пятница, 31 августа 2012 г.

Քարվաճառ գնալու ցանկությունը շատ մեծ է, իսկ տեղ հասնելը՝ շատ դժվար

Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի նորոօրյա պատմության ամենակարեւոր դրվագներից է: Հայ ազգին պարտադրվեց պատերազմ, ու հայ ազգն այն հաղթեց: Հաղթեց այնպիսի պայմաններում, որ շատ-շատերի կարծիքով պետք է որ չկարողանար հաղթել: Արցախյան հերոսամարտի հաղթանակն այնքա~ն սպասված էր դարերով հալածված ու չարչրկված հայ ազգի համար: Դարերի վրեժը մի բռունցք դարձավ ու հարվածեց թշնամու ճակատին, դարերով խեղդված հայի ձայնը պոռթկաց, ու հայն ասաց իր խոսքը: Հայը ոչ միայն պահպանեց իր Հայրենիքի վտանգված մի մասը, այլեւ առաջ շարժվեց ու Հայրենիքի դարերով գերված մի քանի հատված էլ ազատագրեց: Եռաբլուրում ամեն օր մեր այցերին սպասող ու մեզ թախծոտ աչքերով նայող 18-20 տարեկան մատաղ երիտասարդներն ասում են դարերով սպասված այս հաղթանակի գինն ու թույլ չեն տալիս մոռանալ, թե քանի մոր աչքի արտասուք արժեցավ գերված Հայրենիքի մի հատվածն ազատելը:
Հաղթանակը թեւեր է տալիս, ու կարելի էր կարծել, թե արցախյան հերոսամարտից հետո հայ ազգի շունչը բացվելու էր, ու թեւերը թափ էին հավաքելու: Կարելի էր կարծել, թե ազատագրված հայրենիքն այնպես էր շենացվելու, որ հայ հողը հայ մարդու կարոտը մի լավ առնի…
Բայց այդպես չեղավ: Թերեւս դա մեծ քաղաքականության խաղն է, որտեղ իմ նման ռոմանտիկն անելիք չունի, ինչեւէ, ազատագրված հայրենիքը մնաց… ամայի: Իհարկե, քաղաքական բացատրություններ եղան, բայց հայ զավակին կարոտած մայր հողը դժվար թե հետաքրքրվի այդ բացատրություններով: Մասսայական կազմակերպված վերաբնակեցում ազատագրված հողում այդպես էլ տեղի չունեցավ ազատագրումից ի վեր: Իսկ դա արդյո՞ք չի նշանակում չգնահատել հաղթանակը: Ազգովի չկարողացանք գնահատել Արցախյան հաղթանակն ու չկարողացանք այն մեր ժամանակի համար պայծառ մի փարոս  սարքել: Չկարողացանք արցախյան հաղթանակի շնորհիվ պարտված ու խեղճ ազգից հաղթած ազգ դառնալ….միգուցե դա մի հաղթանակով չի լինում, միգուցե, չգիտեմ….բայց կարծում եմ, որ ազատագրված հողը բնակեցնելն էլ երկրորդ հաղթանակը պիտի լիներ, կամ էլ պիտի ամբողջացներ հաղթանակն ու ասեր տղերքին. դուք արյունն իզուր չեք թափել…
Որտեղից ուր հասա…. Իրականում գրառումն սկսելիս ուրիշ բան էի ցանկանում պատմել: Ինչեւէ, ազատագրված Հայաստանի բախտը մի տեղ բերեց. այնտեղ բնակվելու գնացին մի քանի մարդիկ, ովքեր արցախյան հաղթանակն իրենցը համարեցին ու համարձակվեցին վայելել հաղթանակի պտուղները: Նրանք պարզապես գնացին բնակվելու ազատագրված Հայաստանում՝ Քարվաճառում, Քաշաթաղում…. Այդ մարդկանցից ամենալավը ճանաչում եմ ամենահայտնի քարվաճառցուն՝ Ալեքս Քանանյանին ու իր տիկնոջը՝ Խանդութ Ավետյանին: Այս մարդիկ Քարվաճառի շենացման համար իսկապես մեծ գործ են անում, որի արդյունքներն այսօր էլ տեսանելի են, սակայն հուսով եմ, որ ապագայում էլ ավելի ցայտուն են դառնալու:
Հենց Ալեքսից էլ առաջին անգամ լսեցի Քարվաճառի մասին ու տեսա դրախտավայրի նկարները: Որոշ ժամանակ անց ես ու սիրելիս որոշեցինք տեղափոխվել՝ Քարվաճառում մշտական բնակություն հաստատելու, բայց սա այլ պատմություն է, որի մասին խոստանում եմ անպայման գրել:
Անդրադառնալով ազատագրված տարածքի զարգացմանը խոչընդոտող խնդիրներին՝ այսօր կխոսեմ Քարվաճառ հասնելու տրանսպորտային խնդրից, ինչըը տարածքի՝ մայր Հայաստանի հետ կապվելու ու ինչու չէ, նաեւ վերաբնակեցման գործընթացում շատ առանցքային դեր ունի:


Ես ու սիրելիս այս տարի ամռանը եւս հյուրընկալվեցինք Ալեքսին ու Խանդութին: Եթե մեքենա չունես եւ ոչ էլ այդքան հարուստ ես՝ Քարվաճառ տաքսիով գնալու համար, ապա  Քարվաճառ կարող ես հասնել միայն երկուշաբթի, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին: Նշված օրերին ժամը 13:00 Վարդենիսից Քարվաճառ է գնում Մաքսիմի ուազը: Մեքենան այնքան էլ լավ վիճակում չի եւ բավականին փոքր է: Այս տարի գնալիս պետք եղավ գտնել-կանչել եւս մեկ լրացուցիչ ուազ, քանի որ ճիշտ մի մեքենայի չափով, 11 ուղեւոր, դուրսը մնաց եւ չկարողացավ տեղավորվել Մաքսիմի ուազում: Բացի այն, որ մարդիկ շատ են գնում-գալիս Քարվաճառ, նրանք նաեւ իրենց հետ շատ մեծ քանակությամբ իրեր են տեղափոխում, քանի որ Քարվաճառի հետ համեմատած՝ Վարդենիսում ապրանքի գներն ավելի մատչելի են:

Ծանր պայմաններում է Վարդենիսը Քարվաճառին կապող ճանապարհը: Ճիշտ է, վերջերս այն լայնացրել են, սական որակը դրանից չի լավացել: Ճանապարհը գրունտային է, եւ մինչեւ տեղ հասնելը բոլոր ուղեւորները ճերմակում են ճանապարհի փոշուց:
Քանի որ ուղեվորները շատ են, հաճախ նրանք ստիպված են խցկված նստել առանց այն էլ անհարմար մեքենայում: Ինչեւէ, երբ հասնում ես Քարվաճառ,  հրաշք բնությունը, մաքուր օդն ու հաճելի մարդիկ մոռանալ են տալիս ամեն նեղություն ու հոգնություն: Դրանք հիշում ես մեկ էլ հետ գնալու օրը:
Այս տարի Քարվաճառից հետ գալն էլ հեշտ չստացվեց: Մաքսիմը իր հետ վերցել էր նաեւ իր որդուն, ով եւս ուազ է վարում, որպես պահեստային փոխադրամիջոց: Փորձառու վարորդը կանխատեսել էր, որ ճանապարհի գյուղերից շատ մարդիկ կնստեն, եւ երկրորդ մեքենան եւս անհրաժեշտ կլինի: Եւ նա ճիշտ էր, սակայն չէր հաշվարկել մեքենայի անսարքությունը: Ճանապարհի ամեն հինգ-տասը րոպեն մի անգամ Մաքսիմը ստիպված էր կանգնեցնել մեքենան ու մյուս մեքենային օգնության հասնել, քանզի վերջինս անընդհատ փչանում էր: Մի որոշ ժամանակ անց ստիպված երկրորդ մեքենայի ուղեւորներին եւս բերեցին մեր մեքենան, քանի որ այն այլեւս ծանրություն տանել չէր կարողանում: Մի խոսքով, այդպես մտերմիկ ու իրար կպած հասանք Վարդենիս: Մաքսիմը զգուշացրեց իր հետ ցերեկը հետ դարձող քարվաճառցիներին, որ երթը մի ժամ կուշանա. Վարդենիսում պիտի մեքենան նորոգեին: Մենք այդ օրն այլեւս հետ չդարձանք, այլ նստեցինք Վարդենիս-Երեւան հարմարավետ գազելն ու ասֆալտած ուղիղ ճանապարհով հասանք համայն հայության քաղաքամայր, ուր կենտրոնացած է Հայաստանիս հայերի մի մեծագույն մասը՝ ամայի թողնելով փոքր Հայրենիքիս ծայրերը…

Թամարա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий