воскресенье, 23 ноября 2014 г.

Տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններն ու վտանգները. քննարկում Քարվաճառում

Նոյեմբերի 23-ին Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի աշխատակիցները հանդիպում ունեցան Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի երիտասարդների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Քարվաճառի միջնակարգ դպրոցում: Քննարկվող հիմնական թեման տեղեկատվական անվտանգությունն էր սոցիալական ցանցերում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանն իր խոսքում ընդգծեց, որ նման հանդիպումներ կազմակերպվում են Արցախի տարբեր շրջաններում: «Բոլորս էլ գիտենք, որ պատերազմը չի ավարտվել, եւ առավել ակտիվ է ծավալվում հենց տեղեկատվական դաշտում, ուստի տեղեկատվական անվտանգության հիմունքներին տեղյակ լինելը կարեւոր է յուրաքանչյուրիս համար», խոսելով հանդիպման նպատակներից` ընդգծեց Վլադիրմիր Գրիգորյանը:

Նա նշեց, որ Արցախի բնակիչներից դեպի արտաքին աշխարհ գնացող տեղեկատվությունը շատ կարեւոր է, եւ կոչ արեց երիտասարդներին ակտիվ լինել: «Դուք ապրում եք պատմական հայկական հողում, Քարվաճառում, հաճախ լուսանկարեք տեղի խաչքարերը, կամուրջները, եկեղեցիները եւ տեղադրեք դրանք համացանցում: Այդ տեղեկությունները մեկ անգամ եւս կհամոզեն աշխարհին, որ Քարվաճառը հայկական հող է, եւ իմացեք, որ հաճախ մարդիկ ավելի շատ հավատում են ոչ պաշտոնական, սովորական օգտատերերի տարածած տեղեկություններին», ասաց բանախոսը:
Խոսելով համացանցի օգտակար գործառույթներից, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ համացանցի միջոցով կարելի է բազմաթիվ ծրագրեր իրականություն դարձնել, համախոհներ ու աջակիցներ գտնել:

Դասախոսությանը հաջորդեց քննարկում, հնչեցին տարբեր հարցեր: Բանախոսը նաեւ գործնական օրինակների վրա ցույց տվեց, թե ինչպես է պետք ընտրել տեղեկատվական աղբյուրները, որ աղբյուրներն են արժանահավատ եւ որոնք են տարածում ապատեղեկատվություն:

Մեզ հետ զրույցում Վլադիմիր Գրիգորյանն ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվում են 2011 թ.-ից եւ մեկնարկն էլ տրվել է հենց Քարվաճառից:

«Բացի Քարվաճառը, եղել ենք մի շարք այլ շրջաններում եւս, մասնավորապես, Բերձորում, Ասկերանում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաեւ այցելել ենք մի շարք գյուղեր: Հաշվի ենք առնում, որ խնդիրները շատ են, անելիքները շատ են, եւ թեման էլ շատ կարեւոր է:  Լինելով տարբեր համայնքներում` ցավով պետք է ասեմ, որ մարդիկ հաճախ չեն տեսնում խնդիրները եւ ըստ այդմ համարում են, որ խնդիր պարզապես չկա», խոսելով հասարակության հետաքրքրվածության մասին` ընդգծեց մեր զրուցակիցը: «Սեմինարներից հետո մենք համացանցում որոշակի ակտիվություն ենք տեսնում տվյալ համայքնի կողմից, եւ մենք հասկանում ենք, որ հանդիպումները պետք է շարունակական լինեն` առավել արդյունքի հասնելու համար», ամփոփեց Վլադիմիր Գրիգորյանը:


Թամարա Գրիգորյան