четверг, 19 апреля 2012 г.

Անձրեւն եկավ, քեզ գտավ մաշկիս տակ…


Անձրեւն եկավ, թափվեց վրաս, թել-թել բացեց ինձ: Հասավ մաշկիս, մտավ մաշկիս տակ, հասավ քեզ: Հոտոտեց, հավանեց հոտդ, խրախուսող ժպտաց: Հետո գրկեց ինձ, ու միասին տրվեցինք փողոցին: Դու, իմ միջի դուն խանդեցիր, հոսեցիր, գժվեցիր, ու….բացվեցին խաղերս, բացվեցին թաքնված սերերս ու…..սիրեցի քեզ, այ թե բախտդ բերեց, որ մոտս չէիր….թե չէ էլ քեզ փրկություն չկար….

Ես փակ էի, իմ խեցու մեջ, կամ` իմ ծառի կեղեւի մեջ: Դու, հենց դու այս անձրեւի պես շռնդալից եկար, թափվեցիր գլխիս….ու հավանեցիր հոտս….խրախուսող ժպտացիր ու մտար մաշկիս տակ, ու մտար մաշկիս մեջ…ու սիրեցի քեզ, ու սիրեցիր ինձ….

Ու հիմա երբ դու մաշկիս մեջ ես, ուզում եմ քեզ մասերի բաժանեմ, նյարդ առ նյարդ, թել առ թել բացեմ քեզ, գնամ խորքը, տեսնեմ-հասնեմ անցյալիդ, մանրատեմ, ջլատեմ, անցյալիդ մեջ էլ մտնեմ, որ այնտեղ էլ լինեմ, թե չէ խանդում եմ անցյալդ, ես այնտեղ չկամ, այնտեղ ուրիշներ կան, այնտեղ սերեր կան, կապեր, զգացմունքներ, այնտեղ գայթակղություններ կան, այնտեղ ինձ անհայտ մասեր կան, ու ես խենթանում եմ այն մտքից, որ այնտեղ դու կաս, ու ես չկամ…. այդ անձրեւից առաջ…

Ուզում եմ բացառել ան-Ես քեզ, մոռացել եմ ան-Դու Եսս….. քաղաքի փողոցները, իմ մաշկը, իմ տեսողությունն ու լսելիքը, իմ թոքերը քեզնով լիքն են, դու կաս այնքան, որքան որ մեջս ներծծված ես, կամ ես քո մեջ եմ արմատացած….

Քսանմեկերորդ դարում էսպես սիրե՞լ….

Комментариев нет:

Отправить комментарий