суббота, 28 апреля 2012 г.

Մշակութային խնդիրների ներկայացվածությունը քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում



Մշակույթը հասարակության վրա ազդեցության հզոր միջոց է: Մշակույթը կարող է առաջ տանել հասարակությանը, բարձրացնել ճաշակը:
Մշակույթը կերտում, ստեղծում, տարածում են անհատները: Բայց լավ կլինի, եթե պետությունն էլ աջակցի մշակույթի զարգացմանը, ու աջակցի քաղաքակիրթ ձեւով, այսինքն` չպարտադրելով իր կամքն ու գաղափարները, այլ թողնելով հասարակության համար այդ կարեւորագույն երեւույթին զարգանալ ազատ ու կատարել իր ֆունկցիան:

Ես շատ եմ կարդում, երաժշտությունն ինձ բուժում է, կտավներով ու քանդակներով հիանում եմ, ֆիլմեր դիտել սիրում եմ, եւ այս ամենի սինթեզն ինձ համար թատրոնն է:
Կարծում եմ, որ թատրոնը հզոր միջոց է, որն այսօր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում: Պատճառները տարբեր են ու խորքային: Մի օր դրանք էլ կքննենք:
Առջեւում ՀՀ խորհրդարանական ընտրություններն են, որի հետ որոշ մարդիկ հույսեր են կապում, ոմանք թքած ունեն, ոմանք էլ կարծում են, որ այս ընտրություններն էլ ոչինչ չեն փոխելու: Այնուամենայնիվ, որոշեցի դիտարկել ՀՀ-ում գործող հիմնական կուսակցությունների նախընտրական ծրագրերի մշակույթին վերաբերող հատվածները, եւ մասնավորապես` թատրոնին վերաբերող ծրագրերը: Իսկապես հետաքրքիր է, թե արդյո՞ք մեր քաղաքական կուսակցությունները հիշում են թատրոնի մասին, այն կարեւո՞ր են համարում եւ առհասարակ որեւէ տեղ տալի՞ս են թատրոնի զարգացմանն իրենց ծրագրերում:  

 Եւ այսպես, Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) նախընտրական ծրագրի մշակույթին վերաբերող բաժնում կարդում ենք.
«Քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու այնպիսի տիպարների ձևավորմանն ու լայն ներկայացմանը, որոնք օգնելու են մեզ հանրային ուղեցույց դարձնել բարոյական չափանիշները, համերաշխությունը, աշխատանքին և սեփական ուժերին ապավինումը, փոխադարձ վստահությունը:
Ստեղծելու ենք նպաստավոր պայմաններ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար:
Պետական պատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գրքերի միջոցով ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
Ծրագրում ենք ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցում, ինչպես նաև ազգային մշակույթի տարրերի ավելացում կրթական ծրագրերում:
Ապահովելու ենք մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը հանրապետության ամբողջ տարածքում:
Ստեղծելու ենք լրացուցիչ հնարավորություններ ազգային փոքրամասնությունների ամբողջական մշակութային դրսևորման համար»…
Համաձայնենք, որ բավականին ընդհանուր նախադասություններ են, ոչ մի կոնկրետ քայլ ու մեթոդ նպատակներին հասնելու համար նկարագրված չէ:
Մշակույթին վերաբերող հատվածը շարունակվում է եւս մի քանի տող, սակայն ոճը չի փոխվում: Հա, ոչ մի բառ թատրոնի մասին:
«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ծրագրի մշակույթին վերաբերող հատվածում կարդում ենք.
«Բարգավաճ Հայաստանը» մեծապես կարեւորում է մշակույթի ոլորտի հետեւողական, դինամիկ եւ ծրագրային զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաեւ այս ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներուժի մեծացումը: Կուսակցությունը շարունակելու է արվեստին աջակցելու իր քաղաքականությունը` նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել մշակույթի գործչի, մտավորականի, արվեստագետի, արվեստագետի վարկն ու հեղինակությունը, համալրել եւ կատարելագործել մշակութային գործունեւության օրենսդրական հիմքերը, ինչպես նաեւ ամրապնդելեւ ընդլայնել ոլորտի նյութատեխնիկական բազան»:
Այսպիսի ընդհանուր խոսքեր շատ հեշտ է գրել, ասել, հայտարարել: Բայց որեւէ կոնկրետ ծրագիր, մշակույթի մի ճյուղի առողջացման, զարգացման վերաբերյալ հստակ քայլերի ձեւակերպում չկա: Դե արդեն պարզ է, որ անդրադարձ չկա նաեւ թատրոնին ու թատրոնի խնդիրներին:

