Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը,
տոն, որ խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական
մուտքը Երուսաղեմ:
Այս օրը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության
օր, ինչը
նշանակում է, որ Ս. Պատարագի ավարտին
բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության
հատուկ արարողություն:
Տոնի խորհրդի մասին գրառել եմ առավոտյան: Ծաղկազարդն իմ ամենասիրելի եկեղեցական տոներից է, լուսավոր,
գունավոր, գեղեցիկ տոն է, ու գեղեցիկ է նաեւ խորհուրդը:
Այսօր այցելեցինք Սբ.
Սարգիս եկեղեցի: Ընկերոջս հետ դեռ չէինք մոտեցել եկեղեցուն, բայց հեռվից արդեն
տեսարանը հուսադրող չէր: Եկեղեցի տանող երկու մայթերը լի էին առեւտրականներով
ու տարատեսակ ծառուծաղիկով: Գոռգոռում են ու Ծաղկազարդին վերաբերող ապրանքներ են
առաջարկում. ծաղիկներ, բույսեր, ծղոտներ, անգամ` արհեստական գունավոր ծաղիկներ: Իսկական
շուկա, կողքին էլ` եկեղեցի: Մարդիկ «10 հատ մոմ` 200 դրամով» առաջարկով մտել էին
անգամ եկեղեցի. հա, հա, եկեղեցու ներսում առեւտուր են անում, առաջարկում են մոմ
գնել: Եկեղեցում անընդհատ աղմուկ էր, շարժ, խոսակցություններ: Մի պահ փակեցի
աչքերս, փորձեցի չլսել աղմուկը, այլ լսել աստվածային շարականը: Չստացվեց. աչքերս
փակ մի քանի վայրկյան էլ կանգնեի` կտրորեին ինձ… Ես ու ընկերս նույն պահին իրար
նայեցինք. դուրս գանք, այս պայմաններում եկեղեցին տեսնել չենք կարողանում:
Դուրս եկանք, անցանք մինի
շուկայի միջով ու հասանք փողոց:
Ես չեմ ցանկանում տեսնել
Հայ Առաքելական Եկեղեցին այս վիճակում, իմ Հայ Առաքելական Եկեղեցին խորհրդավոր ու
ակնածանք-լռությամբ լի է, եկեղեցին Աստծո տունն է: Սակայն եկեղեցական բոլոր
տոներին եկեղեցում այս տեսարանն է. կարծես մարդիկ մոռանում են, որ եկեղեցի են
մտնում: Սա եկեղեցի մտնող յուրաքանչյուր մարդու խնդիրն է. նա ինքն իր համար պիտի
պատասխանատվություն կրի, լռություն ու հարգանք պահպանի:
Իսկ տոն օրերին եկեղեցու
տարածքն առեւտրական գոտու չվերածելու համար կարելի է պարզապես արգելել մարդկանց եկեղեցուց
որոշակի հեռավորությունից մոտ առեւտուր անելը:
Պարզապես կարծում եմ` Հայ
Առաքելական Եկեղեցին բոլորինս է ու այն ամեն կերպ պաշտպանելը բոլորիս գործն է:
Ես լիովին կիսում եմ Ձեր կարծիքը. շնորհակալ եմ այս գրառման համար, սակայն միևնույն ժամանակ ուզում եմ ուշադրությունը բևեռել մեր ժողովրդի նհութական-առևտարական հոգեբանության ու մտածելակերպի վրա: Ամբողջ խնդիրը կարծում եմ /գուցե սխալվում եմ/ դրանում է: Կարդացեք խնդրեմ սա` http://sarkavag.blogspot.com/2011/04/blog-post_23.html : Նման օրերի ու իրավիճակների մասին է:
ОтветитьУдалитьՇատ շնորհակալ եմ հղման համար, ընթերցեցի նյութը. իսկապես որ նման իրավիճակի մասին էր, ու վերջում պատգամն էլ շատ ուսանելի էր. Նրան ձեր մեջ փնտրեք:
ОтветитьУдалитьԵս էլ եմ կարծում, որ խնդիրը ժողովրդի մեջ է. ամեն մի մարդ պիտի հասկանա, որ Հայ Առաքելական Եկեղեցին նախ եւ առաջ իրենն է, եւ այն պահպանելը հենց իր գործն է:
Շնորհակալություն անդրադարձի համար, իսկապես համընդհանուր խնդիր է: Ամենքս պիտի փորձենք մեր շրջապատում մարդկանց գիտակցության մեջ փոխել մոդայից ու ձևականությունից կառչած լինելու ցանկությունը:
ОтветитьУдалитьԵս էլ եմ շնորհակալ նյութն ընթերցելու համար:
ОтветитьУдалитьՀամամիտ եմ, սա իսկապես բոլորիս խնդիրն է: