вторник, 17 апреля 2012 г.

Ո՞ր առիթից են օգտվում աղանդավորները


Ես հավատում եմ, որ կյանքում մարդիկ երբեմն առաքելություն են ունենում, թեկուզ մի փոքր, թեկուզ մի աննշան: Չեմ ուզում ճակատագրի գերին դառնալ, բայց դե նախախնամություն, թերեւս, կա:

Երկու օր առաջ պիտի թատրոն գնայի. պարզվեց, որ տոմսերը վերջացել են: Տուն գնալու տրամադրություն չկար, եղանակը լավն էր: Մի քիչ մենակ զբոսնելուց հետո զանգեցի ծանոթներիցս մեկին: Անկեղծ ասեմ, պատահական զանգեցի, այն իմաստով, որ այդ աղջկա հետ շատ մտերիմ չեմ, ու հաճախ չենք հանդիպում: Իհարկե, իմ ու մի ծանոթ աղջկա հանդիպման մասին ձեզ չէի պատմի, եթե ուշագրավ մի դրվագ չլիներ մեր խոսակցության ընթացքում:

Շատ պատահական խոսք բացվեց հավատից ու եկեղեցուց:

«Այստեղ էլ, Ստեփանակերտում էլ Եհովայի վկաները շատ են, այստեղ հատկապես շատ են: Նրանց շատ եմ հանդիպում, շատ լավ մարդիկ են, ու ինձ միշտ օգնել են, կյանքի ամենածանր պահերին իմ կողքին են եղել: Ու իրենց ասածների հետ էլ համաձայն եմ. գիտես, չէ՞, իրենք Աստվածաշնչի հիման վրա են խոսում»:

Այ քեզ բան…ես ինքս Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ, եկեղեցի հաճախում եմ, վերջերս իմ կամքով ու որոշմամբ մկրտվել եմ Հայ Առաքելական Եկեղեցում, ինքս համոզված եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին կատարյալ կառույց է….բայց այդ ամենը մի երրորդ մարդու հասկանալի բացատրել ու համոզել թերեւս չեմ կարող: Բացահայտ էլ չեմ կարող հարձակվել «Եհովայի վկաներ»-ի վրա. լավ է տրամադրված ինքը, իր պատմելով իրեն գրականություն են տալիս, ինքը միշտ կարդում է, անգամ ինձ առաջարկեց այդ գրքերից: Ասում եմ` ես Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ, մկրտված եմ, այցելում եմ եկեղեցի, շփվում եմ հոգեւորականների հետ, նրանք պատասխանում են իմ հարցերին…ասում է` ես չեմ հավատում հոգեւորականներին: Ասում եմ` քանի՞ հոգեւորականի ես ճանաչում: Ասում է` նրանք չեն ծանոթանա, չեն շփվի: Այ քեզ բան…բայց այդպես չի, ասում եմ ես:

Հա, մոռացա նշեմ, որ զրուցակիցս վերջերս է տեղափոխվել Հայաստան: Հայ է, բայց ծնվել-մեծացել է Աշխաբաթում: Անցած տարի եկել է սովորելու Ստեփանակերտում, հիմա տեղափոխվել է Երեւան:

Ու պատմեց, որ Աշխաբաթում մի քանի անգամ փորձել է գնալ եկեղեցի, բայց հոգեւորականների հետ շփվել չի ստացվել: «Պապիկս հիվանդ էր, ու ինքը հավատում էր, որ եթե եկեղեցում դիպչի Աստվածաշնչին, դա իրեն կօգնի: Մենք գնացինք եկեղեցի, ու երբ պապիկը փորձեց մոտենալ Աստվածաշնչին, հոգեւորականը գոռաց նրա վրա….»: Ու սկսեց բողոքել հոգեւորականներից, ճիշտ է` բողոքների որոշ մասը անհիմն ու անտրամաբանակ էին: Փորձեցի բացատրել, որ որոշ հոգեւորականներ կարող են թերություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ պետք է հետեւել որեւէ աղանդի…. Ասում է` ախր Եհովայի վկաներն ինչ ասում են, ճիշտ են ասում…. Ասում եմ` եթե հոգեւորականի հետ խոսես, ինքը կպատասխանի քո հարցերին ու ճիշտ կպատասխանի. իսկ Եհովայի վկաները խեղաթյուրում են Աստվածաշունչը: Ասում եմ` իրենք բանակում չեն ծառայում, դա ճի՞շտ է: Ասում է` հա, դա միակ բանն է, որ իրենց հետ համաձայն չեմ:

Դե իմ աստվածաբանական գիտելիքները չէին կարող բավարարել, որ ես գործին օգնեի: Համաձայնություն ստացա, որ միասին մի օր այցելելու ենք իմ ծանոթ հոգեւորականին ու զրուցելու ենք: Համաձայնեց: Առաջիկա օրերին անպայման միասին եկեղեցի ենք գնալու:

Եզրակացություններ.
  • Պետք էր, որ ես այդ օրն այդ աղջկան զանգեի:
  • Հայ Առաքելական Եկեղեցու թեմերն այլ երկրներում եւս պետք է մարդկանց օգնեն ու հոգեւոր զավակների կողքին լինեն:
  • Եկեղեցականները թող ավելի բարեհամբույր ու համբերատար լինեն մարդկանց հետ: Արդարության առաջ մեղք չգործելու համար ասեմ, որ ես այդպիսի հոգեւորականների ճանաչում եմ: Ուղղակի թերեւս նրանք քիչ են… ու աղանդավորներն օգտվում են դրանից:

Комментариев нет:

Отправить комментарий