понедельник, 18 ноября 2013 г.

«... բայց ահա կինոյի օդ, կինոյի մթնոլորտ չկա...»

Գուցե ես չկարողանամ բացատրել, հաստատ ընդունակ չեմ ապացուցելու, բայց ինձ թվում է, որ մեր այս հոյակապ մայրաքաղաքում այսօր բացակայում է կինոյի օդը, կինոյի մթնոլորտը… Ես հավատում եմ, որ հայկական կինոպրոկատը կատարում է իր պլանները (մեր մեջ ասած` բոլորովին էլ չի կատարում), կինոյի տոմսարկղերի մոտ ես հաճախ մեծ աշխուժություն եմ տեսնում (նույնիսկ խուլիգանության հասնող), այլ խոսքով ասած` հաճախումների հարցը կինոյում երեւի թե անհրաժեշտ մակարդակի է հասնում… բայց ահա կինոյի օդ, կինոյի մթնոլորտ չկա…

Ես կարոտ եմ այս օդին, կարոտ եմ, քանի որ իմ պատանեկության տարիներին այն քաղաքում, ուր ապրում էի, իսկ դա Թբիլիսին էր, այդ օդը, ազնիվ խոսք, կար, կար մի տաք, շատ տաք երեկո, ամառային կինոդահլիճներից լսվում էին հնչյունային կինոնկարի խորհրդավոր, սիրտ պատռող ճիչերը, Չապաեւի, Պեպոյի, Սուլիկոյի վարակիչ ինտոնացիաները… Փողոցներում անցուդարձ էին անում կինո շտապող կամ կինոյից անշտապ վերադարձող, կինոյի հերոսների շնչից շատ ու շատ դժվար անջատվող կինոհանդիսատեսները, գնում էին իրենց տներն ու պատշգամբները եւ փողոցի մի մայթից մյուսը, մի պատշգամբից մյուսը, ոգեւորված պատմում էին իրար, թե ինչպես Պեպոն փողերը շպրտեց Զիմզիմովի երեսին, թե ինչպես Պետկան կրակեց եւ ասաց. «Тише, Чапаев думать будет», թե ինչպես Նատա Վաչնաձեին համբուրելու համար մի վաճառական 100.000 ռուբլի նվիրաբերեց… Այդ օդը հիմա բացակայում է մեր քաղաքում, հավանաբար բացակայում է նաեւ այն քաղաքում, որի մասին խոսում եմ, գուցե այդ օդը բացակայում է նաեւ աշխարհի բոլոր քաղաքներում եւ… ափսոս…

Ափսոս, քանի որ մարդիկ անվերջանալի մի տոնակատարության մեջ էին ապրում, մի տոն, որ կոչվում էր կինո:

Չգիտեմ` ճարտարապետությու՞նն է պատճառը, որ մարդիկ անջատվեցին միմյանցից, թե՞ անիծյալ անգլիական կողպեքը (որն ավելի հաճույքով փակվում է, քան` բացվում), թե՞ տեխնիկայի մեծագույն նվաճումը` հեռուստացույցը, բայց մարդիկ փակվեցին իրենց տներում, հանդիսատեսը հիմա ծուլորեն է գնում կինո, վազքով է գնում կինոյից դեպի տուն, ծանոթի հետ կիսվելու րոպեներ չունի, եւ իհարկե, կինոմթնոլորտին փոխարինելու է եկել ուղղակի -3 կամ +30 ջերմաստիճանը քաղաքում…

Ես չգիտեմ` մեր պատմությու՞նն է պատճառը, թե՞ աշխարհագրությունը, բայց ազգայինի հարցը հայկական կինոյում շատ ավելի է կրքեր բորբոքում, քան թե հարեւան մյուս ազգությունների մոտ…

Մեր ստեղծագործողների մի մասը կուրծք է ծեծում եւ հերքում ազգային կինոյի հասկացությունն առհասարակ…

Ստեղծագործողների մյուս մասը նույնպես կուրծք է ծեծում եւ պնդում այդ հասկացության օրինականությունը:

Մինչդեռ, հավանաբար, կուրծք ծեծելու հարկ բոլորովին էլ չկա…
Ուղղակի ավելի լավ կլիներ, որ յուրաքանչյուր արվեստագետ փորձեր անկեղծորեն արտահայտվել:

Առանց ավելորդ ճիգերի ու ծամածռության` փորձեր ստեղծել, ստեղծագործել…


 Հենրիկ Մալյան, «Երկխոսություն երրորդի համար», Երեւան, 2010, էջ 88-90

вторник, 29 октября 2013 г.

Մեկ տարի Քարվաճառում. փորձ ու փորձառություն

Մեր ընտանիքի` Քարվաճառ տեղափոխվելու պատմությունն արդեն մեկ տարի է` սոցիալական ցանցերում որոշակի հետաքրքրություն է ձեւավորել ու քննարկման առաջկա դարձել: Դա պայմանավորված է ոչ թե այն նրանով, որ այդքան ուշադրության արժանի է մեր անձը, այլ նրանով, որ Քարվաճառ ամեն օր նոր մարդիկ չեն տեղափոխվում ապրելու: 


Արցախի Քարվաճառ քաղաքում,  որն ազատագրվել է հայ զինվորների արյան գնով, այժմ նոր բնակելի տներ չեն կառուցվում: Հենց դրանով է պայմանավորված նոր բնակիչների` այստեղ չտեղափոխվելը: Մեր նորաստեղծ ընտանիքն այստեղ տեղափոխվեց մեկ տարի առաջ, եւ այժմ ես այս տողերը գրում եմ մեր կողմից կառուցված մեր սեփական տնից. մեկ տարվա մեջ մենք կարողացանք տուն կառուցել ազատագրված Քարվաճառում, եւ հենց այդ փորձով եմ ցանկանում այժմ կիսվել այն մարդկանց հետ, ովքեր մտածում են երբեւէ ազատագրված հայրենիք եւ մասնավորապես Քարվաճառ տեղափոխվելու մասին:

Երբ սրանից մեկ տարի առաջ ես ու ամուսինս մեր հարսանիքից երկու օր հետո տեղափոխվեցինք Քարվաճառ, շատ հարցեր ապագայի հետ կապված դեռ անորոշ էին, բայց որոշակի էր մի բան. մենք Քարվաճառ էինք տեղափոխվել տարածքի բնակիչներին, մասնավորապես երեխաներին, մեր կարողությունների չափով օգտակար լինելու, նրանց ինչ-որ գիտելիքներ փոխանցելու համար: Ամուսինս արդեն սեպտեմբեր ամսից Քարվաճառի դպրոցում աշխատում էր որպես պատմության ուսուցիչ (եւ աշխատում է մինեւ այժմ), ես Քարվաճառում եւս շարունակում էի լրագրողական գործունեւությունս: Բնակվում էինք Ալեքսանդր Քանանյանի տանը (Քարվաճառով հետաքրքրվողները, վստահ եմ, ծանոթ է այս անունը)` սեփական տուն ունենալու առանց որեւէ հիմնավոր հույսի: Մեր աշխատավարձը բավարար չէր տան շինարարություն սկսելու համար անգամ, սակայն մենք հավատում էինք, որ գումար կհավաքենք, ու մի քանի ամսից կկարողանանք մեր ընտրած ավերակի վերականգնումը սկսել:

Այդ ժամանակ արդեն սկսեցինք մեր հողի սեփականաշնորհման գործընթացը, որը տարբեր պատճառներով անտանելիորեն երկար ձգվեց` մինչեւ հաջորդ տարվա հունիս ամիս: Այս ընթացքում ռուսաստանաբնակ մի մարդ, ում մասին միայն Open Armenia ֆորումում գրանցված իր նիկը գիտենք, մեզ փոխանցեց 2.5 մլն դրամ` մեր տան շինարարությունն սկսելու համար: Դա արդեն հույս էր. տան կառուցումն իրական էր դառնում: Այնուհետ մեր տան շինարարության համար մեզ գումար փոխանցեց ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը. գումարը ռուսաստանաբնակ հայ ընտանիքի կողմից փոխանցվել էր «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամին ու ծառայեց Մոնթեի ազատագրած Քարվաճառում մի ավերակ տուն դարձնելու գործին… Բնականաբար, ներդրել ենք նաեւ մեր սեփական գումարը, իմ ու ամուսնուս ընտանիքները, որ չնայած սկզբից դեմ էին մեր` Քարվաճառ տեղափոխվելուն, տան շինարարությունն սկսելուց հետո մեծապես օգնեցին մեզ…

Հուլիս ամսին վերջապես սկսեցինք տան շինարարությունը: Սպասման, նյարդերի քայքայման, հուսալքման պահերի ու հույսի երկու ամիս, եւ մեր տան պատերը կանգնած են ու տանիքը ծածկված: Հոկտեմբեր ամսին արդեն մեր տանն ենք. ներսի հարդարման աշխատանքները դեռ արված չեն, առաջիկա մի տարում դժվար կարողանանք անել, բայց հավատացեք, դա արդեն այնքան էլ կարեւոր չի: 

Տան կառուցումն, իհարկե, չափազանց կարեւոր պայման է Քարվաճառում ապրելու ու հաստատվելու համար: Սակայն կա եւս մեկ կարեւոր (միգուցե եւ կենցաղային բոլոր հարցերից կարեւոր) պայման. դա միջավայրն է: Քարվաճառը, չնայած որ բնակեցված է կարճ ժամանակահատված, արդեն ինչ-որ չափով ունի ձեւավորված միջավայր: Այստեղ տեղափոխվելիս պետք է հստակ իմանալ, որ Քարվաճառում ապրում են մարդիկ, ովքեր իրենց տունն են կորցրել Հյուսիսային Արցախում ադրբեջանցիների ագրեսիայի պատճառով, եւ այս մարդիկ չափազանց ծանր ապրումներ ու կորուստներ են ունեցել մինչեւ այստեղ հաստատվելը, Քարվաճառում ապրում են մարդիկ, ում կյանքը չի հաջողվել նախորդ բնակավայրում, եւ նրանք որոշել են ամեն ինչ նորից սկսել այստեղ: Ապրում են նաեւ մարդիկ, ում համար կարեւոր ու սկզբունքային է հենց Ազատագրված Քարվաճառը զարգացնելու գաղափարը: Քարվաճառը մի կողմից սովորական մի փոքրիկ գյուղ է` իր ամենօրյա հոգսերով ու խնդիրներով, մյուս կողմից էլ` լրիվ ուրիշ տրամաբանությամբ ապրող մի փոքրիկ կղզի: Առաջին օրերին շատ բան էր տարօրինակ, շատ բան էր անհասկանալի, շատ բան էր այլ… Քարվաճառում շատ թույլ է ժամանակի կարեւորության զգացողությունը, այսօրվա համար պայմանավորված գործը կարող է մի քանի շաբաթ տեւել… Ժամանակն այստեղ շատ է, երբեմն թվում է` թե կանգ է առել: Տարածքը կտրված է, թվում է, թե Հայաստանի մյուս շրջաններում կատարվող իրադարձություններն այստեղ չեն հասնում: Չգիտեմ, միգուցե դա հատուկ է բոլոր հեռավոր գյուղական շրջաններին: Չնայած Քարվաճառն այնքան էլ հեռավոր չէ, օրինակ, Վարդենիս քաղաքից հեռու է ընդամենը 80 կմ, սակայն այդ 80 կմ-ն անցնում ենք 2-3 ժամում, քանի որ ճանապարհը լավը չէ:

Քարվաճառում նորեկներին լավ են ընդունում (գոնե մեզ բոլորն են լավ ընդունել): Տուն չկա, տան շինանյութ չկա, բայց մարդիկ ցանկանում են, որ նոր բնակիչներ գան. ամեն մի նորեկ նոր շունչ ու նոր իմաստ է բերում իր հետ:

Քարվաճառում բնակվելուս երկրորդ թե երրորդ ամսում սկսեցի մտածել տեղի դպրոցականների հետ թատերական խմբակ կազմակերպելու մասին: Չնայած ինքս մասնագետ չեմ, ոչ դերասան, ոչ էլ բեմադրիչ, բայց մինչեւ Քարվաճառ գալս դիտել եմ տասնյակ ներկայացումներ, կարդացել ու կարդում եմ համապատասխան գրականություն, զրուցել եմ ոլորտի ներկայացուցիչների հետ: Մի խոսքով, պարապունքներն սկսեցինք. սպասում, ոգեւորություն, հուսալքություն, ուժ, անելանություն, մեծ ոգեւորություն… ու այդպես մինչեւ այսօր, ամեն օր մի նոր բացահայտում, նոր միտք, նոր ոգեւորություն Քարվաճառի էրեխեքի համար:

Հենց այս խմբակն ու դրա հետ կապված նպատակներն ու մտքերն են շատ հաճախ ինձ օգնել մնալ Քարվաճառում, ավելին, թույլ չեն տվել հեռանալ Քարվաճառից:    


Քարվաճառում այժմ տասնմեկ երեխա են հետաքրքրված թատրոնով, ներկայացմամբ, հենց այսքան երեխա է հաճախում իմ խմբակ: Նրանք չարաճճի են ու հետաքրքիր, ինչպես բոլոր երեխաները, նրանք էլ են ուզում շատ բան սովորել ու տեսնել: Մի քանի երեխա ցանկություն են հայտնել կիթառ նվագել սովորել. «Ընկեր Թամարա, եթե կիթառ պարապող լիներ, ամեն օր փորձի կգայինք», խոստանում են նրանք: Երեխաները ցանկանում են նաեւ նկարչություն պարապել, դաշնամուր, անգլերեն, համակարգչային հմտություններ…

Քարվաճառում այսօր բնակչության թիվը շատ փոքր է, թերեւս սա էլ է պատճառ, որ այստեղ շատ ծրագրեր չեն իրականացվում: Սակայն շատ լինեն մարդիկ, թե քիչ, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի լավ կրթություն ստանալու, զարգանալու, տեսնելու ու սովորելու…

Չեմ էլ հիշում, թե որտեղից սկսեցի եւ ուր հասա, բայց նյութս սկսելիս մի հստակ միտք ունեի փոխանցելու. Քարվաճառին նոր բնակիչներ են անհրաժեշտ, գրագետ, կրթված մասնագետներ, արվեստագետներ են անհրաժեշտ: Գիտեմ, այստեղ տուն չկա, բայց եթե ինչ-որ մեկն իրոք ցանկանում է տեղափոխվել Քարվաճառ, մի բան կմտածենք, մի ճար կգտնվի, եթե ցանկությունը մեծ լինի: Ու եթե գրառումս շատ խառն ստացվեց ու ձեր մոտ հարցեր առաջացան, գրեք, անպայման կփորձեմ պատասխանել:


Ու երբեք մի մոռացեք. հայոց հողն ապրում է իր զավակի շնչով:  

суббота, 21 сентября 2013 г.

Անկախության իմ բաժինն ու պատասխանատվությունը

Անկախություն. հպարտություն ու պատասխանատվություն. թե´ պետական, թե´ անձնական: Անկախ ենք, ուրեմն մենք ենք մեր գլխի տերը:

Հենց իմ սերունդն է անկախության սերունդը: Ես դպրոցական տարիներից մեր տանը  եղած ռուսական անհամար գրքերի կողքին սկսեցի ավելացնել հայկական գրքեր, հայ հեղինակներին: Ես սկսեցի մեր տուն անկախություն բերել հայոց գրքերով, հայկական երգերով ու հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ: 

Իմ սերունդը պատասխանատու է անկախության համար, քանի որ այն մեզ է վստահվել:
Ազատ Քարվաճառն ու անկախությունն ինձ համար իրար կապված են: Ինչպես մի խելացի մարդ մի օր զրույցի ժամանակ ասաց, Քարվաճառը հայոց պետականության ողնաշարն է:

Ես ընտրել եմ հայոց պետականության ողնաշարն իմ կարողացածի չափով ամրացնելու ու անկախության համար Քարվաճառում պատասխանատու լինելու տարբերակը:

Այս տարի հայրենիքիս ծնունդը ես նշեցի կիսավեր ու վաղվա օրվան հույսով նայող գողտրիկ Քարվաճառում:
Մեր մոտ հրավառություն չեղավ, համերգ չեղավ, տոնակատարություն չեղավ:

Անկախությունս ամուր ու ամրացած կլինի այն օրը, երբ վերականգնված, վերաբնակեցված ու Հայաստանիս լիիրավ ու լիարժեք մաս կազմած Քարվաճառն էլ լիաթոք կնշի Մայր Հայաստանի անկախության տարեդարձն ու իրեն մեկուսացած չի զգա…


Ծնունդդ շնորհավոր, միակ Հայաստանս: 

воскресенье, 1 сентября 2013 г.

Մի օր մշակութային Երեւանում կամ ի՞նչն է պակասում Քարվաճառում

Անցնող շաբաթվա աշխատանքային օրերից երեքն անցկացրի Երեւանում: Գործերն, իհարկե, շատ էին, ինչպես սովորաբար լինում է, երբ ծայրամասային տարածքում ապրող մարդը կարճ ժամանակով լինում է մայրաքաղաքում:

Քարվաճառում անցակցրած ժամանակ օրվա մեջ շատ հաճախ եմ մտածում. «Երեւանում լինեմ, կճարեմ/կգնեմ/կբերեմ այսինչ բանը»: Բայց որ ավելի հաճախ եմ մտածում` Երեւանում լինեմ` կգնամ թատրոն/թանգարան, ցուցահանդես… Քարվաճառում կարդում եմ, որ այսինչ թանգարանում բացվել է այնինչ ցուցադրությունը, ու բաց կլինի մինչեւ այսինչ օրը, այս ներկայացման պրեմիերան ամսվա սկզբին է, մյուսինը` վերջին… Ու այդպես շարունակ: 

Նշածս երեք աշխատանքային օրերից մեկը ես ու ամուսինս նվիրեցինք մշակութային Երեւանին: Երեւի թե շատերդ տեղյակ եք, որ Երեւանի քաղաքապետարանը օգոստոս ամսին Երեւանի փողոցներում տոմսեր էր բաժանում, որոնցով կարելի էր ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում այցելել մի քանի թանգարաններ: Դրանք են Երեւանի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի թանգարանները եւ Հայ-արտ ցուցասրահը: Կարծում եմ` ոչ մի թանգարան չմոռացա: Մեր տանն էլ կային այդպիսի տոմսեր, եւ մենք այցելեցինք Էրեբունի թանգարան եւ Ժամանակակից արվեստի թանգարան:

Էրեբունիում էլի էի եղել, բայց մեկ անգամ եւս անցյալին հաղորդակցվելը, հազարամյա հնության իրեր տեսնելն ու մեր ազգի անցած ուղու մասին մտածելը երբեք չի խանգարում:
Հազարամյակների պատմությունից հետո Ժամանակակից արվեստի թանգարանում հանդիպեցինք մերօրյա մտորումներ ու խոհեր, հաղորդակցվեցինք Գ. Խանջյանին ու Մինասին… Բացի հայ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները դիտելը թանգարանի մյուս սրահում դիտեցինք նաեւ արտասահմանյան ժամանակակից արվեստագետների տարբեր աշխատանքներ: Հենց թանգարանում եղած պահին Մշակույթի նախարարությունից նամակ եկավ, որ օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կանցկացվեն մշակութային միջոցառումներ… Դրանց ես արդեն չէի կարող մասնակցել J

Դեռեւս հուլիս ամսվա մեջ բլոգումս գրառում էի արել, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվում է Հարություն Կալենցի «Գույնը ձեւի մեջ» ցուցահանդեսը: Հիշում էի, որ ցուցադրությունը երկար է տեւելու: Գնացինք Գաֆէսճեան արվեստի կենտրոն, պարզվեց, որ իրոք դեռ կարող ենք դիտել: Դե այս արվեստի կենտրոնի ճաշակն ու մոտեցումը ինձ միշտ էլ շատ է դուր եկել: Այստեղ միշտ ամեն ինչ նրբաճաշակ է ու մի տեսակ բարեկիրթ: «Գույնը նկարչության գագաթն է», ողջունում են այցելուին Կալենցի խոսքերը: Գունավոր, պայծառ ու ներդաշնակ Կալենցը թարմ մտքեր է հաղորդում ու մի տեսակ վեր բարձրացնում առօրյայից, տանում է իրականի ու անիրականի սահմանին ու թողնում է, որ դու ինքդ մտածես ու որ ավելի կարեւոր է` զգաս…

Թանգարանային այցելությունների ընթացքում հասցրինք նաեւ երկու գրախանութ մտնել ու երկու գիրք գնել` Փափազյանիս ու Հենրիկ Մալյանի մասին:

Երեւանում ապրելուս տարիներին այս ամենն այնքան բնական էր, որ ես սրա մասին այսքան երկար չէի գրի: Իսկ Քարվաճառում ինձ օդի պես պակասում է մշակութային մթնոլորտը, այդ «վերը», «ուրիշը», այդ մի փոքրիկ տարածությունը, ուր օդի մեջ արվեստ կա, ուր դու ու շրջապատիդ մարդիկ ավելի բարի եք, ավելի երկնային, ավելի սիրուն, ավելի մտերիմ…

Վանաձորում էլ կան այդպիսի վայրեր /իմ համար, օրինակ, դա Տիկնիկայինի շենքն է, դրամատիկ թատրոնը, Զորյանի տուն-թանգարանն ու Սբ. Սարգիս եկեղեցին/, Գյումրիում էլ /չնայած Գյումրին ինձ համար տեղով մշակույթ է/….իսկ Քարվաճառում չկա… բայց պիտի լինի, որ երեխաները մի քիչ, թեկուզ մի կաթիլ «վեր» ու «այլ» ունենան իրենց մեջ, որ հետո ամբողջ կյանքում դրա հետեւից գնան, փնտրեն ու իրենց մեջ մի կաթիլ երազ ու հրաշք պահեն…

Հա, ու ասեմ, եթե մի էդպիսի գողտրիկ արվեստանոց ունենանք Քարվաճառում, էլ մեզ հասնել չի լինի….


Թամարա Գրիգորյան

четверг, 4 июля 2013 г.

Մհեր Մկրտչյան. մի բուռ լույս ցավի միջից

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն էր: Մեծություններ կան, որ որեւէ մակդիր էլ չես կարողանում տալ` բնութագրելու համար, մեծություններ կան, ում անձամբ չես տեսել, ում հետ չես խոսել, բայց իրենց արձակած լույսից հոգիդ մեծանում է, սիրտդ բացվում է, միտքդ լայնանում է: Իմ պաշտելի թատրոնի վարպետներից այդ մեծություններն են Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Վահրամ Փափազյանն ու Մհեր Մկրտչյանը…

Առաջին երեքի մասին միայն կարդացել եմ, ու կարդացածս հնարավորություն է տվել կարծիք կազմել նրանց մասին ու սիրել, իսկ Ֆրունզիկին բացի կարդալը տեսել եմ նաեւ էկրանից…

Այսօր ամբողջ օրը հիշում էի իմ ու ընկերուհիներիս այցելությունը Վարպետի թանգարան` Գյումրվա Վարպետաց փողոցում... Մենք ուսանողներ էինք, երիտասարդ, սենտիմենտալ ու արվեստի սիրահար, Գյուրմրին մերն էր, մենք Գյումրիինը…Երեքով գնացինք վարպետաց քաղաքի Վարպետաց փողոց, Վարպետի թանգարան: Չեմ ասում տուն-թանգարան, քանի որ դա Մհեր Մկրտչյանի տունը չի, այլ այն գինետունը, որտեղ նա շատ հաճախ է այցելել: Որոշել էին թանգարանն այդտեղ կառուցել, որ Վարպետաց փողոցում լինի, Շիրազին ու Իսահակյանին մոտ, համ էլ ինքն այդտեղ իրականում շատ հաճախ էր եղել, իրեն հարազատ վայր էր: Այդ մասին մեզ պատմեց թանգարանի աշխատակցուհին, սրտացավ ու բանիմաց երիտասարդ մի աղջիկ, ում խոսքից Ֆրունզիկի հանդեպ սեր էր կաթում…

Հուզիչ իրեր, հուզիչ պատմություններ Վարպետի ընտանեկան ողբերգական կյանքից…


Աշխատակցուհու քույրիկը, պարզվեց, հոգեբույժ էր, ու ինքը պրակտիկայի էր եղել այն հոգեբուժարանում, որտեղ Մհեր Մկրտչյանի որդին էր եղել…տղան նկարել էր աշխատակցուհու քույրիկին, ու այդ նկարը պահում էին որպես մասունք… Թանգարանի աշխատակցուհին գյումրվա համով բարբառով ու այնքան անկեղծ ու զգալով էր պատմում վարպետի մասին, որ մենք երեքս, սենտիմենտալ ու արվեստի սիրահար, արցունքոտված դուրս եկանք թանգարանից, ու երկար ժամանակ լուռ քայլում էինք Գյումրիով, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգո»-ն, որտեղ ամեն ինչ արվեստ է, քարերն ու ավերակները` պատմություն….

Մեր աչքը լույս, որ քեզ ունենք, անսահման սիրելի Մհեր Մկրտչյան…



среда, 19 июня 2013 г.

«Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդես Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

«Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում հունիսի 20-ին ժամը 19:00-ին: Այս մասին տեղեկացնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մամուլի ծառայությունից: 
Միջթանգարանային համագործակցության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնած «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցադրությանը ներկայացված է Հարություն Կալենցի ստեղծագործությունների ընտրանին «Կալենց» թանգարանի հավաքածուից:
Քանի որ նկարիչն աշխատում էր երեք հիմնական գեղանկարչական ժանրերում՝ նատյուրմորտ, բնանկար և դիմանկար, ուստի այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու արվեստագետի գունամտածողության արտացոլմանը տարբեր տեսանկյուններից: Կալենցի համար գույնը այս կամ այն երևույթի արտաքին կերպարը մատնանշելու համար չէր: Ինչպես Մատիսն էր սիրում ասել. «Ես չեմ օգտագործում կանաչ և կապույտ գույները՝ խոտ ու երկինք նկարելու համար»: Նույնը Կալենցի դեպքում է. նա գունային բծերի ու շերտերի միջոցով կերտում էր ձև, ծավալ, լուսաստվեր, կառուցում հեռանկար: Նա անում է դա անկաշկանդ, ազատ՝ որպես հիմք ընդունելով միայն գեղագիտական սկզբունքները:
Սույն ցուցադրությունը մատնանշում է թե՛ արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ականների շեմին, թե՛ արդեն հստակ ձևավորված լեզուն և թե՛ վերջնական հեռացումը իրականությունից՝ գրեթե վերացական ձևերի մեջ: Գեղանկարներին զուգահեռ ներկայացնելով նկարչի գրաֆիկական տարբեր շարքեր՝ ցուցադրությունը մուտք է բացում դեպի Կալենցի «ստեղծագործական խոհանոցը», որտեղ վարպետը կատարելության էր հասցնում իր ձեռագիրը, նոր ձևեր ու մոտեցումներ փորձարկում և ապա փոխանցում կտավին: Սա գրեթե անհայտ անկյուն է դիտողի համար Կալենցի բազմաշերտ ստեղծագործական ժառանգության մեջ:
«Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը ևս մեկ քայլ է Կալենց արվեստագետին հանրության ավելի լայն զանգվածներին, և ոչ միայն հայաստանցիներին, ներկայացնելու ճանապարհին, ինչն արտացոլում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունը: Կալենցի ստեղծած աշխարհը որքան անիրական, նույքան իրական է այնքանով, որքանով գոյություն ունի կտավի մակերեսին և ուղղակի առնչվում է բնության կողմից թելադրվող գլխավոր օրենքներին՝ հավասարակշռություն և ներդաշնակություն: Ինչպես ինքը Կալենցն էր ասում. «Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»:
Ցուցահանդեսը կտևի մինչև 2013 թ. սեպտեմբերի 22-ը: Մուտքն անվճար է:

четверг, 16 мая 2013 г.

Քարվաճառի դպրոցի աշակերտներն այցելեցին Բյուրական


Մայիսի 11-12 Արցախի Քարվաճառ քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտներն այցելեցին Բյուրական քաղաք: Այցելության նպատակը Բյուրականի աստղադիտարանն ու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը տեսնելն էր



Այցելությունը նախաձեռնել էր դպրոցի ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի Ռոզա Սերոբյանը: «Ես դիմեցի «Ղարաբաղ Տելեկոմ» կազմակերպությանը, եւ վերջինս ֆինանսավորեց մեր այցելությունը: Շատ շնորհակալ ենք «Ղարաբաղ Տելեկոմին»` աշակերտներին նման հնարավորթյուն ընձեռելու համար: Նրանց ոգեւորությանը չափ չկար: Ավելի շատ աշակերտներ էին ցանկանում մասնակցել այցելությանը, սակայն հնարավոր չեղավ, եւ միայն սահմանափակ թվով աշակերտներ գնացին Բյուրական», մեր հետ զրույցում նշեց Ռոզա Սերոբյանը եւ հավելեց, որ աշակերտները դեռ տպավորված են իրենց այցելությունից: 

Բյուրականում աշակերտները եղել են աստղադիտարանում, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, եւ ստացած գիտելինքները նրանց մեծապես կօգնեն ուսումնական պրոցեսում:


Նշենք, որ հատկապես Արցախի հեռավոր շրջաններից աշակերտների այցելությունները Հայաստանի տարբեր շրջաններ չափազանց կարեւոր  են: Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին առավել լավ պատկերացնել ու ճանաչել հայրենիքի սահմանները: 

суббота, 4 мая 2013 г.

Հավատալով հրաշքին


Երբ վեց ամիս առաջ տեղափոխվեցի Քարվաճառ, հստակ գիտակցում էի, որ այստեղ որեւէ հասարակական գործունեություն պետք է ծավալել:

Թատրոնն իմ թուլությունն է, բեմն իմ այլ աշխարհն է, ներկայացումն իմ ուրիշ իրականությունն է:
Թատերական փոքրիկ խմբակ հիմնելն այստեղ երազանքից էլ ավել մի բան էր:
Առաջին ամիսներին դպրոցականներին խնդրեցի հարցաթերթիկ լրացնել, որից պարզ դարձավ, որ երեխաների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է մասնակցել թատերական ներկայացումներին:
Պարապունքներն սկսվեցին…

Առաջին օրերին դրանք իրար հաջորդող հուսահատության օրեր էին, ժամեր, երբ կարծում էի` ամեն ինչ ապարդյուն է ու անօգուտ: Երեխաները չէին հասկանում, թե ի՞նչ է թատրոնը, ի՞նչ է ներկայացումը, խանգարում էին փորձերը:

Մի քանի տղաներ անգամ դուրս եկան խմբակից Քարվաճառի ազատագրման ապրիլերեքյան միջոցառումից առաջ: Խումբը, սակայն, ի զորու եղավ հավաքվել, ի մի բերել ուժերն ու միջոցառումը հասցնել մինչեւ բեմ: Էրեխեքս լարված էին, ես` առավել եւս: Ամենադժվար քննությունից առաջ սիրտս այդպես չէր զրնգում կրծքումս, ինչպես այն պահին, երբ էրեխեքս բեմից պատմում էին Քարվաճառի ազատագրման մասին, երգեր էին երգում:

Այս միջոցառումից հետո վերսկսեցինք Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրվելիք ներկայացման փորձերը. «Ոտքի´, դատարանն է գալիս»:
Ախր էրեխեքս էնքա՜ն փոքր, դատարանն էնքա՜ն լուրջ ու մեծ… Էրեխեքս բեմ դուրս եկան լարված, ձգված, սառած:

Էրեխեքս հանդիսատեսի համար գուցե ոչ այնքան համոզիչ, իսկ ինձ համար այնքա՜ն սիրելի ու անգին…
Խաղացին, պատմեցին, ներկայացրին…

Ներկայացումն, իհարկե, առաջին փորձն էր, շատ սխալներով ու բացթողումներով, բայց կայացավ: Ու սա ոչ միայն մի ներկայացում էր, այլեւ փորձ, գիտելիք, պատասխանատվության ու պարտաճանաչության ձեռքբերման ժամանակահատված, երբ խմբից հեռացած երեխաները վերադարձան, երբ բոլորը ժամանակին ու ոգեւորությամբ են գալիս փորձի, երբ մենք արդեն լավ ընկերներ ենք ու գիտենք, թե ինչ ենք ուզում մեր համատեղ աշխատանքով:

Առջեւում ավելի լավ ներկայացումներն են, ավելի մեծ ձեռքբերումները:

Ես հավատում եմ հրաշքներին…

среда, 27 марта 2013 г.

Թատրոնի միջազգային օրն ու իմ հնգամսյա անթատրոն կյանքը Քարվաճառում


Այսօր, մարտի 27-ը, աշխարհում նշվում է որպես թատրոնի միջազգային օրը: Այսօր ուղիղ հինգ ամիս է, որ ես Քարվաճառ քաղաքի բնակիչ եմ: Առաջին հայացքից երկու իրար հետ կապ չունեցող միտք:

Քարվաճառում թատրոն չկա, Քարվաճառում անգամ թատրոնի ստվեր չկա: Սա մի նոր ձեւավորվող քաղաք է, նոր ձեւավորվող համայնք ու հասարակություն, ու մի կարգին թատրոնն այստեղ այնքա՜ն անելիք ունի: Թատրոնը միայն շենք չի, թատրոնը միայն ներկայացում չի, թատրոնը միայն թատերախումբ չի, թատրոնը մթնոլորտ է ու կենսակերպ, առաջնորդող ու լուսավորող: Թատրոնը զարգացնում է, ցույց է տալիս, ստիպում է զգալ, մտածել, փնտրել, «ես»-իդ կողքից, տակից, վրայից նայել: Թատրոնն այլ իրականություն է, որտեղ կարելի է փախչել, երբ քո իրականությունը հոգնեցրել է, թատրոնը բեմադրիչի ստեղծած աշխարհն է, թատրոնը հնարավորություն է…

Իսկ Քարվաճառում թատրոն չկա: Ու ոչ մի մեղավոր չեմ փնտրում, ու ոչ մեկին չեմ մեղադրում, որ Քարվաճառում թատրոն չկա: Քարվաճառում շատ բան չկա, ինչու՞ պիտի թատրոն լիներ:

Ինքս այստեղ տեղափոխվելով` նպատակ ունեի տեղի դպրոցականների հետ մի փոքրիկ թատերախումբ կազմել: Երկար ժամանակ պետք չեկավ հասկանալու համար, որ դա չափազանց բարդ գործ է, գրեթե անհնարին ձգտող: Ու էլի ոչ մեկը մեղավոր չի. տեղի երեխաները թատրոն ասվածի մասին շատ աղոտ պատկերացում ունեն, ներկայացում ամբողջ կյանքի ընթացքում թերեւս մի քանի հատ են դիտել: 

Քարվաճառցի մի քանի բալիկների հետ հերթական փորձն անելով` այսօր նշեցի թատրոնի միջազգային օրը անթատրոն Քարվաճառում, ու ամբողջ օրն անցավ աղոտ մի հույսով, որ Քարվաճառն էլ մի օր թատրոն կունենա, թեկուզ ոչ շատ մեծ, մի փոքրիկ, կոկիկ, բայց կարեւորը` թատրոն, իր անհրաժեշտ, այս քաղաքին այնքա՜ն անհրաժեշտ մթնոլորտով:

пятница, 15 марта 2013 г.

Լեոնիդ Ենգիբարյան. նրա հերոսը մարդն էր


Թատրոնը պահի արվեստ էԴերասանն իր ողջ վարպետությունըիր ասելիքըիր նյարդն ու հույզը հանդիսատեսին փոխանցելու մի հնարավորություն ունի միայնայստեղ եւ հիմաԴերասանի կերտած դերերըբեմում նրա ապրած կյանքը ձեւավորում են այն կարծիքը նրա մասինորը մնում է սերունդների հիշողության մեջԱյստեղ մեծագույն դերը վստահված է թատերաքննադատներինովքեր էլ հենց դառնում են կապը ներկայացման ու ժամանակի միջեւ:

Լեոնիդ Ենգիբարյանի մասին մեզ դատելու ու պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս ոչ միայն նրա մասնակցությամբ ֆիլմերը («Ճանապարհ դեպի կրկես»«ԾանոթացեքԼեոնիդ Ենգիբարյան», «Լեոնիդ 2») , կրկեսային համարներից եղած քիչ թե շատ նկարահանումներըայլ նաև նրա թողած գրական ժառանգությունըՀենց վերջինն էլ լավագույնս ամբողջացնում է Ենգիբարյանի կերպարըսերունդներին տալով թախծոտ ծաղրածուի էությունը:

Դժվար է գրել այս ծաղրածուի մասինով մի աշուն էր կրում իր սրտումԴժվար էքանի որ շատ է խոսվելշատ է ասվելԴժվար էբայց եւ անհրաժեշտզգացմունքների պակասորդի ու զգայականի երաշտի այս ժամանակներում էլ ո±ւմ խոսքն է պետքեթե ոչ նրաէլ ո±վ կարող էր ասելծովը մամռակալեց ու գետերը ցամաքեցինտեսթե ինչ արեցիրերբ դադարեցիր սիրել ինձ։

Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ինՄոսկվայումՀայրըԳեւորգըազգությամբ հայ էրմասնագիտությամբխոհարարՄայրըԱնտոնինանլեհուհի էրԻր ծագման մասին նա գրել է«Թուրքերի կազմակերպած կոտորածների ժամանակ Ենգիբարյանների մեծ ընտանիքից միայն իմ Գևորգ հայրն է կենդանի մնացել։ Հայաստանում երկու որդի ունենալուց հետո եկել է Մոսկվա և ամուսնացել իմ մոր՝ լեհուհի Անտոնինայի հետ։ Ուրեմն ես Գևորգի կրտսեր որդին եմԱնտոնինայի՝ միակը։ Ավագ եղբայրներս՝ Միքայելն ու Հրաչյան (Ղափլանյան), շատ լուրջ մարդիկ են։ ՀրաչյանօրինակՍՍՀՄ ժողովրդական արտիստ էԵրևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը ևնույնիսկՀայկական թատերական ընկերության նախագահը»:

Ենգիբարյանի որոշումընվիրվել բեմինմիանգամից չի կայացվելԱվարտելով դպրոցընա ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտԱյնուհետկտրուկ փոխելով մասնագիտությունընույն տարում ընդունվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտԱյս ոլորտում նա հաջողության է հասելդառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:

1955-ին 20-ամյա Լեոնիդն ընդունվում է Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում հենց նույն տարին բացված կլոունադայի բաժին: 1959-ին տեղափոխվում է Երեւան է: 1956-ից սկսել է նկարահանվել ֆիլմերում:

Առաջին հայացքից ոչ արտահայտիչ արտաքինովառանձնապես ոչ գեղեցկադեմ այս երիտասարդը կարողանում էր գրավել մարդկանց սրտերն ու ստիպել նրանց լիաթոք ծիծաղելՈ՞րն էր գաղտնիքըա՞յնոր նա շնորհալի ու տաղանդավոր էրա՞յնոր կարողանում էր բեմի վրա անել այնպիսի բաներոր չեն կարող ուրիշներըԻսկ մի՞թե միայն լիաթոք ծիծաղեցնելու համար նրան այսքան երկար կհիշեինՈ°չՊատասխանը շատ ավելի պարզ էև տվել է հենց ինքըԵնգիբարյանըիր վերջին հարցազրույցի ընթացքում«Բանն այն էոր երբ ստեղծում էի իմ ծաղրածուական կերպարըինձ հաջողվեց նրան օժտել մարդկային հատկություններով՝ ի տարբերություն մեր տեսած ծաղրածուական դիմակներից շատերի։ Շատերի ասելով ի նկատի չունեմ ծաղրածուական լավագույն դիմակներըինչպիսին էինասենքԳրոկինը կամ Չապլինինը։ Սրանք մարդկային բնավորություն ունեցող դիմակներ էին։ Իսկ ծաղրածուների կաղապարային դիմակներում բացակայում է մարդկային բնավորությունըհետևաբարնաև թախիծը։ 

Նման դիմակներում կա միայն հերթապահ ծիծաղլավատեսություն՝ ամեն դեպքում։ Այս պարագայում հետևաբարչկա մարդը։ Իմ հերոսը մարդն է։ Այդ պատճառով ծիծաղում էտառապումթախծում և իրեն պատասխանատու զգում շուրջը կատարվող ամեն ինչի համար»:
Ենգիբարյանն իր գործն էր համարում ծիծաղեցնել դահլիճում ներկա բոլոր մարդկանցեւ եթե նրանցից թեկուզ մեկը չէր ծիծաղումինքն իր աշխատանքը թերի էր համարում ու կեղեքում ինքն իրեն«Եթե դուք չեք ծիծաղել ինձ նայելիսապա ես կվերադառնամ կրկեսոր ծիծաղեցնեմ ձեզ։ Պետք է ծիծաղել։ Ծաղրածուն պիտի ծիծաղեցնի։ Ծիծաղը պարտադիր է»:

Լավագույնս իմանալովթե ինչ պետք է անի ծաղրածուն եւ որն է նրա գործըԵնգիբարյանը 1964 թվականին Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում արժանանում է առաջին մրցանակիԷԲասի անվան գավաթին։