четверг, 3 ноября 2011 г.

Տեր Եսայի Քահանա. «Եկեղեցականը կարող է թերություններ ունենալ, Հայ Առաքելական Եկեղեցին` երբեք»


Հայ Առաքելական Եկեղեցին միշտ կարեւոր դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Երբ պետություն չենք ունեցել, եկեղեցին իր շուրջն  է համախմբել ազգը, կատարել է նաեւ մի շարք տնտեսական գործառույթներ:
Բայց արի ու տես, որ մենք ազգովի մի տեսակ անշնորհակալ ենք եկեղեցու հանդեպ ու հարվածում ենք եկեղեցուն` գիտակցաբար ու անգիտակցաբար: Հարվածում ենք` եկեղեցի չգնալով, եկեղեցական ծեսերն ու կարգերը չիմանալով, հոգեւորականների հետ չշփվելով ու վերջապես որ ամենակարեւորն է` տարաբնույթ աղանդներին մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիք թողնելով:

«Արտագերս» դպրոցի սաների համար կազմակերպված հոգեւոր զրույցների շարքը նախատեսված է հենց այս բացերը լրացնելու համար: Հոգեւորականների զրուցներին մասնակցած երիտասարդները` լրագրողներ, քաղաքագետներ, պատմաբաններ, այսուհետ իրենց հրապարակումներում առավել գրագետ կլինեն եկեղեցու մասին գրելիս եւ իրենց հրապարակումներով կօժանդակեն եկեղեցու մասին` հասարակական ճիշտ ու առողջ կարծիքի ձեւավորմանը:
Ինչպես երիտասարդների հետ առաջին հանդիպման ժամանակ նշեց Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը, եկեղեցականները կարող են թերություններ ունենալ, իսկ եկեղեցին որպես հոգեւոր կառույց անթերի է: Ըստ քահանայի եկեղեցին եւս շատ լուրջ բարեփոխումների կարիք ունի եւ դա առավել եւս ակնհայտ է դառնում առողջ քննադատության արդյունքում: Բայց առողջ, կառուցողական քննադատության, ոչ թե թունոտ քննադատության դեպքում:

Խոսելով Քրիստոսի մասին` Տեր Եսային մի քանի խոսուն օրինակներով ցույց տվեց, որ Քրիստոսը պատմական անձ է եղել: Նա նշեց մի քանի վկայություններ, որ Քրիստոսի մասին արել են հեթանոս պատմիչներ:

«Դուք եթե Աստված հորինեիք, ինչպիսի՞ Աստված կհորինեիք», հարցրեց Տեր Եսային ներկաներին: Պատասխաններից պարզ դարձավ, որ հորինած Աստվածը լինում է ուժեղ, բարի, ամենակարող, հզոր: «Ոչ ոք թույլ չի տա, որ իր ստեղծած Աստծո վրա ծիծաղեն, թքեն նրա վրա, խաչեն: Կասկածից վեր է, որ Քրիստոսը պատմական անձ է եղել», նշեց Տեր Եսային:

Հոգեւոր հայրն անդրադարձավ նաեւ քրիստոնեության երեք հիմնական արժեքներին` հույս, 
հավատ, սեր:

Ինչպես քահանան բացատրեց, սերը միայն հիացմունք արտահայտել չէ, սերը ներելն է, ճանաչելն ու հարգելն է: “Եթե սիրում ես, պետք է ազատություն տաս քո սիրելիին, պետք է սիրես նրան այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե ստեղծես քո երազած կերպարն ու փորձես նրան հարմարեցնել:”

Խոսելով հույսի մասին, Տեր Եսային բացատրեց, որ հույսը մարդուն օգնում է պայքարել: Դե իսկ հավատ պետք է բոլորին, ամեն հարցում. մինչեւ չհավատաս, ոչ մի բանի էլ չես հասնի:

“Մարդկային հոգու խորությունը կամ դատարկությունը հնարավոր չէ դեն նետել, հնարավոր  է միայն լցնել այն: Մարդու հոգու խորությունը կարող է իր մեջ տիեզերք տեղավորել”:
Աստված յուրաքանչյուրիս յուրովի է սիրում ու սիրում է հենց այնպես, ուղղակի սիրում է. ըստ Տեր Եսայիի, սա քրիստոնեության ամենամեծ հրաշքներից է: Ամփոփելով իր խոսքը` Տեր Եսային եզրակացրեց, որ քրիստոնեությունը ոչ թե գաղափարախոսություն է, այլ ապրելակերպ:

“Քրիստոնեությունը երբեք չի կարող բութ հնազանդություն քարոզել”:

Դասախոսության երկրորդ մասն անցավ հարց-պատասխան ձեւաչափով: Խոսելով շատ հրատապ ու կարեւոր խնդրի` աղանդների մասին, Տեր Եսայի քահանան նշեց, որ աղանդների ներկայացուցիչները խաբում են մարդկանց` խոստանալով նրանց հեշտ փրկություն: “Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին ճիշտն ասում է հավատացյալին, ասում է, որ մարդը պետք է լուրջ հոգեւոր ճիգ ապրի` փրկվելու համար:”

Պատասխանելով տարածված այն հարցին, թե ինչու՞ է քրիստոնեությունն ասում` եթե մի այտիդ հարվածում են` մյուսն էլ պարզիր, թող ապտակեն, Տեր Եսային ասաց. “Քրիստոնեությունը երբեք չի կարող բութ հնազանդություն քարոզել: Այդ խոսքն ուղղակի պետք է հասկանալ այսպես. եթե քեզ չարություն են անում, դու քեզ այնպես պահի, որ չարություն անողն իրեն վատ զգա, այլ ոչ թե դու էլ չարիք գործի ու ավելացրու չարիքն աշխարհում”:

Խոսելով եկեղեցու դերի մասին, հոգեւոր հայրը նշեց. “Եկեղեցու կարեւորագույն գործերից եմ համարում հայ երիտասարդին օգնելը, որ նա իր տեղը գտնի այս արեւի տակ, ինքնահաստատվի ու միշտ հիշի, որ Աստված իրեն սիրում է, ուղղակի սիրում է”:

Եւ վերջում պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին այն մասին, թե “Եհովայի վկաներ” կոչվող աղանդի ներկայացուցիչները հաճախ են ասում, թե Եհովան Աստծո անունն է, Տեր Եսային նշեց. “Նրանք ստում են, քանի որ ոչ ոք իրականում չգիտե Աստծո անունը, իսկ Աստծո անունը սխալ տալն ուղղակի մեղք է”: 

Комментариев нет:

Отправить комментарий