среда, 28 июня 2017 г.

Ի՞նչ են սովորում ուսանողները` Վիքիպեդիայում խմբագրելով

2010 թվականից սկսած` 36.000 ուսանողներ ԱՄՆ-ում և Կանադայում խմբագրում են Վիքիպեդիան որպես դասապրոցեսի մաս: Վիքիպեդիայում կատարած նրանց ներդրումը հեշտ է գնահատել. նրանք ավելացրել են ավելի քան 30 միլիոն բառ (Բրիտանիկա հանրագիտարանի վերջին տպագիր հրատարակության երկու երրորդ մասի չափով) ակադեմիական առարկաների վերաբերյալ, որոնք կա՛մ իսպառ բացակայում էին, կա՛մ զարգացման մեծ կարիք ունեին: Իսկ ի՞նչ է տալիս Վիքիպեդիայում խմբագրելը հենց իրենց` ուսանողներին: Մինչև վերջերս այս հարցին ավելի դժվար էր պատասխանել:
Վիքիպեդիայում կատարած ներդրումների ազդեցությունն ուսանողների վրա հասկանալու համար Վիքի Կրթական Հիմնադրամն ուսումնասիրություն է անց կացրել 2016 թվականի աշնանային ուսումնական կիսամյակի ընթացքում: Մանրամասնորեն ուսումնասիրելով տեղեկությունների և՛ որակական, և՛ քանակական կողմերը, ուսումնասիրությունը պարզել է, որ Վիքիպեդիայում ներդրում կատարելն օգնում է ուսանողներին զարգացնել թվային գրագիտությունն ու քննադատական ուսումնասիորւթյան հմտությունները, նպաստել նրանց` հանրության համար գրելու կարողության զարգացմանը, ընդլայնել համագործակցելու հմտությունները: Ուսանողները նաև ձեռք են բերում արժեքավոր գնահատական իրենց կողմից ամեն օր օգտագործվող տեղեկատվության աղբյուրի` Վիքիմեդիայի վերաբերյալ: 


Թվային գրագիտություն և քննադատական ուսումնասիրություն

Մի ժամանակաշրջանում, երբ կեղծ լուրերը գերիշխող են, և այդ միտումն աճում է, ուսանողների համար կարևոր է սովորել` ինչպես տարանջատել վստահելի աղբյուրները ոչ վստահելիներից: Ուսումնասիրությունը պարզել է, որ հարցմանը մասնակցածների 96%-ը կարծում է, որ Վիքիպեդիայում արված ներդրումը շատ ավելի արժեքավոր է ուսանողներին թվային գրագիտություն սովորեցնելու համար, քան ավանդական ներդրումները, և 85 %-ը կարծում է, որ Վիքիպեդիայում ներդրումները շատ ավելի արժեքավոր են առցանց վստահելի աղբյուրները տարբերել սովորելու համար:  Ուսումնասիրությանը մասնակցող ֆոկուս խմբերից մեկի ուսանողներից մեկը Վիքիպեդիայում ներդրումներ կատարելու մասին ասել է.  «Այն բարձրացնում է լավ տեղեկատվության իմացությունը, հասկանալի է դառնում վատ տեղեկատվությունը... դու ավելի շատ հարցեր ես ունենում և քո կարդացած տեղեկատվության հավաստիության վերաբերյալ առավել վստահ ես»:

Գրելով հանրության համար

Ըստ ուսումնասիրության, հարցվածների 79%-ը համարում է, որ Վիքիպեդիայում ներդրումներ կատարելն առավել վստահելի միջոց է` հանրության համար հրապարակումներ անել սովորելու համար: Եթե մեր ուսանողներից շատերը երբևէ ստիպված չեն լինելու գրել հանրության համար, ապա ամենայն հավանականությամբ նրանցից շատերը պետք է տեղեկատվություն կիսեն իրենց աշխատակիցների, ղեկավարների և այլ մասնագետների հետ` պարզ և հասկանալի ձևով: Երբ ուսանողները ներդրում են կատարում Վիքիպեդիայում, նրանք հասկանում են, որ իրենց աշխատանքները կարող է կարդալ լայն հանրությունը: Նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց ներդրումները ընկալելի են ընթերցողների լայն խմբերի համար: Ըստ ֆոկուս խմբի մեկ այլ ուսանողի խոսքերի, «Ես համարում եմ, որ այս աշխատանքը կօգնի մեզ, անկախ նրանից, թե որ ուղղությամբ մենք կգնանք: Դու պետք է հետազոտություն անես և ներկայացնես դա հանրությանը հասանելի ձևով, անկախ նրանից, ընթերցողը քո մասնագիտության հետ կապ ունեն, թե ոչ... Ես կարծում եմ, որ տարբեր տեղեկությունները համատեղելու և մարդկանց ներկայացնելու կարողությունը շատ կարևոր է»:

Համագործակցություն

Հետազոտությունը պարզել է, որ երբ ուսանողները ներդրում են կատարում Վիքիպեդիայում, նրանք սովորում են ավելի ուշադիր լինել իրենց խոսքերի հանդեպ և հասկանում են, որ համագործակցային մթնոլորտն ավելի մեծ արդյունքների կարող է հանգեցնել: Նրանք առավել հանդուրժող են դառնում քննադատության վերաբերյալ և հասկանում են, որ իրենց աշխատանքի սեփականության իրավունքի որոշ մասից հրաժարվելը կարող է բարելավման ճանապարհ դառնալ: Կան փոքրաթիվ մասնագետներ, ովքեր փակ են աշխատում, և Վիքիպեդիայում ներդրումներ կատարելն ուսանողներին քաջալերում է և՛ ընդունել այլ տեսակետներ, և՛ համարձակորեն ներկայացնել իրենցը:
Մեկ այլ մասնակից ասում է. «Ես միշտ համարել եմ, որ հետազոտությունը միայնակ կատարելու  աշխատանք է, երբ մեկը նստում է գրադարանում ու թերթում է գրքերը: Այսպիսով, Վիքիպեդիայում այս ամբողջ աշխատանքը կատարող համայնքի գոյության փաստի իմացությունը փոխում է քո հայացքն այս հարցի վերաբերյալ»:

Մոտիվացիա

Ուսանողներն անհամար ժամեր են ծախսում` իրենց համալսարանական ուսումնառության ընթացքում աշխատություններ գրելու համար. այս աշխատությունները կարդում են միայն նրանց ուսուցիչները և դրանք անպետք են դառնում ուսումնական կիսամյակի ավարտից հետո: Երբ ուսանողները ներդրում են կատարում Վիքիպեդիայում, ըստ հետազոտության, նրանց մոտիվացիան երկու անգամ ավելին է: Քանի որ նրանք գիտեն, որ իրենց ներդրումներն արվում են լայն հանրության համար, նրանք առավել պատասխանատու են զգում իրենց աշխատանքի ճշգրտության համար: Միևնույն ժամանակ, նրանք հպարտություն են ապրում` իմանալով, որ իրենց ստեղծածը կարող է օգնել որևէ մեկին և կենսունակ լինել նաև դասասենյակից դուրս: «Երբ դու գիտես, որ որևէ մեկն էլ է կարդում քո աշխատանքը, դու չես ցանկանում, որ այնտեղ վրիպակներ լինեն և ուզում ես, որ աշխատանքը պատշաճ տեսք ունենա: Ես կարծում եմ, որ այն ինձ մղում է հետ նայել ամեն ինչին, լսել այլ մարդկանց կարծիքն ու նորից ու նորից գրել», ասում է ֆոկուս խմբի մասնակիցներից մեկը:
Պատասխանատվությունն ու հպարտությունը քաջալերում են ուսանողներին ստեղծել աշխատանքներ, որոնք մանրակրկիտ են, լավ հետազոտված և հիմնավոր: Նրանք իրենց աշխատանքը կարող են կիսել ոչ միայն  իրենց ընկերների, ընտանիքի և աշխատակիցների հետ, այլև նրանք կարող են իսկապես հայտարարել, որ իրենք որևէ բան են հրապարակել, մի բան, որ ավարտական կուրսի շատ ուսանողներ հազվադեպ են անում:

Վիքիպեդիայի քաղաքականության գնահատում

Ուսումնասիրությունը պարզել է, որ Վիքիպեդիա նախագծին ուսանողների մասնակցությունից հետո փոխվում է նրանց վերաբերմունքը Վիքիպեդիայի հանդեպ: «Ես այժմ այն դիտարկում եմ որպես շատ ավելի վստահելի աղբյուր, քան նախկինում: Տեղեկատվության ստուգումը շատ ավելին է, քան ես կարծում էի», ասում էր ֆոկուս խմբի մասնակիցներից մեկը: Վիքիպեդիան մի կայք է, որը պարբերաբար օգտագործվում է ուսանողների կողմից, անգամ եթե երբեմն դա նրանց խորհուրդ չի տրվել: Երբ ուսանողերն սկսում  են ներդրում կատարել Վիքիպեդիայում, նրանք սովորում են` ինչպես առավել արդյունավետ օգտագործել կայքը: Նրանք կարողանում են տարբերել լավ հոդվածները և հասկանում են, թե որ հոդվածները բարելավման կարիք ունեն: Նրանք հասկանում են, թե ինչպես օգտագործեն կայքը հետազոտություն սկսելու համար և ինչպես քննադատաբար օգտագործեն այն տեղեկատվությունը, որ իրենք ստանում են Վիքիպեդիայից:
Ուսանողները կարող են կարևոր դեր ունենալ ակադեմիական բովանդակության նյութերը բարելավելու հարցում: Ի տարբերություն հանրության լայն շերտերի, նրանք մուտք ունեն դեպի անհաշիվ գրադարաններ: Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ որպես ուսումնական գործընթացի մաս Վիքիպեդիայում խմբագրումներ կատարելն ուսանողների մոտ կարող է զարգացնել քննադատական ակադեմիական և մասնագիտական հմտությունները, և որ այդ ուսանողներն առավել մոտիվացված են և ավելի մեծ բավականություն են ստանում Վիքիպեդիայում խմբագրելիս, քան թե առաջադրանք կատարելու ավանդական մեթոդներից: 
Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ անգլերենով:

Комментариев нет:

Отправить комментарий