пятница, 30 декабря 2011 г.

Սենյակս. այստեղ իմ մանկության աչքերն են


Սենյակս, իմ սենյակը…մի ամբողջ կյանք է ամփոփված իմ հարազատ ու փոքրիկ այս սենյակում, որտեղ արդեն մի քանի տարի է` տարվա մեջ մի քանի օր եմ անցկացնում: Տարվա մեջ որքան  էլ չգամ սենյակս, տարին այստեղ եմ ամփոփում:
Այստեղ մանկությունս է ամփոփված ու պատանեկությունս, այստեղ հույսերս են ամփոփված ու հուսահատություններս, մանկական անմեղ ծիծաղս ու առաջին արցունքներս:

Սենյակս, հարազատս….պատերին դեռ պատանեկության տարիներին փակցրած լուսանկարների հետքերն են մնացել, չնայած մամաս բոլորն էլ պոկել է, հատկապես իմ տեղափոխվելուց հետո: Դարակներում ինչ ասես, որ չկա: Դպրոցական հնամաշ գրքեր, բացիկներ ամենատարբեր մարդկանցից, ովքեր մի օր թանկ ու կարեւոր են եղել, իսկ այսօր, թող ներեն ինձ, բայց չեմ էլ հիշում իրենց դեմքերը: Փոքրիկ թղթի կտորներ, որոնց վրայի գրածն ինձ համար թանկ է, բայց արդեն անհասկանալի…

Սենյակիս պատերն անգամ իմաստ ունեն, սենյակիս դասավորությունը, սենյակիս շունչը…Այս նույն գրասեղանիս, որի վրա հիմա նեթբուքով եմ գրում-կարդում,տասը տարի առաջ բնագիտություն, քիմիա, աշխարհագրություն եմ սովորել ու չեմ էլ իմացել, որ աշխարհում կա համացանց, ես էլ մի օր բլոգ կունենամ, այն էլ ոչ թե մի, այլ երկու հատ…

Սեղանիս դեռ փոքրիկ լուսամփոփ կա, որը մի ժամանակ սիրում էի միշտ վառ պահել, քանի որ «լուսամփոփի լույսը գրասեղանիս գծում էր սիրելի դիմագծեր», որոնք ես այնքան էի կարոտում: Այսօր այս լուսամփոփն անգործ է…

Սենյակս, փոքրիկ, հարազատ, ամփոփ սենյակս: Ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, երբ մի օր հետ եմ գալիս սենյակս, այն ինձ հիշեցնում է, որ անկախ ամեն ինչից ես մի ժամանակ մի փոքրիկ աղջիկ եմ եղել..հիշեցնում է, որ ժամերով փակվել եմ այստեղ ու գիրք եմ կարդացել, ամբողջ գիշերներ չեմ քնել ու գիրք եմ կարդացել…

Փոքրիկ գրապահարանս, որտեղ գրքերը դասավորված են ոչ թե ըստ կազմերի գույնի, այլ ըստ թեմատիկայի: Գրքերիս մակագրությունները. այսօր լավ օր էր, ես գիրք գնեցի, այսօր նոր դպրոցում առաջին անգամ «5» եմ ստացել…իսկ հանրագիտարանի 12 հատորներից յուրաքանչյուրի վրա հատ-հատ ստորագրել եմ շատ մեծ հպարտությամբ. դա ինձ իմ աչքին կարեւոր էր դարձնում…J



Սենյակս, հուշերս, մանկությունս…

Հարազատ սենյակս…. տարին այստեղ ամփոփելը ճիշտ է: Այստեղ խղճին հնարավոր չէ խաբել, այստեղ իմ մանկության աչքերն են… 

понедельник, 26 декабря 2011 г.

Ցտեսություն 2011, բարի գալուստ 2012

 Շուտով տարին վերջանում է: Կարիք զգացի ամփոփելու տարին: Չնայած ես մտածում եմ, որ այս տարին ավարտվեց, մյուսն սկսվեց, դրանից իմ կյանքում փուլ չի փոխվում, քանի որ կյանքի փուլ կարող է փոխվել տարվա սկզբին կամ էլ վերջում նույնպես: Բայց ամեն դեպքում, տարվա վերջը ամփոփում է պահանջում:

Այս տարին լիքն էր ու լուսավոր: Այս տարին հնարավորությունների տարի էր: Այս տարի ես փոխվեցի, եղա ավելի բաց, փորձող, համարձակ: Այս տարին ինձ բավականին շատ դասընթացներ ու նոր ծանոթներ տվեց, նոր գիտելիքներ ու փորձ: Այս տարի երկու անգամ եղա Արցախում. ընտիր էր: Առաջին անգամ գնացի Ստեփանակերտ-Շուշի-Գանձասար, իսկ հաջորդ անգամ եղա Հայաստանի չքնաղագույն վայրում` Քարվաճառում…
Այս տարին ինձ տվեց ամենակարեւորը, առանց որի մնացած էլ ոչինչ պետք չէր ու կարեւոր չէր. այս տարին ինձ սեր տվեց…Իսկ այս հրաշագործ սերն էլ իր հետ բերեց հավատ, երազանք, հույսJ

Ամեն օրը լավն էր, լիքը ու նոր. լի սիրով, սպասումով, ցավով, մի խոսքով, կյանքով:
Այս տարի մի շատ ցավոտ, շաաաաատ-շաաաաաատ ցավոց հրաժեշտ տվեցի: Իմ Փիսիկը, իմ շատ քիչ ամենահարազատ մարդկանցից մեկը գնաց շատ հեռու: Սա իսկապես շատ ծանր ու ցավոտ բաժանում էր, այնքան, որ երբեք էլ չեմ հաշտվիL

Այս տարվա մեջ ինքս շատ փոխվեցի, մեծացա, նպատակներս հստակ դարձան ու սկսեցի աշխատել դրանց ուղղությամբ: Որոշ ձեռքբերումներ ունեցա թատրոնի մասին նյութերիս հրապարակման մեջ, որոնք պետք է անպայման զարգացնեմ 2012-ին:

2012-ին ցանկանում եմ, որ կյանքիս գույներն ավելի շատ լինեն, ես ավելի լավ ու ավելի շատ ստեղծագործեմ, վերջապես կողմնորոշվեմ թատերագիտությանս հարցում…Ցանկանում եմ, որ ավելի լավ գրքեր կարդամ, որ ավելի լավ ներկայացումներ դիտեմ, որ իմ շրջապատի մարդիկ ավելի գնահատված ու հանգիստ, ներդաշնակ լինեն, թեկուզ միայն իրենք իրենց հետ…

Ուզում եմ, որ Ամանորն ամեն ոք անց կացնի իր ուզած ձեւով. մեկն ընտանիքի հետ թող լինի, մեկը` մենակ…ով ինչպես կուզի: Թող Ամանորի հրաշքին հավատան ամենքը` ամենքն իր ձեւով:
Թող զինվորները խաղաղ ծառայեն, պատվով ծառայեն, թող հիվանդներն առողջանան, թող փնտրողները գտնեն, իսկ չփնտրողներն սկսեն փնտրել…..
Շնորհավոր Ամանոր եւ Սբ. Ծնունդ: J


среда, 21 декабря 2011 г.

Ապրելու կերպի մասին


Դեկտեմբերի 20-25 «Համազգային» թատրոնում տեղի է ունենում Իտալական ֆիլմերի փառատոն. ցուցադրվում են իտալալեզու ֆիլմեր` անգլերեն սուբտիտրերով: Փառատոնը կազմակերպվում է Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ «Համազգային» թատրոնի կողմից: «Համազգային» թատրոնն էլ եմ շատ սիրում, ֆիլմեր էլJ Այսօր փառատոնի շրջանակներում դիտեցի «Եթե ես քո տեղը լինեի» (ռեժ. Ջուլիո Մանֆրոդոնիա) ֆիլմը:

Իմ կյանքում ոչ մի բան հենց էնպես չի լինում: Իմ ամեն դիտած ֆիլմ, կտավ, լսած երգ, կարդացած միտք, գիրք իմ որեւէ հարցի պատասխան է, եւ ես այն տեսնում եմ, լսում եմ ճիշտ ժամանակին:

Այս ֆիլմը երեք մարդու մասին էր: Նրանցից մեկը ռոք երգիչ է, կյանքն անց է կացնում բարերում երգելով եւ երազում է շատ փողի մասին, երկրորդը շատ հարուստ մի մարդ է, ով մեքենա է դարձել, ռոբոտ, միայն փող է աշխատում, ընտանիքը լքել է նրան, եւ նա հոգնել է իր կյանքից: Երրորդն ընտանիքի հայր է, կին ունի, երկու երեխա, սակայն նրան թվում է, թե իրեն պակասում է ազատությունը: Այս երեքն իրար պատմում են իրենց պրոբլեմները, եւ մեկի պրոբլեմը մյուսի համար աննշան բան է թվում. եթե ես քո տեղը լինեի, ասում են նրանք իրար ու հանկարծ երկնքում աստղերը տեղափոխվում են: Այս երեքը փոխվում են տեղերով ու ստանում են իրենց երազածը. երգիչն ընդունում է հարուստ գործարարի կերպարը, հարուստ գործարարը կին ու երկու երեխա է ձեռք բերում, իսկ ընտանիքի հայրն ստանում է այնքան ցանկալի ազատությունը:

Ֆիլմը մանրամասն չպատմեմ, բայց ասեմ, որ առաջին մի քանի օրը այս երեքն էլ ոգեւորված են լինում իրենց նոր դերերով ու լավագույնն են իրենց դրսեւորում: Հետո վեր են բարձրանում նրանց բնավորության գծերը: Գործարարն սկսում է ռոբոտի նման աշխատել ու այս մի ընտանիքն էլ է հրաժարվում իրենից, երգիչը քամուն է տալիս իրեն բաժին հասած ամբողջ կարողությունը ռոք համերգների կազմակերպման եւ սիրած աղջկան նվերներ անելու վրա: Իսկ ընտանիքի խեղճ հայրը չի կարողանում առանց իր ընտանիքի ու վերադառնում է ընտանիքի գիրկը. կինն արդեն բաժանվել էր գործարար-մեխանիզմից:

Ի վերջո, յուրաքանչուրն այս երեքից վերադառնում է իր նախորդ կյանքին. նրանց երազանքներն այն չէին, ինչ իրենք երազում էին….

Այս երեքին տրվեց հնարավորություն` ապրել իրենց երազած կյանքը, բայց նրանք չցանկացան, քանի որ նրանք այդ չէին երազում: Իհարկե, սա միայն մի ռեժիսորի կարծիք է, ոչ թե վերին անբեկանելի ճշմարտություն:

Կյանքն ապրելու շատ կերպեր կան, ու սեփական ուղին գտնելը երբեմն դժվար է: Հաճախ թվում է, թե մի ճանապարհը, մի դերը, մի ձեւը բավական չէ, քանի որ դու «բազմազան ես, հակասում ես քեզ ու բազմություններ ես պարունակում»: Դա, իհարկե, հրաշալի է, ինչպես կասեր Ուիթմենը, բայց ես հավատում եմ, որ սեփական ուղին կա. պետք է այն գտնել ու եթե ոչ երջանիկ, ապա գոնե բավարարված ապրել:   

вторник, 6 декабря 2011 г.

Փոքրիկ Վաչիկը մեծանում է իր մայրիկի հետ` շնորհիվ բարի ու սրտացավ մարդկանց


«168 ժամ» պարբերականի նոյեմբերի 8-ի համարում լույս տեսավ Լուսինե Ստեփանյանի «Մամա ջան, ախր երեխան մեղավոր չի իմ սխալի համար, ինչ ասես` կանեմ, մենակ թե երեխուս չտանես մանկատուն»,-աղերսում էր 4 ամսական երեխայի մայրը» վերնագրով նյութը, որը պատմում էր մանկահասակ մի աղջկա ու իր նորածին երեխայի ծանր պատմությունը:
 Նշված նյութին ընթերցողը ցանկության դեպքում կարող է ծանոթանալ «168 ժամ»-ի կայքում:  
  
 
Արմինեի մայրը` տիկին Հասմիկը, 17-ամյա աղջկան հետ էր բերել իր մոտ` փրկելով նրան հարբեցող ամուսնու հարվածներից: 17-ամյա աղջիկը, սակայն, միայնակ չի վերադարձել. նրա հետ է իր 5 ամսական որդին` Վաչագանը: Սկզբից նրանց դրությունն անտանելի ծանր էր: Տիկին Հասմիկը ցանկանում էր փոքրիկին հանձնել մանկատուն, քանի որ Վարդաշենի հանրակացարանի նկուղային հարկում փոքրիկին պահելն ուղղակի անհնար էր թվում: Չկար մահճակալ, չկար վառարան, չկար հագուստ, չկար կեր` երեխայի համար, չկար հավատ: Այդ ժամանակ տիկին Հասմիկի համար միակ խելամիտ լուծումը փոքրիկին մանկատուն հանձնելն էր. նա դա ցանկանում էր անել առաջինը հենց Վաչիկի համար: Սակայն Արմինեն դեմ էր. մայրական բնազդով նա չէր կարող համաձայնել բալիկից բաժանվելուն:

Դեկտեմբերի 4-ին այցելեցինք նրանց. շատ բան էր փոխվել: Լուսինե Ստեփանյանի հրապարակած նյութից հետո շատ մարդիկ արձագանքնեցին: Ինչպես պատմեց տիկին Հասմիկը, շատ մարդիկ են իրենց այցելել. «Ինչ որ այստեղ տեսնում ես, օգնություն  է, ոչ մի բան չունեինք: Մահճակալ են բերել, վառարան են բերել, փոքրիկի համար` շատ շորեր: Կեր էլ կա հիմա բավականին», նշեց նա:

Նյութի հրապարակման հենց հաջորդ օրը մի խումբ ակտիվ երիտասարդներ շորեր ու գումար հավաքեցին ու այցելեցին երեխային: «Հետո տարբեր կազմակերպություններից եկան, չնայած կազմակերպությունների անվանումները չեմ հիշում, բայց հիշում եմ մարդկանց անունները` Արամ, Էմմա, Տաթեւիկ…», երախտագիտությամբ նշեց տիկին Հասմիկը:    
Բայց որ ամենակարեւորն է, այս մարդկանց մոտ վերականգնվել է հավատը, հավատը ապագայի, կյանքի նկատմամբ:

«Արմինեն անպայման պիտի աշխատի, պիտի սովորի ինքն իր երեխային պահել, ինքն իր գլխի ճարը տեսնել», նշեց տիկին Հասմիկը:

Բալիկին մանկատուն հանձնելու մասին այս անգամ արդեն խոսք չկար: Մայր ու աղջիկ իրար լրացնելով պատմում էին, թե ինչպես են խնամում փոքրիկին, ինչպես են լողացնում, ու փոքրիկն ինչպես է խաղում, ծիծաղում…
Հանրակացարանային սենյակում մայր ու աղջիկ արդեն փորձում են ամեն ինչ կարգավորել: Իրենց հարեւանն եկել, մի թեթեւ վերանորոգել է սենյակը, պատերը մաքուր սպիտակ է ներկել: «Դե տանը երեխա կա, պիտի անենք», ասում է տատիկը:
Բավականին օգնություն են ստացել. հիմա իրենց միայն մի պահարան է անհրաժեշտ, քանի որ իրերը գետնին են դրված, մեկ էլ հեռուստացույց չունեն: «Եթե որեւէ մեկը ցանկանար ու հնարավորություն ունենար մեզ այդ հարցում էլ օգներ, արդեն լրիվ նորմալ կկահավորեինք սենյակն ու մարդավարի կապրեինք: Արմինեն էլ անպայման պիտի աշխատի», կրկնում էր տիկին Հասմիկը:

Նա շատ բան է տեսել կյանքում, ծանր օրեր շատ են եղել, ինքն էլ մեծ չարչարանքով է պահել-մեծացրել իր աղջկան: «Բայց դե կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Ի՞նչ անեմ, որ երեխաս սխալվել է, ինքը երեխա` երեխա է ունեցել»:
Արմինեն իրոք դեռ ինքն է երեխա: 16 տարեկանում փախել է իրենից շատ մեծ տղամարդու հետ, ով, պարզվել է, հարբեցող է եղել, ծեծել է Արմինեին ու նրան պահել թշվառության մեջ: Արմինեն ինքն էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում երեխա ունենալ: «Ինձ թվում էր, թե ինքը պետք ա մենակ ուտի ու քնի», միամիտ ասում է նա: Երեխային պահում ու խնամում է տիկին Հասմիկը:

Նա հավատում է, որ փոքրիկ Վաչիկը կմեծանա ու իրենց թեւ ու թիկունք կլինի, իրենց չարչարանքների արդյունքն իրենք կտեսնեն:
Նա շնորհակալ է բոլոր բարի մարդկանց, որ իրենց ձեռք մեկնեցին, ու իրենք զգացին, որ մենակ չեն իրենց խնդիրների ու դժվարությունների հետ:
«Վաչիկի շորերի համար մի հատ էլ պահարան ունենանք, ամեն ինչ գեղեցիկ կդասավորեմ», ասում է Արմինեն` մանկական ժպիտը պայծառ, սիրուն դեմքին:
Հավատանք, որ բարի մարդիկ կամ էլ Ձմեռ պապիկը փոքրիկ Վաչիկին մի պահարան էլ կնվիրեն, տատիկին էլ` մի հեռուսատացույց…Իսկ Արմինեն կսկսի աշխատել, ու փոքրիկ Վաչիկը վաղը կդառնա մեր երկրի լավ քաղաքացի` բոլորիս օգնությամբ:

Թամարա Գրիգորյան

Հ.Գ. Այս նյութն ուղարկեցի «168»  ժամի խմբագրություն, մեկ ամբողջ օր չպատասխանեցին: Ես էլ այստեղ եմ տեղադրում: Ըստ էության, սա նրանց աշխատանքի արդյունքն էր, բայց մարդկանց դա կարծես թե այնքան էլ չհետաքրքրեց ու չհուզեց:

воскресенье, 4 декабря 2011 г.

Ձմեռ պապի, ուրեմն լսի….


Այսօր Ձմեռ պապիին նամակ գրելու օրն է, իսկ այս օրը գրեթե ավարտվում է: Քիչ էր մնում` չհասցնեի… հետո ամբողջ տարի ո՞նց էի սպասելու Ձմեռ պապիկի նվերներին, եթե այսօր չգրեի նրան: Բայց դե լավ է, հասցրիJ

Ձմեռ պապիկ ջան, խնդրում եմ, այս տարի ինձ համար շատ-շատ ժպիտներ կբերես, որ այս տարին լուսավոր անցնի: Ցանկանում եմ, որ եկող տարին ներդաշնակ ու սիրուն անցնի, որ ես ամբողջ տարի սեր ու ջերմություն զգամ, որ ես միշտ շրջապատված լինեմ իմ սիրելի մարդկանցով:
Ձմեռ պապ ջան, ես ցանկանում եմ, որ իմ հարազատներին առողջություն ու հաջողություն բերես, որ ես էլ իրենց հետ ու իրենցով ուրախ լինեմ:
Խնդրում եմ ինձ շատ համբերություն տաս ու շատ ուժ` աշխատելու, իմ նպատակներին հասնելու, ուզում եմ, որ ինձ ուժ տաս` նպատակ ունենալու: Ուզում եմ, որ ինձ թատերագիտական լավ գրքեր տաս, որ ես կարդամ ու վերլուծեմ, հոդվածներ գրեմ….

Մեզ բոլորիս ցանկանում եմ լավ ներկայացումներ, լավ գրքերի շնորհանդեսներ, քիչ սերիալներ, դասական որակյալ համերգներ, շատ ծառատունկ, քիչ ծառահատում…
Շատ եմ ցանկանում, որ իմ սիրելի, անգին, աննման հրեշտակը միշտ իմ կողքին լինի ու իր սիրուն աչքերով ու ժպիտով միշտ ինձ ուժ տա ու երջանկություն…

Վաաայյյ, այս ինչքան հոգեւոր ցանկություններ…Ձմեռ պապ ջան, մի հատ էլ նյութական ցանկություն ունեմ: Ցանկանում եմ` ինձ համար մի հատ մեծ ու փափուկ բարձ բերես, որ հանգիստ ու անուշ քնեմ այդ բարձի հետ:

Սպասում եմ քեզ, սիրելի Ձմեռ պապ, քեզ բարի ճանապարհ, բարով հասնես ինձ J

Ես աղջիկ եմ, ես ապրում եմ Հայաստանում, ես սիրված եմ ու պաշտպանված


Երբ ես ծնվել եմ, հայրիկս շատ-շատ է ուրախացել: Դե, բնական է, իր առաջին բալիկն էր ծնվել, բայց որ ամենակարեւորն է, աղջիկ էր ծնվել: Հայրիկս երազել է հենց աղջիկ ունենալ: Եղբորս ծնվելուց հետո էլ երբեւէ չեմ զգացել տղայի հանդեպ գերակայության` հայ ընտանիքի մասին տարածված կարծիքը: Միշտ արել եմ այն, ինչ ցանկացել եմ, քանի որ, պապայիս ասած` ինքը համոզված էր, որ իր աղջիկը սխալ բան չի անի: Մեծացել եմ ազատ, առանց որեւէ ճնշման, ինձ երբեք չի արգելվել որեւէ բան` պատճառաբանելով, թե ես աղջիկ եմ: Եթե ինչ-որ բան սահմանափակվել է, դրա պատճառներն ուրիշ են եղել:

Պատանեկան տարիներիս հազար մասնագիտություն եմ ընտրել իմ համար, ու երբեւէ ինձ չեն ասել` աղջիկ ես, դա քո գործը չի: Ի վերջո որոշեցի լրագրող դառնալ, քանի որ դպրոցական տարիներին շատ էի սիրում ֆուտբոլ ու ֆուտբոլիստ Ռոնալդինիոյին. երազում էի սպորտային մեկնաբան դառնալ ու հանդիպել նրան: Ընտանիքս կարծում էր, որ ես բավականին խելացի եմ ու ավելի լուրջ մասնագիտության եմ արժանի (սա նրանց կարծիքն է J երբեք նկատի չունեմ, թե սպորտային մեկնաբանները պակաս խելացի են): Այդպես կարծելով հանդերձ` երբեք չբռնացան իմ որոշմանը` թողնել Վանաձորը, գալ Երեւանում մենակ ապրել ու սովորել իմ երազած լրագությունը (չնայած շատ արագ հասկացա, որ լրագրության մեջ ավելի գրավիչ բաներ կան ու սպորտային լրագրությունն ինձ իրականում չի հետաքրքրում):

