четверг, 12 апреля 2012 г.

Գրողի տարած կիսատ…..


Ու հանկարծ ինչ-որ մի անիծյալ օր որոշում է, որ կիսատը բավական է, որ կիսատ հեշտ է, որ կիսատ հարմար է, սուսուփուս, անվտանգ: Ու կիսատ է դառնում ամեն ինչ, ու կիսատ է մնում ամեն ինչ:
Ձայնը կիսատ խրվում է կոկորդում, ու անգամ անհրաժեշտ կանգառին հասնելիս չի կարողանում բարձրաձայն գոռալ` կանգնեք, այստեղ եմ իջնում: Կիսատ ձայնը խրված կոկորդում` ընթանում է ինքն էլ չգիտի, թե ուր….անցնում է իր կանգառը, հաջորդ կանգառ, մյուսը, մյուսը, մյուսը…ու էլ չի մտածում ասել, որ ախր իրեն պետք էր իջնել, որ ախր ինքն իր ճանապարհով չի ընթանում, ինքն իր մեքենայի մեջ չի, ու առհասարակ, ինքը հիմա սխալ ուղու վրա է:


Գրողի տարած կիսատ ձայնը միայն իրեն է խեղդում` կիսատ ու անկատար թողնելով զգացածը: Զգացածն էլ չարտահայտման կիսատությունից բյուրեղանում է իր մեջ` կորցնելով արժեքը:  

Ու հանկարծ մի անիծյալ օր համաձայնում է կիսատ սիրել. կարծում է, որ կրծած մի կտոր սերը բավական է իրեն, կապրի այդպես ավելի հանգիստ: 

Ու կիսատությունը խրած կյանքի մեջ` կիսատ-պռատ քարշ է տալիս կես-հաճույքը, կես-երջանկությունն ու կես-բավարարարվածությունը: 

Ու մի պահ էլ երբ ի վերջո որոշում է գրողի ծոցը նետել կիսատն էլ ու դառնալ ոչինչ….հազար ու մի «բայց» ու «եթե» գալիս-խառնվում են ոտքերի տակ ու ձեռքերի մեջ, աղաչում են մտածել ու փչացնում են չկայացած-հնարավոր թռիչքի գեղեցկությունը….

Կիսատը հաղթանակած-ինքնագոհ ժպտում է` թշվառին ընդառաջելով դեպի տաքուկ ու ցավալիորեն հարմարեցված կիսատությունը…

1 комментарий: