суббота, 28 апреля 2012 г.

Մշակութային խնդիրների ներկայացվածությունը քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում



Մշակույթը հասարակության վրա ազդեցության հզոր միջոց է: Մշակույթը կարող է առաջ տանել հասարակությանը, բարձրացնել ճաշակը:
Մշակույթը կերտում, ստեղծում, տարածում են անհատները: Բայց լավ կլինի, եթե պետությունն էլ աջակցի մշակույթի զարգացմանը, ու աջակցի քաղաքակիրթ ձեւով, այսինքն` չպարտադրելով իր կամքն ու գաղափարները, այլ թողնելով հասարակության համար այդ կարեւորագույն երեւույթին զարգանալ ազատ ու կատարել իր ֆունկցիան:

Ես շատ եմ կարդում, երաժշտությունն ինձ բուժում է, կտավներով ու քանդակներով հիանում եմ, ֆիլմեր դիտել սիրում եմ, եւ այս ամենի սինթեզն ինձ համար թատրոնն է:
Կարծում եմ, որ թատրոնը հզոր միջոց է, որն այսօր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում: Պատճառները տարբեր են ու խորքային: Մի օր դրանք էլ կքննենք:
Առջեւում ՀՀ խորհրդարանական ընտրություններն են, որի հետ որոշ մարդիկ հույսեր են կապում, ոմանք թքած ունեն, ոմանք էլ կարծում են, որ այս ընտրություններն էլ ոչինչ չեն փոխելու: Այնուամենայնիվ, որոշեցի դիտարկել ՀՀ-ում գործող հիմնական կուսակցությունների նախընտրական ծրագրերի մշակույթին վերաբերող հատվածները, եւ մասնավորապես` թատրոնին վերաբերող ծրագրերը: Իսկապես հետաքրքիր է, թե արդյո՞ք մեր քաղաքական կուսակցությունները հիշում են թատրոնի մասին, այն կարեւո՞ր են համարում եւ առհասարակ որեւէ տեղ տալի՞ս են թատրոնի զարգացմանն իրենց ծրագրերում:  

 Եւ այսպես, Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) նախընտրական ծրագրի մշակույթին վերաբերող բաժնում կարդում ենք.
«Քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու այնպիսի տիպարների ձևավորմանն ու լայն ներկայացմանը, որոնք օգնելու են մեզ հանրային ուղեցույց դարձնել բարոյական չափանիշները, համերաշխությունը, աշխատանքին և սեփական ուժերին ապավինումը, փոխադարձ վստահությունը:
Ստեղծելու ենք նպաստավոր պայմաններ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար:
Պետական պատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գրքերի միջոցով ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
Ծրագրում ենք ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցում, ինչպես նաև ազգային մշակույթի տարրերի ավելացում կրթական ծրագրերում:
Ապահովելու ենք մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը հանրապետության ամբողջ տարածքում:
Ստեղծելու ենք լրացուցիչ հնարավորություններ ազգային փոքրամասնությունների ամբողջական մշակութային դրսևորման համար»…
Համաձայնենք, որ բավականին ընդհանուր նախադասություններ են, ոչ մի կոնկրետ քայլ ու մեթոդ նպատակներին հասնելու համար նկարագրված չէ:
Մշակույթին վերաբերող հատվածը շարունակվում է եւս մի քանի տող, սակայն ոճը չի փոխվում: Հա, ոչ մի բառ թատրոնի մասին:
«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ծրագրի մշակույթին վերաբերող հատվածում կարդում ենք.
«Բարգավաճ Հայաստանը» մեծապես կարեւորում է մշակույթի ոլորտի հետեւողական, դինամիկ եւ ծրագրային զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաեւ այս ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներուժի մեծացումը: Կուսակցությունը շարունակելու է արվեստին աջակցելու իր քաղաքականությունը` նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել մշակույթի գործչի, մտավորականի, արվեստագետի, արվեստագետի վարկն ու հեղինակությունը, համալրել եւ կատարելագործել մշակութային գործունեւության օրենսդրական հիմքերը, ինչպես նաեւ ամրապնդելեւ ընդլայնել ոլորտի նյութատեխնիկական բազան»:
Այսպիսի ընդհանուր խոսքեր շատ հեշտ է գրել, ասել, հայտարարել: Բայց որեւէ կոնկրետ ծրագիր, մշակույթի մի ճյուղի առողջացման, զարգացման վերաբերյալ հստակ քայլերի ձեւակերպում չկա: Դե արդեն պարզ է, որ անդրադարձ չկա նաեւ թատրոնին ու թատրոնի խնդիրներին:

«Մշակույթը երկրի այցեքարտն է: Ազգային մշակույթի պահպանումն ապագա սերունդների համար` պետության պարտքն է», հայտարարում է «Օրինաց երկիր» կուսակցությունը:

«Ազգային մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացման համար ՕԵԿ-ը անհրաժեշտ է համարում`
-պատմամշակութային ժառանգության պահպանմանը պետական աջակցության ցուցաբերումը,
-ժամանակակից, ժողովրդական և կիրառական արվեստների ներդաշնակ զարգացման ապահովումը,
-մշակութային և արվեստի նշանակալի նվաճումների հեղինակների խրախուսումը և մեծարումը,
-մշակութալուսավորչական հաստատությունների, մանկապատանեկան գեղարվեստական դպրոցների, ինքնագործ խմբակների և երեխաների ստեղծագործական ակտիվության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
-պատմամշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների հանդեպ օրենսդրական կոշտ միջոցների կիրառումը,
-հեռուստատեսությամբ քարոզվող բռնության, գռեհկության ու կրիմինալի դրսևորումների հանդեպ դատապարտման մթնոլորտի ձևավորումը,
-Սփյուռքի և արտերկրի հետ մշակութային համագործակցության խորացումը' տարածաշրջանային և միջազգային ծրագրերին մասնակցության ապահովումը, արտասահմանում հայկական մշակույթի համակարգված ու արժանավայել ներկայացումը,
-մտավորականության` որպես ազգային ոգու կրողի, պետական կառավարման գործընթացներին ներգրավումը, նրանց ներուժը համազգային խնդիրների լուծման մեջ առավել արդյունավետ օգտագործումը»:
«Օրինաց երկիր» կուսակցությունը Խորհրդարանում ներկայացված է եղել նախորդ տարիներին, կարող էր այս ծրագրի կետերից մի քանիսն իրականացնել, քայլեր ձեռնարկել ու հիմա դրանք ներկայացնել մեզ` ասելով, այ այսքանն արել ենք, մնացածի համար էլ այ այս պլաններն ունենք: Ու կրկին` ոչ մի անդրադարձ թատրոնին:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) կետերով առանձնացրել է տարբեր ոլորտներին վերաբերող փոփոխությունները, որոնք նախատեսում է կատարել: Մշակույթին վերաբերող կետերը սկսվում են 85-րդ կետից:
85. Կկարևորվի մշակութային քաղաքականության դերը` որպես երկրում իրականացվող բարեփոխումների, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման և ժամանակակից մրցունակ պետության գրավական:
86. Կմշակվեն մշակութային անվտանգության եռամյա և հնգամյա ռազմավարական ծրագրեր` ուղղված ազգային մշակույթի պահպանմանն ու համամարդկային հոգևոր արժեքներին հաղորդակցմանը:

87. Յուրաքանչյուր տարի կավելանան մշակույթի ոլորտի բյուջետային ֆինանսավորումն ու ներդրումները, կընդլայնվի հայ մշակույթի միջազգային ընդգրկվածությունը,

88. Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը կթարգմանվի և կներդրվի ՀՀ կրթական համակարգում,

89. Կստեղծվեն թվանշային տեխնոլոգիաների հայացման համապատասխան կարելիություններ,

90. Կհիմնվի Մշակութային հիմնադրամ՝ երիտասարդ տաղանդներին խրախուսելու, դեբյուտային ծրագրեր ֆինանսավորելու, արտերկրի մշակութային բարձրագույն հաստատություններում կրթությունը շարունակելու համար,

91. Կսահմանվեն հարկային արտոնություններ մշակույթի ոլորտում բարեգործությունը,
ինչպես նաև գրական-գեղարվեստական գործունեությունը խթանելու նպատակով:

92. Հանրային հեռուստաընկերությունը կապահովվի ամբողջական և լիարժեք ֆինանսավորմամբ, կարգելվի գովազդը հանրային հեռուստաընկերության եթերում:

93. Գեղարվեստական կրթության և դաստիարակության ոլորտի մանկավարժների աշխատավարձերը կմոտեցվեն հանրակրթության ոլորտի մանկավարժների միջին աշխատավարձին:

ՀՅԴ-ի ծրագիրն առանձնանում է նրանով, որ կուսակցությունն առանձին կետերով նշում է այն կետերը, որոնցով պատրաստվում է զարգացնել հայ մշակույթը: Սակայն կրկին նույն խնդիրը. մի՞թե ՀՅԴ-ն նոր-նոր է մտնելու խորհրդարան: Նշենք նաեւ, որ կուսակցությունների նախընտրական ծրագրերում չկա մշակույթի առանձին ճյուղերի խնդիրների մանրակրկիտ վերլուծություն համապատասխան մասնագետների կողմից: Այնպես որ, միայն թատրոնը չի, որ անուշադրության է մատնված:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած նախընտրական ծրագրում մշակույթին վերաբերող բաժինը քիչ ավելի երկար է ու հանգամանալից:
«Համազգային շարժմամբ և անկախությամբ սկզբնավորված մշակույթի ազատականացումը ավելի քան տասը տարի խեղաթյուրվում է: Ինչպես ազատ տնտեսություն, այնպես էլ ազատ մշակույթ ստեղծելու միտումները ճնշվում են` վերածվելով պարզունակ տնտեսության և մշակույթի:
Բռնապետական համակարգը հավակնում է իր քաղաքական, տնտեսական, արժեքային հարթություններում արտադրել ինքն իր մեջ մշակույթ, այնուհետև այն թելադրել վերևից ներքև: Նման համակարգի առաջին թշնամին ազատությունն ու բազմազանությունն է բոլոր ոլորտներում` թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային»:
Մի քանի պարբերությամբ խոսելով «ավազակապետության» եւ դրա կործանարար հետեւանքների մասին` ՀԱԿ-ը սահմանում է իր նպատակը.
«Մեր նպատակը Քաղաքացու ստեղծագործական ազատությունների ապահովմամբ ու երաշխավորմամբ քաղաքացիական հասարակության ստեղծումն է, որտեղ ապահովված կլինեն քաղաքացու ազատ ինքնադրսևորումը, մասնակցությունը մշակութային գործընթացներին, թե որպես ստեղծագործողի և, թե որպես ստեղծագործական արդյունքներին հաղորդակցվողի:
Մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները պետք է լինեն` մշակութային բազմազանությունը, ստեղծագործական նախաձեռնություններին աջակցելը, ինքնությունների ողջունումը և միջմշակութային հաղորդակցության քաջալերումը»:
Որպես կարեւորագույն կետ առանձնացվում է մշակույթի ապակենտրոնացումը:
Նշանակալի է հաղորդակցությանը վերաբերող հատվածը.
«Մշակույթի քաղաքականության արդիականացման հիմնական սկզբունքը համընդհանուր հաղորդակցությունն ու մատչելիությունն է, որն իրականացվում է մշակութային թարգմանությամբ:
Թարգմանություն ասելով պետք է նկատի ունենալ մշակութային առնչությունների ու միջմշակութային հարաբերությունների, նոր տեխնոլոգիաների, համաշխարհային մշակույթին և համամարդկային արժեքներին հաղորդակցումն ու դրանց տեղայնացումը, մշակութային հետազոտոտությունները, վերլուծություններն ու մեկնաբանությունները:
Թարգմանությունը քաղաքացիների և սոցիալական խմբերի միջև մշակութային հաղորդակցման հնարավորությունների անհավասարության, մեկ կենտրոնից կախվածության և կարծրատիպերի հաղթահարման միջոց է:
Մշակութային քաղաքականությունը պետք է նպաստի ինչպես պատմամշակութային ժառանգության ներկայացմանն ու տարածմանը, այնպես էլ համամարդկային արժեքների ներգրավմանը հայաստանյան միջավայր:
Պետք է վերականգնել հայոց լեզվի հայերենի սահմանադրական` պետական լեզվի կարգավիճակը, դիտելով այն որպես ինքնիշխանության, մշակութային շարունակականության, քաղաքացիների իրավահավսարության երաշխիք»:
Կարեւորվում է նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցը:
«Մշակութային ժառանգության` հատկապես պատմա-ճարտարապետական և բնության հուշարձանների ցանկը պետք է հաստատվի Ազգային Ժողովի կողմից և օրենքի ուժ ունենա: 
Բացառիկ մշակութային ժառանգություն պահպանող հաստատություններին և պատմաճարտարապետական արգելոցներին օրենսդրորեն պետք է տալ պետական հատուկ կարգավիճակ, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը:
Նույն կերպ պետք է վերաբերվել քաղաքաշինական- մշակութային միջավայրերի, հանրային և կանաչ տարածքների պահպանմանը: Այդ տարածքների սահմանումն ու ցանկը պետք է հաստատել օրենքով, իսկ հնարավորության դեպքում վերականգնել արդեն իսկ ավերված պատմամշակությին արժեքներն ու միջավայրերը»:
Ըստ ՀԱԿ նախընտրական ծրագրի պետության կողմից մշակույթի ֆինանսավորումը պետք է իրականացվի միայն մրցույթների միջոցով: Հասցեատերերը պետք է լինեն համայնքների, հասարակական կազմակերպությունների և ստեղծագործական նախաձեռնությունների նախագծերը:
«Մշակութային արժեքի գնահատումը պետք է իրականացվի անկախ փորձագիտության, վարչական, մասնավոր և ազատ շուկայական փոխհարաբերությունների միջոցով:
Պետական ֆինանսավորումը, դրամաշնորհներն ու վարկերը պետք է վերահսկվեն ինչպես պետության, այնպես էլ հանրային, անկախ և միջազգային փորձագիտական կազմակերպությունների կողմից»:
Մշակույթին վերաբերող հատվածը ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում առավել ծավալուննն ու ընդգրկուն է, բայց այստեղ եւս հիմնականում հանդիպեցինք կոչեր, ընդհանուր առաջարկներ ու իհարկե, խիստ քննադատվում է <<ավազակապետությունը>>, որն ամեն ինչ չարիքն է:
«Ժառանգություն» կուսակցության ծրագրում մշակույթի եւ արվեստի զարգացման համար առանձնացված են մի քանի կետեր, ինրպես, օրինակ, 

ընդունել մշակութային քաղաքականության հստակ ռազմավարություն` առանձնացնելով առաջնահերթություններն ու հեռանկարային ծրագրերը եւ ձեռնամուխ լինելով դրանց իրականացմանը,

քաղաքացու մշակութային դաստիարակությունը սկսել նախադպրոցական ու դպրոցական տարիքից` սեր սերմանելով նախեւառաջ բարձր մշակույթի հանդեպ,

հատուկ ուշադրության արժանացնել թանգարաններն ու գրադարանները` որպես նոր սերնդի դաստիարակության եւ մշակութային արժեքների պահպանության կենտրոններ, ինչպեսեւ պայմաններ ստեղծել երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման համար, քանի որ մշակույթի այս բնագավառներն արագ զարգացող ու հաղորդակցական են...
Այս կուսակցության պարագայում կարող ենք ասել, որ մոտեցումը քիչ թե շատ լուրջ է: Հատկանշական է, որ Ժառանգությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել, մասնավորապես, վերանայել "Մշակութային օրենսդրության հիմունքների մասին" օրենքը: Սակայն այստեղ եւս մեծ տեղ են գրավում ընդհանուր հայտարարությունները:

Այսպիսով, ՀՀ քաղաքական դաշտում առկա եւ Խորհրդարանական  ընտրություններում պայքարող որեւէ կուսակցություն չունի մշակույթին վերբերող խորը վերլուծություն, իր նախընտրական ծրագրում չի առանձնացնում մշակութային հիմնական խնդիրներն ու չի առաջարկում խելամիտ լուծումներ: Որեւէ ծրագրում չհանդիպեցի մասնագիտական վերլուծություն, չտեսա ծրագիր, որի հեղինակն իսկապես տիրապետում է խնդրին ու տեսնում է դրա լուծման հնարավոր եղանակները: Խորհրդարանում տեղի համար այսօր պայքարում են հիմնականում այնպիսի ուժեր, որոնք արդեն երկար տարիներ է` Խորհրդարանում են: Ես կհավատայի նրանց ծրագրերին, եթե կուսակցությունները ներկայացնեին արդեն կատարած աշխատանքը որւեէ կոնկրետ ծրագրի հետ կապված ու նաեւ նշեին այն աշխատանքը, որը դեռ պետք է արվի: Թե չէ այնպիսի տպավորություն է, որ այս ուժերն առաջին անգամ են մտնելու խորհդրարան:

Կարծում եմ` անընդունելի է մշակութային կյանքի հանդեպ այսօրինակ վերաբերմունքն այն ուժերի կողմից, որոնք ունեն իշխանություն կամ ձգտում են դրան: Մշակույթը հասարակության կյանքում իրականում շատ մեծ դեր ունի եւ կարող է հանրության մեջ առկա շատ խնդիրների լուծման միջոց դառնալ:

Հ.Գ. Սկզբից որոշել էի դիտարկել թատրոնին վերաբերող խնդիրների ներկայացվածությունը կուսակցությունների նախընտրական ծրագրերի մշակույթին վերաբերող բաժնում, բայց դե դիտարկման վերջում արդեն հասկացա, որ դա ռեալ չի: Մշակույթի առանձին ճյուղերի խնդիրներին ու ծրագրերին առհասարակ որեւէ մասնագիտական անդրադարձ չկա: 

вторник, 24 апреля 2012 г.

Օրվա խորհուրդը. մենք այսօր կանք


Միշտ էլ կարծել եմ, որ Ծիծեռնակաբերդ պետք է գնալ տարվա մեջ գոնե մի քանի անգամ, այլ ոչ թե միայն ապրիլի 24-ին: Ու չնայած տարվա մեջ էլ եմ այցելում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, բայց ապրիլի 24-ին էլ Ծիծեռնակաբերդ գնալը ծիսականորեն պարտադիր մի բան է: Այսօր գնացինք երեկոյան ժամի: Չնայած ուշ ժամի` հուշահամալիրը բազմամարդ էր:

Մարդիկ, բոլորը, երիտասարդ ու տարեց, երիտասարդ ընտանիքներ` իրենց փոքրիկների հետ, տղաներ, որ ուրիշ օրերի փողոցում տեսնելիս չես էլ մտածի, որ առհասարակ տեղյակ են Հայոց Մեծ Եղեռնից, այս օրը գնում են Ծիծեռնակաբերդ: Միգուցե որոշները գալով անգամ չեն իմանում, թե ուր են գնում ու չեն ըմբռնում օրվա խորհուրդը, բայց ամեն դեպքում գնում են Ծիծեռնակաբերդ: Գնում են սովորույթի ուժով, գնում են ներքին կանչով, գնում են…

Այսօր Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին մի համով փոքրիկ բալիկ հոր գրկից անընդհատ խոսում ու տրտնջում էր, որ դանդաղ ենք առաջ շարժվում: Բողոքեց, բողոքեց, մեկ էլ դարձավ կողքի մարդկանց` գիտե՞ք, չէ՞, որ թուրքերը փախել են, իրենք վախեցել են ու փախել են…

Այ սիրուն գանգրահեր փոքրիկ, թուրքերն ուզում էին, որ այսօր մենք, մեր Ծիծեռնակաբերդն ու մեր հիշողությունը ջնջված լինեին աշխարհի երեսից ու մարդկության պատմությունից: Բայց այդպես չեղավ: Բայց այսօր, Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին, մենք բոլորս, ու ամենակարեւորը` այն գանգրահեր փոքրիկը, գնում ենք Ծիծեռնակաբերդ ու տասնյակ հազարավոր կակաչներ որպես վերածննդի խորհուրդ գալիս են շրջապատելու անմար կրակն ու ձայն հղելու առ երկինք, որ մենք այսօր կանք. կանք մի քիչ տկար, մի քիչ բզկտված, երբեմն` հիասթափված, մի քիչ կոտրված…բայց կանք, ու հասկանում ենք, որ լավագույն պատասխանը Եղեռնի կազմակերպիչներին ու նրանց նպատակին կազմակերպված, համախմբված ու ուժեղ ազգ լինելն է:

Հ.Գ. Երկու օր առաջ քեռուս տղայի հարսանիքն էր: Առհասարակ շատ եմ ուրախանում, որ ամուսնության լուր եմ լսում, առավել ուրախանում եմ, երբ հարազատս է ամուսնանում: Մեծագույն իմաստ ու խորհուրդ եմ տեսնում, երբ հայն ապրիլ ամսին է ընտանիք կազմում…   

четверг, 19 апреля 2012 г.

Անձրեւն եկավ, քեզ գտավ մաշկիս տակ…


Անձրեւն եկավ, թափվեց վրաս, թել-թել բացեց ինձ: Հասավ մաշկիս, մտավ մաշկիս տակ, հասավ քեզ: Հոտոտեց, հավանեց հոտդ, խրախուսող ժպտաց: Հետո գրկեց ինձ, ու միասին տրվեցինք փողոցին: Դու, իմ միջի դուն խանդեցիր, հոսեցիր, գժվեցիր, ու….բացվեցին խաղերս, բացվեցին թաքնված սերերս ու…..սիրեցի քեզ, այ թե բախտդ բերեց, որ մոտս չէիր….թե չէ էլ քեզ փրկություն չկար….

Ես փակ էի, իմ խեցու մեջ, կամ` իմ ծառի կեղեւի մեջ: Դու, հենց դու այս անձրեւի պես շռնդալից եկար, թափվեցիր գլխիս….ու հավանեցիր հոտս….խրախուսող ժպտացիր ու մտար մաշկիս տակ, ու մտար մաշկիս մեջ…ու սիրեցի քեզ, ու սիրեցիր ինձ….

Ու հիմա երբ դու մաշկիս մեջ ես, ուզում եմ քեզ մասերի բաժանեմ, նյարդ առ նյարդ, թել առ թել բացեմ քեզ, գնամ խորքը, տեսնեմ-հասնեմ անցյալիդ, մանրատեմ, ջլատեմ, անցյալիդ մեջ էլ մտնեմ, որ այնտեղ էլ լինեմ, թե չէ խանդում եմ անցյալդ, ես այնտեղ չկամ, այնտեղ ուրիշներ կան, այնտեղ սերեր կան, կապեր, զգացմունքներ, այնտեղ գայթակղություններ կան, այնտեղ ինձ անհայտ մասեր կան, ու ես խենթանում եմ այն մտքից, որ այնտեղ դու կաս, ու ես չկամ…. այդ անձրեւից առաջ…

Ուզում եմ բացառել ան-Ես քեզ, մոռացել եմ ան-Դու Եսս….. քաղաքի փողոցները, իմ մաշկը, իմ տեսողությունն ու լսելիքը, իմ թոքերը քեզնով լիքն են, դու կաս այնքան, որքան որ մեջս ներծծված ես, կամ ես քո մեջ եմ արմատացած….

Քսանմեկերորդ դարում էսպես սիրե՞լ….

вторник, 17 апреля 2012 г.

Ո՞ր առիթից են օգտվում աղանդավորները


Ես հավատում եմ, որ կյանքում մարդիկ երբեմն առաքելություն են ունենում, թեկուզ մի փոքր, թեկուզ մի աննշան: Չեմ ուզում ճակատագրի գերին դառնալ, բայց դե նախախնամություն, թերեւս, կա:

Երկու օր առաջ պիտի թատրոն գնայի. պարզվեց, որ տոմսերը վերջացել են: Տուն գնալու տրամադրություն չկար, եղանակը լավն էր: Մի քիչ մենակ զբոսնելուց հետո զանգեցի ծանոթներիցս մեկին: Անկեղծ ասեմ, պատահական զանգեցի, այն իմաստով, որ այդ աղջկա հետ շատ մտերիմ չեմ, ու հաճախ չենք հանդիպում: Իհարկե, իմ ու մի ծանոթ աղջկա հանդիպման մասին ձեզ չէի պատմի, եթե ուշագրավ մի դրվագ չլիներ մեր խոսակցության ընթացքում:

Շատ պատահական խոսք բացվեց հավատից ու եկեղեցուց:

«Այստեղ էլ, Ստեփանակերտում էլ Եհովայի վկաները շատ են, այստեղ հատկապես շատ են: Նրանց շատ եմ հանդիպում, շատ լավ մարդիկ են, ու ինձ միշտ օգնել են, կյանքի ամենածանր պահերին իմ կողքին են եղել: Ու իրենց ասածների հետ էլ համաձայն եմ. գիտես, չէ՞, իրենք Աստվածաշնչի հիման վրա են խոսում»:

Այ քեզ բան…ես ինքս Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ, եկեղեցի հաճախում եմ, վերջերս իմ կամքով ու որոշմամբ մկրտվել եմ Հայ Առաքելական Եկեղեցում, ինքս համոզված եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին կատարյալ կառույց է….բայց այդ ամենը մի երրորդ մարդու հասկանալի բացատրել ու համոզել թերեւս չեմ կարող: Բացահայտ էլ չեմ կարող հարձակվել «Եհովայի վկաներ»-ի վրա. լավ է տրամադրված ինքը, իր պատմելով իրեն գրականություն են տալիս, ինքը միշտ կարդում է, անգամ ինձ առաջարկեց այդ գրքերից: Ասում եմ` ես Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ, մկրտված եմ, այցելում եմ եկեղեցի, շփվում եմ հոգեւորականների հետ, նրանք պատասխանում են իմ հարցերին…ասում է` ես չեմ հավատում հոգեւորականներին: Ասում եմ` քանի՞ հոգեւորականի ես ճանաչում: Ասում է` նրանք չեն ծանոթանա, չեն շփվի: Այ քեզ բան…բայց այդպես չի, ասում եմ ես:

Հա, մոռացա նշեմ, որ զրուցակիցս վերջերս է տեղափոխվել Հայաստան: Հայ է, բայց ծնվել-մեծացել է Աշխաբաթում: Անցած տարի եկել է սովորելու Ստեփանակերտում, հիմա տեղափոխվել է Երեւան:

Ու պատմեց, որ Աշխաբաթում մի քանի անգամ փորձել է գնալ եկեղեցի, բայց հոգեւորականների հետ շփվել չի ստացվել: «Պապիկս հիվանդ էր, ու ինքը հավատում էր, որ եթե եկեղեցում դիպչի Աստվածաշնչին, դա իրեն կօգնի: Մենք գնացինք եկեղեցի, ու երբ պապիկը փորձեց մոտենալ Աստվածաշնչին, հոգեւորականը գոռաց նրա վրա….»: Ու սկսեց բողոքել հոգեւորականներից, ճիշտ է` բողոքների որոշ մասը անհիմն ու անտրամաբանակ էին: Փորձեցի բացատրել, որ որոշ հոգեւորականներ կարող են թերություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ պետք է հետեւել որեւէ աղանդի…. Ասում է` ախր Եհովայի վկաներն ինչ ասում են, ճիշտ են ասում…. Ասում եմ` եթե հոգեւորականի հետ խոսես, ինքը կպատասխանի քո հարցերին ու ճիշտ կպատասխանի. իսկ Եհովայի վկաները խեղաթյուրում են Աստվածաշունչը: Ասում եմ` իրենք բանակում չեն ծառայում, դա ճի՞շտ է: Ասում է` հա, դա միակ բանն է, որ իրենց հետ համաձայն չեմ:

Դե իմ աստվածաբանական գիտելիքները չէին կարող բավարարել, որ ես գործին օգնեի: Համաձայնություն ստացա, որ միասին մի օր այցելելու ենք իմ ծանոթ հոգեւորականին ու զրուցելու ենք: Համաձայնեց: Առաջիկա օրերին անպայման միասին եկեղեցի ենք գնալու:

Եզրակացություններ.
  • Պետք էր, որ ես այդ օրն այդ աղջկան զանգեի:
  • Հայ Առաքելական Եկեղեցու թեմերն այլ երկրներում եւս պետք է մարդկանց օգնեն ու հոգեւոր զավակների կողքին լինեն:
  • Եկեղեցականները թող ավելի բարեհամբույր ու համբերատար լինեն մարդկանց հետ: Արդարության առաջ մեղք չգործելու համար ասեմ, որ ես այդպիսի հոգեւորականների ճանաչում եմ: Ուղղակի թերեւս նրանք քիչ են… ու աղանդավորներն օգտվում են դրանից:

четверг, 12 апреля 2012 г.

Գրողի տարած կիսատ…..


Ու հանկարծ ինչ-որ մի անիծյալ օր որոշում է, որ կիսատը բավական է, որ կիսատ հեշտ է, որ կիսատ հարմար է, սուսուփուս, անվտանգ: Ու կիսատ է դառնում ամեն ինչ, ու կիսատ է մնում ամեն ինչ:
Ձայնը կիսատ խրվում է կոկորդում, ու անգամ անհրաժեշտ կանգառին հասնելիս չի կարողանում բարձրաձայն գոռալ` կանգնեք, այստեղ եմ իջնում: Կիսատ ձայնը խրված կոկորդում` ընթանում է ինքն էլ չգիտի, թե ուր….անցնում է իր կանգառը, հաջորդ կանգառ, մյուսը, մյուսը, մյուսը…ու էլ չի մտածում ասել, որ ախր իրեն պետք էր իջնել, որ ախր ինքն իր ճանապարհով չի ընթանում, ինքն իր մեքենայի մեջ չի, ու առհասարակ, ինքը հիմա սխալ ուղու վրա է:


Գրողի տարած կիսատ ձայնը միայն իրեն է խեղդում` կիսատ ու անկատար թողնելով զգացածը: Զգացածն էլ չարտահայտման կիսատությունից բյուրեղանում է իր մեջ` կորցնելով արժեքը:  

Ու հանկարծ մի անիծյալ օր համաձայնում է կիսատ սիրել. կարծում է, որ կրծած մի կտոր սերը բավական է իրեն, կապրի այդպես ավելի հանգիստ: 

Ու կիսատությունը խրած կյանքի մեջ` կիսատ-պռատ քարշ է տալիս կես-հաճույքը, կես-երջանկությունն ու կես-բավարարարվածությունը: 

Ու մի պահ էլ երբ ի վերջո որոշում է գրողի ծոցը նետել կիսատն էլ ու դառնալ ոչինչ….հազար ու մի «բայց» ու «եթե» գալիս-խառնվում են ոտքերի տակ ու ձեռքերի մեջ, աղաչում են մտածել ու փչացնում են չկայացած-հնարավոր թռիչքի գեղեցկությունը….

Կիսատը հաղթանակած-ինքնագոհ ժպտում է` թշվառին ընդառաջելով դեպի տաքուկ ու ցավալիորեն հարմարեցված կիսատությունը…

пятница, 6 апреля 2012 г.

Սուրբ Զատիկ. Քրիստոնյա աշխարհը տոնում է իր Փրկչի հարության տոնը


Երկու օրից ավարտվում է Ավագ Շաբաթը: Ավագ Շաբաթն ամփոփում է Քրիստոսի կյանքի վերջին օրերը, եւ ամեն օրն ունի իր բացատրությունն ու հատուկ արարողակարգը: Ինչպես տեղեկանում ենք qahana.am կայքից, ապրիլի 7-ն Ավագ շաբաթն է: Խորհուրդը` դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին:
Իսկ ապրիլի 8-ին, կիրակի օրը, կտոնվի Սուրբ Զատիկը: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին:

Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից է, ինչը նշանակում է, որ այն շարժական տոն է: Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ: Հայոց շարժական տոների օրերը պայմանավորվում են Զատկի տոնով:

Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Նրա խորհուրդն անչափ կարեւոր է քրիստոնյա-հավատացյալների համար. այն Քրիստոսի հարության տոնն է:

Սուրբ զատիկը ուրախության տոն է: Գրականության մեջ այս տոնն անվանվում է “Հրաշափառ հարության տոն”, “Լուսավոր Զատկի տոն”:

Քրիստոսը մարդկանց ցույց տվեց, որ կարելի է հաղթել անհաղթահարելի թվացող ամենասարսափելի մահը:  Քրիստոսը հաղթեց մահին, քանի որ նա հավատ ուներ ու լույս: Քրիստոսը հարություն առավ չարչարանքներից, ծաղրանքից, տանջանքից ու մատնությունից հետո վրա հասած մահից, հարություն առավ, որ ցույց տա մարդկությանը հոգու ու հավատի ուժը: Քրիստոսը զոհեց իրեն բոլորիս փոխարեն ու քավեց բոլորիս մեղքերը: 

Իսկ մենք շարունակում ենք մեղքեր գործել ու ուրանալ Քրիստոսին…Ամենքս մեր մեջ, միայն մեր համար պահենք մեր Քրիստոսին. դա ե´ւ մեզ օգուտ կլինի, ե´վ մեր հարազատներին ու շրջապատին…

Աստված բոլորիս պահապան:

вторник, 3 апреля 2012 г.

Վ. Վազարելի. օպտիկական արվեստի վարպետի գործերը կարելի է դիտել Երեւանում


20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ Վիկտոր Վազարելին ծնվել է 1906թ. Հունգարիայի Պեչ քաղաքում եւ մեծացել է Բուդապեշտում: 1925-ին ընդունվել է Բուդապեշտի համալսարանի բժշկական գիտությունների բաժինը: 
1930 թվականին ամուսնացել է իր համակուրսեցի Կլարա Սպինների հետ: Համատեղ կյանքում նրանք երկու որդի են ունեցել, Անդրեն եւ Ժան-Պիերը: Բուդապեշտում նա աշխատել է պոստերների ձեւավորման ընկերությունում: 1930-ականներին Վազարելին դարձավ գրաֆիկական դիզայներ եւ հենց այս ժամանակաշրջանում էլ սկսեց իրար հետեւից շատ օրգանիկ պատկերներ պատկերել:  
1930թ. Վազարելին թողնում է Բուդապեշտն ու տեղափոխվում է Փարիզ: Այստեղ նա շարունակում է աշխատել որպես գրաֆիկական արվեստագետ եւ ստեղծագործող խորհրդական գովազդային գործակություններում: Այս ժամանակամիջոցում նա արդեն սկսում էր մտածել, որ բավական է աշխատել այլ արվեստագետների հետ եւ սկսում է մտածել սեփական մոդելավորման ինստիտուտը բացելու մասին:

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նա  ստուդիա է բացում Արկուեիլում, Փարիզից 10 կմ հեռավորության արվարձանում: 1961-ից վերջնականապես հաստատվում է Աննեթ-սըր-Մարնեում:
Վազարելին ստեղծել է արվեստ, որը հիմնականում կենտրոնացած է օպտիկական պատրանքի շուրջը:
Երեք տասնամյակների ընթացքում Վազարելին զարգացրեց երկրաչափական աբստարկ արվեստի իր տեսակը եւ աշխատեց տարբեր նյութերի հետ` օգտագործելով մինիմալ թվով ձեւեր ու գույներ:

1929-1944 : Համարվում են նրա վաղ գրաֆիկական շրջանը: Այս շրջանի հայտնի գործերից են «Զեբրաները», «Շախմատի տախտակը» եւ «Աղջիկ-հզորությունը»:
1944-1947: Սխալ ուղու վրա: Այս ժամանակաշրջանում նա փորձարկել է կուբիզմը, ֆուտուրիզմը, էքսպրեսիոնիմը, սյուրռեալիզմը եւ չի զարգացրել սեփական ոճը: Այնուհետեւ նա ասել է, որ սա սխալ ուղի է եղել:  «Ինքնանկար»-ն ու «Կույր մարդ»-ը համարվում են այս ժամանաշրջանի գործեր:
1947-1951: Երկրաչափական աբստրակտ արվեստի զարգացման շրջան: Վերջապես, Վազարելին գտնում է իր ոճը: Աշխատանքներում ի հայտ են գալիս երկրաչափական պատկերները: Սկսած 1948-ից Վազարելին իր ամառային ամիսներն անցկացնում է Գորդեսում: Այստեղի քառակուսի տները առաջնորդում են նրան մի կոմպոզիցիոն խմբի, որը հետագայում կոչվում է «Բյուրեղ»:
1951-1955: Կինետիկ պատկերներ, սեւ-սպիտակ գրաֆիկներ: Գորդեսից հետո նա զարգացնում է իր կինեմատիկ պատկերները:
1955-1965: Փոփոխություններ եւ շարունակական արվեստ: Նա սկսեց աշխատել խիստ որոշակի գույների ու ձեւերի հետ /երեք կարմիր, երեք կանաչ, երեք կապույտ, երկու մանուշակագույն, երկու դեղին, սեւ, սպիտակ, մոխրագույն. երեք շրջան, երկու քառակուսի, երկու ռոմբաձեւ, վեց էլիպսներ/, որոնք նա հետագայում ընդարձակեց եւ թվագրեց: Այս պլաստիկ այբուբենն օգտագործելով` նա սկսեց շարունակական արվեստ, ձեւերի եւ գույների մի անվերջ փոփոխականության շրջան:
1965:  Զարգացնելով արդեն ստեղծած ձեւերը` Վազարելին ստեղծում է օպտիկական պատրանքի հավերժ շարժունակություն:
1970-ին Վազարելին բացում է իր առաջին թանգարանն ու ցուցադրում է իր 500-ից ավելի աշխատանքները:  Երկրորդ մեծ կառույցը Վազարելի ֆոնդն էր Աիքս-էն-Պրովանսում. սա մի թանգարան է, որը ձեւավորվել է հենց Վազարելիի կողմից:
Վազարելին մահացել է 1997-ին, 90-ամյա հասակում, Փարիզում:  
Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր վայրերում:

Օպտիկական արվեստի այս վարպետին այսքան երկար ներկայացնելն ինքնանպատակ չէր: 2011 թվականի սեպտեմբերից Գաֆէսճյան արվեստի կենտրոնում բացվել է Վազարելիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են է 44 ստեղծագործություններ. դրանք պատկանում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին:
Ապրիլի 3-15-ը ներառյալ ցուցահանդեսի մուտքըԱրծիվ» սրահ) կլինի անվճար: Այնպես որ Երեւանում կա եզակի հնարավորություն` ծանոթանալու այս յուրօրինակ արվեստին: Ինքս այսօր այցելել եմ ու տպավորված եմ:

понедельник, 2 апреля 2012 г.

Լուսավոր կետ


Այսօրվա դպրոցականներից շատ եմ կտրվել: Տանը դպրոցական երեխա չկա, բարեկամներիս դպրոցական երեխաների հետ չեմ հասցնում շփվել: Դպրոցականների տեսնում եմ միայն փողոցում, ու անկեղծ ասած, նրանց պահվածքն ու արտաքինն ընդհանուր առմամբ այնքան էլ դուր չի գալիս ինձ: Միջին տարիքի դպրոցականի ու իմ միջեւ տարբերությունը մոտավերապես 7-8 տարի է, բայց խոստովանեմ, որ այսօրվա դպրոցականի ու իմ դպրոցական տարիների մեջ տարբերությունն անհամեմատ ավելի շատ է. տեմպն արագ է:

Այսօր մի teenager-ի հետ եմ ծանոթացել: Միասին ներկայացում դիտեցինք, խոսեցինք… Խելացի, զգայուն, նուրբ աղջիկ է, հետաքրքիր, կոլորիտով արտաքինով: Թատերական ինստիտուտի նախապատրաստական դասերին է գնում, ռեժիսուրա բաժինը: Ասում եմ` բա ո՞նց որոշեցիր ռեժիսուրա, դպրոցից ուղիղ թատերակա՞ն ես եկել: Ասում է` բայց ես դեռ դպրոցական եմ, հույս ունեմ, որ կընդունվեմ: Հա, հաստատ կընդունվես, անկեղծ համոզմունքով ասում եմ ես, դու դեռ դպրոցակա՞ն ես, ինչ լավ դպրոցական ես… J Հա, ասում է, ես փոքր եմ դեռJ

Պատմեց, որ սիրում է երաժշտություն, նկարչություն, պար, դերասականակ արվեստ ու այս ամենի սինթեզն իր համար ռեժիսուրան դարձավ…

Մի պահ հիշեցի ինձ ու իմ դասարանը տասներորդ դասարանում: Չէ, մենք էսքան հանգիստ, ինքնավստահ, կիրթ չէինք: Ինքն արդեն ինստիտուտի գրադարանից է օգտվում, բավականին էլ կարդում է իմիջայլոց, ներկայացումներ է դիտում, գիտի, թե ինչու է ընտրել իր ապագա մասնագիտությունը:

Այս դպրոցականները մեզնից շատ բան են տեսնում, նրանք ավելի շատ հնարավորություններ ունեն, ու այդպես ճիշտ է…  Շատ լավ դպրոցական էր, իսկական լուսավոր կետ….  

воскресенье, 1 апреля 2012 г.

Ծաղկազարդ 2 կամ ինչպես են մարդիկ եկեղեցու տարածքը շուկայի վերածում


Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը, տոն, որ խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Այս օրը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր, ինչը նշանակում է, որ Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության հատուկ արարողություն:
Տոնի խորհրդի մասին գրառել եմ առավոտյան: Ծաղկազարդն իմ ամենասիրելի եկեղեցական տոներից է, լուսավոր, գունավոր, գեղեցիկ տոն է, ու գեղեցիկ է նաեւ խորհուրդը:
Այսօր այցելեցինք Սբ. Սարգիս եկեղեցի: Ընկերոջս հետ դեռ չէինք մոտեցել եկեղեցուն, բայց հեռվից արդեն տեսարանը հուսադրող չէր: Եկեղեցի տանող երկու մայթերը լի էին առեւտրականներով ու տարատեսակ ծառուծաղիկով: Գոռգոռում են ու Ծաղկազարդին վերաբերող ապրանքներ են առաջարկում. ծաղիկներ, բույսեր, ծղոտներ, անգամ` արհեստական գունավոր ծաղիկներ: Իսկական շուկա, կողքին էլ` եկեղեցի: Մարդիկ «10 հատ մոմ` 200 դրամով» առաջարկով մտել էին անգամ եկեղեցի. հա, հա, եկեղեցու ներսում առեւտուր են անում, առաջարկում են մոմ գնել: Եկեղեցում անընդհատ աղմուկ էր, շարժ, խոսակցություններ: Մի պահ փակեցի աչքերս, փորձեցի չլսել աղմուկը, այլ լսել աստվածային շարականը: Չստացվեց. աչքերս փակ մի քանի վայրկյան էլ կանգնեի` կտրորեին ինձ… Ես ու ընկերս նույն պահին իրար նայեցինք. դուրս գանք, այս պայմաններում եկեղեցին տեսնել չենք կարողանում:
Դուրս եկանք, անցանք մինի շուկայի միջով ու հասանք փողոց:
Ես չեմ ցանկանում տեսնել Հայ Առաքելական Եկեղեցին այս վիճակում, իմ Հայ Առաքելական Եկեղեցին խորհրդավոր ու ակնածանք-լռությամբ լի է, եկեղեցին Աստծո տունն է: Սակայն եկեղեցական բոլոր տոներին եկեղեցում այս տեսարանն է. կարծես մարդիկ մոռանում են, որ եկեղեցի են մտնում: Սա եկեղեցի մտնող յուրաքանչյուր մարդու խնդիրն է. նա ինքն իր համար պիտի պատասխանատվություն կրի, լռություն ու հարգանք պահպանի:
Իսկ տոն օրերին եկեղեցու տարածքն առեւտրական գոտու չվերածելու համար կարելի է պարզապես արգելել մարդկանց եկեղեցուց որոշակի հեռավորությունից մոտ առեւտուր անելը:
Պարզապես կարծում եմ` Հայ Առաքելական Եկեղեցին բոլորինս է ու այն ամեն կերպ պաշտպանելը բոլորիս գործն է: