպ:

“Քրիստոնեությունը երբեք չի կարող բութ հնազանդություն քարոզել”:

Դասախոսության երկրորդ մասն անցավ հարց-պատասխան ձեւաչափով: Խոսելով շատ հրատապ ու կարեւոր խնդրի` աղանդների մասին, Տեր Եսայի քահանան նշեց, որ աղանդների ներկայացուցիչները խաբում են մարդկանց` խոստանալով նրանց հեշտ փրկություն: “Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին ճիշտն ասում է հավատացյալին, ասում է, որ մարդը պետք է լուրջ հոգեւոր ճիգ ապրի` փրկվելու համար:”

Պատասխանելով տարածված այն հարցին, թե ինչու՞ է քրիստոնեությունն ասում` եթե մի այտիդ հարվածում են` մյուսն էլ պարզիր, թող ապտակեն, Տեր Եսային ասաց. “Քրիստոնեությունը երբեք չի կարող բութ հնազանդություն քարոզել: Այդ խոսքն ուղղակի պետք է հասկանալ այսպես. եթե քեզ չարություն են անում, դու քեզ այնպես պահի, որ չարություն անողն իրեն վատ զգա, այլ ոչ թե դու էլ չարիք գործի ու ավելացրու չարիքն աշխարհում”:

Խոսելով եկեղեցու դերի մասին, հոգեւոր հայրը նշեց. “Եկեղեցու կարեւորագույն գործերից եմ համարում հայ երիտասարդին օգնելը, որ նա իր տեղը գտնի այս արեւի տակ, ինքնահաստատվի ու միշտ հիշի, որ Աստված իրեն սիրում է, ուղղակի սիրում է”:

Եւ վերջում պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին այն մասին, թե “Եհովայի վկաներ” կոչվող աղանդի ներկայացուցիչները հաճախ են ասում, թե Եհովան Աստծո անունն է, Տեր Եսային նշեց. “Նրանք ստում են, քանի որ ոչ ոք իրականում չգիտե Աստծո անունը, իսկ Աստծո անունը սխալ տալն ուղղակի մեղք է”: