понедельник, 3 октября 2011 г.

Էդվարդը զարմանում էր, թե ինչպես էր մայրը համադրում կենցաղայինն ու կախարդականը…


Ֆ. Օրժեխովսկայայի “Էդվարդ Գրիգ” գիրքն եմ կարդում: Գիրքը նորվեգացի հայտնի կոմպոզիտորի մասին է: Մի գեղեցիկ հատված հանդիպեցի, շատ հավանեցի, որոշեցի կիսվել: Իրականի ու կախարդականի համատեղումն ու սահմանը միշտ ինձ համար գաղտնի, անորսալի ու երանելի է եղել…



«Երբ նա համերգի էր պատրաստվում, տանը կյանքը փոխվում էր դրանից մի քանի օր առաջ: Իսկ համերգի օրը ժամանակը կանգ էր առնում: Գեզինան ոչ մի կարգադրություն չէր անում տնտեսության մեջ: Երեխաները մինչեւ իրիկուն նրան չէին տեսնում: Ապա նա հայտնվում էր գեղեցիկ ու անճանաչելի, փայլփլուն մետաքսե զգեստով, ոսկե շղթայով ու ոսկյա մեդալիոնը կրծքին: Նրա վրայից հրաշալի օծանելիքների բուրմունք էր տարածվում: Նրա աչքերը փայլում էին: Նայում էր նա դեպի անորոշ հեռուն. նրա դեմքին խաղում էր մտացիր մի ժպիտ, եւ երբ ամուսինը մտնում էր երեխաների սենյակը իր պերճաշուք հասակով, ֆրակը հագին (նա միշտ էլ ուղեկցում էր Գեզինային), կինը նրան նայում էր այնպիսի հայացքով, ասես չէր կարողանում հիշել, թե ով է այդ մարդը եւ ինչու է իր կողքին կանգնած: Եվ այդպիսի հայացքվ էլ նայում էր երեխաներին: Թվում էր, թե տարակուսում էր` ինչպես է ինքն ընկել այստեղ, այս բնակարանը եւ ինչու՞ են այստեղ հինգ երեխա` երկու տղա եւ երեք աղջիկ: Տնից դուրս գալուց առաջ նա զգուշությամբ համբուրում էր երեխաներին, շուրթերը հազիվ հպելով նրանց այտերն, որպեսզի շորը չճմրթվի եւ սանրվածքը չխառնվի, եւ ամուսնու հետ մեկնում էր կառքով: Էդվարդն ինքն էլ էր վախենում, որ հանկարծ չփչացնի մոր սքանչելի հանդերձանքը եւ նույն զգուշությամբ մոտեցնում էր այտը համբույրի համար:

Մինչեւ մոր վերադարձը երեխաները չէին քնում, բացի կրտսեր քրոջից` Էլիզից: Վերադառնալով համերգից, Գեզինան ամենից առաջ հանում էր իր պերճաշուք հագուստը, մաերից հանում էր հերակալները, իսկ հետո արդեն ուսերին թափված հյուսերով, տնային կապոտը հագին հայտնվում էր երեխաների սենյակում: Ու թվում էր, թե համերգային հանդերձանքի հետ միասին նա ազատվում էր նաեւ կախարդանքից: Նա շոյում ու գգվում էր երեխաներին, նախատում նրանց, որ չեն քնել ժամանակին… եւ հանգստանում էր… փոքրիկ Էլզին այդ ընթացքում արթնանում էր ու սկսում լաց լինել: Գեզինան գիրկն էր առնում նրան ու հանգստացնում: հայրը մտնում էր երեխաների սենյակն ու զայրանում, որ դեռ ոչ ոք քնած չէ, բայց, այնուամենայնիվ, գոհ էր լինում: “Փառք Աստծո,-ասում էր նա,- ամեն ինչ վերջացավ: Բայց որ դուք լսեիք, երեխաներ, թե ինչպես էր նվագում ձեր մայրը… եւ ինչպես էին ընդունում նրան”:

Եթե Էդվարդին հարցնեին, թե նայրը երբ է ավելի իրեն դուր գալիս, համերգից առաջ, թե հետո, իր սովորակա՞ն, թե՞ կախարդական վիճակով, նա չէր կարող պատասխանել: Իհարկե, անչափ հաճելի ու բնական է խոստովանել, որ մայրը սրտամոտ է իր երեխաներին. միեւնույն ժամանակ տղան զգում էր, որ իրեն` Գեզինային, ավելի սազում է լինել կախարդուհի, արիստուհի: Երբ մարդը ինչ-որ պահերի դառնում է գեղեցիկ ու պայծառ, ուրեմն դրանք երջանիկ պահեր են:

Աղջիկները կամակորություն էին անում այն օրերին, երբ Գեզինան պատրաստվում էր համերգի, իսկ Ջոնը անկեղծորեն փնթփնթում էր: Այնինչ Էդվարդը քայլում էր ոտների մատների ծայրերի վրա, որպեսզի չխանգարի մոր հանգիստը: Այո, նա մորն առանձնապես սիրում էր այն րոպեներին, երբ տեսնում էր նրան հաջողությունից արբեցած, երբ մայրը պատկանում էր  ինչ-որ ուրիշ գեղեցիկ աշխարհի: Եվ այնքան տարօրինակ էր հաջորդ օրը լսել, թե ինչպես էր մայրը սովորական տնական ձայնով ասում աղախնին.
-Ոչ, Լիլա, այս միսը պիտանի չէ, հարկավոր է թարմ միս գնել»:

Արվեստի ու սովորականի, վերերկրայինի ու առօրյայի սահմանը, անցումը, հանդիպումը կախարդական, անորսալի, աննկարագրելի երեւույթ է, անգամ դժվար է բացատրել, երեւի միայն զգալ կարելի է:

Комментариев нет:

Отправить комментарий