Միշտ էլ կարծել եմ, որ Ծիծեռնակաբերդ պետք է գնալ տարվա մեջ գոնե մի քանի
անգամ, այլ ոչ թե միայն ապրիլի 24-ին: Ու չնայած տարվա մեջ էլ եմ այցելում Հայոց
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, բայց ապրիլի 24-ին էլ
Ծիծեռնակաբերդ գնալը ծիսականորեն պարտադիր մի բան է: Այսօր գնացինք երեկոյան ժամի:
Չնայած ուշ ժամի` հուշահամալիրը բազմամարդ էր:
Մարդիկ, բոլորը, երիտասարդ ու տարեց, երիտասարդ ընտանիքներ` իրենց
փոքրիկների հետ, տղաներ, որ ուրիշ օրերի փողոցում տեսնելիս չես էլ մտածի, որ առհասարակ
տեղյակ են Հայոց Մեծ Եղեռնից, այս օրը գնում են Ծիծեռնակաբերդ: Միգուցե որոշները
գալով անգամ չեն իմանում, թե ուր են գնում ու չեն ըմբռնում օրվա խորհուրդը, բայց
ամեն դեպքում գնում են Ծիծեռնակաբերդ: Գնում են սովորույթի ուժով, գնում են ներքին
կանչով, գնում են…
Այսօր Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին մի համով փոքրիկ բալիկ հոր
գրկից անընդհատ խոսում ու տրտնջում էր, որ դանդաղ ենք առաջ շարժվում: Բողոքեց,
բողոքեց, մեկ էլ դարձավ կողքի մարդկանց` գիտե՞ք, չէ՞, որ թուրքերը փախել են, իրենք
վախեցել են ու փախել են…
Այ սիրուն գանգրահեր փոքրիկ, թուրքերն ուզում էին, որ այսօր մենք, մեր
Ծիծեռնակաբերդն ու մեր հիշողությունը ջնջված լինեին աշխարհի երեսից ու մարդկության
պատմությունից: Բայց այդպես չեղավ: Բայց այսօր, Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին,
մենք բոլորս, ու ամենակարեւորը` այն գանգրահեր փոքրիկը, գնում ենք Ծիծեռնակաբերդ
ու տասնյակ հազարավոր կակաչներ որպես վերածննդի խորհուրդ գալիս են շրջապատելու
անմար կրակն ու ձայն հղելու առ երկինք, որ մենք այսօր կանք. կանք մի քիչ տկար, մի
քիչ բզկտված, երբեմն` հիասթափված, մի քիչ կոտրված…բայց կանք, ու հասկանում ենք, որ
լավագույն պատասխանը Եղեռնի կազմակերպիչներին ու նրանց նպատակին կազմակերպված,
համախմբված ու ուժեղ ազգ լինելն է:
Հ.Գ. Երկու օր առաջ քեռուս տղայի հարսանիքն էր: Առհասարակ շատ եմ
ուրախանում, որ ամուսնության լուր եմ լսում, առավել ուրախանում եմ, երբ հարազատս է
ամուսնանում: Մեծագույն իմաստ ու խորհուրդ եմ տեսնում, երբ հայն ապրիլ ամսին է
ընտանիք կազմում…
Комментариев нет:
Отправить комментарий