«Մշակույթը երկրի այցեքարտն է: Ազգային մշակույթի պահպանումն ապագա սերունդների համար` պետության պարտքն է», հայտարարում է «Օրինաց երկիր» կուսակցությունը:

«Ազգային մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացման համար ՕԵԿ-ը անհրաժեշտ է համարում`
-պատմամշակութային ժառանգության պահպանմանը պետական աջակցության ցուցաբերումը,
-ժամանակակից, ժողովրդական և կիրառական արվեստների ներդաշնակ զարգացման ապահովումը,
-մշակութային և արվեստի նշանակալի նվաճումների հեղինակների խրախուսումը և մեծարումը,
-մշակութալուսավորչական հաստատությունների, մանկապատանեկան գեղարվեստական դպրոցների, ինքնագործ խմբակների և երեխաների ստեղծագործական ակտիվության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
-պատմամշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների հանդեպ օրենսդրական կոշտ միջոցների կիրառումը,
-հեռուստատեսությամբ քարոզվող բռնության, գռեհկության ու կրիմինալի դրսևորումների հանդեպ դատապարտման մթնոլորտի ձևավորումը,
-Սփյուռքի և արտերկրի հետ մշակութային համագործակցության խորացումը' տարածաշրջանային և միջազգային ծրագրերին մասնակցության ապահովումը, արտասահմանում հայկական մշակույթի համակարգված ու արժանավայել ներկայացումը,
-մտավորականության` որպես ազգային ոգու կրողի, պետական կառավարման գործընթացներին ներգրավումը, նրանց ներուժը համազգային խնդիրների լուծման մեջ առավել արդյունավետ օգտագործումը»:
«Օրինաց երկիր» կուսակցությունը Խորհրդարանում ներկայացված է եղել նախորդ տարիներին, կարող էր այս ծրագրի կետերից մի քանիսն իրականացնել, քայլեր ձեռնարկել ու հիմա դրանք ներկայացնել մեզ` ասելով, այ այսքանն արել ենք, մնացածի համար էլ այ այս պլաններն ունենք: Ու կրկին` ոչ մի անդրադարձ թատրոնին:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) կետերով առանձնացրել է տարբեր ոլորտներին վերաբերող փոփոխությունները, որոնք նախատեսում է կատարել: Մշակույթին վերաբերող կետերը սկսվում են 85-րդ կետից:
85. Կկարևորվի մշակութային քաղաքականության դերը` որպես երկրում իրականացվող բարեփոխումների, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման և ժամանակակից մրցունակ պետության գրավական:
86. Կմշակվեն մշակութային անվտանգության եռամյա և հնգամյա ռազմավարական ծրագրեր` ուղղված ազգային մշակույթի պահպանմանն ու համամարդկային հոգևոր արժեքներին հաղորդակցմանը:

87. Յուրաքանչյուր տարի կավելանան մշակույթի ոլորտի բյուջետային ֆինանսավորումն ու ներդրումները, կընդլայնվի հայ մշակույթի միջազգային ընդգրկվածությունը,

88. Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը կթարգմանվի և կներդրվի ՀՀ կրթական համակարգում,

89. Կստեղծվեն թվանշային տեխնոլոգիաների հայացման համապատասխան կարելիություններ,

90. Կհիմնվի Մշակութային հիմնադրամ՝ երիտասարդ տաղանդներին խրախուսելու, դեբյուտային ծրագրեր ֆինանսավորելու, արտերկրի մշակութային բարձրագույն հաստատություններում կրթությունը շարունակելու համար,

91. Կսահմանվեն հարկային արտոնություններ մշակույթի ոլորտում բարեգործությունը,
ինչպես նաև գրական-գեղարվեստական գործունեությունը խթանելու նպատակով:

92. Հանրային հեռուստաընկերությունը կապահովվի ամբողջական և լիարժեք ֆինանսավորմամբ, կարգելվի գովազդը հանրային հեռուստաընկերության եթերում:

93. Գեղարվեստական կրթության և դաստիարակության ոլորտի մանկավարժների աշխատավարձերը կմոտեցվեն հանրակրթության ոլորտի մանկավարժների միջին աշխատավարձին:

ՀՅԴ-ի ծրագիրն առանձնանում է նրանով, որ կուսակցությունն առանձին կետերով նշում է այն կետերը, որոնցով պատրաստվում է զարգացնել հայ մշակույթը: Սակայն կրկին նույն խնդիրը. մի՞թե ՀՅԴ-ն նոր-նոր է մտնելու խորհրդարան: Նշենք նաեւ, որ կուսակցությունների նախընտրական ծրագրերում չկա մշակույթի առանձին ճյուղերի խնդիրների մանրակրկիտ վերլուծություն համապատասխան մասնագետների կողմից: Այնպես որ, միայն թատրոնը չի, որ անուշադրության է մատնված:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած նախընտրական ծրագրում մշակույթին վերաբերող բաժինը քիչ ավելի երկար է ու հանգամանալից:
«Համազգային շարժմամբ և անկախությամբ սկզբնավորված մշակույթի ազատականացումը ավելի քան տասը տարի խեղաթյուրվում է: Ինչպես ազատ տնտեսություն, այնպես էլ ազատ մշակույթ ստեղծելու միտումները ճնշվում են` վերածվելով պարզունակ տնտեսության և մշակույթի:
Բռնապետական համակարգը հավակնում է իր քաղաքական, տնտեսական, արժեքային հարթություններում արտադրել ինքն իր մեջ մշակույթ, այնուհետև այն թելադրել վերևից ներքև: Նման համակարգի առաջին թշնամին ազատությունն ու բազմազանությունն է բոլոր ոլորտներում` թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային»:
Մի քանի պարբերությամբ խոսելով «ավազակապետության» եւ դրա կործանարար հետեւանքների մասին` ՀԱԿ-ը սահմանում է իր նպատակը.
«Մեր նպատակը Քաղաքացու ստեղծագործական ազատությունների ապահովմամբ ու երաշխավորմամբ քաղաքացիական հասարակության ստեղծումն է, որտեղ ապահովված կլինեն քաղաքացու ազատ ինքնադրսևորումը, մասնակցությունը մշակութային գործընթացներին, թե որպես ստեղծագործողի և, թե որպես ստեղծագործական արդյունքներին հաղորդակցվողի:
Մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները պետք է լինեն` մշակութային բազմազանությունը, ստեղծագործական նախաձեռնություններին աջակցելը, ինքնությունների ողջունումը և միջմշակութային հաղորդակցության քաջալերումը»:
Որպես կարեւորագույն կետ առանձնացվում է մշակույթի ապակենտրոնացումը:
Նշանակալի է հաղորդակցությանը վերաբերող հատվածը.
«Մշակույթի քաղաքականության արդիականացման հիմնական սկզբունքը համընդհանուր հաղորդակցությունն ու մատչելիությունն է, որն իրականացվում է մշակութային թարգմանությամբ:
Թարգմանություն ասելով պետք է նկատի ունենալ մշակութային առնչությունների ու միջմշակութային հարաբերությունների, նոր տեխնոլոգիաների, համաշխարհային մշակույթին և համամարդկային արժեքներին հաղորդակցումն ու դրանց տեղայնացումը, մշակութային հետազոտոտությունները, վերլուծություններն ու մեկնաբանությունները:
Թարգմանությունը քաղաքացիների և սոցիալական խմբերի միջև մշակութային հաղորդակցման հնարավորությունների անհավասարության, մեկ կենտրոնից կախվածության և կարծրատիպերի հաղթահարման միջոց է:
Մշակութային քաղաքականությունը պետք է նպաստի ինչպես պատմամշակութային ժառանգության ներկայացմանն ու տարածմանը, այնպես էլ համամարդկային արժեքների ներգրավմանը հայաստանյան միջավայր:
Պետք է վերականգնել հայոց լեզվի հայերենի սահմանադրական` պետական լեզվի կարգավիճակը, դիտելով այն որպես ինքնիշխանության, մշակութային շարունակականության, քաղաքացիների իրավահավսարության երաշխիք»:
Կարեւորվում է նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցը:
«Մշակութային ժառանգության` հատկապես պատմա-ճարտարապետական և բնության հուշարձանների ցանկը պետք է հաստատվի Ազգային Ժողովի կողմից և օրենքի ուժ ունենա: 
Բացառիկ մշակութային ժառանգություն պահպանող հաստատություններին և պատմաճարտարապետական արգելոցներին օրենսդրորեն պետք է տալ պետական հատուկ կարգավիճակ, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը:
Նույն կերպ պետք է վերաբերվել քաղաքաշինական- մշակութային միջավայրերի, հանրային և կանաչ տարածքների պահպանմանը: Այդ տարածքների սահմանումն ու ցանկը պետք է հաստատել օրենքով, իսկ հնարավորության դեպքում վերականգնել արդեն իսկ ավերված պատմամշակությին արժեքներն ու միջավայրերը»:
Ըստ ՀԱԿ նախընտրական ծրագրի պետության կողմից մշակույթի ֆինանսավորումը պետք է իրականացվի միայն մրցույթների միջոցով: Հասցեատերերը պետք է լինեն համայնքների, հասարակական կազմակերպությունների և ստեղծագործական նախաձեռնությունների նախագծերը:
«Մշակութային արժեքի գնահատումը պետք է իրականացվի անկախ փորձագիտության, վարչական, մասնավոր և ազատ շուկայական փոխհարաբերությունների միջոցով:
Պետական ֆինանսավորումը, դրամաշնորհներն ու վարկերը պետք է վերահսկվեն ինչպես պետության, այնպես էլ հանրային, անկախ և միջազգային փորձագիտական կազմակերպությունների կողմից»:
Մշակույթին վերաբերող հատվածը ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում առավել ծավալուննն ու ընդգրկուն է, բայց այստեղ եւս հիմնականում հանդիպեցինք կոչեր, ընդհանուր առաջարկներ ու իհարկե, խիստ քննադատվում է <<ավազակապետությունը>>, որն ամեն ինչ չարիքն է:
«Ժառանգություն» կուսակցության ծրագրում մշակույթի եւ արվեստի զարգացման համար առանձնացված են մի քանի կետեր, ինրպես, օրինակ, 

ընդունել մշակութային քաղաքականության հստակ ռազմավարություն` առանձնացնելով առաջնահերթություններն ու հեռանկարային ծրագրերը եւ ձեռնամուխ լինելով դրանց իրականացմանը,

քաղաքացու մշակութային դաստիարակությունը սկսել նախադպրոցական ու դպրոցական տարիքից` սեր սերմանելով նախեւառաջ բարձր մշակույթի հանդեպ,

հատուկ ուշադրության արժանացնել թանգարաններն ու գրադարանները` որպես նոր սերնդի դաստիարակության եւ մշակութային արժեքների պահպանության կենտրոններ, ինչպեսեւ պայմաններ ստեղծել երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման համար, քանի որ մշակույթի այս բնագավառներն արագ զարգացող ու հաղորդակցական են...
Այս կուսակցության պարագայում կարող ենք ասել, որ մոտեցումը քիչ թե շատ լուրջ է: Հատկանշական է, որ Ժառանգությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել, մասնավորապես, վերանայել "Մշակութային օրենսդրության հիմունքների մասին" օրենքը: Սակայն այստեղ եւս մեծ տեղ են գրավում ընդհանուր հայտարարությունները:

Այսպիսով, ՀՀ քաղաքական դաշտում առկա եւ Խորհրդարանական  ընտրություններում պայքարող որեւէ կուսակցություն չունի մշակույթին վերբերող խորը վերլուծություն, իր նախընտրական ծրագրում չի առանձնացնում մշակութային հիմնական խնդիրներն ու չի առաջարկում խելամիտ լուծումներ: Որեւէ ծրագրում չհանդիպեցի մասնագիտական վերլուծություն, չտեսա ծրագիր, որի հեղինակն իսկապես տիրապետում է խնդրին ու տեսնում է դրա լուծման հնարավոր եղանակները: Խորհրդարանում տեղի համար այսօր պայքարում են հիմնականում այնպիսի ուժեր, որոնք արդեն երկար տարիներ է` Խորհրդարանում են: Ես կհավատայի նրանց ծրագրերին, եթե կուսակցությունները ներկայացնեին արդեն կատարած աշխատանքը որւեէ կոնկրետ ծրագրի հետ կապված ու նաեւ նշեին այն աշխատանքը, որը դեռ պետք է արվի: Թե չէ այնպիսի տպավորություն է, որ այս ուժերն առաջին անգամ են մտնելու խորհդրարան:

Կարծում եմ` անընդունելի է մշակութային կյանքի հանդեպ այսօրինակ վերաբերմունքն այն ուժերի կողմից, որոնք ունեն իշխանություն կամ ձգտում են դրան: Մշակույթը հասարակության կյանքում իրականում շատ մեծ դեր ունի եւ կարող է հանրության մեջ առկա շատ խնդիրների լուծման միջոց դառնալ:

Հ.Գ. Սկզբից որոշել էի դիտարկել թատրոնին վերաբերող խնդիրների ներկայացվածությունը կուսակցությունների նախընտրական ծրագրերի մշակույթին վերաբերող բաժնում, բայց դե դիտարկման վերջում արդեն հասկացա, որ դա ռեալ չի: Մշակույթի առանձին ճյուղերի խնդիրներին ու ծրագրերին առհասարակ որեւէ մասնագիտական անդրադարձ չկա: 

Комментариев нет:

Отправить комментарий