Ընտանիքիցս ստանալով այսպիսի առողջ  մոտեցում` միշտ հպարտ եմ, որ աղջիկ եմ, ու փոքրուց էլ միշտ կարծել եմ, որ աղջիկը որոշակի վերաբերմունք պետք է ստանա տղայի կողմից:

Երբ պապայիս հետ երթուղայինով որեւէ տեղ էինք գնում, ձեռքս բռնում էր, որ բարձրանամ, հետո օգնում էր, որ իջնեմ: Նա ինձ օգնում էր ոչ թե որ ես երեխա էի ու ինձ օգնել էր պետք, այլ քանի որ ես աղջիկ եմ: Ու ես դա զգում էի:
Հետո արդեն եղբորս ես սովորեցրի, որ դուռը պիտի բացի, որ ես անցնեմ, հետո ինքը եւ այլն:

Վերջերս բավականին հաճախ հանդիպում եմ «վերջ տանք կնոջ հանդեպ բռնությանը», «պաշտպանենք կանանց իրավունքները» եւ այլ նմանատիպ արտահայտությունների: Նախ սա ինձ տարօրինակ թվաց, հետո սկսեցի մտածել այս հարցի շուրջ: Մտածեցի ու հասկացա մի պարզ բան. կինը պիտի հարգի ինքն իրեն: Դրանից հետո ցանկացած, անգամ ամենավայրի տղամարդը կհարգի նրան:

Իմ սիրելին ինձ վերաբերում է այնպես, ինչպես պետք է վերաբերել աղջկան. նուրբ, ուշադիր, հոգատար, պատասխանատվությամբ: Իհարկե, դա նրանից է, որ ինքը դաստիարակված է, իր ընտանքիում եւս տեսել է կնոջ հանդեպ ճիշտ վերաբերմունք, արժեքներ ունի, խելացի է ու կիրթ: Բայց եթե նա այդպիսին չլիներ, պարզապես չէր լինի իմ կողքին, քանի որ ես երբեք չէի հանդուրժի անհարգալից վերաբերմունք իմ հանդեպ. ես այդպես եմ դաստիարակվել ու մեծացել:

Կին-տղամարդ իրավահավասարության համար ՀՀ-ում պայքարել պետք չի. օրենքի առաջ հավասար են հռչակված ամենքը: Կանանց իրավունքների պաշտպանության զանազան կենտրոններով հնարավոր չի կնոջը երջանիկ դարձնել ու ստիպել ամուսնուն, որ սիրի կնոջը: Հայ հասարակության մեջ կինը միշտ էլ հարգված է եղել, մայրը` աստվածացված: Հիշենք իրավացիորեն մեր ծննդյան վկայական հանդիսացող «Սասնա ծռեր» էպոսից հայտնի տողը. «Առյուծն առյուծ է. էգ լինի, թե որձ»:  

Ինչպես շատ հայկական արժեքներ, այս մեկը եւս այսօր խաթարված է: Կան կանայք, ովքեր այսօր արժանանում են վատ վերաբերմունքի, կան տղամարդիկ, որ չեն գիտակցում իրենց մեծագույն շնորհն ու դերը` օգնել ու պաշտպանել կնոջը, հենարան լինել նրա համար: Եւ այս խնդիրը լուծման կարիք ունի: Սրա համար պետք է բարձրացնել հասարակության կրթվածության մակարդակը: Հենց որ կինը իմանա, գիտակցի, հասկանա, զգա, որ իրեն չի կարելի խփել, իրեն ոչ մի տղամարդ չի խփի: Հենց որ տղամարդը հասկանա, որ կնոջը սիրելը, երջանկացնելը, պաշտպանելը իր մեծագույն երջանկության գրավականն է, այդպես էլ կանի…. 

Ի վերջո, կնոջ մասին լավագույն խոսքերից մեկը Վ. Բրյուսովինն է. “Ты женщина, и этим ты права”.