суббота, 12 мая 2012 г.

Ապրիլի 24-ից մայիսի 9


Մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 20-ամյա տարեդարձին չգնացի ո´չ Շուշի, ո´չ Ստեփանակերտ, ո´չ Եռաբլուր: Առավոտից սրտիցս արյուն էր կաթում, քանի որ նախօրոք գիտեի, որ չեմ կարողանալու գնալ:
Տարվա մեջ ուրիշ օրերին այցելում եմ Եռաբլուր, բայց մայիսի 9-ին այցելությունն անպայման եմ համարում:

Մայիսի 9-ին անբացատրելի զգացողություն եմ ունենում: Ցանկանում եմ պատկերացնել, թե հայ մարդիկ ինչ են զգացել այդ օրը 1992-ին: Ու թվում է, թե սիրտս չի դիմանա…

Այս տարի մայիսի 9-ն անցկացրի արտասահմանցիների հետ: Առավոտից նրանց հետ գնացինք Գառնի, հետո` Գեղարդ:
Պատմում եմ նրանց հայկական մշակույթն ու հպարտություն եմ զգում, ու մեջս տոնում եմ Շուշիի ազատագրման 20-ամյա տարեդարձը: Հելլենիստական ոճ, մեր թվարկության առաջին դար, համեղ թթու լավաշ, որ վաճառողները հյուրասիրում են մեր հյուրերին, ու ես դրանից ավելի լավ եմ զգում ինձ ու իմ մեջ տոնում եմ Շուշիի ազատագրման օրը:

Այնուհետեւ Գեղարդ. ազդեցիկ, յուրահատուկ փոքրիկ վանք, խորը մշակույթ: Բոլոր արտասահմանցիները հիացած են, հուզված, ու ես իմ մեջ տոնում եմ Շուշիի ազատագրման օրը….

Երեկոյան հյուրերի համար կազմակերպեցինք հայկական երեկո. ներկայացրինք հայկական մշակույթի մի շատ փոքրիկ մասը, հյուրասիրեցինք հայկական ուտելիք ու գինի: Ու ես խմեցի Շուշիի ազատագրման համար: Ու ես շնորհակալ եղա Շուշիի ազատագրման համար, Արցախի պատերազմի հաղթանակի համար, շնորհակալ եղա, որ մենք այսօր կանք, կարող ենք հյուրեր ընդունել, նրանց ներկայացնել  մեր մշակույթն ու հպարտանալ…ներկայացնել Հայաստանն ու չասել` գիտե՞ք, մեզ ցեղասպանել են, հա, էդպես, մի ամբողջ ազգ մորթել են: Ես չեմ ուզում պատմել ցեղասպանության մասին ոչ մեկին, ես ամաչում եմ ցեղասպանության համար: 

Ես կարող եմ ասել` այսօր Շուշիի ազատագրման 20-ամյակն է. պատերազմ, որը պարտադրվեց մեզ, ու մենք հաղթեցինք, դա ամեն մի հայի վերածննդի օրն է: Շուշիի ազատագրումը, Արցախի հաղթանակը Ցեղասպանության համար առաջին պատասխանն էր: Ապրիլի 24-ին մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ գլխիկոր ու լուռ, իսկ Մայիսի 9-ին մենք Եռաբլուր ենք գնում հաղթանակած, տխուր, թախծոտ, կորուստներով, բայց հաղթանակած:

Մայիսի 9-ն ապրիլի 24-ի պատասխանն է, դեռեւս ոչ ամբողջական, բայց արժանավոր պատասխան…

Комментариев нет:

Отправить комментарий