пятница, 15 августа 2014 г.

«Պատրիա»-ն օժանդակում է Շահումյանի շրջանի երեխաներին

ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում գործող «Պատրիա» բարեգործական հիմնադրամը օգոստոսի 12-14-ը օգնություն է տրամադրել Շահումյանի շրջանի մինչեւ 14 տարեկան այն երեխաներին, ովքեր միակողմանիորեն կամ երկկողմանիորեն զրկված են ծնողական խնամքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրեն, Քարվաճառ քաղաքի բնակչուհի Ռոզա Սերոբյանը, օգնությունը տրամադրվում է հագուստի կամ սնունդի տեսքով, ըստ նպատակահարմարության: 

«Այս անգամ օգնութոյւն ենք տրամադրել 28 միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին շրջանի Քարվաճառ, Նոր Գետաշեն, Նոր Մանաշիդ, Չարեքտար, Նոր Կարաչինար, Քնարավան, Նոր Խարխափուտ եւ Զուար համայնքներից: Շրջանի մյուս համայնքերում նշված խմբին պատկանող երեխաներ չկան», պարզաբանեց Ռոզա Սերոբյանը: Բարեգործական հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ դպրոցահասակ երեխաներին անպայման տրամադրվում է հագուստ գալիք ուսումնական տարուն պատրաստ լինելու համար, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների ընտանիքներին օժանդակությունը հասնում է սնունդի տեսքով:

Չարեքտար համայնքում ապրող մի ընտանիքի համար, որտեղ կան միակողմանի ծնողազուրկ չորս երեխաներ, կազմակերպությունը գնել է մի հորթ: Ռոզա Սերոբյանը հույս հայտնեց, որ հորթն ընտանիքի համար հետագայում եկամտի աղբյուր կդառնա:
Տեղեկացնենք, որ «Պատրիա» բարեգործական հիմնադրամը սկսել է գործել 2014 թվականի մարտի հինգից Քարվաճառ քաղաքում:

Կազմակերպության անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է հայրենիք:
Կազմակերպության հիմադիր եւ տնօրեն Ռոզա Սերոբյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր կազմակերպության նպատակները:

«Բարեգործական կազմակերպությունը հիմնելիս նպատակ ենք ունեցել նպաստել ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակչության կենսապայմանների համակողմանի բարելավմանը` տարբեր ուղղվածության բարեգործական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնելու միջոցով», ասել էր նա:

Կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել նաեւ շրջանի բնակիչների հետ մշտական փոխադարձ կապ պահպանելու միջոցով տեղեկանալ նրանց ընտանեկան եւ համայնքային հրատապ խնդիրներին եւ հնարավորինս աջակցել դրանց լուծմանը: Բնակիչներին օգնելու գործընթացին կարող են ներգրավվել նաեւ շահագրգիռ այլ անհատ անձինք ու կազմակերպություններ:

Բարեգործական ծրագրերն իրականացվում են բարերարի հովանավորությամբ, ում անունն առայժմ Ռոզան նշել չցանկացավ: Նշված օժանդակությունն առաջին ծրագիրն է, որ իրականացվում է կազմակերպության կողմից:

«Պատրիա»-ն առաջիկայում կիրականացնի հիմնականում սոցիալական ծրագրեր` նպատակ ունենալով թեթեւացնել շրջանի բնակիչների հոգսերն ու նպաստել տարածքի զարգացմանը:                                                 

Թամարա Գրիգորյան  

Комментариев нет:

Отправить комментарий