пятница, 27 января 2012 г.

Հայոց իմ բանակը



Ես ծնվել եմ 1988 թվականին: Մանկությանս վաղ հիշողություններում մի վախ է արմատացած: Վախենում էի, որ պապայիս կտանեին կռիվ: Երեխա էի, ոչինչ չէի հասկանում, միայն գիտեի` կռիվ, իսկ դրանից կարող էի հասկանալ` արյուն, կրակոց, մահ….Պապայիս աշխարհում ամենաշատն եմ սիրում (այս առաջին հորիզոնակում մի քանի հոգի են J ), իսկ չորս-հինգ տարեկան բորբոքված երեւակայությամբ երեխայի համար հոր մահը պատկերացնելը թերեւս վատթարագույնն է: Այն ժամանակ ես չգիտեի, որ ուրիշների հայրիկները գնում են կռվի դաշտ, որ նրանք արյունոտվում են ու մեռնում, որ այդ մարդիկ են պաշտպանում մեր հողը, որ թշնամին մեր տան դուռը չհասնի: Այդ ժամանակ ես չգիտեի, որ Արցախն են պաշտպանում այդ արյունոտ դաշտում, այդ ժամանակ ես չգիտեի, որ Վանաձորից բացի ուրիշ քաղաք էլ կա աշխարհում….Այդ ժամանակ ես միայն գիտեի, որ չեմ ուզում, որ իմ պապային տանեն կռիվ: Հաճախ գնում, առանց պատճառի փարվում էի նրան, պատկերացնում էի, որ պապաս էլ իմ կողքին չի, ու լալիս էի… Երբ փողոցով իրար հետ քայլում էինք, ամուր բռնում էի պապայիս ձեռքը. հաստատ որոշել էի նրա հետ գնալ կռիվ: Հա, մտածում էի, կասեմ` ես էլ եմ գալիս, ու կգնամ…. Պապայիս բանակ չտարան, կռիվն ավարտվեց: Կռիվը հարաբերականորեն ավարտվեց այն հայրիկների արյան գնով, ովքեր այսօր հանգչում են Եռաբլուրում, իսկ ես տարվա մեջ մի քանի անգամ այցելում եմ նրանց:
Իմ պապան չգնաց կռիվ, եւ այն ժամանակ ես շնորհակալ էի Աստծուն… Իսկ հիմա ես այնպես կցանկանայի, որ նա գնացած լիներ կռիվ…Այդ հաղթանակն ավելի իմը կլիներ, արցախյան հողն էլ ավելի իմը:

Վաղը Անկախ Հայաստանի Բանակի 20-ամյակն է: 20-ամյա այս բանակին շնորհակալ եմ Արցախյան հաղթանակի, այսօրվա իմ հանգիստ կյանքի ու անվտանգության համար: Այս բանակում իմ մասնիկն ունեմ. եղբայրս ծառայել է Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակում, ծառայել է արժանապատվորեն, ծառայել է այնպես, որ ես հպարտ եմ նրա ծառայությամբ:

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին, անամպ երկինք նրանց…

Շնորհավորում եմ բոլորիս տոնը, շնորհավորում եմ բոլորիս բանակի տոնը:   

Комментариев нет:

Отправить комментарий