четверг, 18 декабря 2014 г.

Թե ինչպես հոլանդացիների հետնորդները քավեցին իրենց նախնիների մեղքը Ռեմբրանդտի առաջ

Ռեմբրանդտի կյանքում ճակատագրական մեծ դեր է խաղացել մի նկար` «Գիշերային դետք» անունով: Ամստերդամի զանազան ընկերությունների շրջանում սովորություն կար տեղական նկարիչներին պատվիրել տալ իրենց անդամների խմբանկարը. դա կատարվում էր որոշ ավանդությամբ: Կենտրոնում, առաջին շարքի վրա պատկերվում էին ընկերության ղեկավար անդամները, ապա, ըստ դիրքի ու կարողության, նրանց շուրջ էին տեղավորվում մյուսները: 1642 թվականին, Ամստերդամի հրաձգային վաշտի կապիտան Ֆրանց Բաննինգ Կոկը Ռեմբրանդտին պատվիրում է իր վաշտի հրաձիգների խմբանկարը: Ըստ պայմանի, նկարում պետք է պատկերվեին տասնյոթ հրաձիգ, որոնցից յուրաքանչյուրը նկարչին վճարում է հարյուր գուլդեն: 

Փոխանակ գոյություն ունեցող ավանդույթով պատկերելու իր պատվիրատուներին` Ռեմբրանդտը կատարյալ ազատություն է տալիս իր երեւակայությանը, նկարում տեղավորելով երեսուն մարդ, տասնյոթի փոխարեն եւ դուրս բերում նրանց գիշերային երթի: Էապես դա դառնում է ոչ թե խմբանկար, այլ սյուժետային նկար, որի գործող անձերն ազատ դասավորությամբ ցրված են պատկերի զանազան մասերում եւ նմանողությամբ ոչ մի կապ չունեն պատվիրատուների հետ: Այդ նկարը բուռն զայրույթ է առաջացնում հրաձիգների մեջ, նրանք հրաժարվում են նկարից եւ ետ պահանջում վճարած գումարը: 
Այդպիսով, մոտավորապես տասնհինգ տարվա ստեղծագործական հաջողությունից հետո, առաջին անգամ ճեղքվածք է առաջանում Ռեմբրանդտի եւ պատվիրատուների միջեւ, որը եւ անվստահություն է սերմանում բուրժուական շրջաններում` դժվարացնելով պատվեր ստանալու գործը: Իր բովանդակությամբ այդ խմբանկարը շատ հետաքրքիր մտաղհացում ունի, բավական դինամիկ է կոմպոզիցիայով, թեպետ շատ էլ մուգ է` կոլորիտով:

Սակայն ուշագրավ է, որ այդ նկարի անհաջողությունից մոտավորապես երեք հարյուր տարի անց, 1956 թ. նույն Ամստերդամում կազմակերպվել է մի հետաքրքիր արարողություն` կապված այդ նկարի բետ: Գրում են, որ «մի խումբ մարդիկ, հին զգեստներով, արկեբուզներով ու նիզակներով զինված, հանդիսավոր երթով անցել են քաղաքի փողոցներով եւ կանգ առել «Կլոնեվիրսդուրեն» հին շենքի առաջ: Այստեղ խումբը վայրկենապես շարվում է, եւ հիացած դիտորդները տեսնում են նետաձիգների վաշտի դետքի դուրս գալու կենդանի պատկերը: Զգեստներն ամենայն մանրամասնությամբ կրկնել են նշանավոր պատկերը, եւ նույնիսկ սպիտակ հագած աղջիկը` Հոլանդիայի հաղթանակի սիմվոլը, եղել է նրանց մեջ: Այսպես, Բաննինգ Կոկի հեռավոր հետնորդները քավել են իրենց նախորդների մեղքը»: (Մեջբերումը` ըստ Լ. Վոլինսկու):

Ե. Մարտիկյան, «Ռեմբրանդտ», Երեւան, 1959, էջ 29-30

понедельник, 15 декабря 2014 г.

Ռեմբրանդտի «Դանայա»-ն

Թե ինչպես են դիցաբանական թեմաները Ռեմբրանդտի ստեղծագործությամբ վերածվում երկրային իրական գործողությունների` կարելի է օրինակ բերել «Դանայան»,  նրա հանճարեղ ստեղծագործողություններից մեկը: Պատկերը թեպետ կոչվում է Դանայա, բայց դրա սյուժետը մինչեւ օրս ճշտորեն չի պարզված: Գիտնականներից ոմանք կարծում են, թե դա Վեներան է` սիրո եւ գեղեցկության անտիկ աստվածուհին, որն իր մահճում սպասում է Մարսին` պատերազմի աստծուն, ոմանք ենթադրում են, թե դա Աստվածաշնչի հերոսներից է` Սառան, որն սպասում է իր ամուսնուն` Թոբիասին:

Դանայայի մասին առասպելն ասում է, որ նա Արգոսի թագավոր Ակրիզիոսի աղջիկն է:

Ակրիզիոսին գուշակված է եղել, թե նա կարող է մեռնել իր թոռի ձեռքով, դրա համար էլ նա իր աղջկան բանտարկում է եւ խստորեն հսկում, որ նա ոչ ոքի հետ շփում չունենա: Չնայած այդպիսի մեկուսացման ու խիստ հսկողության, Զեւսը, հրապուրվելով աղջկա գեղեցկությամբ, այնուամենայնիվ, թափանցում է նրա մոտ ոսկյա անձրեւի տեսքով եւ կենակցում նրա հետ: Իտալական Վերածնության շրջանի մի քանի նկարիչների մոտ առասպելը հիշյալ բովանդակությամբ էլ պատկերված է:

Ռեմբրանդտը շեղվում է ե´ւ առասպելից, ե´ւ Վերածնության նկարիչների ավանդական մեկնաբանումից: Նա ոսկե անձրեւը փոխարինում է լույսով, առասպելական աստվածուհուն փոխարինում է Սասկիան (նկարչի կինը), իր հրապուրիչ, կենսաթրթիռ մերկությամբ, «առասպելական» լույսով, ողողված, փափուկ մահճում պառկած, Զեւսին սպասելիս: Մահճի ետեւը աղախինն է բաց արել թանձր վարագույրները, որտեղից էլ ներս թափանցել լույսը: Դանայան ձեռքի շարժումով կարծեք թե ներս է հրավիրում ինչ-որ մեկին: Պառկած քանդակազարդ բրոնզյա մահճակալի վրա, հարուստ միջավայրի մեջ, ոսկեկար ծանր վարագույրների ու այլ առարկաների շրջապատում Դանայայի մերկությունը դիտվում է կանացիության իր ամբողջ հրապույրով: Ով էլ լինի այդ առասպելական հերոսուհին, միեւնույն է` Դանայան թե Վեներան, դա կանացի մերկ մարմնի գեղեցիկի գովերգում է, կատարված պոետիկ շնչով, խոր զգացմունքով: Ռեմբրանդտի Դանայան տարբերվում է թե Վերածնության իդեալականացված Դանայաներից, թե բարոկկոյի պաթետիկ զգայականությամբ ներծծված Դայանաներից իր խոր մարդկայնությամբ: Առասպելը վերածելով կենցաղային պատկերի, Ռեմբրանտդը, այնուամենայնիվ, իր առասպելական էակին օժտել  է բարոյական մաքրությամբ:

Նկարչի գեղանկարչական հնարամտությունը այս դեպքում գերազանցում է իր նախորդ բոլոր գործերին: Նրա կախարդական ներկապնակը հանդես է եկել իր անսպառ հնարավորություններով ու փոփոխություններով: Սպիտակ անկողնի ֆոնի վրա, լույսով ողողված Դանայայի ոսկեգույն մարմինը եւ սահող լույսի ցոլքերում առաջացած բազմաթիվ երանգները ստեղծել են գրավիչ տաք կոլորիտ, լույսի ու ստվերների հակադրումներով ու մեղմ անցումներով, առասպելական հերոսուհին այդ շրջապատում փթթում է` գտնվելով երջանկության մեջ: Կարելի է հաստատապես ասել, որ ոչ մի նկարչի գործում Դանայան այդպես ոգեշնչված չէ մարդկային զգացմունքներով, այդպես կոնկրետ չէ կերպարով, այդպես զտված չէ առասպելական պայմանականությունից, այդպես շոշափելի իրականության չի վերածվել, ինչպես Ռեմբրանդտի աշխատանքում: Ահա այսպես էր նա պատկերում առասպելը, վերածելով այն կյանքի իրական պատկերի, հերոսներին օժտելով մարդկային ապրումներով:

Ե. Մարտիկյան, «Ռեմբրանդտ», Երեւան, 1959, էջ 21-22

суббота, 13 декабря 2014 г.

Կարեւորի մասին. Մոնթեի մասին

Քարվաճառի դպրոցականների հետ այսօր Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ դիտեցինք: Ֆիլմի դիտումն տեղի ունեցավ մի դասընթացի շրջանակներում, որի միջոցով դպրոցականներին ծանոթացնում ենք Քարվաճառի պատմությանը, նշանակությանը, արցախյան գոյամարտին, Քարվաճառը վերաբնակեցնելու ու ամրացնելու անհրաժեշտությանը..

Դավիթն սկսել է երեխաներին ներկայացնել արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող շարքը, եւ այդ շարքն սկսվեց Մոնթեի մասին ֆիլմի դիտումով: Երեխաները տեսան ու հասկացան, որ Մոնթեն կարող էր Օքսֆորդի համալսարանում սովորել, հայտնի գիտնական դառնալ...բայց նա, ծնունդով ԱՄՆ-ից լինելով, արյամբ հայ էր, ու եկավ իր հայրենիքի կանչով, եկավ գիտակցված, եկավ` իմանալով, թե ինչու է գալիս...

Քարվաճառցի դպրոցականները տեսան, թե ինչպես է ազատագրվել Քարվաճառը եւ թե որքան կարեւոր է այն` Մայր Հայաստանն ու Արցախը իրար կապելու համար:

Ֆիլմը դիտողների մեջ կային դպրոցականներ, ում ծնողները հայրենիք են կորցրել Հյուսիսային Արցախում, եւ ովքեր այսօր Մոնթեի ու մյուս հերոս տղերքի շնորհիվ խաղաղ երկնքի տակ են Քարվաճառում...

Ֆիլմի դիտումից հետո երեխաներին հարցրի. «Պետք է, չէ՞, ապրել, Մոնթեի ազատագրած Քարվաճառում»: «Հա~~~», իսկապես համոզված պատասխանեցին Քարվաճառի մերօրյա տերերը:

воскресенье, 23 ноября 2014 г.

Տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններն ու վտանգները. քննարկում Քարվաճառում

Նոյեմբերի 23-ին Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի աշխատակիցները հանդիպում ունեցան Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի երիտասարդների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Քարվաճառի միջնակարգ դպրոցում: Քննարկվող հիմնական թեման տեղեկատվական անվտանգությունն էր սոցիալական ցանցերում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանն իր խոսքում ընդգծեց, որ նման հանդիպումներ կազմակերպվում են Արցախի տարբեր շրջաններում: «Բոլորս էլ գիտենք, որ պատերազմը չի ավարտվել, եւ առավել ակտիվ է ծավալվում հենց տեղեկատվական դաշտում, ուստի տեղեկատվական անվտանգության հիմունքներին տեղյակ լինելը կարեւոր է յուրաքանչյուրիս համար», խոսելով հանդիպման նպատակներից` ընդգծեց Վլադիրմիր Գրիգորյանը:

Նա նշեց, որ Արցախի բնակիչներից դեպի արտաքին աշխարհ գնացող տեղեկատվությունը շատ կարեւոր է, եւ կոչ արեց երիտասարդներին ակտիվ լինել: «Դուք ապրում եք պատմական հայկական հողում, Քարվաճառում, հաճախ լուսանկարեք տեղի խաչքարերը, կամուրջները, եկեղեցիները եւ տեղադրեք դրանք համացանցում: Այդ տեղեկությունները մեկ անգամ եւս կհամոզեն աշխարհին, որ Քարվաճառը հայկական հող է, եւ իմացեք, որ հաճախ մարդիկ ավելի շատ հավատում են ոչ պաշտոնական, սովորական օգտատերերի տարածած տեղեկություններին», ասաց բանախոսը:
Խոսելով համացանցի օգտակար գործառույթներից, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ համացանցի միջոցով կարելի է բազմաթիվ ծրագրեր իրականություն դարձնել, համախոհներ ու աջակիցներ գտնել:

Դասախոսությանը հաջորդեց քննարկում, հնչեցին տարբեր հարցեր: Բանախոսը նաեւ գործնական օրինակների վրա ցույց տվեց, թե ինչպես է պետք ընտրել տեղեկատվական աղբյուրները, որ աղբյուրներն են արժանահավատ եւ որոնք են տարածում ապատեղեկատվություն:

Մեզ հետ զրույցում Վլադիմիր Գրիգորյանն ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվում են 2011 թ.-ից եւ մեկնարկն էլ տրվել է հենց Քարվաճառից:

«Բացի Քարվաճառը, եղել ենք մի շարք այլ շրջաններում եւս, մասնավորապես, Բերձորում, Ասկերանում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաեւ այցելել ենք մի շարք գյուղեր: Հաշվի ենք առնում, որ խնդիրները շատ են, անելիքները շատ են, եւ թեման էլ շատ կարեւոր է:  Լինելով տարբեր համայնքներում` ցավով պետք է ասեմ, որ մարդիկ հաճախ չեն տեսնում խնդիրները եւ ըստ այդմ համարում են, որ խնդիր պարզապես չկա», խոսելով հասարակության հետաքրքրվածության մասին` ընդգծեց մեր զրուցակիցը: «Սեմինարներից հետո մենք համացանցում որոշակի ակտիվություն ենք տեսնում տվյալ համայքնի կողմից, եւ մենք հասկանում ենք, որ հանդիպումները պետք է շարունակական լինեն` առավել արդյունքի հասնելու համար», ամփոփեց Վլադիմիր Գրիգորյանը:


Թամարա Գրիգորյան

пятница, 3 октября 2014 г.

Հայրենիք ունենք ազատագրելու

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Մանվել Կոստանդյանի էջում մի նկար տեսա, որտեղ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայկական Փիփ (Զագլիկ) գյուղում ադրբեջանցի պատանիները նկարվել էին ավերված գերեզմանի վրա. հայկական գերեզմանի:
Ամեն անգամ նման տեղեկատվություն տեսնելիս զայրույթ եմ ապրում ու ցավ` անզորությունից: Մենք գիտենք, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմաններն ամեն օր, ամեն ժամ վտանգված են. բարբարոսը մնում է բարբարոս, ու ժամանակն անզոր է նրա դեմ:

Ու հաճախ ավերված խաչքարի ու գերեզմանի մասին կարդալիս ցավն ընկալվում է իբրեւ ցավալի իրողություն… սակայն երբեմն լինում է այնպես, որ ցավեցնող լուսանկարը դեռ երկար է խմորվում մեջս ու երկար խոհերի տեղիք տալիս:


Մինչեւ Քարվաճառ տեղափոխվելս Հյուսիսային Արցախի հայկական բնակավայրերից փախստականների երբեւէ չէի հանդիպել, ու թեեւ ընդհանուր գծերով պատկերացնում էի գաղթի սարսափները, սակայն մանրամասներ չգիտեի: Քարվաճառում շատ են մարդիկ, ովքեր Մռավի մի կողմում հայրենիք կորցնելով` գտել են այն Մռավի մյուս կողմում: Այդ մարդիկ փախստականներ են, մարդիկ, ովքեր Հյուսիսային Արցախում թողել են իրենց տունը, ունեցվածքը, ստեղծածը, իրենց գերեզմանները… որոնց վրա այսօր ադրբեջանցի դեռահասները լուսանկարվում են ու նկարները տարածում համացանցում…

Այսօր արդեն Հյուսիսային Արցախի որեւէ բնակավայրի անուն լսելիս աչքիս առաջ է գալիս մի պատմություն, մի ընտանիք, մի կյանք: Փիփ գյուղի անունը լսելիս անտարբեր չեմ կարող անցնել. այս գյուղի հետ ինձ կապել է տիկին Անթառամի ու իր ընտանիքի պատմությունը, ընտանիք, որն այսօր, փառք Աստծո, ապրում է ազատագրված Քարվաճառում:

Տիկին Անթառամի հետ հայրենի գյուղի ու գաղթի մասին զրուցել եմ թերեւս մի տարի առաջ, բայց նրա պատմության փոխանցած ցավն ու կարոտը միշտ կմնան մեջս:     
1988-ին, այսինքն, գաղթի տարին, տիկին Անթառամն աշխատելիս է եղել մանկապարտեզում:

«Բոլոր երեխաները ծնողների հետ հավաքվում էին մանկապարտեզում, մի ավտոբուս միշտ պատրաստ կանգնած էր մանկապարտեզի դիմաց, որ պետք եղած ժամանակ երեխաներին հանեինք գյուղից: Մյուս կողմից էլ վախենում էինք բոլորս մի տեղ հավաքվելուց, քանի որ հնարավոր էր' բոլորիս միանգամից կոտորեին: Ես իմ չորս երեխաներին քնեցնում էի մի մահճակալի վրա, եղան, կացին, փայտ հավաքում էի ու դնում էի դռան դեմը: Մեծ տղաս տասը տարեկան էր, փոքրս' չորս...»: Իր ձայնը դողում էր, իմ աչքերը` լցվում արտասուքով: Ամեն անգամ այսպիսի հարցազրույց անելիս ինձ մեղադրել եմ անսրտության համար, բայց մյուս կողմից կարծում եմ, որ այս պատմությունները պետք է գրվեն' նոր այսպիսի սարսափները կանխելու համար
Տիկին Անթառամն ու իր ընտանիքը Փիփում թողել են իրենց հիշողությունը, իրենց անցյալը, անցյալ, որն ավերվում է ադրբեջանցու ձեռքով…

Ու ի՞նչ է ապրումներ է ունենում այն հայը, ում նախնիների գերեզմանը Զագլիկում է, եւ ով այն պաշտպանելու հնարավորություն չունի. թերեւս այն զգացումները, որ պապիկս է ունեցել, երբ իմացել է, որ Թիֆլիսում հայկական գերեզմանաքարերից մայթերի անկյունաքարեր են սարքել, եւ իր մոր գերեզմանաքարն էլ եղել է դրանց շարքում…

Ադրբեջանցիները, թուրքերը, վրացիները հայկական գերեվարված եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմանները միշտ են պղծում, ու դրա դեմ առնելու միակ տարբերակը դրանք գերությունից ազատելն է: Ու ամեն տեղեկատվություն ավերված ու պղծված հայ խաչքարի ու գերեզմանի մասին մի նոր ու չընդհատվող ազդակ է առ այն, որ մենք դեռ հայրենիք ունենք ազատելու: Իսկ աչքերում կարոտ ու հույս պահած, հայրենիք կորցրած հայ տատիկներն ու պապիկները մեզ պատգամում են ունեցած հայրենիքն ամուր պահել, որ, Աստված մի արասցե, վաղը մի նոր սերունդ հայրենիք ու հիշողություն չկորցնի…


Հ.Գ. Տիկին Անթառամի թոռնիկները պատանիներ են ու ապրում են Քարվաճառում. Քարվաճառում ադրբեջանական գերեզմանոց կա. ես երբեք չեմ ցանկանա, որ նրանք նույն կերպ վարվեն ադրբեջանցիների գերեզմանների հետ, ես կցանկանամ, որ նրանք ուժեղ մեծանան` հոգով ու մարմնով, այնքան ուժեղ, որ մի օր իրենց պապերի գերեզմանները մաքրեն ու վերականգնեն իրենց հայրենիք Զագլիկում:

вторник, 23 сентября 2014 г.

Գուրգեն Մահարու հուշերը Հրաչյա Ներսիսյանի մասին

ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մեծ գաղտնիքը

Չարենցի հետ դիտում ենք «Ազատագրված Դոն Կիխոտ»-ը: «Դոն Կիխոտ»-ի դերումն է Հրաչյա Ներսիսյանը: Չարենցն առաջին անգամ տեսնում է նրան բեմի վրա:
Լարված հետեւում է նրա խաղին, ակնհայտ կերպով ձանձրանում, երբ նա չկա բեմի վրա: Ահա նա հայտնվում է, եւ Չարենցը լարվում է նորից:
Երբ իջավ վերջին վարագույրը, Չարենցը շեշտակի կերպով դարձավ դեպի ինձ եւ ասես զարմացած հարցրեց.

-Տեսա՞ր...

Հետո նկատելով իմ տարակուսանքը, ավելացրեց.

-Դուրս գանք` ասեմ...

Բարձրանում ենք Աբովյանով: Նա կանգ է առնում.

-Որպես գաղտնիք քեզ պիտի ասեմ, որ Պոլսեն եկած այս երիտասարդ Հրաչյա Ներսիսյանը շատ տաղանդավոր դերասան է:

-Քեզ բան եմ ասում, իսկական տաղանդ է:

Ապա լռեց, քայլեց մի քանի քայլ եւ նորից կանգ առավ:

-Զարմանալի քաղաք է Պոլիսը, Ադամյան, Փափազյան, Ներսիսյան...

Քսանական թվականներ:

-----------------------------

Մտերիմ խոսք

Դու այստեղ չես տխրի, հավատացնում եմ քեզ, այս մենք կտխրենք առանց քեզ:
Ահա Կոմիտասը ամենահայր եւ Եղիշե Թադեւոսյանը, ահա վեհաշուք ու նահապետ Աբելյանը Հովհաննես ու առյուծաբաշ Շիրվանզադեն, Իսահակյանն է այստեղ, որին շատ բան կպատմես ու դեռ Հովհաննես Հովհաննիսյանը... Հետո Չարենցը կգա Ակսել Բակունցի հետ, որոնք դեռ տեղ չեն հասել, էլ ինչու՞ դու պիտի տխրես, այդ մենք կտխրենք առանց քեզ, հավատա ինձ:

Դալար է մեր ժողովրդի մեջքը, հրաշածին ու բեղմնավոր նրա արգանդը. արվեստի բարձրադիր գահերը թափուր չեն մնա, մեր ցավն այն է, որ անժամանակ էր քո անդարձ մեկնումը...

Իսկ այնպես ի՞նչ մահ, նայիր քո շուրջը, մի՞թե դու գտնվում ես մահացածների մեջ:
Իհարկե ոչ: Իհարկե, դու այստեղ չես տխրի, մեր հին պանթեոնի նո~ր բնակիչ, այդ մենք կտխրենք առանց քեզ:

...Դեռ երիտասարդ, թողիր դու Մարմարայի ափերը եւ խարիսխ նետեցիր քո ժողովրդի սրտում: Դու մեծացար քո ժողովրդի հետ եւ տվիր քո ողջ ստեղծագործական կրակն ու ավյունը քո ժողովրդի մեծ արվեստին:

Դու չիմացար քո մեծությունը: Զարմանու՞մ ես, որ գտնվում ես պանթեոնում: Դու գիտեիր ժպտալ քո լուսավոր կնճիռներով, մանկական ժպիտով: Այդ քեզ շատ էր նման:

Չփորձես քեզ նմանվել:

Չփորձես ժպտալմ երբ բոլորը լալիս են:

Քեզ լուրջ պահիր:

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 497-502

воскресенье, 21 сентября 2014 г.

Անկախության սերունդ. մենք

Մենք անկախության սերունդն ենք: Անկախության կերտումը, անկախության անցած ճանապարհը մեր մանկությունն է...

Մենք անկախության սերունդն ենք. մի սերունդ, ում մուլտֆիլմը հաճախ ընդհատվում էր` էլէկտրականության անջատվելու հետ, բայց որը մուլտֆիլմ էր դիտում: Մի սերունդ, որ խաղում էր բակում: Սերունդ, որ հաճախ մրսում էր ու ձմեռվա երկար գիշերներին ջերմանում էր տատիկի պատմած հեքիաթից: Մի սերունդ, որ տեսել է մոմի լույս ու տալոնով հաց:

Մենք անկախության սերունդն ենք. մի բացառիկ սերունդ, որ ունի Ազատագրված հայրենիք, մի սերունդ, ով հայրերի կյանքով է վճարել ազատության համար ու մի անգին պարտք ունի` պահպանել ազատ հայրենիքը: Մենք այն սերունդն ենք, որ հնարավորություն ունի ապրելու Ազատագրված Քարվաճառում ու Բերձորում (էլ ե՞րբ էր էսպիսի բան եղել):

Մենք անկախության սերունդն ենք... ցուրտ ու ամենաջերմ մանկությամբ, գիտակցված ներկայով, լուսավոր ապագայով:

Շնորհավոր տոնդ, իմ անգին Հայաստան:

суббота, 20 сентября 2014 г.

Գուրգեն Մահարու հուշերը Վիլյամ Սարոյանի մասին

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

«Միտքս չկրցի հասկցնել...»

Գրողների տանը հանդիպումը կայացավ հանպատրաստից: Անկախ այս հանգամանքից, մթնոլորտը ջերմ էր:
-Բիթլիսցի գրող կա՞ այստեղ:
Սեղմեց ձեռքը.
-Շատ, շատ ուրախ եմ, Բիթլիս կհիշե՞ս:
-Կհիշեմ:
-Այստեղ ընտանիք ունե՞ս...
-Ունեմ, տուն, տեղ, ընտանիք:
-Ձեր տուն Բիթլիսի թթու կա՞:
-Կա:
Լռություն:
-Բիթլիս կհիշե՞ս:
Երբ դուրս եկանք, գանգատվեց.
-Չկրցի հասկցնել, որ Բիթլիսի թթու կուզեմ ուտել... Ինչ անպիտան մարդ եմ:

------

Նրան ամեն ինչ զարմացնում է

Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է:
Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով:
Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
-Անունդ ի՞նչ է:
-Ալմաստ:
-Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը...
-Զինե..
-Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
-Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:

------

«Որո՞ւն զարմացնեմ...»

Դեռ Մոսկվայում նրա սեղանի վրա տեսա իր գործերի մի քանի անգլերեն հրատարակություններ:
-Ինչու՞ նկարդ չեն դրեր,-հարցրի:
-Հայու բեղերես կամչնան,-պատասխանեց նա կես լուրջ, կես կատակ,-բեղերս անգլիական չեն:
Երբ Երեւանում հանդիպեցինք, ես չկարողացա չզարմանալ սարոյանական զարմանքով...
Բեղերը կրճատել էր հիսուներեք տոկոսով:
-Զարմանալի մարդ ես,-քրթմնջացի ես,-պատվական բեղերդ բերիր հասցրիր մինչեւ այստեղ եւ Երեւան մտար կճատ բեղերով...
-Օղո´ւլ,-գրեթե բարկացավ նա,-ես իմ հայու բեղերով ամրքացիներուն, ֆրանսիացիներուն կրնամ զարմացնեմ: Այստեղ, Հայաստանի մեջ որո՞ւն զարմացնեմ: Հայերեն չեմ գիտեր եւ հայու բեղեր կպահեմ Կամչնամ:

-----

Լեզվագիտական խնդիրներ

-Մի անգամ նստած տունը կաշխատեմ, կլսեմ, որ մայրս դրացի անգլուհու` միսիս Մերիի հետ կխոսի: Իրար ածուներեն բաներ մը ցույց կուտան, բաներ մը կխոսին. մայրս` հայերեն, անգլուհին` անգլերեն: Հետո կամաց-կամաց անոնց խոսակցությունը իջավ-իջավ ու մարեց. դուռը աղմուկով բացեց մայրս եւ ներս մտավ.
-Բարկացած կերեւիս,-ըսի:
-Եւ իրավունք ունիմ բարկանալու,-ասաց մայրս,-ինչ տեսակ կին է այս մեր դրացուհի անգլուհին, երկիրը լուսավոր երկիր, ամեն տեղ գիրք, թերթ, դպրոց, ուսումնարան, քսանհինգ տարի է այստեղ կապրի, ինչու՞ հայերեն չի խոսեր...

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 476-482 

пятница, 19 сентября 2014 г.

Գուրգեն Մահարին Ակսել Բակունցի մասին

ԱԿՍԵԼՅԱՆ ՔԱՆԴԱԿՆԵՐ

...Ես հաճախ, ուշ գիշերին անցնում եմ այն տան մոտով, ուր ապրում եւ ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա ու փողոցից այլեւս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում, նստած իր գրասեղանի մոտ, գրելիս կամ կարդալիս: Ես ուզում եմ նրան պատկերացնել վաթսուն տարեկան հասակում եւ դա ինձ ոչ մի կերպ չի հաջողվում: Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսույոթ տարեկան էր եւ այդպես էլ մնաց իմ հուշերում...

-----------

... Ու հիմա, երբ տարիների մեգ-մառախուղից հիշում եմ նրան, պատկերանում է նա ինձ իր իմաստուն, խորաթափանց հայացքով եւ մանկական իր հստակ ժպիտով: Նա էր լուսավոր հանճարը զանգեզուրյան մութ ձորերի, որոնք լուսավորված են նոր լույսերով նրա 60-ամյակի այս օրերին, երբ նա մեզ հետ է հավերժ ապրող իր թողած գրական շողշողուն ժառանգության հավերժական հարստությամբ: Մեզ հետ է նա, հայկական լեռնաշխարհի հզորաթեւ արծիվը, սեւ ցելերի վաստակավոր սերմնացանը, մեզ հետ է նա, ինչպես ինքն էր կոչում իրեն` Ալեքսանդր Բակունց, որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս:

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 461-62

пятница, 12 сентября 2014 г.

Գուրգեն Մահարու հուշերը Չարենցի մասին

Հատվածներ Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» հուշագրությունից: Ամենը Չարենցի մասին է:

«...Միությունից պաշտոնապես հրաժարվեց: Հրաժարականը մերժվեց: Միությունից հեռացվեց:
Դռները ջարդելով ներս մտավ»:

----

«...Լազարյան ճեմարանի բակում. տխրեց:

-Տերյանը սովորել է այստեղ, այս դռնով հազար անգամ ներս ու դուրս է արել... Մենք ի՞նչ ենք նրա հետ համեմատած, խուժաններ...

-Էլ ինչու՞ գրեցիր «հաճելի է, չէ՞, ձեզ էլի Տերյանի երգը թքոտ...»

-Բա ես ինչ եմ ասում, խուժաններ ենք... Տերյանը շատ մեծ է,-սկսեց գրեթե երգել քթի տակ.-
Ոսկեհանդերձ եկար ու միգասքող, 
Կապուտաչյա աշուն, սիրած աշուն,
Տերեւներիդ դանդաղ թափվող ոսկով, 
Մետաքսներով քնքշաշրշյուն:

-Բա՞ս... էսպես կգրեն:

«Տերյանի երգը թքոտ»,-քրթմնջացի ես:

Նա կանգնեց, հանեց գլխարկը, խփեց ծնկին, բարկացած ասաց.

-Վերջ տուր, Գուրգեն խան...

...Տխրում էր համագումարում, ջղայնանաում, բարձրաձայն մտածեց.

-Չկա Բագրիցկին, չկա Մայակովսկին, չկա Սերյոժա Եսենինը...

-За то X-ը նստած է ետեւդ,-շշնջաց Ակսելը: Թափով ետ դարձավ ու նայեց.

-Он не поэт, слушай, он балалайка- այ, ուրիշ բան է Պաստեռնակը, Սելվինսկին, Սվետլովը...»:


--- «Կոմիտաս եւ ջուր»

«...Սիրում էր երաժշտությունը, բայց ավելի բարձր էր գնահատում արեւելյան երաժշտությունը: Սիրում էր Կոմիտասին, Սպենդիարյանին, Ռոմանոս Մելիքյանին: Ակսելը ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում Կոմիտաս էր երգում չափ տալով, չնայած որ միակ երգողն ինքն էր: Չարենցը շատ էր սիրում այդ երգերը.-Մի Կոմիտաս երգիր, Ակսել:

Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր աչքերի վրա եւ երեխայի նման խնդրում.

-Գնանք Ակսելի մոտ Կոմիտաս լսենք:

Ինչպես ամեն իսկական բանաստեղծ, սիրում էր բնությունը, բայց ամենից ավելի` երեւի` ջրի խշշոցը: Ամենից շատ սիրում էր Զանգվի ձորը: Իր սերը եւ Զանգվի ձորն իջնելու ցանկությունը ձեւակերպում էր այսպես.

-Գնանք ջուր լսենք:

Կպառկեր գետափին, գլխարկը կդներ դեմքին եւ... «ջուր կլսեր»...»:


--- «Պատգամ»

«... -Ես հերքեցի Տերյանին եւ ստեղծեցի իմ գրականությունը, բա ինչու՞ դուք ինձ չեք հերքում, եթե ուզում եք ձեր գրականությունն ստեղծել...
Հարցն ուղղված էր մի երիտասարդ գրողի ու ինձ:

Ձեռների մեջ խշրտացրեց թազբեհը եւ մի ումպ թեյ խմեց.

-Ասենք, ես ի՞նչ խեր տեսա հերքելով, որ դուք ի՞նչ խեր տեսնեք: Ի՞նչ հերքել: Տերյանին ո՞նց կհերքես: Սխալ տպված լու՞ր, թե դիսկուրսիոն հոդված է Տերյանը, որ հերքես: Տերյանը մի ամբողջ կուլտուրա է: Կուլտուրան հերքե՞լ կլինի: Մի բան պիտի հասկանալ,-չլիներ Հովհաննես Հովհաննիսյանը, Թումանյանը Թումանյան չէր լինի, ոչ էլ Իսահակյանը` Իսահակյան: Իսկ եթե չլինեին Հովհաննիսյանը, Թումանյանը, Իսահակյանը` Տերյանը Տերյան չէր լինի: Չլիներ Տերյանը, ես` ես չէի լինի, էս մի բանը լավ հասկացեք: Հիմա անցնենք ձեզ. դուք պիտի շարունակեք այնտեղից, որտեղ ես վերջացնում եմ: Կրկնելով իմ նախորդներին, կամ ինձ, ոչ մի արդյունքի չեք հասնի: Պետք է առաջ անցնել, յուրացնել եւ առաջ անցնել: Նախամարդիկ իրենց ուսերին կրում էին իրենց բեռը, հետո մարդը հնարեց ձեռնասայլը, հետո` եզասայլը, ապա` կառքը, ձիաքարշը, գնացքը, ավտոն, աերոպլանը: Վայ նրան, ով հեղափոխության մեր դարում կնստի եզասայլը: Տե´ղ չի հասնի նա, չի´ դիմանա ժամանակի քննությանը:

Թազբեհը նետեց գրասեղանին, նայեց մեզ իր արտահայտիչ աչքերով եւ խորամանկ ժպտաց.

-Մեռա ձեզ խելք սովորեցնելով»:

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962

среда, 10 сентября 2014 г.

Իմ իռացիոնալ սեր. Քարվաճառ

Վերջերս մի երազ տեսա. երազիս ամուսինս` Դավիթը, ասում էր, թե մենք պետք է տեղավոխվենք Քարվաճառից ու ապրելու ենք Արցախի մի այլ բնակավայրում, կարծեմ` Վանք գյուղում: Քարվաճառից տեղափոխվելու միտքն ինձ համար մահվան պես մի բան էր: Հենց հիմա էլ պարզ հիշում եմ այն մաշեցնող ցավը, որ զգում էի երազումս, սիրտս կտր-կտոր էր լինում, մեջս դատարկություն էր, ու ես հստակ մի բան էի զգում. ես չեմ կարող ապրել Քարվաճառից դուրս:

Երազներ կան, որ հիշվում են շատ երկար, այս երազը ես, կարծում եմ, կհիշեմ մինչեւ կյանքիս վերջ: Սա միայն երազ չէր, այլ շատ ավելին:


Ես սիրում եմ Քարվաճառը, ես կապված եմ Քարվաճառին, ես ձուլվել եմ այս հողին: Ու դա ոչ թե տեղի է ունեցել այն համարյա երկու տարիների ընթացքում, որ ես այստեղ ապրել եմ, այլ հենց այն առաջին օրը, երբ ես հասել եմ Քարվաճառ: Քարվաճառ բերող տրանսպորտն այնքան էլ հարմարավետ չէ (մեղմ ասած), ու հիշում եմ, երբ առաջին անգամ էինք այստեղ գալիս (դեռ որպես հյուր), մեքենան լիքն էր, տեղ չկար, շոգ էր, փոշի: 

Մարդիկ սրտնեղած էին, իսկ ես թերեւս կողքիններիս համար հիմար ժպիտով նայում էի ճանապարհին ու հրճվանք ապրում, որ Քարվաճառ եմ գնում… Ու մինչեւ հիմա էլ հիմնականում այդ ժպիտն է դեմքիս հայտնվում հատկապես Քարվաճառի շրջանի գյուղերն անցնելիս, որտեղ հատկապես գարնանն ու ամռանը բնությունը շռայլորեն, անխնա սիրուն է, որտեղ գետը, կանաչը, երկինքն ու ոսկեզօծ արեւն անդիմադրելի գայթակղիչ մի համադրություն են կազմում, հոգիդ վեր հանող մի տեսարան:

Ու երբ առաջին անգամ ոտք դրեցինք Քարվաճառ ու տեսանք բարձր ու կանաչ սարերը, ես ու Դավիթն իրար նայեցինք, ու երկուսիս հայացքներում գրվեց. մենք այստեղ ենք ապրելու:

Ու այդպես էլ եկավ, մենք այստեղ ենք ապրում, ու ամեն առավոտ ես արթնանում եմ ու տեսնում այն նույն սարերը, որոնք առաջին հանդիպման ժամանակ մեզ շատ հստակ ասացին` դուք այստեղ եք ապրելու: Տեսնում եմ այդ սարերն ու աշխարհի ամենաբարձր երկինքն ու հասկանում եմ` ես երջանիկ եմ, քանի որ չեմ ուզում ուրիշ որեւէ տեղ արթնանալ:

Քարվաճառը մարդկանց կապում է. ով մի անգամ եղել է, էլի է գալու, էլի է ցանկանալու գալ: Ինչու՞ է այդպես. հայ զինվորի ազատագրող արյու՞նն է սրբացրել այս հողը, հարյուրավոր ոչնչացված խաչքարերի ու բազմաթիվ եկեղեցիների ու՞ժն ենք զգում հողից, թե այս աստվածային հանգստությունն է այդքան գրավում… թե այնքան է կարոտել իր հայ զավակներին, որ Մայր հողն էլ չի ուզում ոչ մեկիս բաց թողնել: Չգիտեմ… Միայն գիտեմ, որ Քարվաճառում ապրելու զգացողությունն ինձ ուժ է տալիս, գիտեմ, որ սիրտս ավելի ջերմ արյունով է մատակարարվում, երբ քայլում եմ թեկուզ դեռեւս մեծամասամբ ավերակ Քարվաճառով, ու մի անհասկանալի հուզմունք եմ ապրում, երբ հաճախ եմ հիշում, որ ընդամենը 22 տարի առաջ հայրենիքիս այս հատվածն էլ էր գերության մեջ: Իսկ միգուցե Քարվաճառն ինձ կապել է հպարտության զգացումով. չէ՞ որ ազատագրված հայրենիքում ապրողը հպարտ է..իսկ որքան ավելի հպարտ կլինեի, եթե կանաչ Քարվաճառս արդեն լիովին վերականգնված լիներ ու մաքրված ավերակներից…

Քարվաճառում այնքան շատ գործ կա, որ ինքնաարտահայտվելու պակաս հաստատ չի զգացվում: Քարվաճառը նաեւ գործելու, արարելու վայելք է տալիս…


Իմ կանաչ դրախտավայր, շնորհակալ եմ, որ գտել եմ քեզ, իմ հայրենի եզերք, իմ անբացատրելի ու խորհրդավոր հայրենիք, վերածննդի ու վերաիմաստավորման եզակի հնարավորություն… 

воскресенье, 31 августа 2014 г.

Ծմակահողի ֆենոմենը

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում առաջին անգամ եղել եմ այս տարի, հուլիս ամսին, «Արցախ Barcamp» ծրագրի ժամանակ: Այս տարի Արցախ Barcamp-ն անցկացվեց հենց Ծմակահողում' հաշվի առնելով գյուղի մի շարք հատկանիշներ:
Բացի վերը նշված միջուցառումը, ավելի վաղ, 2013 թ. հուլիսի 14-21 Ծմակահողում անց է կացվել «Բարդ ֆիզիկական եւ կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաները» թեմայով ամառային գիտական դպրոց-սեմինարը: Վերջինիս կազմակերպիչներն էին Երեւանի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը, Armsoft ընկերությունը եւ Ծմակահողի համայնքապետարանի աշխատակազմը: Բացի գիտական թեմաների ներկայացումն ու քննարկումը, ծրագրի մասնակիցները նաեւ հնարավորություն են ունեցել այցելել Արցախի մի շարք տեսարժան վայրեր, լինել Շուշիում, Գանձասարում, Կաչաղակաբերդում, Դադիվանքում:
Ծմակահողում անցկացված այլ ծրագերի եւ փոքրիկ գյուղի զարգացման հնարավորությունների, Ծմակահողի ֆենոմենի մասին ամբոջական նյութը կարդացեք այստեղ

четверг, 28 августа 2014 г.

Աշոտ Մարգարյան. «Արցախը հնարավորությունների երկիր է»

«Մեր արտադրության մեջ հիմնական խնդիրը ապրանքի սպառումն ու նոր շուկաների ընդլայնումն է», պատասխանելով արտադրության կազմակերպման ընթացքում հանդիպող հիմնական խոչընդոտների մասին հարցին' ասում է «Woodpeckers» (Փայտփորիկներ) ծրագրի հիմնադիր Աշոտ Մարգարյանը: Վերջինս Լոնդոնի համալասարանական քոլեջի շրջանավարտ է և ներկայումս բնակվում է Արցախում:
Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ փայտե խաղալիքների պատրաստմանը մասնակցում են նաեւ երեխաները' հանդիսանալով ծրագրի ստեղծագործական մասի հիմնական ուղղորդիչները:
Ըստ Աշոտի, Արցախում որեւէ ծրագիր կյանքի կոչելուց առաջ նախ պետք է շուկայական հետազոտություն իրականացնել, գնահատել պահանջարկի մակարդակը, ծանոթ լինել արտահանման պահանջներին, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպվի արտահանումը դեպի հայկական սփյուռք եւ ընդհանրապես արտերկիր:

«Woodpeckers» նախաձեռնության իրականացրած ծրագրերի մասին ամբողջական նյութը կարդացեք այստեղ

вторник, 26 августа 2014 г.

Նարինե Աղաբալյան. «Մեր կարող ուժը, մեր ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են»

«Արցախ երիտֆորում» ծրագիրն իրականացվում է 2011 թ.-ից: Ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին եւ խրախուսել նախաձեռնողականությունը հատկապես գյուղական համայնքների երիտասարդների շրջանում»: Օրերս Քարվաճառում տեղի ունեցած «Արցախ Երիտֆորում 2014» ծրագրի ընթացքում Times.am- ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Ըստ տիկին նախարարի, մեր ոգին ու մեր երիտասարդությունը մեր կարեւորագույն ռազմավարական ռեսուրսներն են, եւ այդ ոգին պիտի մշտարթուն լինի:
«Մեր կարող ուժը, մեր ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են»,  ընդգծեց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն ու հավելեց, որ ցավոք, նրանցից շատերն այսօր սպասողական վիճակում են: «Եթե անգամ կան ինչ-որ գաղափարներ, իրենք դժվարանում են կատարել առաջին քայլը, չգիտեն, թե ինչից է պետք սկսել: Եւ կարիք կա երիտասարդներին ուղղորդելու»: Երիտասարդներին ակտիվացնելու նրանց նախաձեռնողականությունը զարգացնելու նպատակով էլ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունն սկսել է իրականացնել «Արցախ-երիտֆորում» ծրագիրը:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդների մեծ մասն ընդհանրապես տեղյակ չի պետության կողմից իրականացվող ծրագրերի մասին, մենք որոշեցինք նաեւ այս ձեւաչափն օգտագործել` նրանց այդ մասին տեղեկացնելու համար: Եւ մենք ամեն անգամ հրավիրում ենք տարբեր ոլորտներից մասնագետների, նրանք ներկայացնում են կոնկրետ իրենց ոլորտը եւ պատասխանում են հենց երիտասարդներին հետաքրքրող հարցերին», նշեց նախարարն ու ընդգծեց, որ ծրագիրն արդյունավետ է: «Տարիների փորձը ցույց է տվել, որ արդյունավետ մոդել է, եւ արդեն մեր ծրագրի արդյունքում ի հայտ ենք բերել մի շարք երիտասարդների, ովքեր իրենց համայնքներում զարգացման ծրագրեր են իրականացնում»: 

Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության իրականացրած այլ ծրագրերի, Արցախի գյուղական համայնքներում մշակութային կյանքի զարգացման, մշակութային Արցախն աշխարհին ներկայացնելու մասին ամբողջական նյութը կարդացեք այստեղ

пятница, 15 августа 2014 г.

«Պատրիա»-ն օժանդակում է Շահումյանի շրջանի երեխաներին

ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում գործող «Պատրիա» բարեգործական հիմնադրամը օգոստոսի 12-14-ը օգնություն է տրամադրել Շահումյանի շրջանի մինչեւ 14 տարեկան այն երեխաներին, ովքեր միակողմանիորեն կամ երկկողմանիորեն զրկված են ծնողական խնամքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրեն, Քարվաճառ քաղաքի բնակչուհի Ռոզա Սերոբյանը, օգնությունը տրամադրվում է հագուստի կամ սնունդի տեսքով, ըստ նպատակահարմարության: 

«Այս անգամ օգնութոյւն ենք տրամադրել 28 միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին շրջանի Քարվաճառ, Նոր Գետաշեն, Նոր Մանաշիդ, Չարեքտար, Նոր Կարաչինար, Քնարավան, Նոր Խարխափուտ եւ Զուար համայնքներից: Շրջանի մյուս համայնքերում նշված խմբին պատկանող երեխաներ չկան», պարզաբանեց Ռոզա Սերոբյանը: Բարեգործական հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ դպրոցահասակ երեխաներին անպայման տրամադրվում է հագուստ գալիք ուսումնական տարուն պատրաստ լինելու համար, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների ընտանիքներին օժանդակությունը հասնում է սնունդի տեսքով:

Չարեքտար համայնքում ապրող մի ընտանիքի համար, որտեղ կան միակողմանի ծնողազուրկ չորս երեխաներ, կազմակերպությունը գնել է մի հորթ: Ռոզա Սերոբյանը հույս հայտնեց, որ հորթն ընտանիքի համար հետագայում եկամտի աղբյուր կդառնա:
Տեղեկացնենք, որ «Պատրիա» բարեգործական հիմնադրամը սկսել է գործել 2014 թվականի մարտի հինգից Քարվաճառ քաղաքում:

Կազմակերպության անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է հայրենիք:
Կազմակերպության հիմադիր եւ տնօրեն Ռոզա Սերոբյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր կազմակերպության նպատակները:

«Բարեգործական կազմակերպությունը հիմնելիս նպատակ ենք ունեցել նպաստել ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակչության կենսապայմանների համակողմանի բարելավմանը` տարբեր ուղղվածության բարեգործական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնելու միջոցով», ասել էր նա:

Կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել նաեւ շրջանի բնակիչների հետ մշտական փոխադարձ կապ պահպանելու միջոցով տեղեկանալ նրանց ընտանեկան եւ համայնքային հրատապ խնդիրներին եւ հնարավորինս աջակցել դրանց լուծմանը: Բնակիչներին օգնելու գործընթացին կարող են ներգրավվել նաեւ շահագրգիռ այլ անհատ անձինք ու կազմակերպություններ:

Բարեգործական ծրագրերն իրականացվում են բարերարի հովանավորությամբ, ում անունն առայժմ Ռոզան նշել չցանկացավ: Նշված օժանդակությունն առաջին ծրագիրն է, որ իրականացվում է կազմակերպության կողմից:

«Պատրիա»-ն առաջիկայում կիրականացնի հիմնականում սոցիալական ծրագրեր` նպատակ ունենալով թեթեւացնել շրջանի բնակիչների հոգսերն ու նպաստել տարածքի զարգացմանը:                                                 

Թամարա Գրիգորյան  

четверг, 9 января 2014 г.

Ֆրունզե Դովլաթյան. «Փարաջանովը Սայաթ-Նովային մաքրեց աշուղությունից»

Չնայած ոչ շահեկան անվանափոխությանը, տարակուսանքներին ու վախին, այս ֆիլմը Սայաթ-Նովայի մասին է: Սա անհերքելի փաստ է: Ո՞վ էր Սայաթ-Նովան: Այս հարցում գրականագետները տարաձայնությունների մեջ են, եւ միասնական գիտական կենսագրություն դեռեւս հաստատված չէ: Սակայն կան փաստեր, որոնք անկախ դրանց ժամանակագրական ճշգրտման, կասկածի տակ չեն առնվում: Հաստատուն փաստեր. ջուլհակի որդի, պալատական երգիչ, Հաղպատի վանքի վանական: Այս շարքը գիտական եւ ոչ գիտական երեւակայությունը լրացնում է զանազան մանրամասներով` անպայման կոնֆլիկտ Հերակլ թագավորի հետ, սիրահարության անտարակույս արձանագրումով եւ սրանից բխող եւ սրանք հաստատող բազմապիսի մեծ ու փոքր մոտիվներով: Ինչեւէ: Սա խնդրի մեղմ կողմն է: Սա գիտության սահմանն է, որտեղ փաստի արժեքն ամենից առաջ նրա ճշգրտությունն ու իրականությունն է:

Այդ փաստը վտանգավոր է դառնում, երբ նույնությամբ փոխադրում ես արվեստի սահման: Այդպես պատահեց «Սայաթ-Նովա» հեռուստատեսային ֆիլմում, ուր սպանվեց, տանջամահ արվեց մեծ պոետն ու փիլիսոփան` դարձավ դարդոտ, սազը ձեռքին աշուղ, որի բախտը ոչ մի տեղ չէր բանում: Այս դեպքում փաստական ոչ մի մեղանչում չկար, կար մի մեծ մեղանչում արվեստի հանդեպ: Սրանից հետո էլ փորձեցին անդրադառնալ Սայաթ-Նովային: Փորձեցին պարզել պոետին իբրեւ ժողովուրդների բարեկամության դրոշ միայն: Բարեբախտաբար, այդ եւ նմանատիպ շատ ցանկություններ չիրականացվեցին:

Սրան հաջորդեց մի սպասողական լռություն, որը խախտեց Սերգեյ Փարաջանովը: Նա եկավ ջնջելու այս ամենը, վրեժխնդիր լինելու եւ´ պոետի, եւ´ արվեստի համար: Նա դեմ գնաց վավերագրական պատմողականությանը, մի քիչ կինո, մի քիչ երգ, մի քիչ միտք` նողկալի սովորությանը: Նա մաքրեց Սայաթ-Նովայի կերպարն առօրեականությունից, սովորույթի ուժով պարտադրված աշուղությունից, թիֆլիսյան խայտաբղետ միջավայրի հավաստի դրոշմից: Վերացավ այս ամենից, հրաժարվեց անգամ խիստ շահեկան փաստերից, ապացուցելու համար, ամենից առաջ, աշխարհին, որ Սայաթ-Նովան մեծ մտածող եւ փիլիսոփա էր, իր ժամանակի միտքն ու հոգին պարփակող, մեծ արվեստի  ոլորտներում երգող բանաստեղծ: Այդ բանը նրա մոտ դարձավ պոլեմիկական կիրք` ծայրահեղ պոռթկումներով (ֆիլմի առաջին տարբերակում նա ընդհանրապես հրաժարվեց երգից): 

Ռեժիսորի երկրորդ, ոչ պակաս կարեւոր խնդիրը հանճարեղ մարդու` Սայաթ-Նովայի նման հախուռն մտածողի ստեղծագործական պրոցեսի գաղտնիքների ըմբռնումն ու պատկերումն էր: Հիրավի, դաժան ու վիթխարի խնդիր:

Փարաջանովը դիմեց ասոցիատիվ-սիմվոլիկ  ֆիլմի լեզվին, որի լավագույն նմուշը ստեղծվեց իսպանացի ռեժիսոր Լուիս Բյունուելի եւ նկարիչ Սալվադոր Դալիի համատեղ ջանքերով դեռեւս 1928-ին` «Անդալուզյան շուն»:

Սայաթ-Նովան արեւելյան շքեղ օրնամենտիկայի շտեմարան է: Փարաջանովը փորձեց դա վերածել կինոյի: Նա հիմնվեց Սայաթ-Նովայի ստեղծագործության մոզաիկայի, հայկական միջնադարյան եւ բիբլիական սիմվոլների վրա: Եւ թող տարօրինակ չթվա, եթե ասեմ, որ այս ամենով Փարաջանովը փորձեց ստեղծել սյուժե: Ներքին էմոցիոնալ սյուժե` սիմվոլների, ասոցիացիաների այնպիսի միասնությամբ, որոնց իմաստային կողմը հեռու է վերջիններիս թվաբանական ու բացատրական հանրագումարը լինելուց, որոնց կոնկրետացումը զրկում է նրանց արվեստի արժեքից: Այս ոլորտում Փարաջանովը հիրավի անհաղթ է: Հիշենք կաթողիկոսի մահվան, Սայաթ-Նովայի հոր հետ կապված, երազի, գրքերի տեսարանները: Իսկ Սայաթ-Նովայի մահվան տեսարանը բացառիկ դրամատիկական ուժ ունի, այժմեական հնչողություն: Փարաջանովը ժխտում է մերկ փաստի կինեմատոգրաֆը: Փաստերով այլեւս չես խաբի: Նա հրաժարվեց, իր խոսքերով ասած, «շատախոս» կինոյից, եկավ հաստատելու, որ ամեն ինչ բացատրող համատարած հիվանդության մեջ շատ անգամ համարյա ոչինչ չկա բացատրելու: Չկա ինքնուրույն ասելիք, որ ոչ միայն կարող է ուրիշին չնմանվել, այլեւ կարող է դժվարությամբ հասկացվել: Կինեմատոգրաֆի վերընթաց ունիֆորմացիայի ջախջախումն էր այս տեսակետից ֆիլմը: Եկավ հաստատելու, որ իսկական ֆիլմը հայտնի, ընդունված ճշմարտությունների գեղարվեստական ձեւավորում չէ, այլ մի նոր անծանոթ ճշմարտության բացահայտում, որը ծնվում է էկրանի իրականության մեջ եւ ստիպում է հանդիսատեսին հավատալ իր իսկությանը: Անհայտի ճանաչում: Երբ մարդ կռվում է ինքն իր հետ` հասկանալու համար: Եվ ժխտման այս կրքի մեջ Փարաջանովը հասավ ծայրահեղության: Նա փորձեց պոկվել գրականությունից, նրա գերիշխանությունից եւ ինքնահաստատման այդ տենդի մեջ շատ բան գուցե տանուլ տվեց (դա չպատահեց, օրինակ, երբ Կոցյուբինսկու փայլուն պատմվածքի մոտիվներով նա նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները»):

Պատահեց նաեւ ուրիշ բան. հանդիսատեսի երեւակայությանն ու բնազդին վստահող ռեժիսորը որոշ տեղերում դավաճանում է ինքն իրեն: Նա սկսում է բացատրել, մատնացույց անել, խախտելով ֆիլմի միասնական հյուսվածքը:

Դուն կրակ, հագածդ սեւ:

Այսպիսի կոնկրետացումն անհարիր է ֆիլմի ներքին տրամաբանությանը, ոճին: Աբստրակտի եւ կոնկրետի այսպիսի միաձուլումը երբեք չի ստացվում: Նույն բանը պատահել է եւ դերասանների հետ, որոնք փաստորեն պետք է փոխարինեին այն գրականությանը, որից ճգնում էր պոկվել Փարաջանովը: Այս իմաստով անգերազանցելի է Ս. Ճիաուրելին: Փարաջանովյան դերասաններ են փոքրիկ Սայաթ-Նովան եւ Բաղաշվիլին: Ռեալիստական խաղաոճի տարրերն իջեցնում են որոշ դերակատարումների որակը ճիշտ այնպես , ինչպես բախտի սիմվորի ընդգծված հուսարական զգեստը:

Ֆիլմում շատ են ռեբուս սիմվոլները: Ինչքան էլ մեծ լինի նրանց գրական-ազգագրական արժեքը, էկրանը շատ նախանձախնդիր է, նա չի հանդուրժում այդ կարգի անհասկանալիությունը: Եւ հանդիսատեսը, որը ստեղծագործում է այս ֆիլմում ավելի եռանդուն ու ջանասիրաբար, մնում է խաբված: Այսօրինակ ծանրաբեռնվածությունը նույնքան ավելորդ է, որքան տիտրերի բացատրական օգնությունը, որ կապ չունի ո´չ ֆիլմի, ո´չ ռեժիսորի հետ:


Սերգեյ Գալստյան, «Ֆրունզե Դովլաթյան», Երեւան, 1997, էջ 52-53