суббота, 21 сентября 2019 г.

Մեր Նվարդը...

2007 թե 2008 թվականն էր. մենք երիտասարդ էինք, անփորձ ու սենտիմենտալ ու թատրոնին անհուսորեն ու ինքնամոռաց սիրահարված: Մի քանի ընկերներով, բոլորս ուսանող, հնարավորինս շատ երեկոներ թատրոնում էինք անցկացնում: Դե իհարկե, այդքան տոմսի փող չունեինք, ու գնում էինք բոլոր հնարավոր թատերական փառատոնների բոլոր ներկայացումներին, որոնք հիմնականում անվճար էին:

ՆՓԱԿ-ի «Մեկ քառակուսի մետրը» մեր ամենասիրելի փառատոններից էր. այստեղ ներկայացումներից հետո քննարկումներ էին լինում. մենք այդ ժամանակ կլանում էինք ոչ միայն ներկայացումները, այլ դրան հաջորդող քննարկումները, թատերագետների կարծիքները, մեկնաբանությունները:

ՆՓԱԿ-ում ներկա լինող թատերագետներից մեր ուշադրությունը գրավել էր ակնոցով ու ինքնատիպ հումորով մի կին. բոլոր ներկայացումները մեկնաբանում էր, զգում էինք, որ շատ բան գիտի, շատ գրագետ է, ճանաչում էր բոլորին ու խնայում էր բոլորին. էն որ համ սարկազմ կար խոսքի մեջ, համ էլ անսահման հոգատարություն... Սկզբից ամաչում էինք իրեն մոտենալ, բայց շատ էինք ուզում հետը ծանոթանալ. դե մենք ինչ-որ ուսանողներ, ինքը` լուրջ թատերագետ: Բայց դե ծանոթացանք մի երեկո, ու այդ երեկոն դարձավ գիշեր` թատրոնի մասին անվերջ զրույցով ձգվող, ու ինքը դարձավ մեր Նվարդը, ամենահոգատարը, ամենասրտացավը, ամենաուշադիրը...

Հետո իրեն ներկայացնելիս ասում էի` իմ ընկերն է, իմ Նվարդը: Թատրոն հրաշքի մասին զրույցները շարունակվում էին իր տանը, իր տնից թատրոնի ճանապարհին ու ներկայացումից հետո դեռ երկար...

Քարվաճառ գալու որոշումովս շատ էր հպարտանում, երևանյան թատրոններում ամենաամուրն ինքն էր գրկում...

Հենց երեկ կարդում էի նրա «Նահապետի հոբելյանական աշունն» ու մտածում` այսպես միայն Նվարդն է գրում, թատրոնն այսպես միայն Նվարդն է սիրում: Մեր Նվարդը, հայ թատրոնի Նվարդը... ու միևնույնն է, Երևանում թատրոն գնալիս շարունակելու եմ Ձեզ փնտրել, Նվարդս... 

четверг, 25 января 2018 г.

Քարվաճառը

«Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոց»: Վիլյամ Սարոյանն ո՞ւր, Քարվաճառն ո՞ւր: Քարվաճառի դպրոցը կարող էր լինել Մոնթեի անվան, Պետոյի, Հեթանոս Գագոյի: Բայց չէ, Վիլյամ Սարոյանի անվան է. հայկական իրականության հետ այնքան էլ կապ չունեցող ամերիկացի (լավ, ամերիկահայ ;) ) մի հիանալի գրողի անունով Ֆրեզնոյից: Ու դեռ քանի՞ տարի պիտի անցներ դպրոցի հիմնումից, որ երեխաներն այստեղ սկսեին անգլերեն սովորել...

Ու այս մի փոքր դրվագն այնքան լավ է բնութագրում քարվաճառյան իրականությունը, հաճախ աշխարհի մեջ չտեղավորվող ու կողքից ծիծաղելի թվացող այս քարվաճառյան իրականությունը:

Քարվաճառում միաժամանակ ամեն ինչ կա ու ոչինչ չկա... Քարվաճառում չկան ասֆալտապատ փողոցներ, աղբահանություն ու կոյուղի, բայց ինչ-որ մեկը նպատակ ունի այստեղ արթ-սրճարան կառուցել, մի ուրիշն էլ անպայման որոշել է, որ Քարվաճառում ամեն տարի պիտի նշվի Գիրք նվիրելու օրը, որ երեխաները սովորեն իրար գիրք նվիրել ու կարդալ:

Քարվաճառում դպրոցականները կարող էին մի բարդ ու ամբիցիոզ ներկայացում վերցնել, բեմադրել քիչ չի, դեռ մի հատ էլ վերցնել այն ու ցուցադրել տարբեր բնակավայրերում: Ձորագյուղում Քարվաճառի անունը չէին էլ լսել, հիմա երկար են հիշելու:

Քարվաճառում կարող է` շատ բան չկա, բայց կա գլխավորը` ամեն ինչ ունենալու հնարավորության զգացումը: Քարվաճառում ոչինչ անհնար չէ, յուրաքանչյուր գաղափար այստեղ իրականալի է (թվում...):

Քարվաճառի 8-9 տարեկան երեխաներն սկսում են համակարգչով խաղեր ստեղծել ու վիքի նախագծերում խմբագրել ու հեռուն գնացող մեծ երազանքներ ունենալ...

Քարվաճառի լեռներն այն աշխարհի յուրօրինակ կենտրոն են դարձնում, որտեղ և սկսվում է ամեն ինչ, որտեղ և վերադառնում է ամեն ինչ...

Քարվաճառ եկողն այն չի մոռանում ու անպայման հետ է վերադառնում:

Ով ասես կարող է ապրել Բասելոնայում, Միլանում, Երևանում կամ Նյու Յորքում, սակայն քչերը կարող են Քարվաճառում ապրել ;)

Մոգական վայր է Քարվաճառը...


понедельник, 17 июля 2017 г.

Քարվաճառ այցելելու 19 պատճառ (լուսանկար)


Արցախի հյուսիս-արևմուտքում գտնվող Շահումյանի (առավել հայտնի պատմական անունով` Քարվաճառի) շրջանը հարուստ ու յուրահատուկ գեղեցիկ բնություն ունի: Ամռան երկու ամիսները, հուլիսն ու օգոստոսը, Քարվաճառի շրջան այցելելու լավագույն ժամանակն են: Առանձնացնենք Քարվաճառ այցելելու մի քանի պատճառ: Մյուսները կարող եք ավելացնել ինքներդ` շրջան այցելելուց հետո:

  1. Տեսնել Քարվաճառի շատ գեղեցիկ ճանապարհները` լեռներով, կանաչապատ սարերով, մաքուր գետերով ու բարձր ու կապույտ երկնքով:
  2. Տեսնել Արցախի հիմնական ջրային զարկերակը, անհավանական գեղեցիկ Թարթառ գետը:
  3. Տեսնել Դուտխուի կիրճը` թունելից բացվող բնական պատուհանից:
  4. Տեսնել Դադիվանք վանական համալիրը, որի կառուցումն սկսվել է 4-րդ դարից: Դադիի գերեզմանը, որ թվագրվում է առաջին դարով, համարվում է տարածաշրջանում առաջին քրիստոնեական վկայությունը:
  5. Տեսնել Զուար գյուղը` իր հայտնի բուժիչ տաք հանքային ջրերով, լողանալ այնտեղ:
  6. Տեսնել Նոր Վերինշեն համայնքի մոտ գտնվող միջնադարյան եկեղեցին, որ պահպանվել է ադրբեջանական գերության տարիներին և այժմ գտնվում է բարվոք վիճակում:
  7. Տեսնել պատմական Հանդաբերդն ու հանդիպակաց սարի վրա գտնվող եկեղեցու ավերակները:
  8. Այցելել միջնադարյան իշխանանիստ Ծար համայնքը, որտեղ ամպերն ու մարգագետինները միահյուսվում են իրար... մոմ վառել ադրբեջանական գերությունից փրկված ու մեզ հասած երկու միջնադարյան եկեղեցիներում:
  9. Ծար գնալու ճանապարհին կանգառ անել բնական տաք հանքային բուժիչ ջրերի մոտ:

среда, 28 июня 2017 г.

Ի՞նչ են սովորում ուսանողները` Վիքիպեդիայում խմբագրելով

2010 թվականից սկսած` 36.000 ուսանողներ ԱՄՆ-ում և Կանադայում խմբագրում են Վիքիպեդիան որպես դասապրոցեսի մաս: Վիքիպեդիայում կատարած նրանց ներդրումը հեշտ է գնահատել. նրանք ավելացրել են ավելի քան 30 միլիոն բառ (Բրիտանիկա հանրագիտարանի վերջին տպագիր հրատարակության երկու երրորդ մասի չափով) ակադեմիական առարկաների վերաբերյալ, որոնք կա՛մ իսպառ բացակայում էին, կա՛մ զարգացման մեծ կարիք ունեին: Իսկ ի՞նչ է տալիս Վիքիպեդիայում խմբագրելը հենց իրենց` ուսանողներին: Մինչև վերջերս այս հարցին ավելի դժվար էր պատասխանել:
Վիքիպեդիայում կատարած ներդրումների ազդեցությունն ուսանողների վրա հասկանալու համար Վիքի Կրթական Հիմնադրամն ուսումնասիրություն է անց կացրել 2016 թվականի աշնանային ուսումնական կիսամյակի ընթացքում: Մանրամասնորեն ուսումնասիրելով տեղեկությունների և՛ որակական, և՛ քանակական կողմերը, ուսումնասիրությունը պարզել է, որ Վիքիպեդիայում ներդրում կատարելն օգնում է ուսանողներին զարգացնել թվային գրագիտությունն ու քննադատական ուսումնասիորւթյան հմտությունները, նպաստել նրանց` հանրության համար գրելու կարողության զարգացմանը, ընդլայնել համագործակցելու հմտությունները: Ուսանողները նաև ձեռք են բերում արժեքավոր գնահատական իրենց կողմից ամեն օր օգտագործվող տեղեկատվության աղբյուրի` Վիքիմեդիայի վերաբերյալ: 


Թվային գրագիտություն և քննադատական ուսումնասիրություն

Մի ժամանակաշրջանում, երբ կեղծ լուրերը գերիշխող են, և այդ միտումն աճում է, ուսանողների համար կարևոր է սովորել` ինչպես տարանջատել վստահելի աղբյուրները ոչ վստահելիներից: Ուսումնասիրությունը պարզել է, որ հարցմանը մասնակցածների 96%-ը կարծում է, որ Վիքիպեդիայում արված ներդրումը շատ ավելի արժեքավոր է ուսանողներին թվային գրագիտություն սովորեցնելու համար, քան ավանդական ներդրումները, և 85 %-ը կարծում է, որ Վիքիպեդիայում ներդրումները շատ ավելի արժեքավոր են առցանց վստահելի աղբյուրները տարբերել սովորելու համար:  Ուսումնասիրությանը մասնակցող ֆոկուս խմբերից մեկի ուսանողներից մեկը Վիքիպեդիայում ներդրումներ կատարելու մասին ասել է.  «Այն բարձրացնում է լավ տեղեկատվության իմացությունը, հասկանալի է դառնում վատ տեղեկատվությունը... դու ավելի շատ հարցեր ես ունենում և քո կարդացած տեղեկատվության հավաստիության վերաբերյալ առավել վստահ ես»:

суббота, 17 июня 2017 г.

Կրթության կարևորության մասին. մտածելու համար

Հունիսի 6-11-ը Աղվերանում մասնակցեցի Ուսուցիչների վիքի-դասընթացի 5-րդ փուլին: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, դասընթացի ֆորմատը մի քիչ այլ էր. բացի խմբագրելուց և խմբագրման գործիքները նորեկներին սովորեցնելուց, այս տարի ուսուցիչները նաև մի քանի հանդիպումներ ունեցան կրթության ոլորտի մասնագետների հետ ու զրուցեցին կրթության նորագույն միտումներից, հաջողության հասնելու սովորույթներից, որոնք արժե փոխանցել աշակերտներին, քննարկվեցին կրթության ոլորտի խնդիրներ: Ուսուցիչների հետ ամենաերկար ժամանակ անցկացրեց կրթության փորձագետ, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Խալաթյանը: Արթուրը մի քանի թեմաներ ներկայացրեց, զրուցեց ուսուցիչների հետ` իսկապես կարևոր ու կիրառական խորհուրդներ տալով:
21-րդ դարը գիտելիքի դար է.  գիտելիքն այն միջոցն է, որ մարդուն հնարավություն է տալիս ապրել ավելի հարմարավետ: Եվ ուսուցիչների առաջին խնդիրն է երեխային գիտելիք փոխանցել: Ահա այստեղ նշեմ այն գործնական խորհուրդները, որոնք առաջին բառերից այնքան պարզ են թվում ու հաճախ` իրականում դժվար կիրառելի:

«Երեխան ամենալավը հիշում է այն գիտելիքը, որը կիրառում է, որն իր համար իմաստալից գործ է», ասում է Արթուր Խալաթյանը (մոտավոր մեջբերում): Որպես ստացած գիտելիքի պրակտիկ կիրառում` Արթուրը նշում է, օրինակ, աշակերտի կողմից Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում խմբագրումներ կատարելու հնարավորությունը, որի արդյունքում երեխան ստանում է պրոդուկտ և իր աշխատանքը կարևորված ու գնահատված է տեսնում:


Այսօր դպրոցի դերն է ոչ միայն գիտելիք փոխանցել երեխային (դա թերևս լավագույնն այսօր ստացվում է Google որոնողական համակարգի մոտ), այլ առավել առաջնային է նրան տալ քննարկելու մշակույթ, ստեղծել համապատասխան միջավայր` թիմային հաջողված աշխատանք կատարելու համար: Գործնական քայլերից է նրան ստեղծագործական մոտեցում պահանջող հանձնարարություններ տալը, որոնց արդյունքում նա արտադրանք կստանա: Օրինակ` բարձր դասարանի աշակերտներին կարելի է հանձնարարել որևէ առարկայից տեղեկատվական մատչելի պոստեր պատրաստել ավելի ցածր դասարանների աշակերտների համար:
Կարևոր հատկություն է աշխատանքը ճիշտ պլանավորներն ու նշումներ անելը: Այս հատկությունները դպրոցում ձեռք բերելով` երեխան դրանք իր հետ կտանի կյանքի մյուս ոլորտներ ևս` էապես ժամանակ շահելով:

Կիրառելի է այն գիտելիքը, որը համակարգված է. ինչպես գլխում, այնպես էլ` գրադարակում: «Որակյալ նոթերը կօգնեն երեխային  արագ, առանց ժամանակ կորցնելու  գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, օգտագործել այն, կրկնել քննությունից առաջ», համոզված է Արթուրը:
Եթե երեխան ունի լավ նոթ, նա դա կարող է օգտագործել անգամ քննության ժամանակ: «Կյանքի ոչ մի իրական իրավիճակում չի արգելվում կողքից տեղեկություն ստանալ, ինչու՞ պետք է դպրոցում անիրական, կյանքից կտրված իրավիճակներ ստեղծել և չթույլատրել երեխային օգտագործել իր նոթերը», հարցնում է փորձագետը:
Եվ ի վերջո, նոթ գրելն ու ստացած գիտելիքը համակարգելը կազմակերպվածություն կբերի կյանքի բոլոր ոլորտներում:

Դասընթացի հյուրերից «Այբ» կրթական հիմնադրամի, «Այբ» դպրոցի համահիմնադիր, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանն իր ելույթում առաջարկեց առաջ նայել ու մտածել մի քանի կարևոր հարցերի մասին, օրինակ, ի՞նչ գիտելիք ու հմտություն տալ երեխային, որը վաղը ռոբոտը չի կարող անել: Դրանք դեռևս ստեղծագործելու, վերլուծելու, քննադատելու, կարևոր որոշումներ ընդունելու կարողություններն են:

«Այո, 21-րդ դարը գիտելիքի ժամանակաշրջանն է, սակայն միայն գիտելիքն արժեք չի, այն պետք է արդյունք դառնա», ընդգծեց Դավիթ Սահակյանը:

Առջևում ամառային արձակուրդներն են, բոլորս ազատ ժամանակ ունենք մտածելու, կարդալու, նոր մեթոդներ գտնելու` ինքներս սովորելու ու սեպտեմբերից երեխաներին նոր հայացքով սովորեցնելու մասին:
Նայենք ապագային լայն բացված հայացքով:

Թամարա Գրիգորյան


пятница, 21 октября 2016 г.

Սիրելով ու զարգացնելով հայրենի գյուղը. զրույց ապագա լրագրողի հետ

Արաքս Միրզոյանն Արցախի պետական համալսարանի ուսանողուհի է, ապագա լրագրող: «Լրագրություն եմ սովորում. ուզում եմ հայրենիքիս համար պիտանի մարդ դառնալ, դրա համար էլ ընտրեցի այն մասնագիտությունը, որը կարող եմ լիովին ծառայեցնել ազգիս շահերին», մեզ հետ զրույցում նշեց Արաքսը:

Նա դեռ երկու տարեկան չկար, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց ապրելու Արցախի Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքում: Նա այստեղ է դպրոց գնացել: Դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բոլոր առարկաների հանդեպ: «Դպրոցում գրեթե բոլոր մրցույթներին մասնակցում էի, ուզում էի ամեն ինչ հասցնել, անգամ նոտաները սովորեցի ու սկսեցի նախ շվի նվագել, հետո` կիթառ»:
Բացի դպրոցում լավ սովորելն ու դպրոցական մրցույթներին մասնակցելը, Արաքսը նաև շատ ակտիվ է մշակութային կյանքում: Արդեն մի քանի տարի` մեծ մասնակցություն ունի Նոր Բրաջուր համայքնի մշակույթի ակումբի աշխատանքներին. իրենից տարիքով ավելի փոքր երեխաների հետ պարապում է, ազգագրական պարեր սովորեցնում. միասին մի քանի հանրապետական մրցույթներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: