пятница, 27 января 2012 г.

Տեր Եսայի Քահանա Արթենյան. «Սբ. Վալենտինի օրը նշելով` մենք հաճախ չենք էլ հասկանում, թե ինչ տոն ենք նշում»

Սբ. Սարգսին եւ Սբ. Վալենտինին նվիրված տոների մասին զրուցել եմ Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանի հետ: Զրույցին կարող եք ծանոթանալ այստեղ.
http://www.aravot.am/2012/01/27/31744/








Քահանա. «Սբ. Վալենտինի օրը նշելով` մենք հաճախ չենք էլ հասկանում, թե ինչ տոն ենք նշում»

Մոտավորապես երկու շաբաթից Երեւանի փողոցներում կհայտնվեն կարմիր սրտիկների տեսքով հուշանվերներ, բացիկներ, որոնք սիրահար զույգերը նվիրում են միմյանց ամեն տարի փետրվարի 14-ին ու այդպիսով ըստ իրենց նշում Սբ. Վալենտինի տոնը:
«Խնդիրն այն է, որ Վալենտինի ով լինելը հստակ հայտնի չի: Ըստ տարբեր ավանդույթների կան երկու Վալենտիններ, որոնցից մեկին կաթոլիկ եկեղեցին ընդունում է, իսկ մյուսին` ոչ:  Այն Վալենտինի տոնը, որ մենք ենք նշում, չկա կաթոլիկ եկեղեցում: (Նկատի ունի այն ավանդությունը, ըստ որի Սբ. Վալենտինի սիրելիները փոքրիկ սրտաձեւ բացիկներ են ուղարկել նրան, երբ վերջինս բանտարկված է եղել- Թ.Գ.): Կաթոլիկ եկեղեցին ընդունում է այն Վալենտինին, ով գաղտնի ամուսնացրել է զինվորականներին եւ դրա համար մահվան է դատապարտել: (Ըստ այս մի ավանդության Կլավդիուս Երկրորդ թագավորը արգելել էր զինվորականներին ամուսնանալ, քանի որ դա կարող էր խանգարել նրանց ծառայությանը, իսկ Սբ. Վալենտինը շարունակում էր նրանց գաղտնի ամուսանցնել- Թ.Գ.): Շատ հաճախ մեր ժողովուրդը խճճվում է այս ավանդույթների մեջ եւ ինքն էլ չի հասկանում, թե ում տոնն է նշում: Եվ հետո, եթե Սուրբ Վալենտինի տոնն ենք նշում, ապա այդ տոնը պետք է նշվի ոչ միայն նվերներով, այլեւ աղոթքով: Սուրբ Վալենտինի համար մենք աղոթք չգիտենք», մեր հետ զրույցում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը:

«Փառք Աստծո, հիմա Սուրբ Վալենտինի օրն այնպիսի մեծ չափով չի նշվում, ինպես մի քանի տարի առաջ: Հիմա մարդիկ ավելի շատ փորձում են հետեւել հայ եկեղեցու տոնին: Այստեղ, մեծ դեր ունեցան Մայր Աթոռը, Արարատյան Հայրապետական Թեմը ու նաեւ հասարակական աջակցություն եղավ` ընդառաջ եկեղեցու մոտեցման», նշեց քահանան ու բացատրեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու տոնի` Սուրբ Սարգսի օրվա հետ կապված ամեն ինչ պարզ է ու հասկանալի. մենք գիտեն ուր գնալ եւ ում աղոթել:

«Սուրբ Սարգսի տոնը լավ առիթ է հիշելու Սուրբ Սարգսին եւ նրա նահատակ որդուն: Նրանք եղան նահատակ հանուն քրիստոնեության, եւ ոչ թե միայն հանուն գաղափարի, այլեւ հանուն կյանքի ու փրկություն: Առհասարակ, բոլոր սրբերի նահատակությունը ոչ թե միայն հանուն գաղափարի է, այլեւ նահատակություն է հանուն կյանքի: Այս դեպքում նահատակը ոչ թե կորցնում է իր կյանքը, այլ գտնում է հավիտենություն: Այս իմաստով մեր բոլոր սրբերի օրինակը, փառքը լավագույն միջոց է անդրադառնալու ինքներս մեզ ու մեկ անգամ էլ դիտելու մեր ուղին: Իհարկե, մեր նպատակը Սուրբ Սարգիս դառնալը չէ, բայց մեր նպատակը Սուրբ Սարգսի օրինակը մեր կյանքում ունենալն է: Մենք մեծ սիրով ու մեծ երկյուղածությամբ ենք մոտենում այս տոնին: Եվ չնայած որ Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէր, նա ընդունվել է մեր ժողովրդի կողմից, ընկալվել եւ ինչ-որ տեղ նաեւ հայացվել է: Սուրբ Սարգիսն ուղղակի եւ անուղղակի կապ ունի հայերի հետ իր կյանքով, եւ նրա տոնի հետ կապված ավանդույթներ է հյուսել նաեւ հայ ժողովուրդը», նշեց Տեր Եսային:



Սուրբ Սարգիսը միշտ մեր ժողովրդի կողմից ընկալվել է որպես երիտասարդների երազանքները, նպատակներն իրականացնող սուրբ եւ ժողովուրդը նրան ասել է մուրազատու Սուրբ Սարգիս: Ինչպես ընդգծեց Տեր Հայրը, Սուրբ Սարգիսը ոչ թե սիրահարների հովանավոր սուրբն է, այլ երիտասարդների, եւ առհասարակ բոլոր մարդկանց բարի, մաքուր իղձերը կատարող սուրբն է: «Եվ քանի որ հենց երիտասարդներն ունեն ամենաշատ իղձերը, հենց նրանց հովանավորն է համարվում Սուրբ Սարգիսը: Սիրահար ասելիս մենք հիմնականում երիտասարդներին նկատի ունենք, այդ պատճառով էլ Սուրբ Սարգսի տոնը ժողովրդի կողմից ընկալվում է որպես սիրահարների տոն:

Վեհափառ Հայրապետը Սուրբ Սարգսի տոնը հայտարարեց որպես երիտասարդների օրհնության օր, եւ այս օրը ես մեկ անգամ առիթ է մեզ համար համախմբել երիտասարդներին Սուրբ Սարգսի բարեխոսության ներքո, եւ ոչ միայն միասին մեր աղոթքները Սրբին մատուցելու, այլ նաեւ ցանկությունները եւ երազները սրբացնելու, մաքրագործելու, Աստծուն մոտեցնելու»:

Սբ. Սարգսի տոնին աղաբլիթ ուտելը հին ու գեղեցիկ ավանդույթ է, որ գալիս է հին ժամանակներից: «Գեղեցիկ է, քանի դեռ դրա մեջ չի դրվել գուշակություն: Եկեղեցին պահպանում է ազգային գեղեցիկ ավանդույթները, քանի դեռ դրանք չեն խեղաթյուրվում եւ չեն վնասում մարդու հոգեւոր կյանքին ու փրկությանը: Բայց շատ հաճախ անտեղյակությունից, չիմացույթյունից մարդիկ նոր սովորույթներ են ավելացրել ավանդույթին, որը կապ չունի ոչ միայն բուն ավանդույթի, այլեւ առհասարակ քրիստոնեության հետ: Եթե աղաբլիթ ուտելիս մենք անպայման գուշակություն ենք նկատի ունենում, դա արդեն լավ չի», կարեւորեց Տեր Եսային:

Նշենք, որ Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, եւ այդ օրը բոլոր եկեղեցիներում պարտադիր երիտասարդների օրհնություն է լինելու:

Թամարա Գրիգորյան 

Комментариев нет:

Отправить комментарий